...նաև Սպիտակ Եղեռն/Զարմանալի նմանություն
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
21.10.98թ.
Հայ-վրացական հարաբերությունները գալիս են անհիշելի ժամանակներից։ Բազում դարերի ընթացքում երկուստեք եղել են չափազանց շատ փոխազդեցություններ կյանքի բոլոր բնագավառներում։ Օրինակ, հարյուրավոր բառեր վրացերենին են անցել հայերենից և հակառակը։ Այնքան շատ հայեր են ձուլվել վրացիների մեջ, որ, ըստ գանգաբան Վ. Պ. Ալեքսեևի, հարավային և արևելյան Վրաստանի վրացիներին հնարավոր չէ տարբերել հայերից։
Նման բազմաքանակ և բազմապիսի փոխազդեցությունները չեն, որ զարմացնում են, այլ այն մեկը, որի մասին խոսելու ենք ստորև։ Մեծ Հայքի Մոկք նահանգը գտնվում է Վանա լճից հարավ և Վրաստանից բաժանված է բարձրաբերձ լեռնաշղթաներով ու անդնդախոր ձորերով։ Թեկուզ հենց այդ պատճառով թվում է, որ Մոկսի բարբառը և վրացերենը չեն կարող միմյանց վրա թողնել որևէ ազդեցություն։ Սակայն, ի զարմանս ինձ, այդ թերևս տեղի է ունեցել...
Մ. Մուրադյանի «Ուրվագիծ Մոկսի բարբառի» ուսումնասիրության մեջ (տես Հայերենի բարբառագիտական ատլաս, հատոր, Երևան, 1982 թվական, էջ 113 և 118) հանդիպում ենք Հ. Օրբելու նշած Մոկսի բարբառի հիմնական հատկանիշներից մեզ հետաքրքրող է (7) կետի պարբերությանը, որտեղ կարդում ենք հետևյալը. «Թվականների կազմության մեջ հետաքրքրական է քսան բաղադրիչի կիրառումը, որ հաճախ զուգակցվում է տաս բաղադրիչի հետ. քսան տաս «երեսուն», երկու քսան «քառասուն», իրիք քսան տաս «յոթանասուն», էրկու քսան տասներկու «հիսուներկու»։
Հետաքրքիրն այն է, որ քանակական բարդ թվականների կազմության մեջ այս սկզբունքը հատուկ է ընդհանրապես վրացերենին։
Ես ավելի շատ հակված եմ ենթադրելու, որ այս երևույթը փոխազդեցության արգասիք է։ Իսկ թե ինչպես է այդ տեղի ունեցել, երբ և ինչ հանգամանքներում, անչափ դժվար է պատասխանել... Ամենայն հավանականությամբ, թվականների կազմության այս կարգը վրացերենից է անցել Մոկսի հայերեն բարբառին, որովհետև այն վրաց լեզվին հատուկ երեւույթ է (թերևս ինձ հայտնի չէ, թե նման սիստեմ ուրիշ լե- զուներին ևս հատո՞ւկ է, թե՞ ոչ...)։ Ըստ Մ. Մուրադյանի կազմած թիվ 5 աղյուսակի (տես էջ 181)՝ Մոկսի բարբառի հարևան բարբառներից Բիթլիսի Ոզին ոչ մեծ գյուղի ենթաբարբառում ևս կա թվականների կազմավորման նման սիստեմ և աննշան նկատվում է նաև Վանի բարբառում:
Կարծում եմ, այս հարցը արժանի է մասնագետների ուշադրությանը խոր և համակողմանիորեն ուսումնասիրելու համար։