Քնքուշ լարեր
Ամառանոցում

Ամառանոցն, ուր բնակվում էին Հարունյաններն և ուր գտնվում էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը, շրջապատված էր անտառով, որի շնորհիվ և ամառանոցի օդն այնքան զով և առողջարար էր։ Անտառի մեջ կտրատում էին միմյանց զանազան լայն ու նեղ ճանապարհներ, ինչպես այգիի ճեմելիքներ՝ ծածկված անթիվ ծառերի սաղարթախիտ ճյուղերով, որոնց տակը բնավ չէին թափանցում անտառային արևի հրատապ ճառագայթները։ Այդ ճանապարհները, որոնք տանում էին հեռուն՝ դեպի անտառի խտություններն, ուր և նրանք դարձյալ միանում էին միմյանց հետ— հատկապես շինված էին ամառանոցի բնակիչների համար, որոնք ամեն օր դուրս էին գալիս այդտեղ զբոսանքի։

Պարոն Հարունյանը, որին փոքրիշատե հաջողվել էր սառեցնել յուր մեջ ապօրինի սիրո զգացմունքը, գրեթե ողջ օրն յուր կնոջ, որդու և եղբոր հետ անց էր կացնում այդ անտառում։ Նրանք առանձնանում էին անտառի խտության մեջ և, նստելով կանաչ խոտերի վրա, հովասուն ծառերի մշտական ստվերի տակ՝ Արմենակը թերթում էր յուր օրինագիրքը, մի քանի քայլ հեռու փոքրիկ Հայկանուշը խաղում էր յուր դայակ֊դաստիարակչուհու հետ, իսկ պարոն Հարունյանն ու յուր կինը պարապում էին ընթերցանությամբ, կամ բոլորը միասին հավաքվելով՝ պարապում էին քաղցր խոսակցությամբ։ Մի տեսակ անպատմելի թեթևությունն էր զգում Հարունյանն, երբ նայում էր յուր կնոջ խոնարհ, անմեղ աչքերին և գիտեր, որ յուր սրտի վրա ոչինչ հանցանք չէ ծանրացած դեպի նա, նամանավանդ, որ այդ հանցանքի առիթն ակամայից ներկայանալով, նա ի բոլոր սրտե ցանկանում էր նրանից հեռու փախչել։ Այո՛, թեպետ նոր սերը կլանել էր նրա ամուսնական սիրույն, բայց և այնպես նրա խիղճը չէր կարող տանջել նրան, քանի որ նա չէր անձնատուր եղել այդ նոր սիրույն և երբեք էլ չէր կամենում նրան անձնատուր լինել, այլ, ընդհակառակը— կամենում էր դուրս կորզել Նրան յուր սրտից և նորից տեղ տալ ամուսնական ամենաքաղցր, ամենահանգիստ սիրույն։

Փոքրիկ Հայկանուշին— իրենց այդ միակ զավակին՝ հայր և մայր սիրում էին ծնողական ամենաքնքուշ սիրով, գորովով։ Ինչպես կինը, նույնպես և ամուսինն այդ զավակի մեջ տեսնում էին այն անխզելի կապը, որ անպայման կերպով միացնում էր նրանց միմյանց հետ։ Այդ զավակն էր գլխավոր պատճառը, որ Հարունյանը ոչինչ հարաբերություն չէր կամենում ունենալ իշխանուհի Մելիքյանի հետ, որ նա այնպես, գրեթե անձնազոհությամբ, պատերազմում էր անդադար յուր մեջ բորբոքվող ապօրինի սիրո դեմ։ Այդ զավակը, կարծես, մատակարարում էր նրան նոր ուժ, նոր եռանդ շարունակելու մինչև վերջն այդ բարոյական պատերազմը։ Այդ սիրուն փոքրիկ երեխայի ամեն մի թոթովանք, մանավանդ երբ այդ նրա անունն էր լինում— «հայլիկ», նրան ամեն բան մոռացնել էր տալիս և, իսկույն առնելով նրան յուր հայրական գրկի մեջ, նա անդադար սեղմում էր յուր կրծքին, որի տակ ցնծում էր նրա սիրտը, խնդում էր նրա հոգին։ Նա սկսում էր համբուրել այդ հրեշտականման երեխայի անմեղ, քնքուշ, փոքրիկ շրթունքները, որոնցով նա արտասանում էր «հայլիկ» երկնային, կյանք տվող բառն ամեն մի հոր, և մի տեսակ պայծառ հայացքով ու անխոս՝ նայում էր յուր կնոջ քաղցր ժպտող աչքերին, կարծես, հայտնելով նրան յուր անհուն շնորհակալությունն, յուր բոլոր երախտագիտության զգացմունքը, նրա պարգևած այդ ամենաքաղցր երջանկության համար։ Օ՜, ի՞նչը կարող էր մրցել ծնողական այդ երկնատուր, նվիրական երջանկության հետ...

Մյուս կողմից, տեսնելով յուր բարի, խոնարհ, հավատարիմ կնոջը, որ բոլոր սրտով կապված էր նրա հետ, որ նրա մեջ էր գտնում յուր ամուսնական երջանկությունն և անպայման հավատում էր նրա հավատարմությանը— նա զգում էր, որ խիղճն երբեք չէր կարող իրեն ներել, եթե նա դրանից խլեր յուր սիրտը— ամուսնական երջանիկ սիրո այդ քաղցրատենչ աղբյուրը— և ընծա բերեր մի ուրիշ, օտար կնոջ։ Եվ ինչո՞ւ հավատարիմ չլինել կնոջն, երբ կինը նրան հավատարիմ է։ Ինչո՞ւ քակտել ամուսնական ամենասուրբ, նվիրական պայմաններն, երբ նա երբե՛ք իրավունք չունի այդ անելու, բացի դրանից, երբ այդ քակտման հետևանքը բարոյական սոսկալի տանջանք էր։ Աստծո սուրբ տաճարի մեջ բազմաթիվ վկաների առաջ, հրապարակորեն նա ուխտել էր հավատարիմ մնալու յուր կնոջը՝ մինչև մահ ու գերեզման և միայն ևեթ այդ սրբազան ուխտն անբիծ պահպանելու մեջ է կայանում իսկական ամուսնության բարոյական ամենաքաղցր երջանկությունը։ Նա այդ բոլորը հասկանում էր, և ի՜նչ մեծ սխալ, հանցանք կլիներ նրա կողմից, որ յուր այդ սեփական երջանկությունն յուր կամքով մի կողմը հրեր և անձնատուր լիներ ամենասոսկալի թշվառությանն․․․ Ո՛չ, ո՛չ, ամուսնական հավատարմությունը քաղցրագույնն է։ Ոչինչ այնքան գովելի, ոչինչ այնքան սրբանվեր կարող չէ լինել, որքան այդ հավատարմության համար ունեցսէծ բարոյական պարտավորեցուցիչ պատերազմը։

Հարունյանը յուր ամուսնական հավատարմությունը պահպանելու համար դատում էր և մի ուրիշ տեսակետից։

— Ի՞նչ կաներ նա, եթե իրեն սիրելի, պաշտելի կինն իրեն դավաճաներ, սիրային հարաբերություն ունենար մի ուրիշ մարդու հետ։ Նա պետք է նայի յուր պաշտելի կնոջը, որ մի ժամանակ նրան հրեշտակ էր թվում, նա պետք է գրկի նրան, մի րոպե միայն կարծելով, որ գրկում, համբուրում է միևնույն հրեշտակին, բայց հանկարծ ամենադառը գիտակցությունն յուր սոսկալի շանթը պետք է ցցի նրա ուղեղի և սրտի մեջ— և նա սարսափով դեն պետք է հրե նրան յուր գրկից՝ նրան թունավոր օձ կարծելով։— Այո՛, տանջանքը սոսկալի է։ Բայց գիտենալով, տեսնելով, որ յուր կինը սիրում է, պաշտում է իրեն— և հանկարծ ի՞նքը դավաճանի նրան, սիրային հարաբերություն ունենա մի ուրիշ կնոջ հե՞տ։ Ի՞նչ կլիներ այդ դեպքում կնոջ դրությունը։ Մի՞թե միևնույն բարոյական սոսկալի տանջանքը չպետք է զգար և նա։ Եթե նա կարող էր պահանջել յուր իրավունքը կնոջ վերաբերությամբ և ամենախիստ կերպով, ինչո՞ւ այդ միևնույնը չէր կարող և կինը նրա վերաբերությամբ։ Չէ՞ որ ամուսնական յուրաքանչյուր գործում նրանց իրավունքները հավասար են միմյանց, և նրանք պարտավոր են միմյանց հաշիվ տալու մինչև անգամ ամենաչնչին գործի մեջ։

«Ո՛չ, ես պե՛տք է և պե՛տք է հավատարիմ մնամ իմ ամուսնական կապին— ասում էր նա այդպիսի մտածմունքներից հետո։— Երբե՛ք ես չպիտի դավաճանեմ այդ կապին, և ավելի՛ն, որ ես ամեն բան հասկանում եմ, տեսնում եմ դրա մազաչափ չարիքներն անգամ»։

-------

Երեկո էր. եղանակը՝ հիանալի։ Ամառանոցի բոլոր բնակիչները լցրել էին անտառը։ Հարունյան ամուսինները, որոնք արդեն հինգերորդ օրն էր, ինչ ամառանոցումն էին, նույնպես դուրս էին եկել զբոսանքի։ Արմենակը նրանց հետ չէր. նա նույն օրն յուր մի քանի վաղեմի ընկերների հետ, որոնց պատահել էր ամառանոցում, որսի էր գնացել։ Բոլոր զբոսնողների դեմքի վրա կարելի էր նկատել ուրախություն ու հրճվանք, ամենքը ժպտալով ու ծիծաղելով խոսում ու զրուցում էին, միայն Հարունյան ամուսինները շրջում էին գրեթե տխուր ու լուռ։ Երևում էր, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր մի-մի մտքով։

— Ստեփաննոս, երանի գիտենամ իշխանուհին այժմ ի՞նչպես է,— ասաց վերջապես տիկին Հարունյանը։— Ահա հինգերորդ օրն է, ինչ նրանից լուր չունենք, և ես միշտ նրա մասին եմ մտածում... Տեսնես դարձյալ գլուխը ցավո՞ւմ է, թե ոչ... բայց ես զարմանում եմ, ճշմարիտ, թե այդ ի՜նչպիսի գլխացավ է, որ այդպես երկար է տևում... Այդպիսի գլխացավ մի՞թե լինում է, Ստեփաննոս։

— Ինչպե՞ս չէ,— պատասխանեց Հարունյանը, որ արդեն վաղուց գիտեր, թե ինչպիսի գլխացավ էր իշխանուհի Մելիքյանի գլխացավը։— Եվ այդպիսի գլխացավը շատ վատ է...

— Մի՞թե․․․ Այժմ երևակայում եմ, թե ո՞րպես տանջվելիս պիտի լինի նա․․․ Խե՜ղճ Սոֆիա... Ա՜խ, եթե դու գիտենաս, ի՜նչպես ես սիրում եմ նրան, Ստեփաննոս... Միշտ, ամեն րոպե նա յուր տխուր, թախծալի դեմքով, կարծես, կանգնած է իմ առաջ. չեմ կարողանում նրան մի րոպե անգամ գլխիցս հանել։ Այսօր ես կամենո՛ւմ էի նրան մի նամակ գրել, բայց հանկարծ, չգիտեմ ինչո՞ւ, ինձ թվաց, որ նա ինձ ատում է... չէ սիրում։ Այդ ժամանակ մի տեսակ ճմլվեց սիրտս․․․ ակամայից հիշեցի այն սառը վարմունքն և խոսակցությունը, որոնցով նա հանդիպում էր ինձ միշտ այս վերջին ժամանակներս, կարծես, մեկը ներսից ինձ ասելիս լիներ, որ նրա այդ սառը հանդիպումն ոչ թե գլխացավից է, այլ... ատելությունից։ Եվ իրավ որ՝ ես չեմ կարողանում այժմ հաշտվել այն մտքի հետ, թե մարդ ի՛նչպիսի գլխացավ պիտի ունենա, որից ստիպված այնպես սառը, գրեթե արհամարհանքով վերաբերվի դեպի յուր այն սրտակից բարեկամը, որի հետ առաջ այնպես քաղցր, սիրով էր վարվում... Մի՞թե այդ կարելի է, եթե նա չէ սկսել ատել... բայց ինչո՞ւ նա ինձ պիտի ատե,— վերջապես կանչեց տիկին Հարունյանը, որ գրեթե մոռացել էր, թե որտեղ է գտնվում, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։

— Այդպես միայն քեզ թվում է, սիրելիս,— ասաց Հարունյանը, որ, իհարկե, մտքումը նրա հետ համաձայն էր, բայց չէր կարող երբեք հայտնել նրան։

— Ձեր մեջ այնպիսի ի՞նչ մի առանձին բան է պատահել, որի պատճառով նա քեզ ատելիս լինի։

— Ես էլ այդ չե՞մ հարցնում. ի՞նչ է պատահել և ի՞նչ կարող էր պատահել։ Ոչինչ, հավատացիր, բոլորովին ոչինչ, մի փոքր, մի չնչին տարաձայնություն անգամ տեղի չէ ունեցել մեր մեջ... Ես նրան միշտ սիրել եմ, միշտ իմ թանկագին քույրիկս եմ համարել, կարեկցել եմ նրան ամեն մի դեպքում, և հանկարծ— մի այդպիսի սառը հանդիպում, արհամարհանք։ Ախար ինչո՞ւ համար, ինչո՞ւ... ճշմարիտ՝ ես այնքա՜ն մտածել եմ այդ մասին, այնքա՛ն մտածել, որ․․․ չեմ հասկացել, մի խոսքով, թե ինչ է պատահում ինձ այդ ժամանակ... Իսկ նա ասում է, որ այդ միայն գլխացավից է։

— Իհարկե, այդ գլխացավից պետք է լինի, սիրելիս, մանավանդ, որ դու պարզ գիտես, որ ձեր մեջ ոչինչ տարաձայնություն չէ պատահել։ Կամ եթե հենց տարաձայնություն էլ պատահեր, մի՞թե նա քեզ անպատճառ պիտի ատեր։ Դեռ ամենահասարակ գլխացավից մարդ, կարծես, աենքին աչքից գցում է, ո՞ւր մնաց մի այնպիսի գլխացավ, որպիսին է իշխանուհունը։ Դու իշխանուհու գլխացավի սրա այդպես հասարակ աչքով մի նայիր, Նունե. այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի...

— Ուրեմն ճի՞շտ է, որ միայն այդ գլխացավից է նրա սառնությունը դեպի ինձ։

— Այո։

— Օ՛հ, երանի՜ այդպես լինի, ապա թե ոչ ես նրան այնքա՜ն սիրում եմ, այնքա՜ն սիրում եմ, որ... բայց դու ասացիր, որ այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի, ուրեմն... Ի՞նչ կպատահի վերջը,— գրեթե վախեցած յուր գլխում ծագած հանկարծակի մտքից՝ շտապով հարցրեց տիկին Հարունյանը։

— Կանցնի։

— Կանցնի՛... Բայց երկա՞ր կտևի։

— Չգիտեմ... այդ ես չեմ կարող ճիշտն ասել...

— Իսկ ես կարծում էի, թե այդ գլխացավից մահ կարող է առաջանալ։

— Չէ՛, ի՞նչ ես ասում. այդպիսի բան չի կարող պատահել. բայց շատ կտանջվի...

— Բայց ինչի՞ց է պատահում այդ գլխացավը։

— Չգիտեմ...

— Ես կարծում եմ շոգերից։

— Գուցե․․․

— Ես վաղն անպատճառ նրան նամակ կգրեմ․ չեմ կարող համբերել։ Կգրեմ, որ շուտով գա այստեղ, որովհետև այստեղ շատ հով է։

— Գուցե նա մտադրություն ունի ուրիշ ամառանոց գնալու, ինչո՞ւ դու ուզում ես, որ նա անպատճառ այստեղ գա,— ասաց Հարունյանն իսկույն մի տեսակ երկյուղ կրելով, թե մի՛ գուցե իշխանուհին, իրավ որ, գար միևնույն ամառանոցը, իսկ հենց այդ բանից նա խույս էր տալիս, որովհետև շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կունենա այդ բանն յուր համար այժմ, երբ արդեն փոքրիշատե սկսել է հանգիստ ապրել։

— Նա ուրիշ ամառանոց չի կարող գնալ,— պատասխանեց կինը,— որովհետև նրա ժառանգական դաստակերտն այստեղ է գտնվում։

— Ա՜...— երկարացրեց Հարունյանը։— Ես այք չգիտեի,— իսկ մտքումը,— «ապա թե ոչ ուրիշ ամառանոց կգնայի... բայց ոչի՛նչ. կպատերազմեմ դարձյալ, ճակատագիրս ինձ փորձում է»...

Եվ նա ակամայից մտածության մեջ ընկավ։

— Ահա՛ նա,— հանկարծ անզուսպ ուրախությամբ կանչեց տիկին Հարունյանն և, թողնելով ամուսնու թևը, առաջ վազեց։

Այդ բացականչության վրա Հարունյանը հանկարծ սթափվեց յուր մտածությունից և իրենից յոթ-ութ քայլ առաջ տեսավ իշխանուհի Մելիքյանին։ Նույն վայրկյանին հանկարծ ինչ-որ շարժվեց նրա սրտում և մի տեսակ անբացատրելի երկյուղ, որի հետ խառն էր և ուրախության նման մի բան, ցնցեց նրա ողջ մարմինը։ Այդ բոլորն այնպես հանկարծակի և անսպասելի կերպով եղավ, որ առաջին վայրկյաններին նա գրեթե ուշքը կորցրեց, աչքերը մթնեցան. բայց երբ նա Նորից սթափվեց, տեսավ, որ սիրտը սաստիկ, գրեթե ցավ տալով, բաբախում է, և զգաց, որ գույնը նետել է։ Նա շուտով իրեն հավաքեց։ Իսկույն հասկացավ, թե ինչ էր այն, որ այդ կարճ միջոցում կատարվեցավ յուր մեջ և, աշխատելով յուր առաջվա անտարբեր դրությունն ընդունել ու իրեն ոչ մի բանով չմատնել, մոտեցավ իշխանուհուն այն ժամանակ, երբ յուր կինն արդեն սաստիկ կարոտալից ամուր֊ամուր սեղմում էր նրա ձեռքերն և հարցնում էր նրա առողջությունը։

— Շնորհավոր լինի ձեր գալուստն, իշխանուհի,— ասաց նա յուր գրավիչ ձայնով, որն այնքան դուր էր գալիս իշխանուհուն, և իրեն հատուկ քաղաքավարությամբ գլուխ խոնարհեցրեց նրան։

— Ա՜, պարոն Հարունյան, այդ դո՞ւք եք,— դեմքը դեպի նա դարձնելով ասաց իշխանուհին, որ նրա մոտենալը դիտմամբ չտեսնելու էր տվել։— Բարև ձեզ։

Եվ, զսպելով յուր ներքին շփոթությունը, նա սառնությամբ մեկնեց դեպի նա յուր գեղեցիկ ձեռքը։

արոն Հարունյանը նկատեց այդ և նույն սառնությամբ սեղմեց նրա ձեռքը։

— Շա՞տ ժամանակ է, ինչ դուք պատիվ եք քերել այստեղ, իշխանուհի,— հարցրեց նա։

— Երեկվանից։

— Իսկ ես կամենում էի վաղը քեզ նամակ գրել, Սոֆիա, կարծելով, որ տակավին դու քաղաքումն ես,— ասաց տիկին Հարունյանը, որին ընկերուհու հանդիպումն մեծ ուրախություն էր պատճառել, չնայելով այն սառնությանը, որով դարձյալ ընդունել էր նրան այս վերջինս։— Բայց լավ է, որ այժմ մենք պատահեցինք միմյանց։ Ես բոլորովին չէի սպասում այդ, Սոֆիա... Մի քանի րոպե առաջ մենք քո մասին էինք խոսում...

— Հա՞․․․— ասաց երկարացնելով իշխանուհին և յուր գեղեցիկ աչքերը դարձնելով պարոն Հարունյանի դեմքի վրա, մի վայրկյան միայն ուղղակի և սուր կերպով նայեց նրա աչքերի մեջ։— Բայց ի՞նչ էիք խոսում իմ մասին...

— Մենք խոսում էինք ձեր գլխացավի մասին, իշխանուհի,— շտապեց պատասխանել պարոն Հարունյանը։— Նունեն շատ տխրել էր ձեր մասին, որ այդպես տանջվում եք գլխացավից և հարցնում էր, թե մի՞թե գլխացավն այդպես երկար կարող է տևել. իսկ ես հավատացնում էի, որ ձեր գլխացավը հասարակ գլխացավերից չէ, այլ բոլորովին ուրիշ գլխացավ...

Իշխանուհուն թվաց, որ յուր այդ խոսքերով սա ծաղրում է իրեն, հետևաբար նա հասկացել է, թե ինչ է իսկապես նրա կեղծ գլխացավը։ Կատաղությունը նորից բորբոքվեցավ նրա սրտի մեջ, բայց նա անզոր էր և բավականացավ միայն յուր վարդագույն շրթունքները կրծելով, ընդսմին աշխատելով այդ կատաղությունն ուրիշ ոչ մի բանով երևան չհանելու, մանավանդ, որ նա զգում էր, թե ինչպես պարոն Հարունյանի աչքերը հետամուտ էին լինում յուր դեմքի արտահայտությանը։

— Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, իշխանուհի,— հարցրեց պարոն Հարունյանը։

— Մի փոքր լավ...

— Ուրեմն անցնո՞ւմ է գլխացավը։

— Այո...

— Փառք աստուծո, որ դուք այլևս այնպես չեք տանջվիլ․․․ Նունեն գտնում էր, որ այդ շոգերից է, և ես հավանություն էի տալիս. իսկ այժմ պարզ երևում է, որ այդ իսկապես այդպես է եղել, որովհետև, ահա, երկու օր չկա ընդամենն, ինչ դուք շնորհ եք բերել ամառանոց, և գլխացավն արդեն սկսում է անցնել... Իզուր դուք այսքան ժամանակ քաղաքում մնացիք. եթե դուք վաղ հեռանայիք քաղաքից, գուցե բոլորովին էլ գլխացավ չստանայիք... Թիֆլիսն առհասարակ սարսափելի շոգեր գիտե, և այդ շոգերը պիտի ազդեին մանավանդ ձեզ վրա, որովհետև դուք սովորած եք հյուսիսի սառը կլիմային։

Իշխանուհու կատաղությունը կրկնապատկվեցավ. կարծես, մի սոսկալի կրակ բորբոքվում էր նրա մեջ և այրում, կիզում էր նրա ամբողջ ներսը։

Այո՛, այդ մարդը, այդ անգութ մարդն ամեն բան հասկանում է և ուղղակի ծաղրում է նրան, փորձում է նրան ամենասոսկալի կերպով և մի մազաչափ անգամ չէ խղճում նրան... մինչև անգամ նրա ժպիտի մեջ երևում է բացարձակ հեգնություն... նա զգաց, որ եթե մի փոքր էլ մնալու լինի նրանց մոտ, այլևս անկարելի կլինի իրեն զսպել և մի առանձին բան կանե, որով կարող է իրեն բոլորովին մատնել, ուստի, առանց այլևայլության, պատճառ բերելով դարձյալ գլխացավը, նա սեղմեց նրանց ձեռքն ու հեռացավ։

Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանի լեզուն, կարծես, կապվեցավ։ Այնուհետև մինչև տուն գնալը նա ոչ մի բան չասաց ամուսնուն։ Պարոն Հարունյանը նույնպես լուռ մնաց։

Նրանք գնացին տուն։ Մի քանի րոպեից հետո եկավ և Արմենակը որսորդական հագուստով և հրացանն ուսին։

— Արև՛ս վկա, իշխանուհին եկել է ամառանոց,— գոռաց նա ներս մտնելով եղբոր և հարսի մոտ։— Սո՞ւտ եմ ասում։

— Այո, եկել է՛,— պատասխանեց եղբայրը։

— Դու տեսա՞ր նրան։

— Ոչ։

— Հապա ի՞նչպես գիտես, որ արևովդ էլ երդվում ես։

— Ինչպե՞ս,— կանչեց ծիծաղելով Արմենակը։ Ի՞նչպես են իմանում՝ մի երկրում գարունն եկել է թե ոչ։— Երբ տեսնում են ծիծեռնակը թռչում է դեպի այն երկիրը...

— Ոչինչ չենք հասկանում քո ասածներից։

— Այսօր տեսա Պետրով ծիծեռնակին, տեսա դեպի ամառանոց թռչելիս,— կանչեց ավելի բարձրաձայն ծիծաղելով Արմենակը։— Ուրեմն իշխանուհի-գարունն այստեղ է...