...նաև Սպիտակ Եղեռն/Դիտողություններ և առաջարկություններ

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արշալույս» 24 հունվարի 1984թ.

Զարգացած սոցիալիզմի մակարդակին այլեւս չի համապատասխանում մեր արդի դպրոցը։ Ճիշտ ժամանակին կուսակցության Կենտկոմը մշակեց հանրակրթական եւ պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի նախագիծ եւ դրեց համաժողովրդական քննարկման։

Իմ կարծիքով, ուսուցման որակի բարձրացման եւ մասնագիտական կողմնորոշման նպատակով, ճիշտ կլինի հանրակրթական միջնակարգ դպրոցներում ստեղծել առարկայական թեքումով դասարաններ, որի փորձը արդեն կա եւ տվել է ցանկալի արդյունքներ։ Իսկ այն դպրոցներում, որտեղ զուգահեռ դասարանները քիչ են, կարելի է ստեղծել առարկայական թեքումով խմբեր, որոնք բոլորի համար ընդհանուր դասաժամերից հետո կառանձնանան համապատասխան կաբինետներում... Ինչ վերաբերում է դասերից հետո ֆակուլտատիվ ժամերի միջոցով առարկաների խորացմանը, այն իրեն չի արդարացնում։ Ըստ իս, երեխաները դասերից հետո ավելի շատ ժամանակ պետք է ունենան ֆիզիկական զարգացման (սպորտով, ֆիզիկական աշխատանքով) եւ տնային հանձնարարությունները կատարելու համար։

Միջնակարգ հանրակրթական դպրոցում (10-11-րդ) ցածր առաջադիմություն ունեցող աշակերտներին տեղափոխել միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարաններ եւ հակառակը...

Այո, միջնակարգ կրթություն ստացած յուրաքանչյուր անձնավորություն պետք է ունենա որեւէ մասնագիտություն։ Այսպիսին է ժամանակակից կյանքի հրամայական պահանջը։ Դրա համար կուսակցությունը ռեֆորմի նախագծում մեծ տեղ է տալիս դպրոցում աշխատանքային դաստիարակությանը։ Այս հարցում անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ սովորողների սեռական առանձնահատկությունները։ Մարդկության գոյության հենց արշալույսից սկսած բնական կերպով բաժանված է եղել տղամարդու եւ կնոջ աշխատանքը, որը համարյա նույնն է աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ։ Հետեւապես աշխատանքի ուսուցման ժամերին հարկավոր է աղջիկներին ու տղաներին առանձնացնել եւ աղջիկներին սովորեցնել հիմնականում տնավարություն։

Նկատի ունենալով տվյալ ռեգիոնի տնտեսական առանձնահատկությունները, աղջիկների համար ստեղծել կանացի մասնագիտությունների գծով միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ։ Օրինակ, մեր շրջանում կան կարի եւ տրիկոտաժի ֆաբրիկաներ, որոնք բարձրորակ բանվորուհիներով ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտությունների գծով միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարան։

Միանգամայն ճիշտ է դասղեկների դերն ու հեղինակությունը բարձրացնելու հարցը։ Դրա համար պետք է ավելացնել նրանց վարձատրությունը եւ պահանջել առավելագույնը։ Ըստ իս, լավագույն դասղեկներին, որոնք օժտված են կազմակերպելու ունակություններով ու եռանդով, կարելի է հանձնարարել նաեւ երկու դասարան։ Ինչ խոսք, սա ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, քան դասղեկ նշանակել թույլ բնավորություն ունեցող ուսուցիչներին՝ նրանց աշխատավարձը ավելացնելու միտումով...

Ուսուցչի աշխատանքն էլ ավելի խրախուսելու համար կարելի է մտցնել նաեւ նյութական խրախուսանք, որը լինի հավելյալ վարձատրության ձեւով։ Այդ նպատակով ժողկրթբաժնին առընթեր ստեղծել բոլոր առարկաների գծով քննական հանձնաժողովներ, որոնք ուսումնական տարվա վերջին ցանկացած դպրոցի ուսուցիչների (ովքեր ուզում են հավելյալ վարձատրություն ստանալ տարվա ընթացքում կատարած իրենց աշխատանքի դիմաց) հրավերով նրանց աշակերտներից քննությունն ընդունեն պետական ծրագրերի սահմաններում եւ հանեն համապատասխան որոշում, իհարկե, ելնելով ընդհանուր չափանիշներից։