...նաև Սպիտակ Եղեռն/Ախալքալաքի գավառի գարգավիճակի հարցը 1917-18 թթ․

Ախալքալաքի գավառի գարգավիճակի հարցը 1917-18 թթ․
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ
1917-18 թթ.
«Ուրբաթ»

թիվ 6,

8 փետրվարի 1991 թ.

Դեռեւս առաջին համաշխարհային պատերազմից առաջ Անդրկովկասի ժոդովուրդների մեջ կար այն գաղափարը, թե երկրամասում պետք է գավառական ինքնավարություններ (զեմստվոներ) ստեղծել, ինչպես Ռուսաստանի շատ նահանգներում։ Անհրաժեշտություն առաջացավ զեմստվոներ մտցնելուց առաջ տեղում կատարել վարչական սահմանների փոփոխություն ըստ պատմական, տնտեսական, աշխարհագրական եւ ազգագրական սկզբունքների։ Այդ նպատակով պատերազմի ընթացքում բանակցությունների մեջ էին մտել երկրամասերի հիմնական ազգերի կուսակցությունների ներկայացուցիչները։

Վրաց մենշեւիկները իրենց համաձայնությունը հայտնեցին Ախալքալաքի գավառն անջատել Թիֆլիսի նահանգից եւ միացնել նոր կազմվելիք Ալեքսանդրապոլի նահանգին (տես «Հորիզոն», 1918թ., թիվ 10)։ Կովկասյան կոմիսարիատի որոշմամբ կազմվել էր Անդրկովկասի վարչական սահմանբաժան նախագիծ, որը հաստատվել էր Կերենսկու կառավարության կողմից։ Ըստ այդ նախագծի Ալեքսանդրապոլի նահանգը (ապագա) պետք է ունենար հետեւյալ գավառները.

1. Ալեքսանդրապոլի, 2. Կողբի, 3. Կարսի, 4. Կաղզվանի, 5. Լոռվա, 6. Ախալքալաքի։

Խնդրո առարկա Ախալքալաքի գավառը զգալի փոփոխությունների էր ենթարկվում։ Գավառի կազմի մեջ էին մտցվելու

1. Սխալքալաքի գավառը 1917թ. սահմաններով, որտեղ բնակչության 76% հայեր էին (հայերից բացի ապրում էին վրացիներ, ռուսներ (դուխաբորներ), թուրքեր, քրդեր եւ այլն),

2. Բորչալուի գավառի Նարդեւանի, Ավրանլոյի եւ Աշղալայի գյուղական հասարակությունների գյուղերը, որոնք հիմնականում հայաբնակ էին (այժմ այդ նախկին գյուղական հասարակությունների 15 հայկական գյուղերը, որոնք գտնվում են անմիջապես Բոգդանովկայի եւ Ախալքալաքի շրջանների հարեւանությամբ հյուսիսից, մտնում են Ծալկայի շրջանի մեջ),

3. Գորիի գավառի Բաքուրիանի գյուղական համայնքի Ղըզըլքիլիսա եւ Մոլիթ հայկական գյուղերը, որոնք գտնվում են բարձրալեռ Տաբածղուրի լճի ափին եւ այժմ մտնում են Բորժոմի շրջանի կազմի մեջ, չնայած դրանց դիրքը այնպիսին է, որ միայն Ախալքալաքի շրջանի մեջ լինելն է նպատակահարմար...

Ախալքալաքի գավառի նման վարչատերիտորիալ վիճակի առկայությամբ գավառի 125 հազար բնակչությունը ունենալու էր հետեւյալ ազգային կազմը 92.5 հազար հայ (ամբողջ բնակչության 74%-ը), 8.75 հազար մուսուլման (7%) եւ 23.75 հազար այլ ազգեր։

Անդրկովկասյան կոմիսարիատը, որի մեջ իշխող դիրք ունեին վրաց մենշեւիկները, չէր իրականացնում իր որոշումը Ախալքալաքի գավառում զեմստվո մտցնելու եւ Ալեքսանդրապոլի գավառին միացնելու մասին...

Ըստ Բաքվի «Արեւ» թերթում (1918թ. թիվ 4) տպագրված Ախալքալաքից ստացված 1917թ. դեկտեմբերի 26-ի եւ 27-ի հաղորդագրությունների, գավառի բացարձակ մեծամասնություն կազմող հայ ժողովուրդը, ինչպես եւ հայ ժողովրդական կուսակցության եւ էսեռների կոմիտեն կտրականապես պահանջում են կոմիսարիատից գավառում մտցնել զեմստվո եւ վերջնականապես միացնել Ալեքսանդրապոլի հետ։ Նման պահանջ են ներկայացնում նաեւ Ախալքալաքի 24 կոոպերատորների միությունը եւ գավառի հայկական գյուղերի գյուղացիների պատգամավորների խորհուրդը։

«Մշակ» թերթի հունվարի 24-ի համարում (1918թ. թիվ 16) տպագրված Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեի նախագահ Շ. Դեմիրչօղլյանի հեռագրից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն իր հունվարի 21-ի նիստում որոշել է Ախալքալաքի գավառը վարչականորեն միացնել Ալեքսանդրապոլի գավառին, որը հետագայում դառնալու էր նահանգ զեմստվո մտցնելով այնտեղ, Անդրկովկասի մյուս վայրերի հետ միաժամանակ...

Իհարկե, այս որոշումը մնաց թղթի վրա եւ որեւէ ռեալ նշանակություն չունեցավ։ Երկրամասում վարչատերիտորիալ փոփոխություններ տեղի չունեցան...

Հ. Հ. Դաշնակցությունը Ալեքսանդրապոլում 1918թ. փետրվարի 16-18-ին անցկացնելով Շիրակի նահանգի անդրանիկ համագումարը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կովկասյան կոմիսարիատը չկատարեց խոստումը Անդրկովկասի նահանգների սահմանների փոփոխման վերաբերյալ, որոշեց Ալեքսանդրապոլի գավառը հայտարարել Շիրակի նահանգ համաձայն սահմանների փոփոխման նախագծի, եւ այդ որոշումը հայտնել բոլոր շրջաններին ի գիտություն...

Այս որոշման նպատակը նույնպես պարզ է. հաջորդ քայլը պետք է լիներ Ախալքալաքի գավառի միացումը Ալեքսանդրապոլին։ Ինչպես վերեւում ասվեց, արդեն հունվարի 21-ին Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն որոշել էր միանալ Ալեքսանդրապոլին...

Սակայն, այս միմյանց ընդառաջ քայլերն անցան ապարդյուն, եւ այնքան բաղձալի միացումը, ինչպես ասվեց, տեղի չունեցավ...

Վրաց մենշեւիկները, որոնք սկզբից տվել էին իրենց համաձայնությունը հօգուտ այդ միացման, հետագայում հասկանալի նկատառումներով կանխեցին հայերիս համար կենսական մեծ նշանակություն ունեցող այդ միտքը...

Անկասկած այդ նկատառումներով էր, որ վրաց մենշեւիկները եւ ընդհանրապես Անդրկովկասյան կառավարությունը ոչ մի օգնություն ցույց չտվին Ախալքալաքի ինքնապաշտպանությանը եւ, ավելին, հայ գաղթականներին երկրի խորքերը չթողնելով թույլ տվին, որ Բաքուրիանի անտառներում եւ Ծալկայում սովից ու համաճարակից բնաջնջվեն...