Ես ուր էլ լինեմ այս պահին՝ այստեղ եմ։ Հեռուների հեռվում։
Երկինքն աստղել է թեւերում։
Իմ անցյալը գնում է իմ առջեւից եւ անընդհատ թեպետ ոտքովս է ընկնում,
թեպետ քայլելիս ինձ խանգարում է միշտ, ես գնում եմ։
Ճանապարհները պատերազմում են անվերջ
թափառական պարիսպների դեմ։
Մի բառը կարող է մի ամբողջ երկրի օդ փոխել։
Լարված պահեր՝ ծանր խոսքից առաջ։
Ներկայության առասպել, օդ, տարածություն, ժամանակ,
երկինքների վաղ առավոտյան տխուր դատարկություն՝ քանի դեռ արեւը դուրս չի եկել։
Սիրում եմ մաքառումի սերը տիեզերական-
լույսը
դուրս գալու ելք է փնտրում ամեն ինչի մեջ, բայց ես նայելով
քարին, զգում եմ, որ միշտ չէ դա հաջողվում նրան։
Անշարք քայլում ենք ամեն օր այսպես փութաջան,
ոչ ոք մեզանից չգիտե, սակայն, թե ուր ենք գնում,
իսկ թե իմանայինք հանկարծ,
վերջապես անկեղծ լինենք,
ոչ մեկը մեզանից, երեւի, ոչ մի քայլ ոտքը առաջ չէր դնի։
Անմահության սառույցների տակ բաբախող աղբյուր-սերն է։
Հակընթաց գետեր։
Հակընթաց քամիներ։
Հակընթաց սիրտ։
Երբ հեռանում էի՝ ես չէի հեռացողը, առավել եւս՝ ես չէի եկողը, երբ գալիս էի։
Սակայն՝ կա՛ ինձանից հետոն։ Դա մի պայծառատես վայրկյան է,
երբ ձիերի վայրի երամակները
խրխինջների ոսկե փոշում կորած՝ մտնում են քաղաք,
եւ երեխաները,
որ Պիկասոյի նկարներից դուրս իսկական ձիեր չեն տեսել ոչ մի անգամ,
նրանց նայում են ձիու զարմանքից պլշած աչքերով։
Երկնքում աղավնիները վերուվար են թռչկոտում՝ անհանգստացած
մեքենաների ճանապարհ աղերսող եւ այսահար ազդանշաններից։
Ուղեւորն առաջին, ինչ ճամփա էլ լինի, միշտ Միտքն է լինում եւ նոր միայն՝ մենք։
Ամեն մարդ կորուստներ ունի,
այլապես ձեռքը չէր գնա դեպի ծաղիկը։
Եվ սուտ են բոլոր պատճառները. մահը վրա է հասնում միմիայն այն ժամանակ,
երբ վերջանում է օդը։
Բառ՝ բառից դուրս։
Անսովոր ծնվածներ, անսովոր մեռելներ- սովորական կյանք։
Ծնվում ենք՝ եղել է այն, ինչ որ պիտի լիներ։
Մեռնում ենք՝ եղել է այն, ինչ որ պիտի լիներ։
Թիվ, գծիկ, թիվ։ Սա է ամբողջը՝ տիկնայք եւ պարոնայք։
Անսահման ժամանակի մեջ՝ անաղբյուր ծարավ։
Ծաղկի բուրմունքը տարբեր է լինում՝ ծննդի, սիրո, մահվան, հավերժության,
բայց ինքը հաստատապես միշտ նույն ծաղիկն է նվիրական։
Դիմավորեցեք՝ ում որ պիտի դիմավորեք։
Միամիտ՝ սիրելու չափ, սիրվելու չափ՝ անպատասխան։
Երկինքն աստղում է թեւերում։ Ձորերում ծվարած մթան քողի տակ
հասունանում են հոգեշունչ գուրգուրանքները հավերժական սիրո։
Տիեզերքի ամենահեռու կետից մինեւ իմ կանգնած տեղը
սիրտս ընթանում է լույսի արագությամբ։
Եվ շատ կուզեի տեսնել ծաղիկն այն,
որ պիտի բացվի իմ զույգ աչքերը փակվելուց հետո։
Ես որտեղ էլ լինեմ այս պահին՝
այստեղ եմ։ Հեռուների հեռվում։