[Միամիտ] ընկե՛ր, դու մի՛ զարմանար,
Որ չեն երգերըս պատանու կորով.
Ես ձեռքս չառած տակավին քընար,
Տանջվել եմ կյանքի բոլոր ցավերով։
Վիշտն ու [ցավերը] դեռ վաղ ծըծեցին,
Քամեցին հյութերն իմ մատաղ սըրտի,
Հոգսերն էլ տըհաս միտքըս կըրծեցին,
[Թրթուրներն ինչպես բողբոջը վարդի]։
Եվ ես [հյուծված] երգում եմ այսօր
Եվ սիրտս մաշված, և ձայնըս տկար,
Եվ երգըս տխուր, և կուրծքս անզոր,
Եվ խիստ նախատված բոլորի համար։
Հա՛, ուրիշ բան էր՝ եթե ինձ ընկներ
Գոնե մի նշույլ բաղդավորության...
Բայց իմ բաժինը՝ այս եղավ, ընկեր,
Իմ այգն ու մութը միասին եկան։