...նաև Սպիտակ Եղեռն/Դիլիֆ (Դլիվեկ)
Գյուղը գտնվում է ՎՀ Նինոծմինդա (Բոգդանովկա) քաղաքից 10 կմ արեւմուտք։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Գյուղի բնակիչները, որոնց թիվը 1500 է, խոսում են Մշո բարբառով։ Նրանց նախնիները եկել են 1830 թ․ Էրզրումի նահանգի Խնուս գավառակի Ենգիքրոյ եւ Խաչալույս, Բուլանըխ (Հարք) գավառակի Ենիքոյ, Խլաթի Թեղուտ եւ այլ գյուղերից... 1865 թ. կառուցել են սբ. Վարդան Զորավար (սբ. Վարդանանց) եկեղեցին։
Շրջանում դիլիֆցիները հայտնի են որպես ազգագրական երգերի ու պարերի լավագույն կատարողներ։
Դելիֆը «Դլիվեկ» ձեւով հիշատակվում է միջնադարի հայ եւ վրաց պատմագրության մեջ։
Ափխազավրաց թագավոր Բագրատ Գ-ն, որին Տայքի Դավիթ Կուրապաղատը որդեգրել էր եւ նշանակել իր հետնորդ. 988 թ. «...ծածուկ ժողովեց իր ողջ զորքը եւ մտավ Քարթլի... Այնժամ իսկույն հայտնեցին Դավիթ Կուրապաղատին... իսկ Դավիթ Կուրապաղատը շտապ եկավ, հավաքեց իր զորքը եւ իրազեկ դարձրեց հայոց բոլոր թագավորներին... Մեծ զորքով եկան (հայոց թագավորները– Ս. Ա.) եւ կանգ առան Դլիվում...» (տես, «Քարթլիի մատյան»)։
Այս դեպքի մասին Ասողիկը գրել է հետեւյալը. «Եւ Կիւրապաղատն Տայոց Դաւիթ եւ թագաւորն Վրաց Բագարատ (սա ափխազա-վրաց թագավոր Բագրատ Գ-ի պապն է, որը, ըստ «Քարթլիի մատյանի», վախենալով, որ իր որդին Գուրգենը. թոռան Բագրատ Գ-ի միջոցով կխլի իրենից թագավորությունը. դիմել էր Դավիթ Կուրապադատի օգնությանը. Ս. Ա.) առաքեն առ թագավորն Հայոց Սմբատ (Տիեզերակալ) կոչել յօգնականութիւն իւրեանց։ Եւ նորա առեալ զամենայն զօրս Հայոց եւ զԳագիկ զեղբայր իւր գնայ առ նոսա ի գաւառն Ջավախաց, եւ բանակին ի գիւղն, որ կոչի Դլիվեկն, եւ մանուկն Աբաս թագաւորն կարուց կարմրազգեստ զգունդն իւր ունելով: Եւ ամենայն զօրն վրաց եւ Վասպուրականի, Սիւնեաց եւ Աղուանից (նկատի ունի Գուգարքի Կյուրիկյան Հայոց թագավորությունը- Ս. Ա.) իշխանքն միահաւաք լինէին ընդդեմ Ափխազաց զօրուն։ Որոց երկուցեալ զխադաղութիւն խնդրեն եւ սէր հաստատեն առ միմեանս»։ Ի դեպ, այստեղ Դլիվեկում (Դիլիֆ) հաշտության դիմաց ափխազաց թագավորը Սակուրեթ (Ածկուր) բերդը զիջեց Հայոց Սմբատ թագավորին։ Սակայն, այն, պայմանավորվածության համաձայն, Սմբատ Տիեզերակալի մահից հետո, 990 թ. նորից անցավ ափխազա-վրաց Բագրատ Գ թագավորի գերիշխանությանը։
Ջավախքի Դլիվեկ գյուղը, որը վերոհիշյալ իրադարձությունների ժամանակաշրջանում Հայաստանի կազմում էր, ժամանակակից Դիլիֆ գյուղն էր, որը կասկած չի հարուցում։ Այդպես է գտնում նաև ակադեմիկոս Հ. Մանանդյանը. «Դավիթ Կյուրապաղատի եւ Հայոց Սմբատ թագավորի զորքերը գալով Ջավախք Գանլիճայի մոտով բանակել էին այստեղ Դլիվեկ գյուղում, որը, հավանորեն, Ախալքալաքի հարավկողմում գտնվող այժմյան Դիլիֆ գյուղն է», - գրում է նա։
Գյուղը «Դլիվ» ձևով հիշատակվում է նաև 1595 թ. կազմված «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարում»։ Այն նշված է Քանարբելի շրջանի Չալդիրի լիվայի գյուղերի շարքում։ Գյուղն այդ ժամանակ ուներ 7 հարկատու (175 բնակիչ) անվանապես 1. Օսփարա, 2. Պետրե. 3. Մամիաս, 4. Զալան, 5. Քիրիա, 6. Բայանդուր, 7. Գուլա։ Գյուղի այս հարկատուների (ընտանիքների գլխավորները) անուններից կարելի է ենթադրել, որ գյուղն այդ ժամանակ, հավանաբար, ուներ հայ եւ վրացի խառը բնակչություն (սա թերեւս Ջիկիայի կողմնակալ ուսումնասիրության արգասիքն է…)։ «Դավթարում», Դլիվի մերձակայքում նշվում են նաեւ ուրիշ գյուղեր Շուաթուբան (այս գյուղատեղին ժողովուրդն անվանում է «Շահ-Թումանի խարաբա»։ «Շուաթուբան» անվանումն, ըստ իս, թուրքերենից վրացերեն թարգմանելիս նրբորեն վրացացվել է), որը գտնվում է Փ. Գոնդուրայից (պաշտոնական Փ, Գոնդրո) մեկ կմ արեւմուտք, Վարդիսուբանի (գյուղատեղին Մեծ Գոնդուրայից (պաշտ. Մ. Գոնդրո) 2 կմ արեւմուտք է գտնվում). Սակուդրա, որը ենթադրվում է, որ ժամանակակից Մ. Գոնդրիո (Կոնդուրա. Գյոնդուրա) գյուղի տեղ ղում է եղել։ Սակուդրիան 1595 թ. ունեցել է 6 հարկատու եւ 150 բնակիչ։ Հարկատուներից ոմանց անունները հայկական են (Բայանդուր, Գագիկ), ոմանցն էլ՝ վրացական։ Իմ կարծիքով, այս խառը բնակչություն ունեցող գյուղը 7-րդ դարի սկզբների վրաց հոգևոր մեծ գործիչ, կաթողիկոս Կյուրիոն Սկուտրեցու գյուղն է։ Զարմանալիորեն 1000 տարվա ընթացքում համարյա գյուղի անվանումը պահպանվել է 7-րդ դարի «Սկուտրա» անվանումը 16-րդ դարում աննշան հնչյունափոխությամբ դարձել է «Սակուդրիա»։ Հայտնի էր, որ Կյուրիոնը Ջավախքից էր, սակայն նրա գյուղը ուսումնասիրողներին հայտնի չէր։ Նրանցից Լևոն Մելիքսեթ-Բեկը ենթադրում էր, որ Կյուրիոնի գյուղը Ջավախքի արդի Կոտելիա վրացական գյուղն է։ Սակայն, երբ մենք այս երկու բոլորովին տարբեր անվանումները («Սկուտրա» և «Կոտելիա») համադրում ենք, տեսնում ենք, որ դրանք ոչ մի ընդհանրություն չունեն…
Հավանաբար Կյուրիոնին հայ-վրացական բնակչություն ունեցող գյուղում ծնված լինելու հանգամանքն է նպաստել Դվինում հաջողությամբ հայերենով հոգևոր կրթություն ստանալուն։ Նախքան հայրենիք վերադառնալը նա հինգ տարի ծառայել է Դվինում որպես վանական։ Վերադառնալուց հետո Հայոց կաթողիկոսի երաշխավորությամբ Կյուրիոնն ընտրվում է Վրաստանի կաթողիկոս եւ 608 թ. վրաց եկեղեցին անջատելով Հայ եկեղեցուց դուրս է բերում նրա ազդեցությունից, որ կար մոտ 300 տարի։
ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ (ԿՈՆԴՈՒՐԱ, պաշտ.՝ ԳՈՆԴՐԻՈ)
Գտնվում է Խանչալի լճի հս-արմ, կողմում, Նինոծմինդա քաղաքից մոտ 9 կմ հս-արմ, հարթավայրում։ Գյուղի բնակչությունը 1969 թ. 1500 շունչ էր։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից, 1830 թ-ին։ Խոսում են Կարնո բարբառով։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։ Ունի մեկ թաղակապ եկեղեցի կառուցված 1869-ին։
ՓՈՔՐ ԳՈՆԴՈՒՐԱ (ԿՈՆԴՈՒՐԱ պաշտ.՝ ԳՈՆԴՐԻՈ)
Գտնվում է Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանում, կենտրոնից մոտ 11 կմ հս-արմ, հարթավայրում, Մեծ Գոնդուրայից 2 կմ հեռավորության վրա։ 1969 թվականին ուներ մոտ 800 բնակիչ, որոնց նախնիները եկել են հիմնականում Էրզրումի նահանգից 1830 թվականին։ Խոսում են Կարնո բարբառով։ Ունեն միջնակարգ դպրոց և եկեղեցի։