Աչքերս ինձ խանգարում են տեսնել

ԱՉՔԵՐՍ ԻՆՁ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ


Ինձ նայող ծաղկի ներքին տարածքները
անընդհատ ավելանում են իմ աչքերի հաշվին։

Հասցեներ կան անհայտ-անծանոթ, որ ոչ թե
վայր են ներկայացնում,
այլեւ նրան, ով գնում է այդ վայրը։

ՈՒսանողական իմ հին շորերի գրպանում
երեկ գտա կինոյի երկու տոմս, որ
գնել էի պարտքով՝ քեզ հետ առաջին անգամ
ֆիլմ դիտելու՝ «Դրուժբա» կինոթատրոնում,
                                        բայց դու չէիր եկել։

Շարժում. սա միակ բառն է, որն իմ
հավերժությանը չի կասկածում, որի
ստուգությանն ու հավաստիությանն ինքս
հավատում եմ անվերապահորեն։ Իսկ
հավատն, ասում են, ուժի իմաստն է ամփոփագրում։

Դենի դը Ռուժմոն մտածում է ձեռքերով,
այդ դեպքում ձեռքերն ինչո՞վ են մտածում։

Ավերակում կանգնել եմ, եւ քարերը փետուրների պես
թեթեւ թռչկոտում են իմ շուրջ, ապա,
որպես ծաղիկ-թերթեր՝ հավաքվելով գլխիս,
ինձ դարձնում են ակամայից նուրբ ծաղկացողուն։ Դուռը
ո՞ր կողմից է, ուզում եմ բացել ծաղիկը,
մերոնք՝ բոլորով, բնակվում են այնտեղ։

Դրսեկ մի քամի խաղում է գանգուրներիս հետ։
Երբ քեզ սիրում էի՝ քսանչորս ժամն, անշուշտ,
շատ էր քիչ մի օրվա համար։ Իսկ նորածին երեխան,
նախքան աչք բացելը,
ամեն ինչ տեսնում է մաշկով։

Հիշողություն. ահա ապագայի միակ ուղին, բայց
աչքերս, ավաղ, ինձ խանգարում են տեսնել։