...նաև Սպիտակ Եղեռն/XVII դ․ նշանավոր հայ խոջաներ Պետիկ (Պետրոս) և Սանոս եղբայրները

XVII դ․ նշանավոր հայ խոջաներ Պետիկ (Պետրոս) և Սանոս եղբայրները
XVII Դ. ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅ ԽՈՋԱՆԵՐ
ՊԵՏԻԿ (ՊԵՏՐՈՍ) ԵՎ ՍԱՆՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ


Հայ վաճառականությունն անգնահատելի դեր է կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Առաջավոր Ասիայում և աշխարհում ընդհանրապես, և ներքին, և արտաքին առևտրի զարգացման գործում։ Այժմ փորձենք ներկայացնել մի ժամանակաշրջան, երբ հայ առևտրականները հսկայական գործունեություն են ծավալել միջազգային առևտրի ասպարեզում։

1453 թ. Կոստանդնուպոլիսը թուրքերի կողմից գրավելուց հետո Սիրիայի Հալեպ քաղաքը դարձավ այն առևտրական հանգույցը, որտեղ առևտուր էին անում և եվրոպացի, և ասիացի առևտրականները։ Հալեպում էին կատարում իրենց առևտրական գործարքները Վենետիկի, Անգլիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների առևտրականները։ Նրանք այստեղ էին փոխանակում իրենց մահուդն արևելյան ապրանքների հետ։ 16-րդ դ. առաջին կեսին Հալեպում և այլ քաղաքներում հաստատվեցին եվրոպական երկրների առևտրական մնայուն գործակալություններ, որոնք օգտվում էին հիմնականում հայ խոջաների (16–18 րդ դդ. հայ վաճառական) միջնորդությունից։ XVI դ. Հալեպը հայերեն ձեռագրերում հորջորջվում է «մեծ մայրաքաղաք» և դասվում է Արևելքի խոշորագույն շուկաների շարքում։ Հալեպի հայ խոջաները բոլորից շատ կապված էին Վենետիկի հետ։ Ֆրանսիայի մետաքսյա գործվածքների արդյունաբերությանը հումք հայթայթոդ խոշոր գործակալները հայ խոջաներն էին, որոնք Իրանի և Սիրիայի հում մետաքսը տանում էին Ֆրանսիա։ Առաձնապես այդ բնագավառում նրանք չունեին հավասար մրցակից։

Հալեպի հայ խոջաները աշխույժ առևտուր էին անում նաև Հոլանդիայի հետ։ Պահպանվել է դեպի Հոլանդիա հում մետաքս արտահանելու վերաբերյալ մի համաձայնագիր, որը կազմվել է 1616 թ. Ամստերդամում, մի կողմից «ֆլաման ազգի բանագնացների» և մյուս կողմից հալեպահայ նշանավոր խոջաներ Պետիկ և Սանոս եղբայրների միջև։ Ըստ համաձայնագրի խոջա Պետիկը (Պետրոս) հանդես է գալիս որպես Հոլանդիայի թագուհու էմինը, այսինքն նրա առեւտրական գործերի ներկայացուցիչը Հալեպում։ Խոջա Պետիկը ոչ միայն Հալեպի, այլեւ ողջ Սիրիայի մաքսապետն էր։ Նրանից կախում ունեին նաեւ Տրիպոլիի եւ Ալեքսանդրեթի մաքսատները։ Նկատի ունենալով խոջա Պետիկի հարստությունն ու ազդեցությունը, Սիմեոն Լեհացին նրա մասին գրում է, որ նա «որպես փաշա մի շրջեր»։ Խոջա Պետիկը դառնում է բանսարկության զոհ։ Սուլթանի հրամանով XVII դ. 30. ական թ. թ. Հալեպի բանտում նա գլխատվում է (տես, ՊԲՀ, 1985 թ. 93, էջ 111)։

Հայ խոջաները ժամանակի այդ մեծահարուստները, որոնց թվում եւ Պետիկ (Պետրոս) եւ Սանոս եղբայրները, իրենց գործունեությունը չէին սահմանափակում միայն առեւտրով։ Նրանցից շատերը չէին խնայում իրենց միջոցները հայ հոգեւոր կյանքի զարգացման համար։ Կառուցում էին եկեղեցիներ, նպաստում էին գրչության եւ մանրանկարչության զարգացմանը պատվիրելով ձեռագիր գրքեր, զբաղվում բարեգործությամբ։ Խոջաներ Պետիկ եւ Սանոս եղբայրների Հալեպում (այնուհետեւ խոջա Սանոսի գործունեությունը նաեւ Էրզրումում) նման գործունեության մասին տեղեկանում ենք Ավետարանների եւ նրանց կողմից պատվիրված այլ գրքերի հիշատակարաններից, որոնք արտագրվել, նկարազարդվել եւ կազմվել են «անվանի մայրաքաղաք Բերիայում (Հալեպ)» սկսած 1612 թվականից։ Երուսաղեմի N2625 Ավետարանի հիշատակարանում Գրիչը եւ ծաղկողը Ղազարը, իր շնորհակալական խոսքն է ասում իրեն այդ դժվարին գործում աջակցողներին, որոնց թվում նյութական օգնություն ցուցաբերած հայ խոջաներ Պետրոս, Շաղավաթ, Սանոս եւ Սահակ եղբայրներին «...Դարձյալ աղաչեմ յիշել ի Տէր զբազմերախտաւորքն իմ զպարոն պայազատ խոճայ Պետրոսն, եւ զիւր եղբարքն զխոճա Շաղաւաթն եւ զՍանոս չալապին, եւ զՍահակ մանուկն աստվածավախ եւ աղքատասէր, զծնօղքն իւրանց գմղտեսի մայրն եւ զընտանիքն իւրեանց…»։

Մեկ այլ Ավետարանի, որի նվիրատուն է Սանոս Չալապին, 1616 թ. գրված հիշատակարանից իմանում ենք, որ բարեգործ խոջա Սանոսն Ավետարանը պատվիրելով նվիրել է Հալեպում իր միջոցներով կառուցված եկեղեցուն (Ա. Քառասուն Մանկանց)։ Գրիչի երախտիքի խոսքը հետեւյալն է. «Փառք… եւ երկիւղած իշխանս պարոն խոճայ Սանոս Չալապին, որ արի եւ յաղթող է ի վերայ հակառակորդ թշնամեաց խաչին Քրիստոսի… ետես զսբ. Աւետարանս եւ է առ զսա եւ եդ յիշատակ ի Ս. Քառասունք յեկեղեցիս ի քաղաքս Հալապ. զի իւր ձեռնտըութեամբն եւ իւր անդրանիկ հարազատ եղբօրն պարոն խոճայ Պետրոսին օգնաանութեամբն շինեալ եւ նորոգեալ եղեւ Ս. Քառասունք ի թվին ՌԿԵ (1616)»։ Ի դեպ, այս Ս. Քառասունք Մանկանց եկեղեցին թվով երկրորդ հայկական եկեղեցին էր, որը կառուցվել էր Հալեպում (առաջինը Ս. Աստվածածին եկեղեցին էը XV դ. կառուցված), որին կից կառուցվեց նաեւ առաջնորդարան եւ հյուրատուն, ուր օթեւանում էին ինչպես առեւտրականները, այնպես էլ Հալեպի վրայով Երուսաղեմ Տիրոջ գերեզմանին ուխտի գնացող բազմաքանակ ուխտավորների քարավանները։ Բացի այդ, երկրորդ եկեղեցու կառուցման անհրաժեշտությունն զգացվում էր, որովհետեւ XVI-XVII դդ. Ջուղայից, Երեւանից, էրզրումից եւ այլ վայրերից գաղթած հայերով հայ բնակչությունն աճել էր Հալեպում եւ 1616 թ. կազմում էր 300 տուն, այն շարունակում էր հարաճուն կերպով աճել, եւ մեկ եկեղեցին արդեն չէր բավարարում քաղաքի հայ բնակչությանը…

Հաջորդ վավերագիրը խոջա Սանոսի եւ նրա գերդաստանի մասին Չալապիներ Սանոսի եւ նրա որդու Սկանտարի կողմից 1620 թ. Հալեպում պատվիրված Շարակնոցի չափածո հիշատակարանն է, որտեղ բացի «բարեպաշտաւն իշխանն արի, խոճա Սանոսըն պանծալի» հիշ- վում են նաեւ նրա որդին «Նորաբողբոջ պատանեակ» Սկանտար Չալապին, պարոն Սանոսի կինը խաթուն Շահմելիքը, «մահդասի մայր Վարդխաթունը» եւ եղբայրները։

1624 թ. Սանոս Չալապին պատվիրում է մեկ ուրիշ Ավետարան եւս և այն նույնպես նվիրում Ս. Քառասունք եկեղեցուն: Գրիչը Վարդանն է, որը, հավանաբար, վերոհիշյալ 1616 թ. Ավետարանը եւս ինքն է գրել։ Հիշատակարանի առաջին կեսը կրկնում է 1616 թ. պատվիրված Ավետարանի հիշատակարանն ամբողջովին, իսկ երկրորդ կեսում հիշատակվում են խոջա Սանոսի հայրը «մահդասի» Կիրակոսը, մայրը, կողակիցը եւ «պանծալի» որդին Ըսկանտար (Սկանտար) Չալապին…

Խոջա Սանոսի գործունեության շրջանակները գնալով ընդլայնվում են, հատկապես, երբ նա 1629 թվականին տեղափոխվում է էրզրում (Կարին)։ Սովորաբար մետաքսով բեռնավորված հայ վաճառականների քարավանները Հալեպ էին ժամանում էրզրումի վրայով։ Եվ ահա, Սուլթան Մուրադի եւ նրա վեզիր Խոսրով փաշայի հրամանով, Սանոսը նշանակվում է Էրզրումի մաքսատան պետ։ Այս մասին մենք իմանում ենք XVII դ. մատենագիր Հակոբ Կարնեցու «Շինված Կարնոյ քաղաքի» աշխատությունից (տես. Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ., հատոր II, կազմ. Վ.Ա. Հակոբյան, էջ 564-566)։ «Սանոս Չէլէպի ոմն բարէպաշտօն Հալապցի եկեալ ի քաղաքս Կարին ՌՀԸ (1629)թուին, հրամանաւ սուլթան Մուրատ թագաւորին եւ վեզիրին իւրոյ Խոսրով փաշաին, եղեւ նայ մեծ մաքսաւոր եւ կումրիկչի (կէօմրիւքճի - թրք. մաքսատան պաշտոնյա) քաղաքիս Արզրումայ...»։

Նա մինչեւ իր կյանքի վերջը («որքան եկաց կենդանի») մաքսապետի պաշտոնը վարում էր «...իւր հանճարեղ իմաստութեամբն եւ խոհեմութեամբն»։ Նա ամեն տարի Սուլթանին տալիս էր 100000 ղուրուշ։

Օսմանյան Թուրքիայի եւ Իրանի միջեւ 1586-1640 թթ. տեղի ունեցող պատերազմների հետեւանքով հազարավոր հայեր էին կոտորվում ու գերվում երկուստեք, որովհետեւ, ինչպես գրում է Կարնեցին. «...այն կողմի (Իրանի տիրապետության տակ գտնվող − Ս.Ա.) բնակիչք երկրին ամենայնի Հայք էին եւ են, եւ յայս կողմս (օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող - Ս.Ա.) ամենայն Հայոց ազգէն էին...»։

Այդ ժամանակների Ամենայն Հայոց Կաթողիկոս Մովսես Գ Տաթեւացին («Մօսէսը») (1629-1632) բոլոր պարոնների եւ մելիքների վրա հարկեր էր դնում հայ գերիներին ազատելու նպատակով։

Սանոս Չալապին Կարինում եղած տարիներին փրկագին տալով թուրքական գերությունից ազատել էր 1000 իրանահայերի եւ ուղարկել իրենց բնակավայրերը։ Նրա դերն այս բարի գործում այնքան մեծ էր, որ Հակոբ Կարնեցին բարեգործներից միայն նրա անունն է հիշատակում. «...վասն որոյ նոյն Սանոս Չէլապին եւ քաղաքիս դոլւաթաւորքն եւ վաճառականքն որչափ գերի ազատեցան եւ առաքէին ի տեղիս իւրանց, որոց յիշատակն օրհնութեամբ եղիցին, ամէն»։

Ըստ Հակոբ Կարնեցու, «իսկ իշխանն այն պարոն Սանոսն...», Կարին քաղաքի բերդի միջի եկեղեցին, որը թուրքեերը դարձրել էին տուն եւ մարագ, գնում եւ վերադարձնում է հայերին։ 1637 թ. քաղաքի հայությունը, քանդելով հայկական եկեղեցու հիմքերի վրա թուրքի կառուցած մարագը, վերականգնում է եկեղեցին, կամ, ավելի ճիշտ, այն կառուցում նորովի։ Հայերն այդ փայտաշեն ժամատան համար դիմելով փաշաներին մեծ գումարներ են ծախսում... Սակայն 1662 թ. վանեցի մի մոլլայի դրդմամբ սուլթանը հրաման է արձակում բերդի եկեղեցին թուրքերին հանձնելու եւ մզկիթ դարձնելու մասին։ Հայերի ձեռքին մնում է բերդի պարիսպներից դուրս եղած քաղաքի միակ եկեղեցին...

Այս վերջին իրադարձությունների ժամանակ պատմագիրը չի հիշատակում Սանոս Չէլապու անունը։ Հավանաբար վերջինս այդ ժամանակ այլեւս կենդանի չէր։

Ինչպես տեսանք Հակոբ Կարնեցու պատմությունից, մեծ բարեգործը Սանոս Չալապին, մինչեւ իր կյանքի վերջը ապրում եւ աշխատում էր էրզրումում։ Սակայն նրա վախճանի եւ վերջին հանգրվանի մասին տեղեկություններ չկան։

Մենք ենթադրում ենք, որ էրզրումի Սանոսյանները սերում են այս Խոջա Սանոսից, որի մասին հանդես կգանք առանձին գրքով…