ԿՈՐՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ

Աշտարակիկներով, պարիսպներով շրջապատված անհեթեթ ու ամայի ժայռի մը կողին վրա խիպախող եվրոպական դղյակ մը չէ, որուն լռությունը ու միայնությունր արհավիրքով լեցուն կըլլա շարունակ, և որուն շուրջը բնությունն ալ ըմբոստ և անհրապույր բան մը կունենա, պառված կույսի մը դաժանությունը։

Ո՛չ, անանկ չէ շենքը. լայն ու լուսավոր պատուհաններով վիլլա մը, հինկեկ քիչ մը՝ բայց հանգստավետ կառուցումի մը քոլոր պայմաններուն մեջ. իր շուրջի ընդարձակ պարտեզը՝ դարավոր ծառերուն ստվերովը, մամուռներուն կանանչ թավիշովը, որ կարծես փայփայանքի կոչում կընե, տունտեղ եղած թոչուններուն երամովը՝ տարիներ տևող լքումի մը շնորհն ու ազնվականությունը ստացած է։

Նորություն ու պաճուճանք չկա հոն. ամեն բան տարիքը առած, վրդովումե հեռացածի հով մը ունի։

Իրիկնամուտի ատեն է. հոյակապ անդորրություն մը որուն մեջ կը թաղվի տունը. վերջալույսը չի թափանցեր հոն. այլ գեղեցիկ մադերու վրա ցոլացածի՛ պես, տեղ տեղ, մարող արևին ճառագայթները կուգան լուսե ադամանդներ գնել հինավուրց ծառերու սաղարթներուն վրա։ Դրան առջև, ուրկե լայնանիստ մարմարե քիչ մը ներկոտած աստիճաններ պարտեզ կը տանին, փայտե քանափեի մը վրա՝ գեղջկական արդուզարդով, պաթիսթե չփակով ու պատմուճանով, երիտասարդուհի մը, որուն ժպտուն դեմքին վրա, երես առած, չարաճճի, գրեթե անառակ աղջկան մը երեվույթը կա։

Նայվածքը ուշացրիվ և աննպատակ կը սևեռի իր շուրջի ստվերներուն մեջ, աննշմարելի իտեալի մը հետապնդումովը։

Եվ ճիշտ այդ վայրկյանին կռնակը կեցող այր մը, որ տարիքոտ նշանածի մը կը նմանի ինծի, անոր ականջն ի վար բաներ մը կը փսփսա. սիրո, անձնվիրության խոսքեր թերևս։

Աղջիկը գլուխը չի դարձներ ետին նայելու համար թե ո՞վ է այս վրդովիչ բառերը նետողը, սկեպտիկ, դարավերջիկ գեղուհին է ինքը և ոչ այն անփորձ կույսը, որուն հոգին մեկ նայվածքով կը խռովի, ու բոլոր այնքան խնամով մտածվածս քաղցր ձայնով մը արտասանված խոսքերը կերթան կը կորսվին, անդարձ ու անօգուտ, իրիկվան մթնշաղին մեջ։

Այս է պատկերը, անգլիացի վարպետե մը առնված գեղեցիկ վիմագրություն, որ իր ոսկեզօծ շրջանակին մեջ սենյակիս պատին վրա կը տեսնեմ ամեն օր։

Եվ ամեն օր, գրեթե ամեն անգամ, նոր տեսածի պես կը կենամ անոր առջև, կը մտածեմ, այս վերջալույսին շքեղությանը, ու այս երանության միջավայրին վրա կը հիանամ, այս ոչ երիտասարդ սիրահարին թափած լեզվին վրա կը ցավիմ, և աղջկան անփույթ ու անզգա կեցվածքին ծափահարելս կուգա։

Կը լսեմ, ականջովս կը լսեմ գրեթե, սա անխոս պատկերին վրայեն, անուշ խոսքերը որ այս մարմարի պես անխռով աղջկան կուղղվին առանց հաջողելու հասնիլ մինչև անոր միտքը ու հոգին։

Եվ կը հասկնամ վերնագիրը, այս աղվոր ու խորհրդածություններով լեցուն պատկերին վերնագիրը, զոր նկարիչը, իմաստասեր մը կյանքի, այնքան խորին գիտակցությամբ մը դրած է

Կորսված խոսքեր

Կորսվա՜ծ խոսքեր. և ատկե զատ բա՛ն մըն է կյանքը միթե.

կորսված բոլորն ալ, աղեկն ու գեշը, անուշն ու դառնը, օգտակարը և անօգուտը, միշտ դեմդ՝ սա պատկերին մեջ ի գեղեցիկ կինը՝ գլուխը քեզի դարձնելու չհոժարող իր վես ամբարտավանությանը մեջ։

Ակամա կը նմանցնեմ ինքզինքս, հրապարակագիրը, աս տարիքոտ նշանածին որ իր միտքը ու սիրտը ճնշելով, լուծելով է՛ն գեղեցիկ խոսքը, է՛ն աղվոր խորհուրդը, է՛ն շնորհալի ձևը կը մատուցանե ան երես առած աղջկան որ հասարակություն կը կոչվի. մտազբաղ ու անտարբեր հասարակություն որուն ուշադրությունը չեմ գիտեր ո՛ւր կը մոլորի ու կը սևեռի միշտ։

Բայց այս անփույթ կեցվածքը, այդ ուսերը թոթվելն երբոր ամենեն լուրջ ու կարևոր խնդրովը կուզես զինքը զբաղեցնել, իր շահուն, իր բարօրության վրա խոսիլ հետը, չարգիլեր զքեզ իր օգուտին հավիտենական մտածողը, չարգիլեր որ գիշերն ի բուն տքնիս հետևյալ օրը նոր բառ մը բերելու իրեն, ականջն ի վար քաղցրությամբ, նոր խոսք մը, կորսված աոջիններուն պես։

Իրոք կորսված՝ այն ըսված բոլոր խոսքերը որոնք, եթե շուտով ու դյուրությամբ կարտասանվին, գիտցած ըլլաք որ նույնքան դյուրությամբ չեն պատրաստվիր և ամենեն դժնդակ աշխատությունն են հրապարակագրին համար։

Կորսված, այս ժամուն համար թերևս, բայց ո՛չ բոլորովին։

Երբեմն, անոնք որ ինծի պես երաժշտության համար օտարականներ են, օր մը անհաճ ու անդեպ վայրկյանի մը մեջ, առտուն անկողնեն ելած պահերնուն, օրինակի համար, երգի պզտիկ հատկտուր եղանակ մը կը հիշեն. տղա հասակի մեջ դպրոցը լսված, կամ մեծնալե վերջը, փողոցե մը անցված ատեն, ականջի դպած երգի մը վերհիշումն է. երգ որուն կարծեր էինք չունկնդրել, Եվ այս վայրկյանիս, հիշողության զարմանալի կարողությամբ մը, ո՛վ գիտե որքան տարի վերջը, առտվանց կանուխ այդ կտոր բրդուճ եղանակը կը տիրե մտքիդ, եղուր կը փորձես փախչիլ անկե. իր անցյալ բոլոր մոռացումին, լքումին, ատենով իրեն համար ցույց տրված արհամարհանքին վրեժը կը լուծե և կը պարտավորե զքեզ քթիդ տակեն ճշմարիտ հաճույքով մը մրմնջել զինքը։

Հանրության համար հրապարակագրին խոսքերը այս երգի Փշրանքին կը նմանին։ Մոռցված խոսքեր, թերևս, կորսվա՜ծ խոսքեր, երբե՛ք։

<1898>