Քնկոտ առվին թեքվեց ուռին…
* * *
Քնկոտ առվին թեքվեց ուռին,
Աստղերն ելան ցիրուցան.
Ախ, մի հիշիր տանջանքը հին,
Մի մտորիր այս անգամ:
Աստղը ջրին, ցողը ծաղկին,
Մեգը ծովին է փարվում,
Շողը մութին, հավքը հավքին
Կարոտագին համբուրում:
Դու էլ, դու էլ, քնքուշ եղիր,
Մի տրտնջա, լացըդ թող,
Այս սուրբ ժամին լռիր, լռիր,
Սիրիր անխոս ու կարող…
Շուտով կանցնի գիշերն անուշ,
Խորհուրդը լուռ կմարի,
Սիրտս կզգա, որ ուշ է, ուշ,
Զուր կըճչաս «օ, արի»…