ՕՀԱՆ ՏԱՅՈՒ ՀԵՔԻԱԹԸ[1]

Ժամանակին կըլի չիլի, մե քյասիբ մարթ կըլի: Էտ մարթը շատ անխիղճ կըլի: Կունենա մե ջուխտ եղ. նա՝ կթողա էտ եզներին արոտ անեն, նա՛ ջուր կթողա՝ ջուր խմեն։ Էտ մարթու անուն Օհան տայի կըլի: Վացցունըհինգ տարեկան մարթ՝ նա՛ ավլատ ունի, նա՛ թավլաա:

Օհան տային օրերից մի օր եղները կտանի վար կանի. եզներ սովածըթունից կնհարեն:

էտ անասունի մեկը լեզու կէլնի, Օհան տայու հետ կխոսա.— Անա՛ստված մարթ, մինչև մկա դու մեզի չարչարեր ես, ըտրա խամար դու ժառանգ չունիս: Թո՛ղ, մենք մեր բերանով արոտ անենք, մե բատ ջուր խմենք է՛լի:

Օհան տային եզներ թողեց, էկավ մեկ էրկու խուրց խոտ քաղեց, թալեց իրա կրպան[2], էկավ տուն։

Ասեց.― Կնի՛կ, էլի, եզներու դեմ կայնի:

Կնիկը պատասխանեց, ասեց,― Ա՛նխիղճ-անաստված, դու մինչև մկա լա՛լ էիր, քյա՛ռ էիր, որ ինձի խետ չէիր խոսա, մկա ի՞նչ պատահավ, որ խոսեցիր։

Օհան տային ասեց.― Կնի՛կ, դու մնաս էրեխով, ընձի կհայտնես։ Կնիկն ասեց.— Ա՛յ տնաշեն, մինչև մկա ես էրեխա չբերեր եմ, էսօր վացցուն տարեկան թազա նոր էրեխա՞ բերեմ:

— Քո բան չէ,— ասեց,— որ դու մնաս էրեխով, ընձի կհայտնես։

Մե ամիս չտևեց, կին մնաց էրեխով։

— Մա՛րթ,— ասեց,— ես մնացի էրեխով։

Առանցի-առանցի տեղերը քցին, քնան։

Էկավ խասավ իրա ժամանակին, կնիկն ազատվավ, մե տղա բերեց, անուն դրին Ջուկո։

Օհան տային վեր կեցավ, իրա եզներ տարավ արածացընելու։

Տղեն օրը օր մեծացավ, էլավ հինդ տարեկան։

Օրերուց մի օր կին մի տաշտ խմոր էր արե՝ մկա հաց թխա՝ կուշանա, մարթիք խաց չի հասցնի, չէփա՝ խմոր կթթվի։

Կինն ասեց.— Հա՜յ գիտի,— ասեց,— մի խատ բըշկուր[3] չըլնե՞ր, որ իրան խոր հաց տաներ։

Տղեն գուռ խաղալուց մոր խոսք իմացավ։ Էկավ ասեց.— Մե՛ր, իմ խոր խաց կապա, տանիմ։ Հետն էլ մի հատ կոնաղի խաց դիր։

— Ա՛յ բալա,— ասեց,— դու կարենա՞ս քու խոր խաց տանես։

— Քու բան չէ,— ասեց,— ես իմ խոր խաց կտանեմ։

Վեկացավ, խոր ու կոնաղի խաց կապեց կրպան ու գնաց։ Գնաց, տեհավ խեր քաղ կանի, եզներ կարածան։

— Ա՛յ որթի,— ասեց,— դու ընչի՞ էկար, մութն էր, ես մկա կգեի:

— Հայրի՛կ,— ասեց,— դու մե վեց խուրց խոտ քաղա, մինչև մեր կոնաղ գա։

Հայրիկը վեց խուրց խոտ քաղեց, մեկ էլ տեհան՝ կոնաղ էկավ։

— Հայրի՛կ,— ասեց,— մեր կոնաղ էկավ, դե արի, մկա խաց ուտենք։

Կոնաղն ու հայրիկ նստան խաց ուտելու։ Օհան տային եփոր կերավ պրծավ, գնաց էլի խոտ քաղելու։

Ջուկոն խարց տվեց կոնաղին, ասեց.— Դո՞րից կգաս, զո՞ր կէթաս։

Ասեց.— Քու ի՞նչ բանն է, լակո՛տ։

Ասեց.— Ես գիտեմ՝ դու դոր էկել, դոր կէթաս։ Դու Արևելքի թաքավորի քավորի ախչկա ղարարաշն[4] ես. քառասուն խատ ախչիկ կա, մեկն էլ դու քառասունմեկը, մեկն էլ թաքավորի ախչիկը՝ քառասունէրկուսը։ Դու ուզում ես էթաս արևելքից արևմուտք, ամախութենի[5] ջուր ու խնձոր բերես, ամա քու խելք չի կտրա։ Ետ կդառնաս, կէթաս քու էրկիր։

Կոնաղ իրան լեզուն կծեց։

Էտ դառցավ, գնաց իրան էրկիր։

Գնաց էրկիր, թաքավորի ախչկա պատասխան տվեց, ասեց.— Ես գնացի Ոխչրաբերթ[6], մի Օհան տայի անընով մարթ մի տղա ուներ, անուն՝ Ջուկո։ Էնի մեր սըռ գիտե։

Ախչիկ իրան քցեց ծա՜նդր հիվանդութան. ինչքան որ բժիշկներ բերին, ցավ չիմացան։ Ախչիկ մի խատ թուղթ գրեց հորը․ ղարարաշը վերցեց տարավ թաքավորին։ Թաքավորը առեց կարթաց։

Ախչիկ գրեր էր. «Հայրի՛կ, ես իմ ցավի դեղ գտա։ Ֆլանքյաս էրկիր մե Ոխչրաբերթ գեղ կա, էտ գեղում մի Ջուկո անընով տղա կա, որ էնոր քյալլեն բերես ընձի, ես դնեմ պղնձի մեչ, խաշեմ, էնոր ջրով լողանամ, փրկութեն կունենամ։»

Դե՛, թաքավորի շա՞տ վեճն էր, որ մե գեղացու տղա իրան ախչկա տեղ մեռեր է։

Իրան հարազատ վազիրին կանչեց, ասավ․— Վազի՛ր, կվերկենաս, մե խուրջին ոսկի կառնես, կէթաս ֆլանքյաս էրկիրը, ֆլանքյաս մարթի տղի քյալլեն կբերես։

Էտ բանը Ջուկոն իմացավ, չունքի որ էնի եզից էր էլել, իմաստութենը շատ էր։

Հոր կանչեց, ասեց․— Հայրի՛կ, մեզ խամար մե խատ թանկագին կոնաղ կգա, մկաօրիցը[7] մէ քանի կուռուշ փարա կտաս, ես պատրաստութեն կտենամ։

— Ա՛յ որթի,— ասեց,— կգա, թող գա մենք պատրաստութեն էն վախտը կտենանք։

Ու հերը առավոտ վեկացավ, եզներ վերցեց, գնաց ցորեն քաղելու։ Ջուկոն գիտեր, որ կոնաղը պտի գեր, առավոտը վե կացավ, պատրաստութեն տեհավ, միս ու կարտոֆ ժառիթ արավ, դրեց պոտնոցի մեչ, դրեց գլխի վրա, գնաց արտ։

Հերը ասեց․— Դե, լավ ա, տղես զոնթիկով ա գալի։

Տղեն իմացավ, ասեց․— Հայրի՛կ, էս զոնթիկ չէ, էս պոտնոց է։

Խեր գլոխ թափ տվեց։

Ասեց․— Հայրի՛կ, գնա հինգ-վեց խուրց ցորեն քաղա, մեր կոնաղ կգա։

Հայրիկ ցորեն քաղեց, պրծավ, կոնաղն էկավ։

Բարև տվեց տղին, տղան բարևն առավ։

— Թաքավորի վազի՛ր,— ասեց,— վե՛ր արի ձիուց։

Վազիրն իրա մեչ ասեց․— Վա՜յ, հա՛յ, էս ի՞նչ կիմաներ, որ ես թաքավորի վազիրն էի։

Տղեն ասեց․— Ինչի՞ զարմացար։ Վե՛ր արի ձիուց, ամեն բան քեզի խամար պատրաստ ա։

Օհան տային էլ էկավ, բարովեցին, նստան իրար հետ խաց կերան, կերակուլ կերան պրծան, վազիր խարց տվեց Օհան տալուն, ասեց․— Էստեղ, Ոխչրաբերթում Օհան տայի անվով մարթ կա՞։

Ասեց.— Էտ անվան մարթը նա՛ ըլեր ա, նա՛ էլ ծնվեր ա։

Ջուկոն խարց տվեց վազիրին, թե,— Դու խի՞ ես էկեր, ինչի՞ ես խարց տալիս։

Ասեց․— Էկեր եմ Օհան տայու տղին տանեմ ֆլանքյաս թաքավորին։

Ասեց․— Էտ իմ խերն ա, էս էլ տա[8] տղեն եմ։

Վազիր չիմանում էր, թե Ջուկոն իրա միտք իմանում էր։

Խնթրեց վազիրից․— Մի խինգ հրոպպեով թող տաս էթամ հանդըպիմ իմ մոր, գամ, քո պատասխան տամ։

Վե կացավ գնաց մոր մոտ, ասեց.— Ա՛յ մեր, խնթրում եմ քեզանից՝ քո տված կաթը ընձի խալալ անես․ ինչքան որ ես քեզի նեղութեն եմ տվե՝ խալալ անես։

Մերն ասեց․— Ո՛րթի, ի՞նչ բաս ա։

Ասեց․— Ըսենց, ըսենց պատմութեն կա գլխիս։

— Է՛հ,— ասեց,— որթի, խալալ ըլի քեզի իմ տված կաթ, իմ տված ամագ,— ու ձեռ տվեց Ջուկոյին, Ջուկոն համփուրեց մոր ձեռ, դրեց գլխին, ասեց․— Մարե՛, ես Սև եզան մայեն եմ, իմ տեղ Սև եզ կպաշտպանեք, թե որ խատի[9], էնոր ոսկռներ կժողվես, կպախես։ Ես կէթամ, թե որ չմեռա, կենդանի դառցա, էլի Ջուկոն եմ, թե որ մեռա՝ մեռա։

«Մնաս բարով» արեց, գնաց կոնաղի կուշտ։

Գնաց, էս անգամ խոր կանչեց․— Հայրի՛կ,— ասեց,— ես պտի էթամ մեր կոնաղի խետ։ Արի,— ասեց,— էնոր ոսկին վերց, էս էթամ, թէ որ չմեռա՜, խոդին արժան չեղա՝ էլի քու Ջուկոն եմ, թե որ մեռա՝ Սև եզ իմ տեղ կընդունես։

«Մնաս բարով» արավ, էլավ վազիրի թարք ու գնաց։

Վազիրն իրա մեչ մտածեց, որ էս ա, տղան կտանիմ, իմ տղան փոխարեն մորթեմ, տանիմ քյալլեն տամ թաքավորի ախչկան։

Ջուկոն վազիրի միտք իմացավ։

Հարց տվեց, ասեց․– Շատ ետաքրքիր բան ես մտածըմ։

Ասեց․– Ի՛հարկե, էս էլավ էրկու ամիս, իմ էրկրից բացակա եմ էլե, ամսեն դեղն էլ մտել, լավ-վատ իմացեր եմ։

Շատ գնացին, քիչ՝ խասան իրենց քաղաք։

Տղեն էնքամ խորոտ տղա էր, որ վազիրի տղեքներ ըտրան ախպեր ընդունեցին։ Վազիր իրա պստիկ տղեն բռնեց, որ Ջուկոյի տեղ գլուխ կտրեր, տաներ թաքավորին։

Ջուկոն խասկըցավ էնոր միտք, գնաց բռնեց վազիրի թև, ասեց.— Էտ ի՞նչ պտի անես։

Վազիր Ջուկոյին պատմեց թաքավորի միտքը։

Ասեց․— Ես որ մեր էրկիր ծնվա, ինձի խետ ձեր էրկիր էլ մի խատ տղա ծնվավ։ Էն տղեն հիմի մեռեր ա, թաղեր են․ արի էնոր գլոխ տար տուր թաքավորին, ասա՝ բերի։

Վազիր մտածեց, մտածեց, վեկացավ, էն տղի քյալլեն առավ, տարավ քցեց թաքավորի ախչկա առեչ։ Թաքավորի ախչիկ էլավ, քյալլեն առավ, տարավ քցեց քուչեն, գնաց խորն ասեց․– Հայրի՛կ, քյալլեն առա, էնոր ջրով լողացա, լավացա, հ’էլա։

Ջուկոյին բերող վազիր կաշխատեր թաքավորի պայեստներուն վրան։ Վերցեց խինգ խոքի, տարավ դրեց կարաուլ ոսկի խանութի դեմ։ Սահաթը տասվէրկուս բերեց սմենը փոխեց։ Էտ կարաուլներ քնան, գողեր էկան, պայեստ կտրին տարան։

Առավոտ թաքավոր վազիրին կանչեց, թե․— Իմ պայեստ կտրին տարան։ Պիտի էթաս գողերուն ման գաս, գտիս, բերես։ Յոթ ավուր մեչ գտար՝ գտար, չգտար՝ քո վիզ կէթա։

Վազիր թողեց, էլավ էկավ Ջուկոյի կուշտ։

— Է՛հ,— ասեց,— հայրիկ, էտ ի՞նչ ցավ էր, որ պատահավ քեզի,— ասեց Ջուկոն։

— Ո՛րթի,– ասեց,— ըսենց, ըսենց բան ա, պատահեր ա։

— Դե որ յոթ օր ա,— ասեց Ջուկոն,— դհոլ-զուռնեն բեր, ուտենք–խմենք, քեֆ անենք։

— Ո՛րթի,– ասեց,— իմ սրտեն արուն կէթա, դու կասես՝ քեֆ անենք։

— Քու բան չէ,— ասեց,— դու դհոլ-զուռնեն բեր, մնացածը ես կանեմ։

Կերան, խմին, քեֆ արին, յոթ օր դզվավ։

Ջուկոն ասեց․— Հայրի՛կ, գնա վերց բեր խինգ խարիր խատ ձիավոր։

Բերեց։

Ասեց.— Դե գնա դու տափ կաց էն հանդում, ես զորքով կգամ, գողեր կբռնենք, ատռուժի[10] կանենք, ոսկին կառնենք։

Վազիր գնաց տափ կացավ։ Գողեր էկան հանդ, ոսկին խանին, որ իրար մեչ բաժանեն, որ տանեն, զինվորներ բռնին, տարան թաքավորին։

Էտ վախտը վազիրն ասեց.— Է՛հ, էլ քու խաց ընձի խարամ դառնա, էլ ես քու խաց չուտեմ, պտի էթամ ֆայլութեն էնեմ, ապրիմ։

Ասեց.— Խի՞։

Ասեց.— Դու ընձի քու ոսկու խամար պտի ըսպանիր։

Էտ քաղաքի հանդեպ իրեք խատ ձուկ որսորթ կար։ Էտ օր գնացին ձուկ բռնելու։ Ինչքան թոռ քցին, ձուկ դուս չէկավ։ Ձուկ բռնողներ զարմացան։

Ասեցին.— Մեր բախտ փակվեր ա, էկեք մի թոռ էլ քցենք, տենանք ի՞նչ դուս կգա։

Թոռ քցեցին, մի խատ անկալատ ձուկ դուս էկավ. ամմեն տեսակ խալ ու նկար կեր վրեն։ Տղեքներ իրար մեչ որոշին, տվին մի հընգերոչ, ասեցին․— Տա՛ր տուր թաքավորին, թաքավոր մեզի մի բան կտա խալաթ։

Էտ մարթը ձուկը տարավ, ջրով դրեց թաքավորի ըստոլին. ամմեն մարթ ձկան վրա զարմացան, շատ խալաթ տվին։ Էտ մարթը վեր կացավ, խալաթ, փողեր ժողվեց, որ ետ էրթար, թաքավորը կանչեց, նորից ձուկը ետ տվեց։

Ձուկորսորթ վե կացավ, ձուկն էլ առավ ու գնաց։

Ձուկը որ տարավ, թաքավորի ախչկա սեիզ[11] պատահավ, կանչեց ախչկա կուշտը։

Ախչիկ խարց տվեց տղային․— Էտ ձուկն է՞ք ա, չէ՞ որց ա։

Տղեն պատասխանեց․— Ես չիմանամ, էս էք ա, թե որց ա. ո՞նց իմանամ։

Ասեց․— Աչքա՛, թե որց ա՝ կարիք չզգամ, թե էք ա՝ տո՛ւր ընձի։

Էտ խոսքին ձուկ թևեր թափ տվեց, ծըծաղաց, ասեց,— Թաքավորի ախչիկ իմացավ, թե ինք կուս ա։

Էլի ծըծաղաց, իրան քցեց հավուզ։

Էտ խապար խասավ թաքավորին։ Թաքավոր կանչեց վազիրին, ասեց․— Արի էս ձկան ծաղրածուն խա՛ն։

Վազիր ասեց․— Ա՛խպեր, ես ասեցի, որ քու խաց ընձի խարամ ա, թող ընձի, էս էթամ, դու քու էրկրի հիմաստուն մարթիք կանչի, թող գան, ձկան ծաղրածուն խանեն։

Ասեց․— Չէ՛, գնա, յոթ օր քեզի ժամանակ․ որ գտար՝ գտար, չգտար՝ քու ընտանիքի վիզ կզարկեմ։

Վազիր նորից ձեռ ծոց դրած, էկավ Ջուկոյի կուշտ։

Ասեց.— Հայրի՛կ, էտ ի՞նչ ցավ էր պատայավ քեզի։

— Ջուկո՛,— ասեց,— ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Էտ հե՛չ,— ասեց,— դու դհոլ-զուռնան բե՛ր, քեֆ անենք։

Կերան, խմին, քեֆ արին, ութ օրի վրա թաքավոր վազիրին կանչեց։

Ասեց․— Գտա՞ր։

Ասեց․— Չէ՛։

Ասեց․— Էսօր քեզի վերչին ժամանակ։ Վազիր էկավ տուն, ասեց.— Վաղ իմ ընտանիքի վիզ կզանի:

Ասեց.— Հայրի՛կ, դու մի մտածե, դարդ մի անե, ես կէթամ, էնոր պատասխան կտամ։

Էքսի օր Ջուկոն գնաց թաքավորի կուշտ, ասեց.— Ի՞նչ փաստ ես բռնել վազիրի վրա։

Ասեց.— Ես կուզեմ, որ վազիր ձկան ծաղրածուն դուս բերի։

Ջուկոն ասեց.— Ես պատասխան կտամ. համա դու ինձի ամմեն խոսակցութան մի ըստորագրութեն տաս, չփոշմանիս։

Ասեց.— Համաձան եմ։

Ասեց.— Ես քեզի իրեք հատ առակ պտի ասեմ, որ դու հասկանաս։ Եթե չհասկանաս, թաքավորութենդ ինձի պտի տաս։

Թաքավորը էլի համաձանվավ, ասեց. «Տենանք էս տղեն ի՛նչ պտի ասե»։

— Թաքավորը ապրած կենա,— ասեց,— մե ուրիշ էրկիր, մե խատ կուշ հարսնիք ա անում, գալիս ա քե պես մի թաքավորի կըշան տանում ա հարսնիք։ Էտ թաքավորի կուշը քառսուն օր մնում ա էնտեղ հարսնիք։ Քառսուն օրից ետ կուշն ետ ա գալիս։ Հարսնիք անող կուշն իրեք խատ կորիզ նվեր ա տալիս էտ կշին։ Էտ կուշ վերնում ա կորիզներ, տալիս ա բաղվանչուն, ասում ա. «Տա՛ր տնկի»։ Բաղվանչին տանում ա, տնկում ա։ Կորիզները մի քանի տարից ետո բար են տալիս։ Ամմեն ծառի վրա մի խատ խնձոր ա պուսում։ Իրիկուն բաղվանչին որոշըմ ա, որ էտ խնձորներից մեկը խասել ա, պտի տանի տա թաքավորին։ Թարսի պես գիշեր քամին կզարկա, խասած խնձոր ծառից կեծկա տակ։

Օց կգա, էտ խնձորին կթույնի։ Առավոտ բիձեն կէլնի, կառնի կգա թաքավորի կուշտ, կասի. «Թաքավոր սաղ մնա, քո կշի բերած կորիզներ բար տված բերեր եմ քեզի»։ Թաքավորն ու իրա հնգերներ որոշին, որ խնձոր կլեպահան անեն, կլեպները տան ձիուն, խնձոր՝ մորը։ Կուշն էլ նստած էր, թաքավորի սեղանի վրա ու երգում էր։ Խնձոր տարան թաքավորի մորը. կլեպներ տվին ձիուն։ Մերն էնտեղ մեռավ, ձին էլ էնտեղ խատավ։ Թաքավոր էտ կշի վիզ կտրեց, ասեց. «Անպե՛տք, քառսուն օր գնացիր հարսնիք, կերար–խմիր, թույնած կորիզ բերիր, որ մենք մեռնի՞նք»։ Համա թաքավոր չգիտեր, որ նա՛ կուշ էր մեղավոր, նա՛՝ բիձեն։ Բաղվանչին իմացավ, որ թաքավորի մեր խնձոր կերեր մեռեր ա, ասեց. «Կնի՛կ, թաքավորը պտի գա, մեր վիզ զարկա, արի մնացած խնձորի մեկ դու կեր, մեկ՝ ես, որ մեռնենք, պրծնենք էրեսիցն։ Խնձորներ բերին, կերան, բիրտան ջահելացան, ամենք էղան տասնըխինգ տարեկան։ Թաքավոր ընկավ բիձին ման գալու, չգտավ։ Բիձեն ինքը էկավ, պատասխան տվեց թաքավորին, թե. «Որ քու մեր մեռավ, մենք էլ կէրանք, որ մեռնինք՝ ջահելացանք. հիմի դու գիտես, կուզես ըսպանա, կուզես թող»։ Թաքավոր նոր իմացավ, որ իրան կուշ գնաց. իրան գլխին տվեց։

Ջուկոն ասեց.– Թաքավորն ապրած կենա, արի՛ ձեռ քաշա, ես կպտամեմ ձկան ծաղրածուն՝ վերջի-վերջ կփոշմանես, թաքավորութեն ձեռից կէթա։

- Չէ՛– ասեց,— Ջուկո՛, պտի պատմես։

Ջուկոն թաղատան մի առակ պատմեց։

- Մի խատ չոբան ոխչար կտաներ սար։ Էրկու խատ օց պատահավ. մեկ զարկեց ըսպանեց, մեկ յարալու ըլավ։ Էտ յարալուն էկավ, մտավ չոբանի տուն։ Տասնըխինգ տարի տասնըխինգ տղա էլավ էս չոբանին, օցը միշտ էկավ զարկեց, ըսպանեց։ Մի օր չոբանի բարեկամը խարսնիք էր անում. էկան կանչեցին չոբանին, ասեցին. «Արի՛ էթանք խարսնիք»։ Չոբանի կնիկը դրեց էրեխեն օրորոցի միչին։ Չալ ճլպտուն կատուն մնաց տուն։ Օցն էկավ, որ խփեր էրեխին, կատուն խասավ պոչից բռնեց, ըսպանեց, թալեց օրորոցի տակ, ինք նստավ օրորոցի վրեն։ Մարթ-կին խարսնիսեն էկան տան, դուռ բաց արին, տեհան որ կատուն նստե օրորոցի վրեն։ Կացին ղռան քամակից չոբան վերցեց, տվեց կատվին, ըսպանեց, նորից տեհավ, որ օց օրորոցի տակ է, փոշվնավ։ Ասեց. «Ափսո՜ս իմ ճլպտուն կատուն»։

Ջուկոն ասեց.— Թաքավորը սաղ մնա, արի՛ էտ ձկան ծաղրածուն ձեռ քաշա։ Չոբանն իրա գլխին տվեց կատվի խամար, թաքավոր իրա գլխին տվեց իրա կըշի խամար։ Վերջ դու էլ կփոշվնիս,— ասեց Ջուկոն։

Ամա թաքավոր չլսեց, ասեց.— Չէ՛, պիտի պատմես։

Ջուկոն էլի մի առակ պատմեց, որ թաքավորը խասկնար բանի էղելութենը։

— Լինում ա մի ավճի,— ասեց,— էթում ա օվ[12] անելու. ոչ մի բան չի զարկի․ մինչև ճաշին իրան ծառավութեն կախտի. կամաց-կամաց կիգա զաղի տակ, կաշկա՝ տենա, որ զաղից ջուր ա կաթում։ Չաշկեն խանում ա, դեմ տալիս ա էտ կաթիլքին, որ լցվի, խմի։ Որ լցվում ա, տանում ա բերանին, որ խմի․ իրան ձեռի կուշը կխփի, կթափի։ Իրան ծառավութեն բավական չէ՞ր, էտ կուշն էլ բարկացնում ա, որ ջուրը թափեց։ Իրեք անքամ լցվում ա, կուշը էլի չի թողում, որ խմի։ Ավճու խերս գալիս ա ու կշի վիզ կտրում ա։ Էլլում ա զաղի գլուխ, իշկում ա, օր մի հատ իշապ ըսպանուկ, արև տվե թուլն կխալե, զաղից կըկաթա։ Ավճին իրա գլխին կտա, թե. «Յամա՜ն իմ ձեռի կուշ, ի՜մ ձեռի կուշ»։

Ջուկոն ասեց․— Թաքավորն ապրած կենա, թաքավոր իրա գըլխին տվեց, ասեց․ «Ի՛մ զմրուտ կուշ, ի՜մ զմրուտ կուշ», չոբան իրա գլխին տվեց, ասեց․ «Յամա՜ն իմ կատուն, յա՜ման իմ կատուն», ավճին իրա գլխին տվեց, ասեց․ «Յա՜ման իմ կուշ, յա՜ման իմ կուշ»։ Արի ձեռ քաշա, ետո էլ կփոշվնիս, թաքավորութենդ ձեռիցդ կթռցնես։

Թաքավորն ասեց․— Չէ՛ պիտի պատմես։

Առավոտ վեր կացան, գնացին ախչկա կուշտ։ Քառսունէրկու ախչիկ ին, հըմեն ջուխտ-ջուխտ։

Ջուկոն ախչկներուն խնթրվավ, ըսավ թե․— Քույրիկնե՛ր, տկլոզցե՛ք, ես ձեր նամուսի փող կտամ։

Ախչիկներ ջուխտ-ջուխտ մերկացան, էկան։

Ջուկոն ասեց․— Թաքավո՛ր, իշկա, տես, թե սրանց մեչ տղա չկա՞։

Թաքավորը հըմենին իշկաց, տղա չտեսավ։

Մնաց թաքավորի ախչիկ ու ջոշ ղարարաշ։

Ջուկոն հարցեց․— Ընչի՞ չմերկանաք։

Թաքավորի ախչիկ Ջուկոյի վրեն խոսաց։

Ջուկոն պատասխանեց, ասեց․— Թե որ նամուսով ախչիկ ես, ընչի՞ տասնըմեկ նաֆարի ու վազիրի մեղքի տակ կմտնես։

Էս անքամ ախչկան ու ղարաբաշին չըլտըցրին[13], տեհան որ, ի՞նչ տեհան, ղարաբաշը տղա է՜։

Էտ վախտը թաքավորը խասկցավ բանի էղելութենը, ղարաբաշին ըսպանեց, իրա թաքավորութենը տվեց Ջուկոյին, ինքը դարցավ վազիր։

Ջուկոն գնաց իրա էրկիրը, իրա խեր ու մեր բերեց, էլավ թաքավոր, կայնավ թախտին։

Էսոնք խասան իրանց մուրազին, դուք էլ խասնեք ձեր մուրազին։


  1. Հերիաթի անվանումը բանասացինն է, տեղական արտասանությամբ բնագրում եղել է հելքաթ, ուղղել ենք, (ծանոթ․ կազմողի)։
  2. Մեջք, (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Երեխա, (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Ծառա (ծանոթ․ բանահավաքի)։
  5. Անմահական (ծանոթ․ բանահավաքի)։
  6. Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղը (ծանոթ․ բանահավաքի)։
  7. Այսօրվանից, այս ժամից (ծանոթ․ բանահավաքի)։
  8. Նրա (ծանոթ․ բանահավաքի)։
  9. Սատկի (ծանոթ․ բանահավաքի)։
  10. Շրջապատել — ռուսերեն բառի աղավաղված ձևը (ծանոթ․ բանահավաքի)։
  11. Ծառա (ծանոթ․ բանահավաքի)։
  12. Որս, (ծանոթ. բանահավաքի)
  13. Մերկացրին (ծանոթ․ բանահավաքի)։