«ԱՊՐԻՄ-ՄԵՌՆԻՄ»

Դեղին կոհակ մը մեջտեղը,— աղտոտ դեղին մը որ ինծի համար գույներուն ամեն են վհատեցուցիչն է, — ճերմակ պզտիկ շեղփերով պարուրված։ Այս է բոլորը։ Չոր, կտրուկ ծաղիկ մը որ սովորական ծաղիկներու փափկությունր ու խոնավությունը, գույներու պեսպիսությունները, երանգները ու մարեյիքները չունի, չունի, մեկ բառով, անոնց բանաստեղծությունը։

Ամեն ծաղիկ, բացի անկե, իր երգիչը ունի, իր հարգված ու մեծարված պարտեզը, ու երբեմն ալ սիրտ մը որուն տրոփումներուն կունկնդրե։ Երիցուկը՝ զուրկ է ասոնց ամենեն, լերան վրա, դաշտին մեջ, միս մինակը կը բուսնի ան, կոխկոտուքներու մեջեն, ձյունին ու փուքին դեմ, որբի մը մեծնալուն պես չարքաշ փթթումով։

Ոչ մեկ փունջի մեջ կերևա իր դեղին կոճակը, իր շքեղութենե անմասն թերթիկները, որոնք ճերմակ ու կակուղ փուշերու կը նմանին, ամեն խնջույքե ու կոչունքե վտարված է ան, ծաղիկներու Վահան վարդապետը, որ անտրտունջ փիլիսոփայությամբ մը կը համակերպի իր չքումին։

Այս տոկունությունը ու այս համակերպությունը վերջ ի վերջո իր սեռը մոռցնել կուտան քեզի. զայն փրցնելու Համար ա՛լ նույն զգուշությունը չես ունենար, ինչ որ կունենաս երբ մեխակ մը, կամ հասմիկ մը քաղես։ Բիրտ ձեռքով կը զատես զայն իր ցողունեն, ո՛չ իր տեսքին համար կրնաս ժաքեթիդ լամբակին անցընել, ո՛չ իր հոտին համար քովդ պահել զայն։ Իր ծաղիկի կոչումը ոչինչ է։

Բայց ավանդական հարցուկն է ան զոր տղա տարի քեզ ճանչըցած ես, փետրտելով հեք պզտիկ թերթիկները «Ապրիմ-Մեռնիմ»ին, հաճոյակատար քուրմը՝ որ դեմդ կեցած շարունակի «Պիտի ապրիս» պատաս խանած է քեզի։

Երիտասարդ, սիրտդ բացած ես իրեն, իրմե հասկնալու համար ճշմարիտը ու ստույգը այն սիրո խոսքերուն զոր պաշտված էակ մը փսփսացած է ականջդ ի վար։

Անկյուն մը քաշված, տենդոտ ձեռքով սկսած ես փետրտուքը, «Կը սիրե զիս, Շատ կը սիրե, Բնավ չի սիրեր»ի անվերջ ու դարձդարձիկ հոլովումը։

Ու չափահաս մարդ, հիմա՛ ալ կակնկալես, դրական ու շոշափելի օգուտը կը փնտրես իրմե, այն միայն զոր կրնա տալ, հաջողության կամ ձախորդության հաշիվներուդ պատասխանը, իբր թե նորօրինակ աղյուսակ մը ըլլար այս պզտի ծաղիկը, ու ակնդետ կը հետևիս «այո»ի «ոչ»ի փոխն ի փոխը անվերջ հակասություններուն, որով իր ողորմուկ պորտին շրջանը կընես հետզհետե մերկացնելով զայն իր ճերմակ փշփշանքեն։


Աղջիկներ կը ճանչնամ, շնորհազուրկ արարածներ որոնք, սիրո ու ըղձանքի առարկաներ չըլլալնուն համար կարծես, կին համարվելու իրավունքը կորսնցուցած են. այրեր են անոնք որոնց հետ էրիկ մարդ մը ինքզինքը հարկադրված չզգար հետևելու լեզվի կամ վարքի պատշաճություններով, որոնք պարտավորիչ են կնոջ մը հանդեպ։ Անոր հետ կը խոսի ամեն նյութի վրա բացահայտ կերպով, առանց վերապահումի, առանց կիսավարտ բառերու կամ թերասքող պարբերություններու։

Ամեն վիշտ կրնա պատմվիլ իրենց, անոր համար գուցե որ անոնք վիշտ ունենալու իրավունքը չունին. տեսակ մը բժիշկ են որոնց ամեն հիվանդությունները կը զրուցվին առանց ամոթի և առանք դարձվածքի։ Կամ թե քողընկեցիկ կիներ են որոնք կարգ մը մարդիկ կերթան, իրենք սիրո քավերը բացատրելով, խորհուրդ ու դարման հարցնելու համար։

Ու այդ աղջիկները հոժարակամ կընդունին այս խորհրդատուի, տեսակ մը մխիթարիչի ապերախտ ու վիրավորիչ պաշտոնը, քեզի հետ մեկ կըլլան քու սիրած կնոջդ վրա հիանալու համար, երբոր դուն անոնց զմայլանքին կը ներկայացնես քու կուռքդ, համրելով անոր բոլոր հրապույրները։ Սև սաթե մազեր, պայծառ ու միանգամայն վրդովիչ նայվածք, հասակ մը արքենի որ շուք կը ձգե իր շուրջը, իր պատմուճանին շքեղությունը, իր ոտքին նուրբ պճեղները որոնք շրջաղգեստին հանդրիճումեն կը տեսնվին, գուշակել տալով ամենեն շնորհալի պարույթը մարմնական գիծերու։

Եվ անոնք, անխռով, մտիկ կընեն քեզի, իրենց ներսեն ընելով ահավոր բաղդատությունը իրենց ողորմուկ անձին հետ։ Իրենց նկուն մարմինը, ավերակ դեմքը, փոքրիկ ու անլույս աչքերնին, վար թափվող շրջազգեստնին վրանուն, ասոնք բոլորը կը բաղդատեն քու ցույց տված լուսաշող պատկերիդ հետ. ու արիությունը կունենան, փոխանակ անեծքով մը վռնտելու զքեզ քովերնուն, կարեկցելու քեզի։


Ո՛րքան շատ օրինակներ կը հիշեմ այն բիրտ խրոխտության որով մարդ մը՝ ուրիշե մը, սովորաբար ինկած ու ողորմելի էակե մը, չի քաշվիր օգտվելե, շարունակելով հանդերձ զայն արհամարհել։ Իրավունքի մը պես կը պահանջե, կառնե անկե էն չնչին օգուտը զոր անիկա կրնա տալ, ընկճվելով դեմինին բրտությանը տակ. երևակայեցեք գինի շինող մարդիկ որոնք խաղողը իրենց ոտքին տակ ճզմելով՝ անոր հոգին կը քաշեն կառնեն։

Ու գանգատի գաղափարը իսկ չի գար այդ քամահրված էակին միտքը, իր պարտքը վճարելու պես հեգությամբ կը խոնարհի իր ճակատագրին առջև որ «Ապրիմ—Մեռնիմ»ին ճակատագիրն է։ Ամեն տարիք ու ամեն հասակ պիտի ծռի փրցնելու ու իսկույն փետրտելու համար զայն։ Հետո անոր դեղին աղտոտ ու մերկ կոճակը պիտի մնա միայն, մեջտեղը, գետինը, ոտքի տակ, ասոր կամ անոր գարշապարին տակ սղմվելու համար, հերատուկ կիներու պես։

Շատ կը հանդպիմ անոնց, փետրտածներուն, իրենց ճերմակ փշփշանքը կորսնցնողներուն։

Երբեմն էրիկ մարդիկ են անոնք, պատանիներ՝ երազնին թողած, երիտասարդներ՝ իրենց հույսերը լքած, աշխարհ մտած առջի օրերնուն։

Երբեմն ալ կիներ, կույսեր, որոնք այրերը չի ճանչնալնուն համար կը տառապին, իրենց շնորհները կը թողուն, և արամբիներ որոնք այրերը ճանչցած ըլլալնուն համար իրենց հրապույրներեն կը մերկանանք — բոլորն ալ փետրտած «Ապրիմ — Մեռնիմ»ներ։


Ես սիրած եմ միշտ այս «Ապրիմ-Մեռնիմ» անունը։ Կյանքի ու մահվան այս քովքովիությունը, այս եղբայրությունը սիրած եմ։ Քով քովի, ու թե որ կուզեք, իրարու մեջ անցած, ազնիվ թաշկինակներու անկյունները բանված սկզբնատառերու պես։ Այդ գիրկընդխառնումը, մեկ բառի մեջ ամփոփված, բոլոր աշխարհը չի՞ ձևացներ միթե։ Ըլլալ ու չըլլալու հարցը չէ՞ ան, ռամիկ ու աղետավոր հարցը որ ամեն առարկայի վրա դրոշմված է։

Ամեն անգամ որ կը քաղեմ քեզի, ով պզտիկ դեղին ծաղիկ, կը հիշեցնես ինծի այն ահավոր մերձավորությունը զոր քու անունդ կը կազմե. «Ապրիմ - Մեռնիմ». երբոր ամեն տեղ Կյանքը կը ջանա ըստ կարի խուսափիլ, հեռու կենալ Մահեն, քու վրադ միայն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն։ Այն քաղաքին պես որ իր գերեզմաննոցը իր ծոցին մեջ զետեղած է՝ փոխանակ հեռուն, շատ հեռուն, անտեսանելի անկյուն մը տանել դնելու, դուն ալ Ապրելուդ մեջ Մեռնիլդ պարփակած ես։

<1900>