...նաև Սպիտակ Եղեռն/Հայերը Ջավախքում
ՀԱՅԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
թիվ 19,
Ջավախքի մասին մեզ հասած հնագույն գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության Արգիշտի 1-ին թագավորի «Խորխորյան տարեգրությունն» է, որտեղ Արգիշտիի գրաված տարածքների թվում հիշատակվում է նաև Ջավախքը «Զաբախա» ձևով: Արգիշտին միավորում էր կամ վերամիավորում Երկրի հյուսիսում գտնվող հայկական ցեղերին, որոնց սահմանները հյուսիսում հասնում էին մինչեւ Մոսխական լեռնաշղթայի հյուսիսարևելյան ծայրամասը, ուր գտնվում էր Սուրամ երկիրը և լեռնաշղթան։
Այնուհետև, ըստ Ստրաբոնի, հայոց Արտաշես 1-ին թագավորը Գուգարք նահանգը (ինչպես նաև նրա գավառներ Ջավախքն ու Թռեղքը), որը Երվանդունիների հարստության ժամանակաշրջանում նույնպես շարունակում էր մնալ Հայկական պետության կազմի մեջ և միայն մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին էր անցել Վրաստանին, մ.թ.ա. 2-րդ դարի սկզբներին վերամիավորում է մայր հայրենիքին։ Այս մասին վկայում են Խորենացին և վրացական աղբյուրները...
Գուգարք նահանգը (բդեշխությունը) Հայկական պետության կազմում շարունակում է մնալ մինչև մ.թ. 387 թվականը, որից հետո անցնում է Վրաց մարզպանությանը։
9-րդ դարի Ջավախքի հարավային մասը Գոգշենը, միացվում է հայ Բագրատունիների թագավորությանը։ Գավառը 12-14-րդ դդ. Ջավախքի Զաքարյանների ժառանգական կալվածքն էր (Թամար թագուհին էր այն նվիրել Սարգիս Զաքարյանին (Թմոգվեցի)…
1266թ. Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն Ջավախքի հետ միասին, և կազմել է կիսաանկախ Սամցխե-Սաաթաբագոյի իշխանություն։ 1637թ. թուրքերը այդ իշխանությունը գրավելով դարձրին Ախալցխայի փաշայություն, որի սանջակներից էր Ջավախքը (Ախալքալաքը)։ 1829թ. Ախալաքալաքի գավառը Ախալցխայի գավառի հետ միասին միացվեց Ռուսաստանին…
Հայերը Ջավախքում ապրել են անհիշելի ժամանակներից։ Ասածիս լավագույն ապացույց-վկաներն են վիշապաքարերը, որոնք, ինչպես գտնում է Ն. Մառը, ստեղծվել են մեզանից 7 հազար տարի առաջ։ Ի դեպ Հայկական լեռնաշխարհից հեռանալիս հնդեվրոպական մի շարք ցեղեր, «վիշապ» կոչվող քարակոթողները իրենց հետ սայլերով տարել են (կամ իրենց հետ վերցրել են այդ պաշտամունքային կոթողների գաղափարը…)։
Հայերը Ջավախքում ապրելով անընդմեջ, շարունակել են ստեղծել իրենց մշակույթի հուշարձանները… Դրանցից կարելի է վկայակոչել քրիստոնեության շրջանում վիշապաքարերի, վերածվելը Հյուսիսային Հայաստանին հատուկ հսկա (2.5-3 մ բարձրության) թելավոր ծավալային խաչքարերի, Ն. Մառի արտահայտությամբ, զուտ հայկական մշակույթի հուշարձանների…
Ջավախքի միջնադարյան հայկական նյութական հուշարձանների հարցով յետաքրքիր է նաեւ ամբողջ Ջավախքի տարածքով մեկ սփռված մոտ 40 այն խաչքարերի գոյության փաստը, որոնք թվագրվում են 9-16-րդ դարերով եւ մեծ մասի վրա կա հայերեն արձանագրություն (այս նյութերը ինձ տրամադրեց մեծարգո Սամվել Կարապետյանը…)։ Տարբեր ժամանակներում գավառում հայերի մասսայական առկայության մասին են վկայում նաեւ հետեւյալ փաստերը։
Լեոն, հենվելով վրացական աղբյուրենրի վրա, գրում է, թե 4-րդ դարի սկզբներին, երբ Ս. Նինոն (Նունե) Հայաստանից Ջավախքի վրայով Վրաստան է գնում քրիստոնեություն քարոզելու, Թափառավան (Փարվանա) լճի մոտ հանդիպում է Մցխեթայից ու նրա շրջակայքից եկած վրացի հովիվների եւ նրանց հայերեն հարցնում Մցխեթայի Վրաստանի մայրաքաղաքի ճանապարհը, վերջիններս հայերեն են պատասխանում եւ ցույց տալիս ճանապարհը; Դա նշանակում է, որ վրացի հովիվները հայերեն սովորել են այդտեղ հայաշատ Ջավախքում։
Լեոն մեկ ուրիշ տեղ վրաց գործիչ (6–7դդ.) Կյուրիոն կաթողիկոսիշ ծննդավայր Ջավախքը համարում է «կես-հայկական կես-վրացական գավառ»։
Երվանդ Լալայանն իր «Ջավախք» աշխատության մեջ գրում է, որ Ախալքալաքի հին բերդում «գտնված քարերից շատերը ծածկված են եղել հայերեն արձնագրություններով, որոնք վերաբերում են ԺԳ, ԺԴ, ԺԵ դարերին»։
Երբ նայում ենք Թուրքիայի 1595 թվականին անցկացրած Գյուրջիստանի (Վրաստանի) վիլայեթի հարկահավաքման դավթարները (հարկատուների ցուցակները), որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթարում», Ջավախքի հարկատու գյուղերի բնակչության ցուցակներում հանդիպում ենք բազմաթիվ հայկական անունների՝ Դավիթ, Կիրակոս, Կարապետ, Սարգիս, Մկրտիչ, Մանուկ, Ղազար, Տեր-Հակոբ եւ այլն։ Զուտ հայկական անուններով բնակչությամբ (հայերով) ամբողջկան գյուղեր կան (օրինակ Փոքր Մամզարա, Կորխ եւ այլն)։ Բավականին շատ են նաեւ այնպիսի գյուղերը, որտեղ բնակչությունը խառն է որտեղ կամ հայերն են մեծամասնություն կազմում, կամ վրացիները; Առկա են նաեւ վրացական բնակչությամբ գյուղեր։ Կան նաեւ անուններ, որոնց կրողները պարզ չէ՝ հայե՞ր են, թե՞ վրացիներ։ Օրինակ, Թորիա գյուղում իրար կողքի գրված են Մկրտիչ (պարզ է հայ լինելը) եւ Ջանիբեկ Սարգիսիձե (անորոշ է ազգային պատկանելությունը)։ Կամ տարօրինակ է, ըստ իս, երբ էշտիա գյուղի 12 հարկատուների ցուցակն սկսվում է Տեր-Հակոբով, իսկ մյուս անունները վրացական են կամ վրացականացված… ճիշտ կլիներ «դավթարի» թուրքերեն բնագիրը ուսումնասիրեին նաեւ հայ մասնագետները։
18-րդ դարում նույնպես Ջավախքում եղել է հայ հոծ բնակչություն։ Այդ մասին վկայում է 18-րդ դարի 1-ին կեսի (1734-1737) կաթողիկոս Աբրահամ Կրետացու «Պատմությունը», ըստ որի, Նադիր-խանի արշավանքներից մեկի ժամանակ Հյուսիսային Հայաստանի շրջաններից գերված եւ Խորասան քշված 6000 բնակիչները բոլորը հայեր էին. «Եւ գերեցին զՆարիմանու նահանգն, զՋավախէթու, գՉլտրու եւ զՂայի Ղուլու, որք էին բովանդակ ի մեր ազգէ։ Եւ քշեցին զայր եւ զկին, զծեր եւ զտղայ եւ տարան ի Խորասան թուով ԶՌ (6000), որպես եւ լսեմք»։ Ոմանք այն կարծիքին են, թե Ջավախքը Ռուսաստանին միացնելուց առաջ այնտեղ հայեր չեն եղել։ Դա ճիշտ չէ։ Ջավախքի բնակիչներից շատերը գիտեն, որ Բարալեթի, Մուրջախեթի, փոկայի հայ բնակչության մի մասը բնիկներ են։ Ռուբեն Տեր-Մինասյանի «Ախալքալաքի պայքարը» հողվածում զետեղված են Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների 1831թ. մարդահամարի տվյալները, որտեղ հաշվված են միայն բնիկները, առանց 1830թ. երկվոր հայերի։ Վիճակագրությունն այսպիսին է (1828-1829 թթ. պատերազմից հետո)՝ 1716 հայ բնակիչներ (ընտանիքներ), 179 բնիկ վրացի ընտանիքներ եւ 639 մահմեդական ընտանիքներ։ Ահա այսպիսին էր բնիկ հայերի տեսակարար կշիռը Ջավախքում։ Այսօր Ջավախքի Ախալքալաքի եւ բոգդանովկայի շրջաններում ապրում է 120 հազար հայ…