Քո... շքանշանը
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 151։


ՔՈ... ՇՔԱՆՇԱՆԸ


...Ինչքան էլ ես քո մասին խորհեմ, եղբա՜յրս,
Թեև հեռվում՝ անկասկած ներկա՛ ես տանս...

Դու դեռ մանուկ օրերից եղել ես արի,
Խորթ են եղել քեզ անկուշտ բարքերը դարի,
Իսկ երբ ծագեց լուսարփին Արցախյան շարժման,
Անմնացորդ տրվեցիր քո կամքով նրան։

Քեզ կոչել են անունով քաջ Զորավարի
Որ չլքի երբեք քեզ ոգին պայքարի։

Ծանր էր սակայն, մենք՝ անփորձ, թշնամին՝ ուժեղ,
Ցավ էր դառել ոսոխը, մեր տունն էր խուժել,
Գետաշենը դատարկվեց, Շահումյանն ընկավ,
Մարտակերտը պինդ էր դեռ՝ թեև արնաքամ...

...Քո գնդացրով անվարան նետվեցիր առաջ,
Որ թշնամին ճողոպրի քեզնից ահառած։

...Անունդ միշտ հավատքո՛վ կրեցիր կյանքում,
Հերոսի պես կռվեցի՛ր դու ամեն մարտում,
Եվ իմացյալ՝ գնացիր մահվա՛ն հանդիման,
Ազատագրած հողե՛րդ են քեզ շքանշան։

18.02.00, Ստեփանակերտ