Քնքուշ լարեր/Մի ուրիշ հյուր
Հետևյալ օրը շաբաթ էր և տոն։ Հարունյաններն սպասում էին իրենց թանկագին հյուրին, բայց նա ուշանում էր։ Տիկին Հարունյանն այդ օրը շատ ուրախ էր. նա անդադար դուրս ու տուն էր անում, համբերությունից դուրս էր գալիս, թե ինչո՛ւ յուր սիրելի ընկերուհին այնպես ուշանում է։ Ըստ երևույթին, պակաս ուրախ տրամադրության մեջ չէր և պարոն Հարունյանը։ Ամեն օր միշտ լուրջ և զգաստ լինելով, այդ օրը նրա դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, որ նրա ազնիվ դեմքին մի տեսակ փայլ և պայծառություն էր տալիս։ Չնայելով, որ նա առաջ էլ խաղում էր յուր սիրելի փոքրիկ Հայկանուշի հետ, բայց այդ օրը կրկնապատկել էր յուր խանղը դեպի նա։ Նա մինչև անգամ իրեն գազան կամ մի ուրիշ բան էր ձևացնում, որի վրա երեխան շատ ուրախանում էր ու կրկչում։ Պարոն Հարունյանն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու այդ օրն յուր սովորական դրությունից դուրս էր եկել. այս միայն նա գիտեր, որ մեկին սպասում էր։ Լա՜վ, ի՞նչ անենք որ... Մի՞թե առաջին անգամն է այդ, որ նա մեկին սպասում է... Ինչո՞ւ ուրիշներին սպասելիս նա միևնույն այդ ուրախ տրամադրության մեջ չէր լինում... կամ ո՞վ է նա, որին այսօր սպասում է. ի՞նչ պիտի բերե նա նրա համար, ի՞նչ մի լավ բան, ի՞նչ մի ուրախալի լուր, որից հենց առաջուց նրա սիրտը ցնծում է։— Նա մի նոր ծանոթ է, ուրիշ ոչինչ, և միայն հյուր պիտի գա նրանց մոտ։ Դեհ, շա՛տ բարի, ուրեմն էլ ի՞նչ կա այդտեղ այդպես ուրախանպլու, ցնծալու... Հյուր է գալու, թող գա և գնա, պրծանք, գնա՛ց։ Հարյուրավոր հյուրերի է սպասել նա, բայց երբեք նրա տրամադրությունն այդպես չի լարվել... Սակայն, ո՛չ— այդտեղ մի ուրիշ բան կա... մի անբացատրելի բան, մի մութ բան, որի մեջ, որպես երկու փայլուն աստղեր, վառվում, շողշողում են երկու կրակոտ աչքեր..․ որի մեջ, որպես գարնանային երկու միանման թարմ, կարմիր թագուհի վարդեր, սաստիկ վառվում են երկու սիրուն գեղաժպիտ այտեր... վերջապես, որի մեջ, որպես անտառի ուշագրավ հեզասաղարթ շշնջյուն, լսվում է մի հրապուրիչ, քաղցրիկ ձայն...
Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ՝ նույն օրվա լրագրի համարը ձեռքին։ Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա։ Նրա երևակայությունը հափշտակված էր...
— Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս,— հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից։
— Իշխանուհի՞ն,— մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վար թողնելով։ Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ։
— Այո։ Շուտով ժամի տասը կլրանա։
— Ժամի տա՞սը, մի՞թե... իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ,— ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով։
— Ո՞ւր։
— Մեկի մոտ կարևոր գործ ունիմ։ Զարմանալի է, Ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին։
— Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն։
— Ոչ մի կերպ, սիրելիս․.. Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով․.. Մի քանի խոսելու բան ունինք միայն։
Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց։
Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.
— Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է...
— Արմենա՛կը,— կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ։ Չանցավ մի քանի վայրկյան— մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը։ Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը։
— Նո՛ւնե, Նո՛ւնե.․.— կանչեց նորեկն անպատմելի և անգրի անցանելի ձայնով։
— Արմենա՜կ․․․— նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը։
Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է— այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության առաջին րոպեն է։ Ամենայն դեպքում այդ րոպեն սուրբ է, ամենանվիրականը մարդու կյանքի մեջ։ Այդ րոպեում, կրկնում ենք, ամեն բան մոռացվում է, և մարդ անմեղ մանկան է նմանում. թեկուզ ամենածանր վիշտ կրծելիս լինի նրա սիրտը, այդ րոպեին ոչինչ ցտվ չէ զգացվում. կարծես, այդ վիշտը չքանում է բոլորովին։ Նրա սիրտն ակամայից հուզվում է, ցնծում է, թրթռում է, նրա աչքերում ակամայից արցունքի կաթիլներ, երջանիկ արցունքի կաթիլներ են ցոլում— և առաջին բառը, որի արտասանության համար կա միայն մի բնական եղանակ, որը ոչ երաժշտական խազերով կարելի է արտահայտել և ոչ մեռած բառերով— լինում է յուր սրտակցի անունը։ Տիկին Հարունյանն էլ, որ սաստիկ սիրում էր յուր տագրին, այդ րոպեին բոլորովին մոռացել էր իշխանուհի Մելիքյանին, որին մինչև այդ րոպեն այնքան անհամբերությամբ սպասում էր։ Նրա սերն այնքան մեծ ու անկեղծ էր դեպի յուր տագրը, որ առանց քաշվելու նա ուղղակի փաթաթվել էր նրա վզովն, և, անդադար կրկնելով նրա անունը, սեղմում էր նրան յուր կրծքին։ Վերջապես նա ամուր համբուրեց նրա արևից այրված լայն ճակատը, որի վրայից ետ էր ընկել գլխարկն, և բաց թողեց նրան։
Արմենակը (մենք այսուհետև նորեկ երիտասարդին այսպես կկոչենք) իսկույն առավ նրա փոքրիկ, քնքուշ ձեռքերն և համբույրներով ծածկեց նրանց։
— Նո՛ւնե, ի՞նչպես ես,— կանչեց նա.— քանի՞ ժամանակ է չենք տեսել միմյանց, ամբողջ երկո՜ւ տարի... Եղբայրս ի՞նչպես է... փոքրիկ Հայկանուշն՝ ի՞նչպես. նա այժմ մեծացած կլինի...
— Ամենքս ողջ և առողջ ենք, Արմենա՛կ... դու ի՞նչպես ես... ի՞նչպես վերջացավ հարցաքննությունդ, ավարտեցի՞ր...
— Արդե՜ն, արդե՜ն, սիրելի Նունե... Արդեն թափեցի վրայիցս ուսանողական փոշին...
— Եվ այժմ համալսարանական ես և իրավաբա՜ն... Ա՜խ, ո՜րքան ուրախ եմ, Արմենակ... Ստեփաննոսն էլ ո՜րքան կուրախանա... Ա՜խ, երանի՜ փոքր-ինչ վաղ գայիր, նա գնաց դուրս... բայց ինչո՞ւ դու այդպես հանկարծ եկար և գալուդ մասին հեռագրով իմացում չտվիր, ինչպես այդ արել ես միշտ։
— Որովհետև ես կամեցա մեր տեսակցության այս քաղցր րոպեն ավելի քաղցրացնել և անցյալ տարվա ջիգրը հանել, որ այն ժամանակ չկարողացա գալ։ Եվ ահա երկու տարվա կարոտն ես այժմ եմ հանում... Ա՜խ, Նո՜ւնե, ո՛րքան գեղեցկացել ես այժմ, ո՛րքան քնքշացել ես,— վերջապես կանչեց նա հիացած, բռնած ունենալով նրա ձեռքերն և սիրով ու կարոտով նայելով նրա գեղաժպիտ աչքերի մեջ։
— Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում։
— Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին էր, մի րոպե հանգստություն չունեի․․․ Բայց այդ մասին հետո, հետո։ Առայժմ... ա՜խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա։
— Դայակի մոտ է... Ահա նա։
Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից՝ ներս մտավ սենյակը։
Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը։ Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է։
— Որքան մեծացել է, Նունե... ինձ չէ ճանաչում չարը։ Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում. ես ո՞վ եմ։
Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա։
— Արմենակը, Արմենակը, Հայկանուշ,— հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան։
— Ալմա՞կը,— թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին։
— Հա՛, չար, Ալմակը,— կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից։— Այդպես շուտ սովորիր անունս։ Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք. դեռ մի իրեղեններս ներս բերենք։ Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են։
— Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ։
— Ոչի՜նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի։ Այնքան շատ բան չունեմ․ գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ։
— Ո՞ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ։ Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես։
Ա՜խ, բոլորը միևնույն է ինձ համար։
Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց։ Նրան հետևեց և տիկին Հարունյանը։ Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում։ Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը։ Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն։
— Ա՜խ, ինչպե՜ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք,— կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը։
— Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ, իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր,— ավելացրեց նա շտապով,— Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու։
Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից։