...նաև Սպիտակ Եղեռն/Ասպինձայի ճակատամարտը

Ախալքալաքի գավառի գարգավիճակի հարցը 1917-18 թթ․ Ասպինձայի ճակատամարտը

Արտյուշ Սանոսյան

Ախալցխայի եւ Ախալքալաքի 1918-ի հերոսամարտերը
ԱՍՊԻՆՁԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
«Ուրբաթ»

թիվ 17,

10 օգոստոս 1990թ.

1918թ. ապրիլի վերջերն էին։ Ախալցխայի գավառի հայերի եւ վրացիների շրջափակումը շարունակվում էր արդեն չորս ամիս։ Այն իրականացվում էր մուսավաթ կուսակցության պարագլուխների հրահրմամբ ու օժանդակությամբ։

Մեսխեթի թուրքերը փակելով Բարժոմ եւ Ախալքալաք տանող ճանապարհները Ածղուրի եւ Ասպինձայի մոտ ուզում էին ծնկի բերել Ախալցխայի քաջարի պաշտպաններին, որոնք անձնվիրաբար դիմադրում էին հույսները դնելով միայն սեփական ուժերի վրա։ Գեներալ Արջեւանիձեն փորձում էր բանակցությունների միջոցով վերջ տալ շրջապատմանը։ Սեյմը նրան թույլ չէր տալիս դիմել ռազմական ուժի, որովհետեւ վախենում էր վատացնել Թուրքիայի հետ հարաբերությունները ակնկալիքներ ունենալով Տրապիզոնի բանակցություններից։

Այնուհանդերձ, երբ Ախալքալաքից Բորժոմ գնացած Ուսուլ Խեչոն դիմեց գեներալ Արջիվանիձեին օգնության խնդրանքով Ախալցխայի ճանապարհը բացելու համար, գեներալը խոստացավ օգնել («Շարժում», 1918, թիվ 23)։ Ահա, հավանաբար, այս խոստման արդյունքն էր կապիտան Ալեքսիձեի հրետանային մարտկոցի Բորժոմից տեղափոխվելը Ախալքալաքի գավառ Ջավախքի զինված ուժերի հետ միասին Ասպինձայի վրայով բացելու Ախալքալաք-Ախալցխա ճանապարհը։

Գավառի հյուսիս-արեւմուտքում, վրացական (վրացացված, հայ կաթոլիկներ) Խիզաբավրա գյուղում Ալեքսիձեի մարտկոցը միացավ հայկական եւ վրացական գնդերին (Ալ. Քութաթելի «Դեմ առ դեմ», գիրք I, Մ., 1969, էջ 223. ռուս.)։

Խիզաբավրայի եւ Սարոյի վրացական «հազարյակը» գլխավորում էին Ալեքսանդրե Խուցիշվիլին եւ Էփրեմ Վելիջանաշվիլին (տես Միխեիլ Վելիջանիշվիլի. «Խիզաբավրայի ուղեցույց», Թ., 1974, էջ 39, վրացերեն)։ Հայկական գունդը կազմված էր Վարեւանի գյուղերի զինված ջոկատներից (Ալաստանից, Վարեւանից, Ազարվեթից եւ այլն), Ուսուլ Խեչոյի գումարտակից, Դամալայում նրանց միացած Դամալայի հայկական գումարտակից՝ անկասկած Ուսուլ Խեչոյի ընդհանուր հրամանատարությամբ։

Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհը Ասպինձայում Հաֆիզ էֆենդու եւ Շահի Աղայի գլխավորությամբ դեռեւս տարվա սկզբից էր փակված, («Մշակ», 1918թ., թիվ 35), որտեղ Հասան բեկի ընդհանուր հրամանատարությամբ կուտակվել էին հազարավոր զինված մեսխեթի թուրքեր...

Վաղ առավոտից սկսեցին որոտալ հրանոթները եւ կրակ տեղալ թուրքերի դիրքերին, որոնք գտնվում էին Դամալայից ոչ շատ հեռու...

Թուրքերը դուրս գալով դիրքերից, սկսեցին գրոհել։ Սակայն նրանք հանդիպեցին քաջարի ջավախքցիների հայերի եւ վրացիների համերաշխ հրացանային համազարկերին եւ ընկրկեցին։ Թնդանոթներից առավել ուժգին որոտաց հայ եւ վրացի քաջորդիների «ուռան» եւ մեր տղաները նետվեցին հակագրոհի։ Թուրքերը տալով ահռելի զոհեր, խելակորույս սկսեցին փախչել դեպի Ասպինձա, որը Դամալայից 4-5 կմ հեռավորության վրա է գտնվում…

Թնդանոթների արկերը արդեն պայթում էին Ասպինձայում եւ նրա շրջակայքում խլելով թշնամու տասնյակ կյանքեր… հետապնդելով փախչող թուրքերին, մեր հեծելազորը, այնուհետև նաև հետևակը, ներխուժեց Ասպինձա։ Վերջին մարտական գործողությունները, որ տեղի ունեցան գյուղի փողոցներում, ավարտվեցին երեկոյան։ Թշնամին գլխովին ջախջախված էր։ Թուրքերի հարյուրավոր դիակներ էին փռված Դամալայի մերձակայքի սարալանջերից մինչև Ասպինձայի փողոցները։

Թշնամու կորուստների մասին մասնակիորեն տեղեկանում ենք Ախալցխայի «Շարժում» թերթի 1918թ. թիվ 31-ում տպագրված լուրերից։ Ծղաթբիլա գնացած միմոխրեբցի վիրավոր թուրք պատմել է, թե մի քանի օր առաջ իրենցից հավաքել են հազարի չափ զինված մարդկանց ել տարել Ասպինձա, որտեղ սոսկալի կռիվ է տեղի ունեցել և իրենցից 200 հոգի հազիվ են ազատվել…

Զգալի թվով զոհեր տվին նաև վրացական և հայկական զորքերը։ Ըստ Մ. Վելիջանաշվիլու (տես վերոհիշյալ աշխ., էջ 39) Խիզաբավրայի և Սարոյի «հազարյակը» տվեց 67 սպանված, 85 վիրավոր։

Ասպինձայի մոտ հաղթանակը լիակատար էր, որը ձեռք բերվեց հայերի եւ վրացիների համագործակցությամբ, համախմբվածությամբ, թուրքերի կողմից շրջապատման հետեւանքով ծանր վիճակի մեջ գտնվող իրենց ախալցխացի հայրենակիցներին օգնելու և սատար լինելու բուռն ցանկության ու քաջության շնորհիվ…

«Հազարյակի» ոգին հանդիսացող Եփ. Վելիջանաշվիլին իր անձնական օրինակով ոգեւորում, գրոհի էր տանում ենթականերին… Ալ. Քութաթելին իր վերոհիշյալ գրքում (էջ 214-217) հիացմունքով է նկարագրում հայ հոգևորականի արիությունը մարտի դաշտում։ Նա գրում է, թե ինչպես հայ խիզախ հոգեւորականը կապած մի քանի փամփշտակալներ, հրացանը ձեռքին, փարաջայի փեշերը գոտկատակը խրած, գնում էր հայ կամավորների առջևից… Թուրքերը հանդիպելով այգում դիրքավորված հայ հոգևորականի ջոկատի կրակին, փախչում էին Ասպինձայի ուղղությամբ…

Այս փառավոր հաղթանակում անչափ մեծ էր փորձված հայդուկ, ծագումով Ախալցխա քաղաքից, Ուսուլ Խեչոյի դերը։ Նա իր համաքաղաքացիներ Աշիգի, Հաճի Լեւոնի, Մկրտիչի և այլոց հետ միասին Արեւմտյան Հայաստանում երկար ժամանակ մղել էր ֆիդայական պայքար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի դեմ քաջաբար մարտնչել էր Քեռու կամավորական խմբում որպես վաշտի հրամանատար։ Առանձնապես աչքի էր ընկել Բիթլիսի մոտ («Հայրենիք», Բոստոն, 1940թ., թիվ 9, 10, 12)... Այժմ նրան հուզում էր հայրենի քաղաքի՝ Ախալցխայի ճակատագիրը... Թվում էր, թե Ասպինձայի հաղթանակից հետո արդեն մի քայլ էր մնացել մինչեւ Ախալցխա... Սակայն, ցավոք, ընդհանուր ռազմաճակատում ռազմական գործողությունների նախաձեռնությունը գտնվում էր Թուրքիայի ձեռքին եւ Անդրկովկասյան սեյմը ստիպված ետ կանչեց Ալեքսիձեի մարտկոցը, որով եւ թույլ չտրվեց զարգացնելու հայ-վրացական ուժերի հաջողությունը։ Ինչպես գրում է Մ. Վելիջանաշվիլին (տես՝ Մ. Վելիջանաշվիլի, վերոհիշյալ աշխ. էջ. 39) մենշեւիկյան ղեկավարներն իրենց զորքերը սկզբից տարան Վարեւան եւ Խիզաբավրայի ու Սարոյի «հազարյակը» թողին թուրքերի դեմ ճակատ առ ճակատ...