«Գոյություն ունի միայն մարդը»

«ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԱՐԴԸ»

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ նեղ օրվա մեջ են ճանաչում ամենալավ բարեկամին։ Ճանաչում են նրա մեկնած ձեռքից։ Մաքսիմ Գորկին ձեռք էր մեկնում ոչ միայն մեկ մարդու, այլեւ ժողովուրդների, ոչ միայն մարդկանց, այլեւ՝ հանուր մարդկությանը։ Մեծ էր։ Տեսնում էր մեծավարի։ Գործում էր մեծավարի։ Ի թիվս մյուս ժողովուրդների, հայ ժողովուրդն էլ կյանքի ու ճակատագրի ամենածանր՝ եղեռնական օրերին զգաց Մաքսիմ Գորկու մեկնած ձեռքի ջերմությունը։ Դա ռուս ժողովրդի ձեռքն էր, որ հնագույն ժամանակներից ի վեր հարազատացել էր հայ ժողովրդին, այն արդար ու մաքուր ձեռքը, որ անասելի երկար է (աշխարհի որ ծագում էլ լինի) հասնելու եւ մարդու արցունքը սրբելու, օգնելու, ստեղծելու, արարելու, աշխարհը գեղեցկացնելու, բարիացնելու համար։

Արդարության աստվածային ձեռքը։

Եվ որքա՜ն լավ է, որ գրողն իր մեկնած ձեռքով անգամ ժողովուրդ է ներկայացնում։ Դա է գրողի մեծությունը, դա է գրողի վեհությունը, նրա կերտած ու չկերտած գործերից ամենամնայունը դա է։ Եվ դրանով, հիրավի, գրողն իր անձեռակերտ ու հավերժ կենդանի արձանն է կերտում ժողովուրդների սրտում։ Ահա թե ինչպիսին է Մաքսիմ Գորկին։


***

Ժամանակի հետ Գորկին նորանում ու թարմանում է ավելի։ Առասպելականացած գրողը մեզ ներկայանում է նոր կողմերով, դեռեւս նոր չբացահայտված խորություններով։ Եվ ահա թե ինչու այսօր էլ մեր հեղափոխական վերափոխումների կենտրոնում դարձյալ Գորկու ստեղծագործությունն է կանգնած։ Հզոր է նրա ստեղծագործության բարեփոխիչ ուժը, մասսաների վրա ունեցած ներգործությունը։ Այժմ էլ, այո, շարունակում է իր օգուտները բերել Գորկին ու, մանավանդ՝ բերելու է... Այսինքն՝ աշխարհը բարենորոգող երեւույթ-պրոցեսը անկանգ է, շարունակական, մշտապես գործուն... Եվ այդ վերափոխիչը չէր ծնվել ժողովրդական լեգենդներից, զրույցներից, հեքիաթներից։ Նա ծնունդ առավ իրական կյանքից։ Նրան դարերի ընթացքում արարեց ժողովուրդը։ Նա ժողովրդի դառը տառապանքներից գոյություն առավ, հառնեց, որ իր իսկ կերտած Դանկոյի նման պատռի կուրծքն ու սիրտը հանի, լուսառատ մի ջահ դարձրած գլխից վեր, առաջնորդի մարդկությանը դեպի ազատություն, դեպի փրկություն... Անցյալի դառնությունից ծնված լույս...

Դառնությունից։ Այստեղից էլ հենց գրողն ընտրել է իր գրական անունը՝ Գորկի։ Սա բավականին խորհրդանշական է մեկ այլ առումով եւս. սիրել, ասել ճշմարտությունը, մանավանդ՝ ցույց տալ, որքան էլ այն դառը լինի...

Ազատության հրով է վառվում Դանկոյի սիրտը։

Դանկոյական սրտի մշտաբորբոք հուր է Գորկու ամբողջ ստեղծագործությունը՝ «Մակար Չուդրա» առաջին պատմվածքից մինչեւ «Կլիմ Սամգինի կյանքը» պատմափիլիսոփայական հզոր էպոպեան։ Ինչ գործ էլ ստեղծել է, առաջին պլանի վրա քանդակել է աշխարհը վերափոխող նոր մարդուն, առաջադրելով իր ամենազորեղ դավանանքը՝ գրականությունը մարդագիտություն է։ Որքա՜ն հումանիստական, որքա՜ն գորկիական են այս տողերը. «Մարդը, սա շատ մեծ բան է, այս բառի մեջ է ամեն բանի սկիզբը եւ վախճանը, ամեն ինչ մարդու մեջ է, եւ ամեն ինչ մարդու համար է, գոյություն ունի միայն մարդը, մնացած ամեն ինչ նրա ձեռքի ու մտքի արդյունքն են կազմում։ Մարդ, դա մի հրաշալի բան է, մարդ, հնչում է հպարտ, պետք է հարգել նրան եւ ոչ խղճալ ու ստորացնել նրան»։

Եվ սա կարող էր ասել միայն Մաքսիմ Գորկին։ Նա, որ ծնվեց հասարակ հյուսնի հարկի տակ, մանուկ հասակում որբացավ, կրեց անասելի ծանր ու դժվարին զրկանքներ, հալածանքներ, հազար անգամ մահվան դուռը հասավ, բայց միշտ էլ կարողացավ տոկալ, տքնել, վեր հառնել, քանզի նրա մեջ ամուր էր կանգնած, հզոր էր մարդը։ Անգամ ամենաանհուսության պահերին գրած նրա տողերում էլ տեսնում ենք սերը կյանքի նկատմամբ։ Պատանեկության ծանր օրերին ինքնասպանության փորձի դիմած Ալեքսեյ Պեշկովի գրպանում գտնվել է մի երկտող. «Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել գերմանացի պեոտ Հայնեին, որ հնարել է սրտի ատամնացավը։ Սրան կից դնում եմ իմ փաստաթուղթը՝ գրված հատկապես այս դեպքի համար։ Եվ աճյունը խնդրում եմ անդամահատել եւ դիտել, թե վերջին ժամանակներս ինչ սատանա էր նստել մեջս։ Կցված փաստաթղթից երեւում է, որ ես Պեշկովն եմ, իսկ այս երկտողից, հույս ունեմ, ոչինչ չի երեւում»։ Այս ամենին Գորկին հետագայում անդրադարձավ իր «Դիպված Մակարի կյանքից» պատմվածքում։

Մեջբերված երկտողում անգամ դժվար չէ նկատել այն հակասությունը, որ ստեղծված էր Մաքսիմ Գորկու եւ նրա ապրած ժամանակների միջեւ։ Խորանում էր կոնտրաստը։ Հասունանում էր ազատության պայքարը։ Մինչեւ գրական բեղմնավոր աշխատանքի լծվելը եւ դրանից հետո էլ Գորկին ճանապարհորդում էր անընդհատ. նոր ճանապարհներ, երկրներ, մարդիկ, ժողովուրդներ, ծանոթություններ, կենդանի շփումներ... Այս ամենը հարստացնում էին նրա կյանքը, նոր թեմաներ ու գաղափարներ հուշում, ավելի կենսունակ դարձնում նրա գրիչը։ Ապա գրողի ու ինքնատիպ անհատականության ձեւավորման գործում զգալի դեր են խաղացել ռուս անկրկնելի դասականներ Ա. Չեխովի եւ Լ. Տոլստոյի հետ ունեցած նրա շփումները, կապերը։ Գեղեցկախոսությունից հեռու մնալու, գեղեցիկը միայն իրականի ու պարզի, ճշմարտության մեջ որոնելու, անպաճույճ ներկայացնելու խորհուրդներն էլ վճռորոշ դեր խաղացին։ Ավելին, այդ հատկանիշները դարձան Գորկու ստեղծագործության ամենաբնութագրական գծերը։

Նոր մարդու, աշխարհը վերափոխող մարդու կերպարը ցույց տալու համար Գորկուն մնում էր իր հոգու խորքը նայել։ Նայեց ու տեսավ, որ կյանքում սխրագործություններ կատարելու տեղ ու փափագ միշտ էլ կա, որ մարդը միշտ պետք է խիզախի, հաղթի։ Դա էր կյանքի ճշմարիտ ուղին, դա է ազատության, երջանկության, մարդու մարդավարի ապրելու խորհուրդը։ Մաքսիմ Գորկին ռուս գրականության լավագույն ավանդույթները զարգացրեց, հարստացրեց ու «նոր պատմական հիմքի վրա» բարձրացրեց։ Կյանքի մրրիկներում կոփված նրա թեւերը ավելի լայն բացվեցին ժամանակի ալիքների վրա, նա ոչ միայն ընկրկեց փոթորկի առաջ, այլեւ իրեն նետեց նրա ամենախոր հորձանուտի մեջ, դառնալով ազատության համար մրրկահավ («Մրրկահավի երգը»)։

Մրրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում,
Պոկում է թեւով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դեւ,
Սեւ, անագորույն ոգի փոթորկի-
Եվ ծիծաղում է, եւ խուլ հեկեկում...

Թե ծննդավայր Նիժնի Նովգորոդում, թե Կազանում, Թիֆլիսում, թե Ամերիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լոնդոնում, Իտալիայում, ամենուրեք էլ, ուր եղել է գրողը, տեսել է տառապող մարդուն՝ աշխարհի ցավերի մեջ տոկացող բեռնակրին, աշխարհի համար նոր ուղի եւ ճանապարհ հարթող ուժի մեջ տեսել է մարդկության փրկության հույսն ու ապավենը, որի համար էլ բախվել է տիրող դաժան կարգերին, ենթարկվել հալածանքների, բանտարկությունների։ Հատկանշական է, որ Գորկին իր գրական գործունեությունը սկսել է Անդրկովկասում։ Թիֆլիսում լույս տեսնող «Կավկազ» թերթում է տպագրվել մեծ գրողի առաջին պատմվածքը՝ «Մակար Չուդրան», որը եւ գաղափարի ու գեղարվեստական մտածողության առումով էլ արդեն նախանշում էր գեղագետ Գորկու ուղին։ Խոշոր հումանիստն ինքնակրթության, համառ աշխատանքի միջոցով հասավ կյանքի մեծագույն ճշմարտությանը, հասավ հասարակական ու գաղափարական իր հայտնությանը, որը եւ գեղարվեստական մարմնավորում գտավ նրա բարձր արվեստի մեջ։ Գորկու ստեղծագործություններում կա մի վեհ, փոթորկածին ու անհաղթելի, անկոտրելի ոգի, որի շնորհիվ նրա տողն ու բառը, նրա պատկերն ու նկարագրությունը դառնում են ավելի ներգործուն ու հավաստի, հուզիչ։ Այս առումով խիստ հատկանշական են գրողի «Պառավ Իզերգիլ», «Բազեի երգը», «Մրրկահավի երգը», որոնք լավագույն գոհարներն են ոչ միայն ռուս, այլեւ համաշխարհային իրականության մեջ։

Գորկու մոտ ոչինչ հնարովի չէ, ամեն ինչ գալիս է նրա ապրած ժամանակաշրջանից, ռեալ իրականությունից։ Ավելին, գրողի կերտած կերպարներն ունեն իրենց նախատիպերը։ Եվ ժողովրդական բանահյուսության անսպառելի հարստություններին քաջատեղյակ գրողը չէր կարող իր գործերը կերտելիս չդիմել այն ամենին, որի ակունքը ժողովրդի կենդանի կյանքի մեջ է, բառ ու բանի մեջ։ Այստեղից էլ՝ պայքարի ու աշխատանքի հանդեպ ունեցած խորը նախասիրությունը, որը Գորկու արվեստի մեջ առաջնային է, շնչում է մարդասիրությամբ, լավատեսությամբ, մատչելիությամբ, գեղեցիկն ու առաջադիմականը հաստատող սկզբունքներով, մասսաների, ժողովրդի շարժիչ ուժը ճանաչելու խիզախությամբ, հերոսականությամբ։

Ծանր ու դժվարին կյանքով ապրած մարդը, քաղաքացին ձգտում էր իր կյանքի ամեն մի վայրկյանը իմաստավորել մարդկանց երջանկության, ուրախության համար։ Նա, թերեւս, քաջ գիտեր իսկական երջանկության գինը։ «Լավագույն հաճույքը, կյանքի ամենամեծ ուրախությունը այն է, որ դու քեզ մարդկանց պետքական ու մոտիկ ես զգում։ Դա ճշմարտություն է, մի մոռացեք այն, եւ դա ձեզ կպատճառի անչափ երջանկություն»,- գրում է Գորկին իր նամակներից մեկում։

Ռուս գրականության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», «Հատակում», «Մանկություն», «Արտամանովների գործը», «Եգոր Բուլըչովը եւ ուրիշներ», «Կլիմ Սամգինի կյանքը» եւ մյուս բարձրարվեստ գործերը, որոնցով նոր դարաշրջան է նշանավորվում գեղարվեստական մտածողության պատմության մեջ։ Առանձնահատուկ է նաեւ Գորկու պիեսների դերը թատերական արվեստի զարգացման գործում։ Բավական է հիշել, թերեւս, թատերագրության մեջ արձանագրված մի փաստ այն մասին, որ Բեռլինում «միայն մի խաղաշրջանի ընթացքում «Հատակում» պիեսը խաղացվել է հինգ հարյուր անգամ»։ Հենց մեր՝ Ստեփանակերտի պետթատրոնում բեմադրվել են Գորկու «Հատակում», «Վասսա Ժելեզնովա», «Քաղքենիներ» պիեսները եւ արժանացել ջերմ ընդունելության։ Աշխարհի թատրոնների ռեպերտուարներում հիմնական տեղ ունեն գրողի գործերը։

Մեծ գրողի ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ ու շատ լեզուներով։ Հայ ընթերցողը Մ. Գորկու ստեղծագործությունը սկսեց մայրենի լեզվով կարդալ դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներին։ Գրողի «Մրրկահավի երգը» ստեղծագործությունն առաջին անգամ հայերենի է վերածել Ավ. Իսահակյանը, որն այդ մասին հետագայում հպարտությամբ էր հիշում։ Գորկուց բարձրարվեստ թարգմանություններ են կատարել Ստ. Շահումյանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Նար-Դոսը եւ ուրիշներ։ Մեծ հումանիստի հետ բարեկամական սերտ կապերի մեջ են եղել Ալ. Թամանյանը, Ալ. Սպենդիարյանը, Վ. Տերյանը, Հ. Գյուրջյանը, Ալ. Շիրվանզադեն եւ ուրիշ նշանավոր գրողներ, գործիչներ, արվեստագետներ։ Ալ. Սպենդիարյանը Գորկու «Ձկնորսն ու փերին» ստեղծագործության համար գրում է երաժշտություն՝ տպագրված մի օրինակը նվիրում գրողին։ Ինքը՝ Գորկին, ընթերցելով Գ. Սունդուկյանի «Պեպոն», ոչ միայն շատ հավանեց, այլեւ, ինչպես պատմում եմ ժամանակակիցները, ցանկություն հայտնեց բեմի վրա խաղալ Պեպոյի դերը։

Առանձնապես ջերմ ու սրտառուչ էին Գորկու եւ Հակոբ Գյուրջյանի հարաբերությունները։

Այս ամենը խոսում է այն մասին, որ մեծ սրտի ու հոգու տեր Մ. Գորկին առանձնահատուկ սեր ու վերաբերմունք էր տածում փոքր ժողովուրդների նկատմամբ։ Եղեռնական 1915-ին նա ոչ միայն իր հզոր ձայնը բարձրացրեց թուրքական կեռ յաթաղանին զոհ գնացող մեր ժողովրդի գոյապահպանության օգտին, այլեւ նրա հոգու հարստությունները («Հայ գրականության ժողովածու») պարզեց աշխարհի առաջ, ցույց տալու համար, որ հավերժական է այն ժողովուրդը, որը նման հանճար ու անպարփակ բարություն ունի։

Տարիներ հետո, լինելով Հայաստանում, Գորկին խոստովանել է. «Ես ամենալավագույն տպավորություններն ստացա Երեւան եւ Հայաստան կատարած իմ ճանապարհորդություններից։ Հայաստանը մեծ ապագա խոստացող երկիր է։ ...Հայաստանի ժողովուրդը թողնում է գործունյա ժողովրդի տպավորություն, որն, անկասկած, գիտե, թե ինչպիսի խնդիրներ են անգամ իրենք վճռելու»։ Հայ բանաստեղծներ Գ. Սարյանը, Գ. Բորյանը, Ս. Վահունին, Թ. Հուրյանը եւ ուրիշներ ջերմ տողեր են նվիրել մեծ երգչին։ Իսկ ահա թե ինչ է գրել Ալ. Շիրվանզադեն Մ. Գորկուն՝ նրա «Մանկություն» վեպը կարդալուց հետո. «Իմ կարծիքով, ամբողջ գիրքը ռուս ժողովրդական կյանքի, նրա հարստահարված վիճակի սիմվոլն է։ Եվ ոչ միայն ռուս ժողովրդի, այլեւ բոլոր ժողովուրդների ընդհանրապես»։ Այո, բոլոր ժողովուրդների, որոնց իսկական բարեկամության երգիչն էր Գորկին։ Հետագայում Գորկին խմբագրեց նաեւ «Հայ պոեզիան» տարեգիրքը։

Գրողը աշխարհի արձագանքն է. Մաքսիմ Գորկին իր իսկ կյանքով ու գործունեությամբ ցույց տվեց, որ դա, հիրավի, այդպես է։

1988թ.