Քնքուշ լարեր/Վերջին և սոսկալի պատերազմ

Քնքուշ լարեր
Վերջին և սոսկալի պատերազմ

Հետևյալ օրը գրեթե կեսօր էր, երբ նա վեր կացավ։ Տակավին ոչ մի ժամանակ նա իրեն այնպես ուժասպառ ու տանջված չէր զգացել, որպես այդ օրը։ Գիշերվա արհավիրքը սաստիկ ազդել էր նրա ջղերի վրա։ Յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զարհուրելի գիշեր էր անցկացնրւմ և այն էլ բոլորովին անսպասելի կերպով։ Նա ինքն էլ զարմանում էր, թե ինչպես էր եղել, որ մտածությունը բոլորովին խլել էր նրա ուշքն ու միտքն, և երևակայությունը հափշտակել էր նրա բոլոր գոյությունն յուր մոգական աշխարհի մեջ։ Նա մի առ մի հիշում էր գիշերի երևույթները, որոնք սաստիկ ազդել էին նրա ուղեղի և սրտի վրա։ Այդ մերթ քաղցր, թովիչ, մերթ տխուր ու զարհուրելի երևույթները ներկայացնում էին նրա ողջ կյանքը սկսած մանկությունից մինչև նույն րոպեն։ Այդ երևույթներն անցնում էին նրա աչքերի առաջով, որպես խավարային պատկերներ՝ իրենց կարգով ու արագությամբ։ Նրանցից ամեն մեկն ստիպում էր նրան ապրել յուր մեջ և զգալ միևնույնն, ինչ որ յուր ժամանակին նա զգացել էր իրականապես։— Եվ այդ բոլորի պատճառն էր մի նոր, թարմ, բայց հուսահատ զգացմունք— սերը, որ կլանել էր նրա բոլոր գոյությունը։ Այդ զգացմունքը— սերը առավել բորբոքվել էր բնության գիշերային թովիչ սքանչելիությունից, որ շատ բնական է և, բարձրացնելով յուր անզուսպ կրքերը, պահանջում էր յուրը․ իսկ նրան մերժում էին։ Այդ մերժումը նա չէր կարողանում տանել, որովհետև յուր պահանջի մեջ էր գտնում նա յուր գոյության հենարանն ու յուր կերակուրը, որ պիտի տար նրան նոր ուժ անշեջ մնալու։ Այդ պահանջի մեջ էր տեսնում նա այն աստվածային երջանկություններից երջանկագույնը, որի նմանն յուր ողջ կյանքի մեջ տակավին չէր զգացել։ Եվ այդ պատճառով նրա անհույս սերը, կարծես, հենց դրա համար էր ստիպում նրան անցնել յուր աչքերի առաջով յուր անցյալ կյանքի պատկերը, որպեսզի այդ կյանքի մեջ համեմատություն դներ և տեսներ, զգար, որ, այո՛, այն ժամանակ նա երբե՛ք սիրելիս չէ եղել՝ այդ բառի բուն նշանակությամբ, որ այն ժամանակ նրա կյանքն անցնելիս է եղել դատարկ, միայն ամենաչնչին կրքերով։

Նա այլևս ոչինչ չուզեց հիշել․ նրա գլուխը բորբոքվում էր։ Շալն անփույթ կերպով գցելով մերկ ուսերի վրա, նա մոտեցավ բաց լուսամուտին։ Մեղմ, սառը հովը դրսից շոյեց նրա դեմքն, և նա, ազատ, լի կրծքով շունչ առավ։ Պարտիզում, ծառերի տակ, աշխատում էր ծեր պարտիզպանը։ Ծերերին հատուկ ուրախ և բարակ ձայնով նա քթի տակ երգում էր, երևի, յուր անցյալ և ներկա հանգիստ, խաղաղ կյանքը։ Ծառերի վրա ճլվլում էին թռչունները․ երջանիկ էին թռչունները, երջանիկ էր և ծերոնին, բայց երջանիկ չէր նա, որ յուր և ամենքի կարծիքով ուներ երջանկություն ձեոք բերելու բոլոր առանձնահատկությունները։ Առհասարակ այդպես է․ մարդս, բոլոր հույսը դնելով յուր մի որևէ առանձնահատկության վրա, կարծում է, մինչև անգամ հավատում, որ անպատճառ կհասնի յուր ցանկալի նպատակին․ բայց պատահում է, և շատ անգամ, որ այդ նրան չէ հաջողվում զանազան արտաքին, նրանից կախում չունեցող հանգամանքներից, որոնց մասին նա առաջ բնավ չէր մտածել կամ առ ոչինչ էր համարել— այդտեղից երևում է ահա մարդուս անխոհեմությունն ու անհեռատեսությունը։ Մարդս իրավունք չունի անպայման հավատալու յուր ուժերին՝ այն պարզ հիման վրա, որ մինչև անգամ ամենամոտիկ ապագան տակավին վարագուրված է նրա աչքերից, և ամեն բան աշխարհիս մեջ փոփոխության անխուսափելի օրենքին է մատնված, հետևապես՝ ապագան կարող է ավելի մեծ ուժեր ծնել, քան նա ունի այժմ, և այսօրվա հաղթելի համարածը վաղը հաղթող հանդիսանալ։ Անպայման հավատը երկու աչքով կուրություն է, և շատ անգամ նրա հետևանքները վատ են լինում։ Եվ այժմ իշխանուհին ո՛րքան սխալված էր համարում իրեն, որ անպայման կերպով հավատում էր յուր գեղեցկությանը․․․

Դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամուտի մոտ՝ նա նայում էր ծեր պարտիզպանին, որ առանց նրան տեսնելու՝ շարունակում էր յուր գործն երգելով։ Այդ ժամանակ հանկարծ մի րոպե թվաց, որ յուր բոլոր հարստությամբ, յուր տակավին երիտաաարդ հասակով և մինչև անգամ յուր հրաշալի գեղեցկությամբ նախանձում է այդ անվիշտ ծերունուն, որին մինչև այդ հասակն, ինչպես երևում էր, տակավին ծանոթ չէին հոգեկան բոլոր խոր հուզմունքները, որի սրտի մեջ տակավին չէր կաթել դառնության և ոչ մի կաթիլ և որի ուղեղը դատապարտված չէր սոսկալի մտատանջությունների։ Այդ միևնույն րոպեին նա զգաց յուր կյանքի բոլոր դատարկությունը— և այդ առաջին անգամն էր։ Նա սարսափով նայեց այդ դատարկության մեջ և այնտեղ աչքի ընկնող ոչինչ, ոչինչ չգտավ։ Ինչո՞ւ համար է նա ապրել մինչև այժմ և ինչո՞ւ է ապրում։ Ի՞նչ մի նշանավոր գործ է կատարել մարդկության օգտին, յուր շրջապատողների օգտին։ Ահա ծերունին աշխատում է, քրտինք է թափում, աճեցնում է բուսականությունը, իսկ ի՞նքը․․. Ի՞նչ է եղել յուր կյանքի նպատակը, բարի նպատակը․․. Եվ գուցե հազարավոր այդպիսի հարցեր կուտակվեին նրա գլխում, եթե այդ գիտակցությունը մի րոպե չտևեր, բայց մի րոպեն այնքա՛ն արագ է անցնում, և այդ գիտակցությունն այնքա՛ն աղոտ էր, այնքա՛ն մութ, որ նրա գլխում այլևս ոչինչ չմնաց, ինչպես կայծակը, որ հայտնվելուն պես դարձյալ իսկույն չքանում է անհետք։ Եվ այդ րոպեն չէր կարող երկար տևել, իսկ գիտակցությունը խոր տպավորություն թողնել նրա ուղեղի վրա, որովհետև այդ ժամանակ նրա աչքերի առաջով դարձյալ անցավ Հարունյանի պատկերն՝ յուր սոսկալի սառնասրտությամբ, յուր համառ հաստատակամությամբ և, կարծես, հեգնաբար ասելով նրան․ «Հաղթվի՛ր, հաղթվի՛ր․․․ Ողորմելի՛, ո՞ւր է քո այն ուժը, որով դու այնպես պարծենում էիր, որ դու այնքան հաղթություններ էիր անում․․․ բայց ի՛նչ հաղթություններ։ Քեզ ավելի անձնատուր են եղել, քան դու հաղթել ես։ Անձնատուր են լինում նրանք, որոնք իրենց մեջ ոչինչ ուժ չեն ճանաչում, հաղթում են նրանք, որոնց ուժը գերակշռում է հակառակորդի ուժերից։ Հաղթությունն առաջին դեպքում— մուկն է կատվի առաջ, հաղթությունն երկրորդ դեպքում— առյուծն է առյուծի առաջ։ Կատուն հաղթում է մկանը առանց մի որևիցե պատերազմի, մի առյուծ հաղթում է մյուսին երկարատև և սոսկալի պատերազմից հետո։ Կատվի հաղթությունը ոչինչ է, ամենասովորական բան, առյուծի հաղթությունը— մեծ է․ այդ ցույց է տալիս նրա ուժի գերակշռությունը մյուս առյուծի ուժից։— Ուրեմն, ողորմելի՛, դու մինչև այժմ կատու ես եղել, որովհետև գործ ես ունեցել միշտ մկների հետ. բայց ի՞նչպես ես կամենում պատերազմել դու ինձ— առյուծիս հետ, դու— որ առյուծ չես...»։

«Օ՜, ես այժմ առյո՜ւծ եմ, առյո՜ւծ,— հանկարծ աղաղակեց նա կատաղի ձայնով, որ կարծես իսկապես առյուծ լիներ, և արագությամբ մոտեցավ հայելուն։— Այո՛, առյո՜ւծ այժմ և կամենում եմ պատերազմել իբրև առյուծ, պատերազմել և հաղթե՜լ, հաղթել անպատճառ և ընկած պատիվս նորից կանգնեցնել... Օ՜, պատի՜վս... պատի՜վս․․․»։

Շալն ընկել էր նրա ուսերից, հարուստ մազերը բոլորովին արձակ և անկարգ կերպով թափվել էին նրա մերկ ուսերի վրա, և նա կանգնած էր հայելու առաջ, որպես մի վրիԺառու Մեդեա՝ պահպանողական խրոխտ դիրք բռնած, արյունով լցված աչքերով և մերկ, սարսափելի ալեկոծվող կրծքով։ Յուր գեղեցիկ սպիտակ ատամները նա սեղմել էր միմյանց, իսկ ձեռքերով, կարծես, կամենում էր մեկին պատառ֊պատառ անել։

Սակայն շուտով անցավ նրա այդ անզուսպ կատաղությունը։ Նրա ձեռքերը թուլացան, իսկ գլուխը խոնարհվեցավ փոքր առ փոքր հանդարտվող կրծքի վրա։ Անզուսպ կատաղությունը տարավ նրա բոլոր ուժերը, որպես փոթորիկը քշում է յուր հետ ճանապարհի վրա եղած֊չեղածը։ «Ողորմելի՛ արարած», շշնջաց նա և ուժից բոլորովին ընկած, նույն դրությամբ, բայց օրորվելով, մոտեցավ փափուկ բազկաթոռին և ծանր կերպով ընկավ նրա մեջ։ Նրա գեղեցիկ աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին և իսկույն, որպես փայլուն գոհարներ, գլորվեցան նրա այտերի վրայով։ Նա դեմքը ծածկեց կռների մեջ և մնաց այնպես։

Երբ նա գլուխը բարձրացրեց, նրա դեմքի վրա այլևս կատաղության ոչ մի հետք չկար, նա ստացել էր զարմանալի խոնարհ արտահայտություն, ինչպես սոսկալի փոթորիկին հաջորդող հանդարտ օրը։ Թաց աչքերի մեջ նկատվում էր զարմանալի հեզություն։ Բնությունը արտահայտել Էր յուր գործը— մոռանալով ամեն բան՝ և՛ հպարտություն, և՛ վրեժ, նա անձնատուր էր եղել սիրույն, որ դարձյալ յուր ծանր ձեռքն անողոքաբար դրել էր նրա սրտի վրա և նրան ճմլում, ցավեցնում էր յուր ծանրության ներքո։

Նա նայեց յուր վրա և, տեսնելով, որ տակավին հագնված չէ, ձեռքը մեկնեց դեպի մոտը գտնված փոքրիկ սեղանի վրա դրված հնչակն և հնչեցրեց նրան։

Մի րոպեից հետո ներս մտավ աղախինը։

— Մա՛րիա,— դարձավ նրան իշխանուհին,— օգնի՛ր ինձ հագնվելու։

Աղախինը կատարեց նրա հրամանը։ Նա հագնվեցավ։

— Այժմ գնանք դուրս,— ասաց նա հագնվելուց հետո,— օգնիր ինձ լվացվելու և հետո գլուխս սանրիր։

Նրանք դուրս գնացին։ Իշխանուհին լվացվեցավ։ Հետո գնացին մի ուրիշ սենյակ, որ իշխանուհին նշանակել էր յուր զուգվելու համար։ Նա նստեց հայելու առաջ։ Աղախինն օծեց նրա գեղեցիկ մազերն անուշահոտ յուղով ու սկսեց սանրել։

Իշխանուհին խորին դառնությամբ նայում էր հայելու մեջ յուր մազերին, յուր դեմքին, յուր պարանոցին։ Մի՞թե նա այնքան գեղեցիկ չէ, որ մի Հարունյան նրա վրա ուշքը չկորցնի։ Նա չհավատաց յուր աչքերին։

— Մա՛րիա,— հանկարծ ասաց նա նայելով աղախնուն հայելու միջից,— ես գեղեցիկ չե՞մ։

— Օ՛հ, դուք շատ գեղեցիկ եք, տիրուհի,— ասաց աղախինը ժպտալով։— Ձեզ նման գեղեցկուհի ոչ Պետերբուրգումն եմ տեսել և ոչ այստեղ։

Ո՛չ, աղախինը շողոքորթում է նրան։ Նա սուտ է ասում։

— Ուղի՛ղն ասա, Մարիա,— ասաց նա խստորեն։— Ես չե՞մ տեսնում, որ տգեղ եմ․․․

Աղախինը զարմանքից չռեց աչքերն ու դադարեց սանրելուց։

— Դուք տգե՜ղ...— կանչեց նա։— Դուք ինձ փորձո՞ւմ եք, տիրուհի... Ես մարդ սպանելն այնքան մեղք չեմ համարիլ, որքան ձեզ տգեղ համարելը։

— Քեզ ասում են՝ ուղի՛ղն ասա։

— Երդվում եմ, տիրուհի, որ դուք չափազանց գեղեցիկ եք... դուք ամենագեղեցիկն եք բոլոր կանանց մեջ...

— Վերջին անգամն եմ ասում, ուղիղն ասա, ապա թե ոչ իսկույն քեզ կվռնդեմ։

Աղախնի աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։

— Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դուք ինձ հավատալ չեք կամենում,— ասաց նա դողդոջուն ձայնով։

Իշխանուհին հայելու միջից տեսավ նրա արտասուքն ու լռեց։ Աղախինը շարունակեց սանրել։

— Բավական է,— ասաց վերջապես իշխանուհին։— Այժմ ժապավենով մազերս թույլ կապիր և դուրս գնա, ինձ համար թեյ պատրաստիր։

Աղախինն հանգստացավ, կատարեց նրա այդ հրամանն էլ և դուրս գնաց։

Իշխանուհին ետ ընկավ աթոռի մեջքի վրա, ձեռքերը ծալեց կրծքի վրա և դարձյալ սկսեց յուր գեղեցկության վրա քննական աչքով նայել։ Ո՛չ յուր աչքերն են խաբում իրեն և ո՜չ աղախինն էր ստում— նա գեղեցիկ էր, նա գեղեցկուհիների թագուհի կարող է կոչվել, նա Աստղիկ էր։ Մի քանի րոպե դեռ նա ակամայից ինքն էլ հրճվում էր յուր գեղեցկությամբ, ինչպես մի երեխա յուր նոր զգեստի վրա։ Հանկարծ ինչ-որ շանթի նման ցցվեցավ նրա ուղեղի և սրտի մեջ, և նա, որպես մի կատաղի գազան, իսկույն վեր թռավ տեղից այնպես, որ աթոռը, որի վրա նստած էր, մի քանի քայլ ետ գլորվեցավ։

Եվ այսպիսի մի գեղեցկություն արհամարհո՞ւմ է մի պարոն Հարունյան։ Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան,— կանչեց նա այս անգամ արդեն կատաղությունից իրեն բոլորովին կորցնելով։— Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան, սոսկալի կերպով կպատժեմ․․․ Արհամարհել ի՞մ գեղեցկությունը․․․ օօօ՜, ես ամեն բան թույլ կտամ, բայց այդ— երբեք, աստված է վկա— երբե՛ք․․․ Ես տակավին մեռած չեմ․․․ ես կրում եմ իմ անունս, իմ պատիվս․․․ Օ՜, դու կարծում ես, որ ես մի րոպե, մի վայրկյան անգամ կարո՞ղ եմ հանգստանալ, մինչև չտեսնեմ քեզ ոտներիս տակ ընկած և հանդիսավոր կերպով ոտնակոխ չանեմ քեզ— քո բոլոր պաշտած սկզբունքներդ, որոնց դու պինդ կպել ես... ես քեզ կստիպեմ, կստիպեմ... ես քեզ խելագարության կհասցնեմ, ես ուղեղիդ, սրտիդ մեջ կխփեմ այն մոգական թույնը, որից ոչ մի մարդ տակավին ազատված չէ․․․ Ես քեզ հավիտյան կկորցնեմ... Օ՜, ես այդ կանեմ, կանեմ, թեկուզ ինքը՝ դժոխքն իմ առաջս կանգնի...

Եվ որպես կատաղած գազան վանդակի մեջ՝ նա, ատամները կրճտացնելով, այս ու այն կողմ էր վազում սենյակի մեջ։ Այդ վերջին և ամենասոսկալի պատերազմն էր, որ կատարվում էր նրա մեջ։ Վրեժխնդրության արյունը հասել էր կոկորդին, և յուր անելիքը նա արդեն հաստատապես վճռել էր։

Այդ միջոցին մտել էր աղախինն և՝ զարմացած ու վախեցած, կանգնած դռների մոտ՝ նայում էր, թե ի՛նչպես յուր տիրուհին, առանց նրան տեսնելու, սենյակում, կատաղած այս ու այն կողմն էր վազում։ Նա ուզում էր խոսել։ Բայց չէր համարձակվում բերան բանալու։ Վերջապես, տեսնելով, որ նրա կատաղությունը չէր հանդարտվում, և նա շարունակում է այս ու այն կողմը վազել, նա սիրտ առավ և ասաց․

— Տի՛րուհի, ո՞րտեղ կհրամայեք թեյ շնորհել։

Իշխանուհու կատաղությունն այնքան սաստիկ էր, որ նա ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում։ Աղախինն այս անգամ մի քայլ առաջ գնաց և կրկնեց յուր հարցը, բայց առաջվանից փոքր-ինչ բարձր։ Իշխանուհին տեսավ նրան և կանգնեց նրա առաջ։

— Ի՞նչ ես ուզում,— կանչեց նա՝ հառելով նրա վրա յուր աչքերը։ Նրա կոպերն ու շրթունքները սաստիկ դողում էին։

Աղախինն երեքկնեց յուր հարցը՝ դողալով նրա կատաղի, արյունով լցված աչքերից։

— Պարտիզում... ո՛չ, պատշգամբում, և դո՛ւրս կորիր։

Աղախինը՝ բոլորովին զարմացած, ապշած՝ իսկույն դուրս գնաց։ Յուր տիրուհուն այդ դրության մեջ նա առաջին անգամն էր տեսնում։

Իշխանուհին մոտեցավ հայելուն։ «Օ՜, գեղեցկությո՜ւն — կնոջ միակ զե՜նք,— կանչեց նա նրա մեջ նայելով,— ժողովի՛ր բոլոր ուժդ, բոլոր մոգական դյութություններդ․ իմ պատերազմս սոսկալի՜ է լինելու։ Ես կամենում եմ հաղթե՜լ, անպատճառ հաղթե՜լ... Եվ այնուհետև բոլոր աշխարհը, բոլոր մարդկությունը ոտիս տակն է»... Եվ որպես հպարտ թագուհի, սեգ քայլերով նա դուրս գնաց պատշգամբն և նստեց նախապատրաստած աթոռի վրա՝ փոքրիկ սեղանի առաջ։ Աղախինն իսկույն արծաթյա մատուցարանի վրա մոտ բերեց թեյ ու պաքսիմատ և, դնելով սեղանի վրա, հեռացավ։

Իշխանուհին սկսեց մտածել, թե ի՛նչպիսի իրագործում տա յուր վճռին։ Այնպես պետք է բանը բերել, որ մի անգամ Հարունյանը բոլորովին մենակ գա յուր մոտ, յուր տուն, և ինքը յուր միակ զենքով— գեղեցկությամբ հանե նրան խելքից— ահա նրա վերջին հուսահատական վճիռը։ Բայց ի՞նչպես։ Հրավիրե՞ միայն նրան։ Բայց նա մինչև անգամ կնոջ հետ չէ կամենում նրան այցելել, ո՞ւր մնաց բոլորովին մենակ. բացի դրանից մի՞թե այդ առանձին հրավերի նպատակը նրան պարզ չի լինիլ. իսկ նա հենց այդպիսի բաներից է, որ երկյուղ է կրում։ Հետո, կինն ի՞նչ կարող է մտածել այդ մասին... Ո՛չ, առանձին հրավիրել նրան անկարելի է և անիրագործելի։ Ուրիշ հնար է պետք։ Հարունյանն այնպես պետք է գնա նրա մոտ, նրա տուն, որ նա այդ ինքն էլ չիմանա— միակ բանը, որով հասած կլինի յուր նպատակին։ Այո՜, Հարունյանը բոլորովին չպիտի կասկածի, թե ինչու ինքը մենակ, առանց կնոջ ընկերակցության, գնում է իշխանուհու տուն։ Բայց այդ ի՞նչպես անե— ահա որտեղ է կայանում խնդրի դժվար լուծումը: Խո կարող չէ՞ նրան կախարդել։ Ուրիշ ի՞նչ հնար կա...

Իշխանուհին ընկավ խոր մտածության մեջ։ Նա մոռացել էր, որ առջևը թեյ կար դրած և սառչում էր. մոռացել էր և ամեն բան։

Հանկարծ մի ակնթարթում նրա դեմքը փոխվեցավ և, աչքերը հառած մի կետի, կամաց-կամաց անզգայաբար բարձրացավ տեղից, մի րոպե մնաց այդպես անշարժ և հանկարծ աղաղակեց.

— Գտա՜, գտա՜...

«է՛վրիկա, է՛վրիկա», միևնույն կերպով աղաղակեց և Արքիմեդն յուր նշանավոր գյուտի րոպեին։

Այդ միջոցին անզգայաբար նա ձեռքով այնպես խփել էր թեթև սեղանին, որ դա՝ օրորվելով՝ գետին էր ընկել, թափելով յուր հետ պաքսիմատն ու թեյի բաժակը, զարկվելով հատակին, փշուր֊փշուր էր եղել։ Այդ ձայնից աղախինը վազեց տեսնելու, թե ինչ է պատահել։ Իշխանուհին՝ ուրախությունից իրեն բոլորովին կորցրած՝ յուր կողմից վազեց դեպի նա և, որպես տենդի մեջ, ամուր գրկելով նրան ու բարձր նետելով, կրկնեց յուր աղաղակը․

— Գտա՜, գտա՜․․․

Աղախինը սաստիկ վախեցավ։ Նա կարծեց, թե յուր տիրուհին խելագարվել է, մանավանդ, որ այդ օրը նրան բավական օտարոտի դրության մեջ էր տեսել։ Նա աշխատեց դուրս պրծնել նրա ձեռքերից, որոնք, որպես սղմիչ, սեղմում էին նրան իրենց մեջ․ բայց նրան չհաջողվեցավ այդ։

— Տիրուհի՛, տիրուհի՛...— կանչեց նա առավել ևս վախեցած։

Հանկարծ իշխանուհին զգաց յուր արարքն և բաց թողեց նրան։ Նրա խելքը գլուխն եկավ։

— Մի՛ փախիր, Մարիա,— ասաց նա շնչասպառ և ալեկոծվող կրծքով։— Մի՛ վախիր․ ես չեմ խելագարվել...

Բավական յուր գյուտից՝ և ուրախությունից չգիտենալով թե ի՛նչ անե՝ նա սկսեց արագ քայլել պատշգամբում։ Ինչ֊որ կախարդիչ ժպիտ պսակում էր նրա շառագունած դեմքը, քթի ծակերը՝ սաստիկ շնչառությունից, նկատելի կերպով լայնանում էին։ Աղախինն ապշած նայում էր նրան։

Իշխանուհին հանկարծ կանգնեց՝ տեսնելով հատակի վրա թափված սեղանը, պաքսիմատներն և թեյի կոտրատված բաժակը։

— Այս ո՞վ է արել,— հարցրեց նա՝ կիտելով հոնքերը, որ շատ սազում էր նրա դեմքին։

— Այդ դուք եք արել, տիրուհի,— պատասխանեց փոքր-ինչ հանդարտված աղախինը։

— Ե՜ս․․.— կանչեց զարմացած իշխանուհին՝ ձեռքերը միմյանց խփելով և բարձրաձայն քրքջաց։— Մի՞թե այդ ես եմ արել․․․ բոլորը հավաքիր և ինձ համար նոր թեյ, նոր պաքսիմատ բեր։ Այս ես ինքս էլ չեմ իմացել, թե ինչպես է կատարվել։

Աղախինը չգիտեր՝ ծիծաղի, թե զարմանա յուր տիրուհու այդ արտասովոր վարմունքի վրա։ Նա սկսեց մի առ մի կատարել նրա նոր հրամանները։ Սրբեց սեղանն ու աթոռը, տեղափոխեց նրանց, նրա համար նոր թեյ և պաքսիմատ բերեց, որից հետո ավելեց հատակն և հեռացավ։

Այնինչ իշխանուհին՝ հաղթության հուսո ժպիտը դեմքին՝ նորից արդեն ձգվել էր աթոռի վրա և հանգիստ սկսել էր վայելել թեյն ու պաքսիմատը։

«Պարոն Հարունյա՛ն, այժմ դու արդեն ընդմիշտ իմ ձեռքին ես,— խոսում էր նա այդ ժամանակ կիսաձայն։— Երբ ես քեզ կձգեմ այն նեղ տեղը, որտեղից տակավին ոչ մի մարդ չէ ազատվել, այն ժամանակ այլևս ոչինչ հասաստակամություն, ոչինչ խիստ հավատարմության ուխտ քեզ օգնել չէ կարող... Ես շատ լավ եմ ճաաչում տղամարդիկներին։ Այո, թեպետ դու փոքրիշատե ապացուցանսւմ ես, որ մի բանով բարձր ես նրանցից, բայց և, իհարկե, դու երկաթ չես. դու ևս նույն ողորմելի արյունից ու մսից ես խմորված, ինչպես և մյուսները։ Բայց ափսո՜ս, որ իմ վճիռը ես չեմ կարող իրագործում տալ այստեղ, այլ պիտի սպասեմ, որ ամառն անցնե, և մենք վերադառնանք քաղաք.․․ Գրեթե ամբողջ երկու ամիս կա տակավին։ Այդ աելի վատ թե՛ քեզ համար և թե՛ ինձ համար․․․ Բայց և այնպես, այդ ժամանակամիջոցը շատ է ինձ համար, որ ես այստեղ բոլոր ուժերդ հանեմ քո միջից և նախապատրաստեմ քեզ վերջին րոպեի համար... Այդ ժամանակ արդեն բոլորովին ուժասպառ դու ինքդ կընկնես իմ ոտներիս տակ․․․ և ես՝ արդեն ցանկալի հաղթանակը տարած՝ ոտնակոխ կանեմ քեզ... Օ՜, երջանիկ րոպե․.. Այստեղից դու այլևս ինձանից ոչ մի տեղ չես կարող փախչել»․..

Նա հիշեց այն սառն վարմունքն ու հնարովի գլխացավը, որոնցով նա միշտ հանդիպում էր Հարունյաններին, և տեսավ, որ այդպես չպետք էր վարվեր և չպետք է վարվի այնուհետև, եթե անպատճառ կամենում է յուր նպատակին հասնել։

«Եղածը եղել է,— հույս տվեց նա ինքն իրեն,— այս երեկո ամենը կուղղվի․․․ գլխացավս անցավ․ ամառանոցի սառն օդը բժշկեց ինձ, հա՜, հա՜, հա՜․..

Եվ նա մտքումը դրեց երեկոյան անպատճառ գնալ անտառն, ուր հույս ուներ հանդիպելու Հարունյաններին։

Աղախինը թեյի երկրորդ բաժակն էր մոտ բերել արդեն, երբ հանկարծ պարտեզի դուռը բացվեցավ, և գրեթե ներս ընկավ Պետրովը։ Իշխանուհին, որ նրան բոլորովին մոռացել էր, նրան յուր դաստակերտում տեսնելով՝ մնաց զարմացած։ «Այս մարդն ինձ այստեղ էլ է գտել», ասաց նա յուր մտքում։ Եվ այն է, հենց կամենում էր պատրաստվել նրան բարկությամբ ընդունելու, երբ հանկարծ նրա գլխում մի ուրախալի միտք ծագեց՝ հօգուտ յուր մտադրության։— Ի՞նչ կլինի, եթե այսուհետև սկսե երես տալ Պետրովին Հարունյանի մոտ եղած ժամանակ և մի քանի ցույցեր անե, իբրև թե սիրում ու հաշտ աչքով է նայում այդ աստիճանավորի վրա։ Որքան էլ այդ Հարունյանի համար նշանակություն չունենա, բայց, այնուամենայնիվ, դա կարող է նրա մեջ խանդոտություն զարթեցնել, առավել ևս, որ, ինչպես իշխանուհին մի քանի անգամ նկատել էր, նա լավ աչքով չէր նայում Պետրովի վրա։ Իսկ Հարունյանի այդ խանդոտությունը փոքրիշատե հաջող ելք կարող էր տալ նրա մտադրության իրագործելուն։ Եվ այդ միտքն այնքան գեղեցիկ ու հարմար թվաց նրան, որ մինչև անգամ կանչեց ուրախությամբ.

— Ա՜, պարոն Պետրով..․ Ահա՛ չէի սպասում ձեզ։

— Օ՜, դուք չէիք կարող ինձ չսպասել,— կանչեց յուր կողմից Պետրովը՝ սանդուղքով արագությամբ բարձրանալով և մոտենալով նրան,— գիտեք, որ իմ ճանապարհս ձեր ոտների հետքերն են, որոնց վրայով միայն ես մինչև վերջին շունչս պետք է գնամ․․․

Իշխանուհին ուրախ կերպով քրքջաց։ Պետրովը բռնեց նրա ձեռքն և սկսեց յուր համբույրների կարկուտը թափել նրա վրա։

— Բավական է, բավական,— կանչեց իշխանուհին՝ առավել ևս քրքջալով։— Դուք իմ ձեռքիս կաշին կպլոկեք ձեր սարսափելի համբույրներով․․․

— Օ՜, ես այսքան օրվա կարոտս պիտի հանեմ․․․

Եվ Պետրովը նորից ու նորից համբույրներ էր թափում նրա ձեռքի վրա։ Վերջապես իշխանուհուն այդ զզվելի թվաց և զոռով ետ քաշեց ձեռքը։

— Դուք անտանելի եք,— ասաց նա։— Ավելի լավ է՝ նստեցեք և խոսենք։ Մա՛րիա, աթոռ։

— Ուրի՞շ ինչպես է ձեր թանկագին առողջությունն, իշխանուհի,— ասաց Պետրովը՝ նոր նստելով նրա դիմաց՝ աղախնի բերած աթոռի վրա։

— Լավ է։ Բայց ես զարմանում եմ, թե ի՛նչպես դուք գտել եք իմ դաստակերտը։

— Օ՜, ո՞ւմը հարցնեի այստեղ, որ ցույց չտային․ չէ՞ որ դուք այստեղ եզակի եք, ինչպես և ամբողջ աշխարհիս մեջ...

— Ավելի լավ է՝ թողնենք հաճոյախոսություններն և, եթե կամենում եք, թեյ անուշ արեք։

— Այսինքն՝ սուրճ, դուք կամենում եք ասել։

— Ոչ թեյ․ նայեցեք,— սուրճ չէ։

— Ուրեմն սուրճի տեղ դուք թե՞յ եք անուշ անում։

— Այո և ոչ։

— Ի՞նչպես հասկանամ ես ձեզ։

— Որովհետև այժմ ինձ համար առավոտ է, չնայելով որ իսկապես կեսօրից էլ անց է։

— Դա ի՞նչպես հասկանամ։

— Դա ավելորդ է հասկանալ... թեյ կամենո՞ւմ եք ինձ հետ միասին խմել։

— Օ՜, ձեզ հետ միասին՝ այո՛, դա պատիվ, փառք, երջանկություն է ինձ համար, իշխանուհի։

Տիրուհու հրամանով աղախինը Պետրովին էլ թեյ մոտ բերեց։

— Հարունյաններն է՞լ են այստեղ,— հանկարծ հարցրեց Պետրովը։— Երեկ ամառանոց գալիս՝ պ. Արմենակին տեսա։

— Այո, այստեղ են,— պատասխանեց իշխանուհին՝ խոր նայելով նրան, կարծես իմանալու համար, թե ինչո՞ւ հանկարծ նա առաջարկեց այդ հարցը։ Բայց նա կամեցավ իմանալ, թե ինչպիսի կարծիք ունե նա Հարունյանի մասին և այդ պատճառով ավելացրեց.

— Ի դեպ, պարոն Պետրով. ի՞նչպիսի մարդ եք գտնում դուք Արմենակի եղբորը— պարոն Հարունյանին։

— Նա ձեր բարեկա՞մն է, իշխանուհի,— հարցրեց Պետրովը, կարծես թե չկամենալով ուղղակի և միանգամից ասել այն, ինչ որ պետք է ասեր։

— Այսինքն՝ ի՞նչպես թե բարեկամը. նա միայն իմ վաղեմի ընկերուհուս ամուսինն է... Ես նրա համար եմ հարցնում ձեր կարծիքը նրա մասին, որովհետև ես նրան բավական..․ օտարոտի մարդ եմ գտնում։

— Նա ոչ թե օտարոտի է, իշխանուհի, այլ, ուղղակի ձեզ ասեմ, հիմար, և բավական չէ, որ նա հիմար է, այլև վերին աստիճանի տգետ ու անտաշ։ Ես այդ շատ բանի մեջ նրան նկատել եմ․ նրա հետ վիճաբանել եմ․ օրինակ, կնոջ մասին ընդհանրապես նա մի այնպիսի կարծիք է հայտնում, որ վայրենի մարդն անգամ չի հայտնիղ...

— Բայց ի՞նչ կարծիք է հայտնում նա կնոջ մասին,— շուտով և հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին։

— Նա ասում է, որ տղամարդը կնոջը չպետք է պաշտի, երկրպագի, նրա ստրուկը չպետք է դառնա, այլ պետք է աշխատի նրան երես չտալ և չնստեցնել գլխին, որովհետև, ասում է, այդ բոլորից մեծ վնասներ են առաջանում, հա՜, հա՜, հա՜... Իհարկե, նա այդպես չէր ասում, բայց նրա ասածներից ամեն մեկն այդ պետք է եզրակացներ։

— Մի՞թե նա այդպիսի բաներ է ասում...

— Եվ այդ ձեզ ծիծաղելի չէ՞ թվում, իշխանուհի... Եվ ի՞նչ եք կարծում՝ մի՞թե մի այդպիսի միտք հայտնողը հիմար, տգետ ու անտաշներից մեկը չպետք է լինի։ Այսքա՜ն տեղեր ես եղել եմ, այսքան մարդիկների հետ ես հարաբերություն եմ ունեցել, բայց ոչ մի տեղ և ոչ մեկից մի այդպիսի ծիծաղելի ու հիմար կարծիք չեմ լսել կնոջ մասին, կնոջ, որ ինքնըստինքյան տղամարդն աստվածն ու կյանք տվողն է։

Եվ Պետրովը դարձյալ սկսեց փառաբանել կնոջը, ցույց տալ, թե կինն ինչ նշանակություն ունե տղամարդի համար և վերջինս ի՜նչպես պետք է վերաբերվի դեպի նա, և այդ բոլորը միևնույն կերպով, ինչպես և Հարունյանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Իշխանուհին նրան չէր լսում. նրանից կնոջ մասին Հարունյանի հայտնած կարծիքը լսելով, նա փոքր-ինչ մտածության մեջ էր ընկել։ Բայց երբ այդ մտածությունից դուրս եկավ, Պետրովը վառված դարձյալ խոսում էր։

— Թեյը սառեց, պարոն Պետրով,— ասաց իշխանուհին՝ նրա խոսքը կտրելով։

— Եվ, իհարկե, այդ պարզ է, որ պարոն Հարունյանի նման մարդիկ սիրել չեն կարող բառիս բուն նշանակությամբ, քանի որ բոլորովին չեն հասկանում, թե ի՛նչ է կինը,— վերջ տվեց Պետրովն յուր երկարաբանությանն և առավ թեյի բաժակը։

Կես ժամի չափ Պետրովը դարձյալ մնաց իշխանուհու մոտ և ակամայից պատրաստվեցավ գնալու։ Նա առավ իշխանուհու ձեռքն և իրեն հատուկ աղերսագին տեսք ընդունեց։

— Իշխանուհի,— ասաց նա դողդոջուն ձայնով,— մի՞թե ոչ մի ժամանակ չեմ կարող հուսալ ձեր սիրո վրա։

— Կարող եք,— պատասխանեց ժպտալով իշխանուհին։

Պետրովի փոքրիկ աչքերը վառվեցին։

— Կարո՛ղ եմ․․․— կանչեց նա։— Օ՜, որպիսի անսպասելի երջանկություն,— գրեթե դողաց Պետրովը, և նրա փոքրիկ աչքերն այս անգամ պլպլացին։ Նա իսկույն դարձյալ սկսեց թափել յուր համբույրների կարկուտը իշխանուհու ձեռքի վրա։

— Բավական է, գնացե՛ք,— ասաց իշխանուհին՝ դալձյալ զզվանքով և զոռով ետ քաշելով յուր ձեռքը։

— Ցտեսությո՜ւն, երկնային իշխանուհի, ցտեսությո՜ւն,— գոռաց Պետրովն և, խելագարի նման ներքև վազելով, դուրս եկավ պարտեզի դռնից։

Իշխանուհին մի րոպե մնաց արձանացած։

«Ա՜խ, Հարո՛ւնյան, Հարո՛ւնյան․․․», արտասանեց նա վերջապես, հոգոց հանելով և գլուխն ամենախորին վշտով կախեց կրծքի վրա։