Նրա երգերի ներքնատար շարժումները

ՆՐԱ ԵՐԳԵՐԻ ՆԵՐՔՆԱՏԱՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Վերա Զվյագինցեւայի անվանը հանդիպելիս մեզանից յուրաքանչյուրի սիրտը լցվում է ջերմագին զգացումներով։ Ասես լավ բանաստեղծություն ենք ընթերցում, ասես մեր սիրտը շոյում է մի երաժշտություն, որ հնչյուններ չունի։ Այս ամենի անունը հոգեհարազատություն է, որ գալիս է ռուս անվանի բանաստեղծուհու ստեղծագործությունից։ Ասել է թե՝ նա մարդկանց նվիրել է պոետական մի աշխարհ, ուր տիրողն անթառամությունն է նվիրական երազանքների ու ապրումների, ուր արեւը լույս ու ջերմություն է առնում սիրածի, ընկերոջ, բարեկամի սրտից։

Մարդկային բյուրեղյա զգացումների երգչուհի է Վերա Զվյագինցեւան։ Նրա տողը պրկված է նվագի պատրաստ լարի նման, նրա զգացումը խորն է, ապրումը՝ հուզառատ։

Ինչպես մարդուն են խոր սիրահարվում,
Ձայնին, շարժումներին, փայլին աչքերի,
Այդպես էլ իմ մեծ, փոթորկոտ դարում
Սիրահարվեցի ես հին մի երկրի։

Բանաստեղծուհու ստեղծագործությանը հատուկ են ռուսական հոգու անսահմանությունը եւ հոգու վեհությունը։ Բնավորություն ունի նրա բանաստեղծությունը. մարդամոտ է, սրտամոտ է, անկեղծ ու իր խոհերով՝ վարակիչ։ Մտքի, փիլիսոփայական խոհի շիկացածության մեջ է, որ Զվյագինցեւայի հույզը դառնում է տրամադրական, ոչ միայն խոսում քեզ հետ, այլեւ խոսեցնում է։ Նրա երգերի ներքնատար շարժումներն ընթերցողին տանում են դեպի ակունքը լույսի ու մաքրության, ուր ամենամեծ շնորհը, դա, ըստ բանաստեղծուհու, անմնացորդ նվիրվելն է։ Եվ միանգամայն սրտաբուխ է նրա խոստովանությունը.

Ինձ հարցնում են հաճախ կյանքում.
-Ասա, ինչպես ես դու քեզ զգում,
Ես՝ ինձ... բայց ում է դա հարկավոր,
Ես քեզ եմ զգում, ուրիշներին,
Հարազատներին իմ բյուրավոր...

Սա Զվյագինցեւայի համար պոետական դավանանք է, կյանքի ու գործունեության սկզբունք։ Նրա երգն իր իսկ սրտի արտացոլանքն է։ Ամբողջության մեջ նվիրումի ջահ է բանաստեղծուհու պոեզիան։ Ու այդ ջահի լույսը մեզ պատմում է աստղերի անկրկնելիության մասին։ Ոչ սովորական այն աստղերի մասին, որոնք երգ են դառել Զվյագինցեւայի ստեղծագործությունների մեջ, որոնք իրենց պսակն են դրել բանաստեղծուհու տողերին։ Չէ՞ որ «միշտ, ամենուրեք, եւ ամենայն օր մարդուն մի պայծառ աստղ է հարկավոր»։ Եվ, բանաստեղծուհու խորին համոզմամբ, այն պետք է պատմեն իրենք՝ մարդիկ, ստեղծեն, նրանց մեջ իրենք իրենց տեսնեն, իրենք իրենց փնտրեն։ Այս աստղը Զվյագինցեւայի համար սերն է, մարդու եւ մարդկայինի հանդեպ ունեցած անհուն հավատը, բարձրի եւ բարու ապավենը։

Կարոտ, հիացմունք, խնդություն ու սեր
Կհերիքեր դեռ մի հարյուր տարի.
Թող որ ինձ ասես ապրիր դարեդար,
Ես չեմ ասի «ոչ», ես չեմ դադարի։
Սիրուց, այրվելուց ես չեմ դադարի.
Տանջվում եմ, ճիշտ է, զոհում, նվիրում
Ամեն ինչ, անգամ ինքս ինձ մոռացած,
Ես խենթի պես եմ աշխարհը սիրում։
                                          («Ընկերոջս հիշատակին»)

Վերա Զվյագինցեւան համեմատաբար քիչ է գրել։ Բայց գրել է սրտով, դավանանքով ու նվիրվածությամբ։ Գեղարվեստական կատարելության, թեմաների նորության ու բազմազանության, գրական նյութի ակտուալության առումով բանաստեղծուհու հրատարակած ժողովածուները («Կամրջի վրա», «Մոսկովյան քամի», «Ռուսական ճամփաներով», «Ձմեռային աստղ», «Իրիկնապահ») իրենց ուրույն տեղն ունեն ռուսական պոեզիայի զարգացման պատմության մեջ։ Եվ, որ շատ կարեւոր է, Զվյագինցեւայի լավագույն գործերը քայլում են ժամանակի հետ համընթաց եւ սրտահույզ ապրումներով ու հոգեկան հարուստ գործերով վարակում ընթերցողներին։ Դա, անշուշտ, բնական է, որովհետեւ, ինչպես բանաստեղծ Հր. Հովհաննիսյանն է նկատել. «Զվյագինցեւայի համար բանաստեղծությունը չի եղել երկրային վայելքների աղբյուր, նա դողով է վերցրել գրիչը եւ թղթին ու աշխարհին հաղորդել իր նվիրական միտքը, երազանքը, հույզը, նպատակը։ ... Ռուս պոեզիայի անաղարտ ճամփաներով է գալիս նրա ոսկեհեր մուսան...»։

Զվյագինցեւայի լեզուն ինչպես միշտ, այստեղ էլ պատկերավոր է, թարմ եւ ունի ներքին մի պարզություն, որ շուք ու հմայք է տալիս նրա ամեն մի տողին, ամեն մի քառյակին։ Եվ հենց նրա պոեմի անվեհեր հերոսն էլ այդպիսին է՝ սրտաբաց, պարզ, խիզախ ու անձնվեր։

Վերա Զվյագինցեւայի ստեղծագործություններում ակնառու տեղ է գրավում «Իմ Հայաստանը» բարձրարժեք բանաստեղծությունների շարքը, որը մի նոր կողմով է բացում բանաստեղծուհու վեհ ու վսեմ հոգին ընթերցողի առաջ.

Հայոց «Վարդ» մեղեդին է լսում, թե քայլում է Հաղթանակի կամուրջով, Սարյանի գույների աշխարհում է, թե ճարտարապետական վեհ կոթողների առաջ, բանաստեղծուհին գտնում է ապրումի արտահայտման ամենահամոզիչ, ամենահավաստի բառն ու տողը՝ խոստովանելու իր անհուն սերը ծաղկող, աճող, հավերժի ուղին բռնած մի ժողովրդի հանդեպ.

Հիմա սրտներն է ժողովուրդների
Եղբայրությունը ձուլել ու թրծել,
Եվ ազնիվ, անկեղծ խոսքերը երգչի
Բոլոր ազգերի գանձերն են դարձել։

Հիրավի, լավ երգը գանձ է։ Բանաստեղծուհու վաստակը մեծ է նաեւ թարգմանական գրականության բնագավառում։ Զվյագինցեւան հսկայական աշխատանք է կատարել հայկական պոեզիան ռուս ընթերցողին ներկայացնելու առումով։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես հայ դասականներ Նահապետ Քուչակից, Միքայել Նալբանդյանից, Հովհաննես Թումանյանից, Ավետիք Իսահակյանից կատարած նոր թարգմանությունները։

Քիչ գործ չի կատարվել նաեւ Զվյագինցեւայի բնաստեղծությունները հայերեն լեզվով թարգմանելու ուղղությամբ։ Վերա Զվյագինցեւային 1969թ. շնորհվել է Հայաստանի կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում։

Իր ամբողջ կյանքը Վերա Զվյագինցեւան լույս դարձրեց ժողովուրդների բարեկամության ճանապարհին։ Եվ այդ լույսը նաեւ ջերմություն է տալիս... Ահա թե ինչու, երբ ամեն անգամ հանդիպում ենք Վերա Զվյագինցեւայի անվանը, մեր սրտում ու աչքերում լույսը շատանում է։ Դա նրա երգած ամեն մեկին խիստ հարկավոր աստղի՝ «բարձրին ու բարուն» ապավեն աստղի լույսն է... Դա կյանքի, պոեզիայի լույսն է...

1984թ.