Քնքուշ լարեր (Ուրախ օր)

Արմենակն, ինչպես արդեն ասացինք, պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր։ Մեծ եղբորից նա փոքր կլիներ ոչ ավելի, քան ութ տարով և շատ նման էր նրան. բայց նա չուներ յուր մեծ եղբոր երկար մորուքն և ավելի ազատ էր խոսակցության ու շարժումների մեջ։ Հակառակ յուր մեծ եղբոր՝ նա շատ դյուրագրգիռ և տաքարյուն բնավորություն ուներ, ինչպես որ լինում են ընդհանրապես բոլոր երիտասարդները, մանավանդ ուսանողները։ Երկու եղբայր միմյանց չափից դուրս սիրում էին և եղբայրական այդ անկեղծ սերը կարող էր շատ շատերին բարի օրինակ դառնալ։ Նշանավորն այն էր, որ այդ սերը նրանց մեջ մնացել էր դեռ վաղ մանկությունից և պահվել էր նրանց սրտում մի այնպիսի անարատությամբ, որպիսին եղբայրների մէջ առասպելական պետք է համարել... Մինչև այդ հասակը նրանց մեջ մի չնչին երկպառակության, մի չնչին տարաձայնության նշան չէր երևացել երբեք։ Ծնողների մահից հետո Ստեփաննոսն յուր հոգաբարձության ներքո էր վերցրել յուր կրտսեր եղբորը։ Ծնող հայրը չէր կարող այնպես հոգ տանել յուր հարազատ որդու դաստիարակության վրա, ինչպես այդ անում էր Ստեփաննոսը յուր կրտսեր եղբոր վերաբերությամբ։ Երբ Արմենակն ավարտեց գիմնազիոնը, Ստեփաննոսը, տեսնելով նրա մեջ սեր և ընդունակություն դեպի ուսումը, ուղարկեց նրան համալսարան՝ ուսումը շարունակելու իրավաբանական բաժնում։ Եվ այժմ, երբ մենք ծանոթանում ենք նրա հետ, ավարտել է ուսումը։

Ծառայի օգնությամբ նա լվացվեցավ. հետո հագուստը փոխեց և կես ժամից հետո՝ արդեն բոլորովին պատրաստ և հայելու առաջ կանգնած՝ սանրվում էր, երբ ներս վազեց տիկին Հարունյանը։

— Արմենա՛կ,— կանչեց նա,— վերջացրի՞ր, հագա՞ր... Եկ գնանք։ Ես քեզ կամենում եմ ծանոթացնել մեր այսօրվա թանկագին հյուրի հետ։

— Այդ ի՞նչ թանկագին հյուր է, Նունե։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյան, եթե ճանաչում կամ լսել ես։ Նա մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն— հանկարծ զարմացմամբ կանչեց Արմենակը, որ, ըստ երևույթին, բոլորովին չէր սպասում այդ բանը։ Նա դադարեց սանրելուց և զարմանքից չռած աչքերով նայում էր յուր հարսի ժպտող դեմքին։

— Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն, ասում ես...

— Ի՞նչ պատահեց քեզ, Արմենակ,— պակաս զարմացմամբ չհարցրեց յուր կողմից տիկին Հարունյանը։— Ինչո՞ւ այդպես զարմանում ես... Այո՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյան։ Չլինի՞ թե բան գիտես նրա մասին...

— Բայց նա ո՜վ, մենք ո՜վ, որ մեր տուն հյուր է եկել։

— Նա իմ նախկին գիմնազիոնական ամենասիրելի ընկերուհին է։ Մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում յուր իշխան ամուսնու հետ, որ սրանից հինգ տարի առաջ մեռել է թոքախտից, իսկ այժմ եկել է այստեղ յուր կալվածքներն աչքի անցնելու։ Երեկ գիշերը թատրոնում անսպասելի կերպով պատահեցի նրան ու խնդրեցի, որ այսօր մեր տուն շնորհ բերե, և նա այժմ եկել է։ Դու նրան ճանաչո՞ւմ ես, Արմենակ։

— Այո՛․․․ այնպես..․ Անունն այնտեղ շատ եմ լսել... նրան տեսել էլ եմ. բավական և, կարելի է ասել, անզուգական գեղեցկուհիներից մեկն է... Ամբողջ Պետերբուրգն, ինչպես ես էի լսում, հիացած էր նրա գեղեցկությամբ։

— Բայց ինչո՞ւ նրա անունը լսելուն պես դու այնպես զարմացար։

— Իհարկե կզարմանայի, ես բոլորովին չէի կարծում, որ նա այստեղ է կամ կարող է այստեղ լինել, մանավանդ, երբ դու ասացիր, որ նա քո նախկին ամենասիրելի ընկերուհին է և այժմ մեր տանն է։

— Այո՛, մեր տանն։ Դե՛հ, շուտով վերջացրու, և գնանք․ նա սպասում է։

Արմենակն արդեն վերջացրեց, հագուստն ուղղեց և առնելով յուր հարսի թևը, դուրս գնաց նրա հետ։

Իշխանուհի Մելիքյանը կանգնած էր սեղանի մոտ և ալբոմը ձեռքին թերթում էր, երբ տագր ու հարս ներս մտան հյուրասենյակը։ Նրանց մտնելուն պես իշխանուհին վայր դրեց ալբոմը և շուռ եկավ։

Տիկին Հարունյանն Արմենակին ներկայացրեց իշխանուհուն, որ, ըստ յուր սովորության, պենսնեի միջից նախ լավ զննեց յուր նոր ծանոթին։

— Կարծեմ, ես ձեզ տեսել եմ,— ասաց նա յուր մշտական սիրալիր ժպիտով և ավելի խոր նայելով Արմենակին։— Ձեր դեմքը ինձ ծանոթ է թվում։

— Շատ կարելի է, իշխանուհի,— պատասխանեց Արմենակը, փոքր-ինչ շփոթվելով նրա սուր, թափանցող հայացքի տակ,— որովհետև ես ևս ձեզ տեսնելու պատիվն եմ ունեցել։ Դուք ինձ տեսած կլինեք Պետերբուրգում Պետրովների հետ...

— Պետրովների՞... այսինքն դուք ուզում եք ասել Պետրովի հետ, գվարդիայի կապիտան Պետրովի հետ,— հարցրեց շտապով իշխանուհին, որի դեմքի վրայով, Պետրովներ անունը լսելուն պես՝ բարկության արտահայտության նման մի բան վազեց։

— Նրանք երկու եղբայր են, իշխանուհի. մեկը— գվարդիայի կապիտան, որին դուք եք շնորհ անում ասել, իսկ մյուսն— ուսանողը, որ համալսարանում իմ սրտակից և ամենալավ ընկերն էր և որ ինձ հետ միասին ավարտեց։

— Ուրեմն դուք այդ Պետրովների բարեկա՞մն եք։

— Միայն ուսանողինը․ իսկ գվարդիայի կապիտանի հետ նոր եմ ծանոթացել յուր եղբոր միջնորդությամբ և նրա հետ այնքան մոտ հարաբերություն չեմ ունեցել։

— Ա՜...— երկարացրեց իշխանուհին մի տեսակ խոր նայելով նրան։

— Ո՞վ է այդ գվարդիայի կապիտան Պետրովը,— հարցրեց տիկին Հարունյանը, որը ոչինչ չէր հասկանում նրանց խոսակցությունից։

Տիկին Հարունյանն յուր այդ հարցով դարձավ իշխանուհուն, բայց վերջինս կամ չլսեց, կամ եթե լսեց էլ, չպատասխանեց, որովհետև այդ ժամանակ նա մի տեսակ փոխվեց, թեպետև աննշան կերպով, և այդ փոփոխությանը նկատելի եղավ միայն Արմենակին, որ յուր կողմից դեռ մի քանի վայրկյան խոր զննեց նրան, և երևի հասկանալով կամ վաղուց հասկանում էր այդ փոփոխության պատճառը— շտապեց նրա տեղ պատասխանելու տիկին Հարունյանի հարցին։

— Գվարդիայի կապիտան Պետրովն, ինչպես արդեն կոչումը ցույց է տալիս, մի աստիճանավոր է, որ հայտնի է Պետերբուրգի բարձր շրջաններում յուր ազատ, բաց բնավորությամբ և բազմաթիվ սիրային արկածներով, որի համար և այնտեղ նրան Դոն֊Ժուան են կոչում... նրա եղբայրն, ուսանողը, որ, ինչպես ասացի...

Նա չվերջացրեց յուր ասելիքն և մի վայրկյան ականջ դնելով նախասենյակում խոսակցության ձայնին, լսեց յուր եղբոր ձայնը, որ, ինչպես երևում էր, ծառայի հետ էր խոսում։ Այդ ձայնը ճանաչելուն պես նա իսկույն ուրախությամբ վազեց դեպի դուռն, այնինչ դուռը բացվեցավ, և շեմքի վրա երևաց պարոն Հարունյանը։

— Եղբայր,— կանչեց Արմենակը փարելով նրա վզովն և համբուրելով նրան։

— Արմենա՛կ..․— կանչեց յուր կողմից պարոն Հարունյանը գրկելով նրան։— Ծառան այժմ ասաց, որ դու եկել ես, բայց ես չէի ուզում հավատալ․․․

— Ինչո՞ւ։

— Որովհետև գալուդ մասին իմացում չէիր տվել, և ես կարծում էի, որ տակավին ուշ կգաս։

— Դու իրավունք ունիս. Նունեն էլ միևնույնն է կարծելիս եղել։

Պարոն Հարունյանն առաջ եկավ։

— Ա՛խ, իշխանուհի,— ասաց նա հանկարծ տեսնելով նրան ձգված բազկաթոռի մեջ Նունեի մոտ, և շաապով մոտենալով նրան, սեղմեց նրա ձեռքը։— Դուք արդեն շնորհ եք բերել... Բայց ներեցեք ձեզ մի փոքր նկատողություն անելու, որ դուք ուշացաք, և ես կարծում էի, որ այսօր մենք կզրկվենք ձեր այցելության պատվից, ձեր քաղցր տեսությունից։

— Ներեցեք, որ ձեզ ակամայից սպասեցնել եմ տվել,— ասաց իշխանուհին, որին, ըստ երևույթին, պարոն Հարունյանի գալն ուրախություն էր պատճառել, նայելով նրա դեմքի արտահայտությանը, որ նրա ձայնը լսելուն պես փոխվել էր։— Այսօր հանկարծակի ինձ մի գործ պատահեց, այդ պատճառով ակամա ստիպված էի փոքր֊ինչ ուշանալ, բայց և այնպես, հիշելով երեկվա ձեզ տված խոսքս, ես շտապեցի։ Սակայն դեռ պետք է շնորհավորել ձեզ ձեր եղբոր գալուստը, պարոն Հարունյան,— ավելացրեց նա ժպտալով։— Դուք մի շնորհքով եղբայր էլ եք ունեցել։

— Շատ շնորհակալ եմ, իշխանո՛ւհի... Պետք է ասած, որ ես այսօր չափազանց ուրախ եմ, առաջինը՝ որ ձեր այցելության շնորհին ենք արժանանում և երկրորդ՝ որ երկու տարի շարունակ անջատումից հետո իմ եղբորս ողջ և առողջ եմ ընդունում, և, իհարկե յուր նպատակին հասած։— Վերջին խոսքերի հետ պարոն Հարունյանը շուռ եկավ դեպի Արմենակը։— Այնպես չէ՞, Արմենակ։

Արմենակը պատասխանի փոխարեն միայն երջանիկ կերպով ժպտաց յուր եղբոր աչքերին։

— Մենք ձեզ կարող ենք խանգարել,— ասաց վեր կենալով իշխանուհին։— Ավելի լավ կլինի, եթե մենք դուրս գնանք, իսկ դուք մենակ առեք միմյանցից ձեր կարոտը։ Գնանք դուրս փոքր-ինչ ազատ օդ շնչելու, Նունե։

— Ա՜խ, միևնույն է, իշխանուհի,— շտապեց պատասխանել պարոն Հարունյանը։— Մենք առանձին ոչինչ չունինք, իսկ դուք մեզ երբեք չեք կարող խանգարել։

— Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե մենք ձեզ մենակ թողնենք,— ասաց իշխանուհին ծիծաղելով և առնելով տիկին Հարունյանի թևը։— Գնանք, Նունե։

— Գնանք, իրավ որ մենք էլ խո շատ բան ունենք խոսելու միմյանց հետ, Սոֆիա... Ա՛խ, Սոֆիա, ի՜նչ լավ օր լուսացավ այսօր մեզ համար, ո՞վ կարող էր կարծել, որ այսքան ուրախությունները հանկարծ կարող են տեղալ մեր գլխին։

Եվ նրանք դուրս գնացին պատշգամբը, որ նայում էր քաղաքի մի մեծ և նշանավոր փողոցին։

Երկու եղբայրներ մնացին մենակ։ Սկսվեցան այն բոլոր հարցուփորձերը, որ սովորաբար լինում են երկու բարեկամների, առավելապես երկու ջերմ սիրով սիրող եղբայրների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության ժամանակ։ Դեռ երկար ժամանակ նրանք նստած խոսում էին, երբ, վերջապես, Արմենակը առավ յուր եղբոր ձեռքը և, խորին զգացմունքով սեղմելով, նրան ասաց.

— Սիրելի՛ եղբայր, ես այժմ, երբ հասել եմ նպատակիս, պետք է մատուցանեմ քեզ իմ խորին երախտագիտության զգացմունքն, իմ շնորհակալությունը։ Ես քեզ եմ եղել պարտական իմ երեխա Ժամանակս, քեզ եմ պարտական այժմ և քեզ պիտի պարտական լինիմ միշտ, այսուհետև մինչև իմ վերջին շունչս։ Դու եղել ես ինձ համար ավելի քան հայր, և այդ պատճառով ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես տակավին ոչ մի եղբայր չէ սիրել յուր եղբորը։

— Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում,— պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը։— Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ— և ահա այդ օրն այս օրն է։ Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել... իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ։

Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն։ Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը։ Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ շարժունությամբ, որ շատ սազում էր նրա գեղեցիկ, փառավոր տեսքին։ Նրա ճարտար լեզուն, ըստ երևույթին, շատ էր դուր գալիս պարոն Հարունյանին, որ մեծ մասամբ լուռ նստած՝ առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան։ Նույնպես հետաքրքրությամբ լսում էին նրան և տիկին Հարունյանն ու Արմենակը։ Իշխանուհին, այդ տեսնելով, ավելի ու ավելի ոգևորվում էր։ Պարոն Հարունյանը դարձյալ զգում էր յուր վրա նրա առանձին հայացքները, որոնք թափանցում էին մինչև նրա սրտի ամենախորին թելերն և ստիպում նրանց թրթռալ մի առանձին՝ մինչև այդ ժամանակ տակավին չզգացված քաղցրությամբ, որի ազդեցության ներքո, հանկարծ նրա միտքն խճճվում էր, և նա դադարում էր որոշակի մտածելուց։ Նա գրեթե ինքնամոռացության մեջ էր ընկնում, ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր զգում, միայն իշխանուհու ձայնը, որպես մի դյութիչ մեղեդի, հնչում էր նրա ականջներում և առավել ևս թմրեցնում նրա ուղեղը... Հանկարծ լռում էր այդ ձայնը, և նա լսում էր մի ուրիշ ձայն. նա ճանաչում էր այդ ձայնը— կնոջ ձայնը, որը մի ակնթարթում կայծակի նման շանթում էր նրա ուղեղն ու սիրտն, և հանկարծ նա սթափվում էր յուր ակամա թմրությունից։ Նա տեսնում էր, որ ոչ կինն էր նայում իրեն, ոչ՝ եղբայրը, միայն իշխանուհու գեղաժպիտ աչքերը գաղտագողի կերպով հետամուտ են լինում յուր դեմքին...