Քնքուշ լարեր
Նոր Շամիրամ

Գրեթե ողջ ամառանոցում չկար մի այնպիսի գեղեցիկ կալվածք, որպիսին էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը։ Նա շրջապատված էր մի փոքրիկ պարտեզով, որի մեջ գտնվում էին հոտավետ ծաղիկների գրեթե բոլոր տեսակները։ Քարե սանդուղքով պարտեզից կարելի էր բարձրանալ դեպի լայն պատշգամբը, ուր շարված էին հարյուրավոր մեծ ու փոքր ծաղկամաններ, որոնց մեջի բույսերը, ծաղիկները ներկայացնում էին ավելի սքանչելի, ավելի հոտավետն, ավելի հազվագյուտը։ Իշխանուհի Մելիքյանի միլիոնատեր հայրը, լինելով ինքն ամեն բանի գեղեցիկը, կատարյալը սիրող մի մարդ, ոչինչ ջանք չէր խնայել յուր այդ դաստակերտն, ուր ամեն ամառ անց էր կացնում յուր ընտանիքով, ամեն կողմից շքեղացնելու, կատարյալը դուրս բերելու համար։ Ամբողջ տասը տարի էր անցել այն ժամանակվանից, ինչ որ իշխանուհի Մելիքյանը չէր տեսել այդ դաստակերտը, իսկ այժմ, երբ այդքանամյա բացակայությունից հետո նա գալիս է ամառն այդտեղ անցկացնելու, նրան նույնությամբ է գտնում, ինչպես էր և յուր հոր կենդանության ժամանակ։ Այդ դաստակերտը հենց սկզբից, հիմնվելու օրից, հանձնված էր շինական մի բարի մարդ ու կնոջ, որոնք ամեն օր բարեխղճությամբ կատարում էին իրենց պարտականությունը և ստանում ծառայության վարձը՝ պարոնի կենդանության ժամանակ— պարոնից, իսկ նրա մահից հետո— իշխանուհի Մելիքյանից։

Հարունյանների հետ պատահած անցքի գիշերը իշխանուհի Մելիքյանը բոլորովին մենակ նստած էր չուգունե ոտերավոր և հղկած գեղեցիկ նստարանի վրա։

Գիշերն ամառային ամենասքանչելի գիշերներից մինն էր, այն գիշերներից, որոնք լինում են միայն ամառանոցներում։ Լիալուսինը հանդարտ սահում էր կապույտ երկնքի վրայով, ինչպես մի առագաստանավ անհուն, խաղաղ ծովի վրա։ Նա քմահաճությամբ մերթ թաքնվում էր սև փոքրիկ ամպերի տակ, որոնց անձև կողքերը միայն լուսավորվում էին հրաշալի արծաթագույնով և, մերթ դուրս գալով, շարունակում էր յուր օդային ճանապարհը։ Ամենահանդարտ կերպով փչում էր գիշերային կենսատու զեփյուռը, տարածելով ողջ պարտեզի մեջ հոտավետ ծաղիկների անուշ բուրմունքը։ Շուրջը տիրում էր խորին լռություն։ Լսվում էր միայն ծառերի տերևների հանդարտ խշխշոցը, որպես խորհրդավոր շշնջյուն․ լսվում էր և փոքրիկ շատրվաններից բարակ հոսանքով դուրս բխող ջրի միակերպ ձայնը։ Ջուրը, բարձր նետվելով, փռվում էր խուրձի նման և, բաժանվելով ամենամանր գոհարանման կաթիլների, նորից թափվում էր փոքրիկ ավազանը։ Այդ կաթիլները զանազանագույն հրաշալի ցոլումներով, խաղալով լուսնի պայծառ լույսի տակ և ընկնելով ավազանի ջրի մեջ, հանում էին մի այնպիսի հեզահուշ ճողփյուն, որ բոլորովին լրացնում էր այդ խաղաղ գիշերի բոլոր սքանչելիությունը։

Իշխանուհին նստած էր անշարժ և ձեռքերը կցած։ Նրա աչքերը հառած էին շատրվանի հենց այն կետին, ուր ջուրը խուրձի գեղեցիկ տեսք էր ստանում։ Նա կարծես ամենախորին ուշադրությամբ զննում էր, թե ի՛նչպես այդ կետում բաժանվում էր ամեն մի կաթիլն և ի՛նչ տեսակ գույներ էին ցոլանում նրա մեջ լուսնի լույսից։ Լուսինն ուղղակի լուսավորում էր նրա գեղեցիկ դեմքը, որ այդ գիշեր անսովոր կերպով գունատ էր։ Նա փաթաթված էր մոխրագույն, լայն և ազնիվ տեսակի շալի մեջ, որ իջնում էր մինչև նրա ոտների ծայրերը։ Նրա սև, փայլուն, հարուստ մազերը բոլորովին արձակ, անփույթ կերպով փռված էին ուսերի վրա և, իջնելով, փոքր-ինչ միայն կողքերից, ծածկում էին նրա՝ երևի ավելի ազատ շնչելու համար՝ կիսաբաց, հարուստ, սպիտակ, մարմարի կուրծքը, որ այդ ժամանակ բավական նկատելի կերպով, կարծես խիստ հուզված, բարձրանում ու ցածրանում էր։ Այդ գրությամբ նա այնքա՛ն գեղեցիկ էր, այնքա՛ն սքանչելի, որ նայողը իրեն մեղանչած կհամարեր՝ նրան հասարակ մահկանացուների կարգը դասելով։ Նա կարծես մի կատարյալ հավերժահարս էր, որ թողնելով յուր աստվածային բնակավայրը, իջել էր այդ գեղեցիկ պարտեզը՝ բաշխելու նրան յուր արժանավայել շուքը։ Նրան լավ դիտողը կնկատեր, որ նա իրեն շրջապատող սքանչելիություններից իսկապես ոչինչ չէր զգում և՛ ոչ թե մտածում էր շատրվանի վրա, այլ մինչև անգամ այդ չէր էլ տեսնում, չնայելով, որ նրա գեղեցիկ աչքերը միշտ հառած էին դրա վրա։ Նա այդ ժամանակ միայն մարմնով գտնվում էր այդտեղ, իսկ հոգով և մտքով մի ուրիշ տեղ, ուրիշի մոտ — նրա՛ մոտ, որ նրա սիրտը բոլորովին գրավել և երկար ժամանակից ի վեր նրա բոլոր մտածության առարկան էր դարձել, չտալով նրան հանգիստ՝ ոչ տիվ և ոչ գիշեր։

Նա մտածում էր Հարունյանի վրա։ Այո՛, Հարունյան, Հարունյան, որպե՜ս անմիտ, ո՜րպես անզգա և կույր ես դու, որ չես կարողանում տեսնել այդ մարմնացած աստվածային գեղեցկությունն և սառնասրտությամբ հրում ես նրան մի կողմը։ Տե՜ս, ո՜րպիսի հուսահատ ինքնամոռացությամբ դա գալիս է դեպի քո գիրկն և հոգով ու մարմնով կամենում է անձնատուր լինել քեզ.․․ Մի՞թե մի որևիցե ամենախիստ պարտաճանաչությանը, ամենախիստ հավատարմության ուխտին զոհում են մի այդպիսի գեղեցկություն, որի մեջ միայն գտնվում է քաղցրագույնը բոլոր քաղցրությունների մեջ... Անմի՜տ, ժողովի՛ր խելքդ, բացի՛ր աչքերդ և տե՛ս այդ կնոջը, որ այնպես ողորմելի կերպով քեզանից գթություն է հայցում։ Նա սիրում է քեզ, սիրում է հոգու բոլոր ուժերով, բոլոր զորությամբ, և այդ սերն անդադար աճում է, աճում է և նրան երբե՛ք հանգիստ չէ տալիս։ Նա պատրաստ է քեզ աստվածացնելու, երկրպագելու, պաշտելու քեզ, միայն սիրի՛ր նրան, սիրի՛ր նրան... Այդ երկար ժամանակից ի վեր փափագած սիրուն նա կտա յուր հոգու, յուր սրտի ամենանուրբ, ամենանվիրական տեղն և անդադար, օրնիբուն գուրգուրելով, փայփայելով կբարձրացնե նրան մինչև երկինքը, և՝ սիրո կրակով վառված՝ այդ անսավառնելի բարձրությունից առ ոչինչ կհամարե աստվածների երջանկությունը․․․ Նրա սիրատենչ, խանդակաթ գրկի մեջ դու մանուկ կդառնաս և կմոռանաս քո թշվառ գոյությունը, կմոռանաս այս աշխարհն՝ յուր անվերջ ծանր հոգսերով․․․ Այնուհետև դու կընկնես մի տեսակ տենչանաց, հեշտալից աշխարհ, ուր մարդ ճաշակում է դրախտին փոխարինած մոգական քաղցրությունը․․․ Ա՜խ, սիրի՜ր․․․ սիրի՛ր...

Հանկարծ նրա գլխի վերևը հաստաբուն և բարձրակատար ծառի ճյուղերի մեջ լսվեց ինչ֊որ խշխշոց, որը խիստ կերպով խանգարեց գիշերային շրջապատող խորին լռությունը։ Այդ ձայնից նա ցնցվեց ամբողջ մարմնով և, դուրս գալով յուր արբեցյալ դրությունից, նայեց շուրջը։ Նրա բոլորովին գունատված դեմքն արտահայտում էր անզգայականություն, սակայն խառը մի փոքր երկյուղի ու զարմանքի հետ։ Սովորաբար այդպես են լինում նրանք, որոնք, երկար ժամանակ բոլորովին անձնատուր եղած լինելով իրենց սրտին ամենամոտ խոր մտածությանը, մինչև անգամ սթափվելուց հետո, առաջին վայրկյաններում, շարունակում են դարձյալ ապրել իրենց մտածության աշխարհում, որ այնուհետև հետզհետե սկսում է հեռանալ նրանց աչքերի առջևից, մինչև որ բոլորովին չքանում է, և նրանք, տեսնելով իրենց շրջապատող իրականության մեջ և զգալով այդ խիստ փոփոխությունն երևակայականից դեպի իրականությունը, սկսում են զարմանալ և մի տեսակ երկյուղ կրել, մանավանդ, եթե նրանք բոլորովին մենակ են ու գիշերով։ Անզգայականությունը փոքր առ փոքր սկսեց հեռանալ նրա դեմքից, իսկ երկյուղն ու զարմանքն՝ ավելանալ։ Նա մի առանձին ուժով վեր ցատկեց տեղից և չռած աչքերով սկսեց նայել դեպի վեր՝ այն ճյուղերի մեջ, որտեղից լսվեցավ բարձրաձայն խշխշոցը։— Ծառի ճյուղերից մեկի վրա լուսնի լուսով նա ինչ-որ սև բան տեսավ. այդ միջակ մեծությամբ մի թռչուն էր, որ երևի առաջվա նստած տեղն անհարմար գտնելով, ցած էր թռել մի ուրիշ ճյուղի վրա և այժմ յուր նոր տեղում պտտվում էր, աշխատելով հարմար կերպով նստել և խաղաղ ննջել։ Տեսնելով, որ իրեն այնպես վախեցնողը թռչունն էր, երկյուղը հեռացավ նրա դեմքից և մի տեսակ տանջված, լքյալ արտահայտություն ստացավ։ Նա շուռ եկավ և նայեց լուսնին։ Այլևս ոչինչ սև ամպեր չէին խանգարում նրան յուր լույսն առատորեն սփռելու ամենուրեք։

Նա, կարծես, ծիծաղելով արձակեց յուր լույսն և այժմ իրեն նայող գեղեցկուհու մազերով ցանված գունատ դեմքի վրա, որ և այդ ժամանակ ամենափայլուն մարմարի գույնն ստացավ։ Երևում էր, որ կեսգիշերից բավական անցել էր։ Օդը բոլորովին ցրտել էր։ Փչեց զով, մեղմ քամին՝ ծառերի տերևները, կարծես, տրտունջ հանելով, ավելի սկսեցին խշխշալ։ Իշխանուհին, որի ուսերից շալն ընկել էր, բաց անելով նրա կիսամերկ կուրծքը, թեթև կերպով ցնցվեց, զգալով յուր անդամների մեջ այդ ցուրտը։ Նա փաթաթվեց յուր շալի մեջ, ձեռքերը կցեց, գլուխը խոնարհեցրեց կրծքի վրա, որպես սգավոր, հուշիկ քայլերով անցավ ճեմելիքի երկարությամբ, սանդուղքով բարձրացավ պատշգամբն և ներս մտավ յուր ննջարանը։ Ննջարանում ճրագը հանգած էր: Պայծառ լուսինը, ներս թափանցելով բաց լուսամուտից, ուղղակի լուսավորում էր նրա սպիտակ, որպես ձյուն, անկողինը, որի մեջ այդ րոպեին անկարգություն էր տիրում։ Երևում էր, որ նա նախ պառկել էր, բայց տեսնելով, որ իրեն անդադար զբաղեցնող մտածությունը քունը մոտ չէ թողնում յուր աչքերին, դուրս էր գնացել պարտեզ՝ այնտեղ անձնատուր լինելու այդ մտածությանը։

Ծանր քայլերով նա մոտեցավ շքեղ անկողնակալին, շալը մի կողմ գցեց, երեսն ի վեր պառկեց, վերմակը վրան քաշեց և փակեց աչքերը։ Մինչև այժմ նրա խիստ ցանկությունից գրգռված ջղերն սկսեցին հետզհետե թուլանալ, կուրծքը դադարեց արագ բաբախելուց և մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր, ոչ արթնություն, պատեց նրա տանջված, լքված անդամներին։ Բայց նրա բորբոքված ճակատի տակ ուղեղը հանգիստ չուներ. նրա մեջ տիրում էր մի տեսակ խառնաշփոթություն, մի տեսակ քաոս, որ և նկարում, ստեղծում էր նրա փակ աչքերի առաջ հազար ու մի անորոշ պատկերներ, որոնք՝ հայտնվելուն պես՝ դարձյալ արագությամբ չքանում էին, որպեսզի տեղ տային ուրիշ այլազան պատկերների: Ինչի նմանություն ասես, որ նա չէր որոշում այդ՝ մի կողմից սոսկալի, մյուս կողմից կախարդող ֆանտաստիկական երևույթների մեջ։— Հրեշային պատկերներից հետո, նա տեսնում է յուր անհոգ մանկությունը և այն ժամանակվա իրեն բոլոր սիրելի, ծանոթ դեմքերը Երևույթը փոխվում է։— Նա տեսնում է յուր երիտասարդ ամուսնուն՝ գեղեցիկ, հեզ, բարի, որպես գառը. նրա աչքերը լցված են արտասուքով. նա ամենադառը կերպով մտատանջվում է... Այնուհետև նա պառկած է անկողնում... Դագաղում ... Նա նույնչափ գեղեցիկ է... Չքացավ երևույթը։ — Դարձյալ հրեշային արհավրալից պատկերները... Դարձյալ փոխվեցան՝ տարածվում է ահագին լուսավորված դահլիճը։ Երաժշտությունն ականջ է խլացնում։ Հարյուրավոր անորոշ պատկերներ՝ միմյանց գրկած՝ խռնվելով՝ թռչում են մի ծայրից մյուս ծայրն ու գոհարների նման ինչ֊որ բաներ պսպղում, հուրհրատում են նրանց վրա հազարավոր ճրագների լուսավորության առաջ... Այնուհետև նա տեսնում է իրեն շրջապատված ախտաբորբոք երիտասարդներով․․․ Նրանք՝ չոքած՝ նայում են նրա աչքերի մեջ, համբուրում են նրա ձեռքերը... Չքացավ այդ ամենը։ Նա տեսնում է Հարունյանին.․․ Այնուհետև նա վազում է նրա ետևից դեպի ամառանոց․․․ Պատահում է նրան անտառում․.. Անորոշ դրությամբ հեռանում է նրանից... Գիշերն ուզում է քնել․․. Հարունյանի պատկերն հանգիստ չէ տալիս նրան... Նա դուրս է գնում պարտեզ... Շրջապատող բնության գեղեցկությունն առավել ևս լարում է նրա ջղերն, և բորբոքված սերը ստեղծում է նրա առաջ զանազան քաղցր պատկերներ... Թռչունը վախեցնում է նրան։ Նա տուն է մտնում, պառկում է, և չքացավ ամենը։

Հանկարծ այդ ժամանակ նրան թվաց, թե դուռն անլսելի կերպով բացվեցավ, և մեկն ուրվականի նման, հանդարտ ներս մտնելով նրա ննջարանը, կանգնեց դռների մոտ ու մնաց արձանացած։ Նա սոսկաց, օձից խայթվածի նման իսկույն վեր թռավ տեղից և, սարսափից չռած աչքերով, հազիվ շնչելով, սկսեց նայել այդ գիշերային անկոչ հյուրին։ Վերջինս կանգնած էր նույն արձանացած դրության մեջ և անթարթ աչքով նայում էր ուղղակի նրա չռած աչքերին։ իսկ նա, որի ճակատին արդեն սկսել էին դուրս ցայտել սառը քրտինքի խոշոր կաթիլներ, ամբողջ մարմնով դողալով, շարունակում էր նայել նրան, չկարողանալով ոչ աղաղակել և ոչ մի շշունջ հանել, կարծես լեզուն պապանձվել էր։ Նա միայն նայում էր և նայում, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ գիշերային սարսափի վրա իրենից անկախ մի զորությունից, որ զգում էր յուր բոլոր անդամների մեջ. նայում էր և նրա վրա ոչինչ պարզապես չէր կարողանում որոշել ոչ հագուստն և ոչ դեմքի գծերը, բացի երկու անթարթ աչքերից, որոնք, որպես գայլի աչքեր, պսպղում էին գիշերային մթության մեջ և դրանով առավել ևս սարսափ ազդում։ Սակայն փոքր առ փոքր այդ անորոշ հագուստն ու դեմքի գծերն սկսեցին փոխվել, և գիշերային այցելուն սկսում էր ստանալ ուրիշ հագուստ, ուրիշ դեմքի գծեր, որոնք հետզհետե նրան ավելի ու ավելի ծանոթ էին թվում։ Որքան այդ ուրվականը նոր փոփոխություն էր ստանում, և այդ փոփոխությունը վայրկյան առ վայրկյան նրան առավել ևս ծանոթ էր թվում, այնքան նա դադարում էր դողալուց և վախենալուց. նրա դեմքի վրայից հեռանում էր սարսափն և ստանում էր մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտություն։ Նրա մինչև այժմ երկյուղից չռած, բայց այժմ ժպտող աչքերն սկսում էին փայլել մի առանձին փայլով, իսկ կուրծքը բարձրանալ ու ցածրանալ, կարծես մի տեսակ ներքին բորբոքումից, գրգռումից, որ հետզհետե սաստկանում էր...

Հանկարծ նա մի տենդային թռիչք գործեց դեպի գիշերային այցելուն, ընկավ նրա առաջ՝ ծնկների վրա և, ամուր գրկելով նրա ոտները, կանչեց կցկտուր ձայնով.

— Հարունյա՛ն, խղճա ինձ, ես քեզ սիրում եմ․․․

Յուր սեփական ձայնից, որ խուլ կերպով տարածվեցավ սենյակի գիշերային լռության մեջ, նա հանկարծ արթնացավ յուր անհանգիստ քնից։ Շտապով նստեց անկողնի վրա և երկյուղով նայեց դեպի դուռը։ Լուսինը բավական լուսավորում էր սենյակը. դուռը փակ էր, սենյակում ոչ ոք չկար։ Նա տեսավ, որ յուր տեսածը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ միայն երազ, և դրա մեջ երևացած գիշերային այցելուն իսկ և իսկ ինքը՝ Հարունյանն էր, որի մասին նա միշտ մտածում էր, առավելապես այդ գիշեր։ Բայց լուսամուտներից փչում էր վաղորդյան մեղմ, զով, գրեթե ցուրտ քամին, որ ներս էր բերում յուր հետ ծառերի խորհրդավոր շշնջյունը։ Բարձրում երևում էր երկնքի պարզ կապույտը, որի վրա նոր էր սկսում խաղալ ցերեկի ավետաբերը— ծիրանի արշալույսը։

Զգալով յուր բոլոր անդամների մեջ սաստիկ թուլություն, իշխանուհին պառկեց նորից, վերմակը վրան քաշեց և այս անգամ քնեց արդեն բոլորովին խաղաղ։