...նաև Սպիտակ Եղեռն/Ջավախքցիների գողգոթան

ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻ ԳՈՂԳՈԹԱՆ

«Հայք»

թիվ 74,

24.04.1997թ.

1915թ. սկսված հայոց Մեծ եղեռնը շարունակվում էր նաև հետագա տարիներին։

1918թ. փետրվարի 12-ին Օսմանյան Թուրքիան, խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի հետ կնքված զինադադարը, անցավ հարձակման։ Թուրքական կանոնավոր մեծաքանակ բանակի դեմ կանգնած էին հայ-վրացական նոր կազմավորվող փոքրաթիվ զորամասերը, որոնք փոխարինել էին դեռևս հունվարին ռազմաճակատից հեռացած ռուսական բանակի զինվորներին, և որոնք չկարողացան կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Թուրքիան իրեն «իրավական» տեսակետից ավելի ազատ զգաց, երբ 1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Արդահանի, Կարսի և Բաթումի օկրուգները։

1918թ. մարտի 16-19ին թուրքական զորքերը, գրավելով Արդահա– նը, զինթափեցին տեղի հայկական վաշտը, հունական գումարտակը և Ախալցխայի գավառից գնացած թուրքերի հետ միասին իրականացրին անզեն ու անպաշտպան բնակչության կոտորածը։ Արդահանի օկրուգի գյուղերի և Արդահան քաղաքի 7000 հայությունից կենդանի մնացած 5000 կանայք և երեխաները թալանված, ծեծված, սոված ու բռնաբարված փախչում էին դեպի Ախալցխա և Ախալքալաք։ Թշնամին մոտենում էր նաև այս գավառներին։

Ախալցխայի գավառի 30 հազար հայությունը մոտ 6 ամիս թուրքական շրջապատման օղակի մեջ կռվեց հերոսաբար և չպարտվեց։ Այն Թուրքիային հանձնվեց միայն Վրաստանի կառավարության որոշմամբ։ Իսկ Ախալքալաքի ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։ Գավառի 85 հազար հայությունից կարելի էր զինել 8-10 հազար մարդ։ Սակայն, ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ու Անդրկովկասյան սեյմի մեղքով այդ բանը չարվեց։ Նույնիսկ չկարողացան զինել այն 5 հազար երիտասարդներին, որոնք խանդավառությամբ գյուղերից. Ախպլքալաք գնալով, ցանկություն էին հայտնել զինվորագրվելու ինքնապաշտպանությանը։ Այս կամավորներից միայն 2 հազարին ընդգրկեցին տեղի հայկական գնդի մեջ։ Գոնե այդ գունդը չկարողացան զինել պատշաճորեն, որի հետևանքները գավառի ամբողջ հայության համար եղան խիստ ողբերգական։

Մայիսի 20-21–ին (հ.տ. 7-8-ին) գունդը Կարծախ գյուղի մոտ «ցուցադրեց» իր անկազմակերպվածությունն ու վատ զինված լինելը... Անկարգապահության հետևանքով հանկարծակիի եկած նահանջող զինվորների հետ գավառի բնակչությունն սկսեց խուճապահար հեռանալ դեպի Բակուրիան գավառի փախչող ղեկավարների ետևից... Գավառի ղեկավարների ու զինված ուժերի հրամանատարության ապաշնորհության հետևանքով ինչպես գյումբուրդեցիների ու մի շարք ուրիշ գյուղերի բնակիչների գավառի առանձին հատվածներում տարած փայլուն հաղթանակներն ի չիք դարձան, այնպես էլ թշնամու բազմաքանակ զորքերի դեմ միայնակ մնացած Սաթխա գյուղի զինյալների մղած կենաց և մահու հերոսամարտը մայիսի 31-ին (հ.տ. 18-ին) ավարտվեց պարտությամբ։ Գավառի 80 հազար հայեր թողած 2-3 միլիոն փութ հացահատիկ և տասնյակ հազարավոր անասուններ, մայիսի 31-ից հունիսի 2-ը, փախան Բակուրիանի անտառներն ու Ծալկայի հայկական գյուղերը։ Ի դեպ, չգաղթած ու իրենց գյուղերում մնացած և թուրքական իշխանությունների գթասրտությունն ակնկալող Խորենիա և Թակչա գյուղերի և այդ գյուղերում ապաստանած այլ գյուղերի հարյուրավոր բնակիչներ, հիմնականում կանայք ու երեխաներ, ընդհանուր թվով 2000 մարդ, թուրքերի կողմից քշվեցին մարագները եւ գլխովին ոչնչացվեցին մարագների փլատակների տակ…

Բակուրիան եւ Ծալկա գաղթած հայերին Վրաստանի իշխանությունները թույլ չտվին շարժվելու երկրի խորքերը, որի հետեւանքով գաղթակայաններում սկսվեց սով ու նրա ուղեկից տարափոխիկ հիվանդություններ; Ցուրտը, սովն ու համաճաըակը, որոնք հավերժական ու անդավաճան դաշնակիցներ են, սկսեցին հնձել բախտի քմահաճույքին թողնված հայ գաղթականներին։ Նոյեմբեր ամսին Բակուրիանում օրեկան 150 գաղթական էր մահանում, իսկ Ծալկայում 200-300։

Բակուրիանի անտառներում ապաստանած 32 հազար հայերից կենդանի էին մնացել 14 հազարը։

Մեծ Խանչալի գյուղի 1700 բնակիչներից վերադարձել էին 550-ը, 1150-ը մահացել էին Ծալկայում, Սաթխայի 3250 բնակիչներից վերադարձել էին ընդամենը 700 մարդ, 2060 գանձացիներից մահացել էին 720-ը։

Դրանով Ջավախքի հայության ողբերգությունն ամենեւին էլ չավարտվեց, որովհետեւ գավառից թուրքերը տարել էին հացի ամբողջ պաշարները, անասունները, վառելիք չկար, իսկ Ջավախքի ձմեռը տեւում է 5-6 ամիս եւ կատակել չի սիրում… Այդ ծանր օրերին դժբախտներին օգնության ձեռք մեկնեցին գավառի հայ կաթոլիկների 6 գյուղերի եւ ռուսական (դուխաբորների) 9 գյուղերի բնակիչները, որոնք բարեբախտաբար չէին գաղթել; Նրանք անասուններ (այդ թվում քաշող), սերմացու տվին, եւ կյանքը աստիճանաբար մտավ հունի մեջ…