«Տարածքը կայանում է միայն այն դեպքում, երբ այնտեղ ողջակիզվում ես»
«ՏԱՐԱԾՔԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ ՈՂՋԱԿԻԶՎՈՒՄ ԵՍ»...
Վերջին տարիներին Հայոց Արեւելից աշխարհ Արցախը բավականին ակտիվորեն է ներգրավվել գրական համընդհանուր գործընթացի մեջ, այլ խոսքով, ինչպես իրավացիորեն նշվել է պարբերական մամուլում, Արցախը «գրական արվարձան» լինելուց դադարել է։ Այս մասին են վկայում նաեւ օրերս Ստեփանակերտում ու Շուշիում անցկացված միջոցառումները, որոնց մասնակցեցին ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ անվանի գրողներ, գիտնականներ, մշակույթի եւ արվեստի երեւելի դեմքեր։ Հանդիսավորությամբ նշվեց Մուրացանի ծննդյան 150-ամյակը, «Ազգային գրականությանը՝ ազգային պաշտպանություն» կարգախոսի ներքո անցկացվեցին գրողների ու հասարակության, զինվորականության ներկայացուցիչների հանդիպումներ, համահայկական գրական խորհրդաժողով։
-Մեր առաջին հարցը, պարոն Հակոբյան, ձեւակերպենք այսպես. Արցախի գրողների միությունը, որպես հասարակական կազմակերպություն, ի՞նչ սկզբունքներով է ծավալում իր գործունեությունը, ինչպես է գոյատեւում այսօր, մանավանդ, որ աշխարհի մասշտաբով, հաճախ խոսք է գնում անգամ նման միությունների գոյության արդարացված կամ չարդարացված լինելու մասին։
-Գրողների միության եւ գրողի գործունեության սկզբունքը կանխորոշված է ի սկզբանե՝ ծառայել ժողովրդին, լինել այն հողը, որի մեջ դալարում է ազգի գոյության արմատը։ Սա համընդհանուր, գլոբալ խնդիր է, գրականության կոչումը։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ Մաշտոցը հայոց առաջին դպրոցներից մեկը բացեց հենց արցախական եզերքում՝ Ամարասում։ Ասել է թե՝ ազգապահպանության գործում էն գլխից կարեւորվել է Արեւելից Կողմանց տեղն ու դերը։ Իսկ դրանից առաջ իր անվամբ կոչվող քաղաքներից երկուսը Տիգրան Մեծը կառուցել է Արցախում։ Պատմությանն անդրադառնալը մեր նպատակը չէ տվյալ դեպքում, բայց պիտի ասել, որ մշտապես մեծ բախումների կիզակետում հայտնված եզերքը, որ շատ անգամ է արհեստականորեն անջրպետվել մայր Հայաստանից, նրա հետ միշտ էլ մշակութային ամբողջականության մեջ է եղել, հոգեւոր տարածքները չէին կարող ենթարկվել «վարչական բաժանումների»։ Իսկ դա ենթադրում է ոչ միայն զինվորական ուսադիրների «փայլ ու զնգոց», որով փառաբանված է Արցախը, այլ նաեւ, առաջին հերթին, հոգեւոր տոկունություն։ Այսինքն՝ թրի եւ գրի միասնականությունն է վճռում ելքը։ Այստեղից էլ բխում է հարցի երկրորդ մասի պատասխանը՝ արդարացվո՞ւմ է գրողների միության գոյությունը ժողովրդի կյանքում, թե՝ ոչ։ Գրողների միություններն այսօր չեն ներկայանում զուտ որպես հասարակական կազմակերպություններ։ Շեշտը պիտի դնել «ստեղծագործական»-ի վրա։ Ասված է, որ գրականությունն ազգային մշակույթի գագաթնային երեւույթն է։ Պատկերացնել անգամ չենք կարող, թե ինչ կլիներ ցանկացած ժողովրդի վիճակ` առանց գիր ու գրականության։ Ստեղծագործական միություններն, այո՛, արժանի են պետական լուրջ վերաբերմունքի։
-Ի դեպ, վերջերս մամուլում խոսք եղավ, որ Ձեր ղեկավարած միությունում նկատվել են ինչ-որ չարաշահումներ։ Դրան անմիջապես հետեւեցին Հայաստանի ԳՄ վարչության, ինչպես եւ, բնականաբար, Արցախի գրողների միության հերքումները։ Ինչպես եք Դուք մեկնաբանում երեւույթը։
-Իհարկե, շատ ցավալի է, երբ փաստերն աղավաղվում են բացահայտ միտումնավորությամբ։ Այդ կարգով փորձել են թյուրիմացության մեջ գցել նաեւ «Իրավունք»-ի ընթերցողին։ Ճշմարտության հետ ոչ մի կապ չունեցող նման «գրությունները», անկեղծ ասած, ոչ զարմացնում են ինձ, ոչ էլ զայրացնում, որովհետեւ Արցախի ԳՄ եւ անձամբ իմ գործունեությունը ժողովրդի աչքի առաջ է՝ թե մայր Հայաստանում, թե Սփյուռքում, առավել եւս՝ թե Արցախում։ Կարծում եմ իմաստ չունի զրպարտագրի մասին ասել, որ այն զրպարտագիր է։ Դա տեսնում են բոլորը։ ԳՄ հասցեին հորինված զրպարտագրում վկայակոչվել է Արցախի Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Ա. Սողոմոնյանը։ Իսկ Սողոմոնյանն անդրադառնալով նույն այդ «հարցին» (N13, 27-ին ապրիլի, 04 թ.), ուղղակի ժխտել է ԳՄ հասցեին գրվածը։ Ահա երկու տող նրա գրավոր պատասխանից. «Ինչ վերաբերում է նրան, թե իբր ԼՂՀ ԳՄ-ում գրանցվել են յուրացումների կամ հափշտակումների դեպքեր, նման բան չի արձանագրվել ՎՊ հաշվետվությունում եւ եզրակացությունում եւ չի համապատասխանում իրականությանը։ Դա, կարելի է ասել, առանձին «բարեկամ» լրագրողների երեւակայության արդյունք է, ուրիշ ոչինչ»։ Այնուհետեւ ՎՊ նախագահը նշում է, որ այդ խնդրում իր «անվան շահարկումը եւս սադրանք է»։ Հետեւությունը թողնենք ընթերցողներին։ Իսկ ինչ մնում է նրան, որ որոշ մարդիկ, (կեղծված եւ չկեղծված ստորագրությունների ետեւում մեկ-երկու հոգի են), տուրք տալով անձնական ամբիցիաներին, Արցախի ԳՄ եւ, հետեւապես նաեւ իմ անվան վրա ցեխ են շպրտում պարբերաբար, ապա դա առաջին հերթին բացատրվում է նրանով, որ ցեխը չի կպչում, «ստիպված» գործողությունը շարունակում են անընդհատ կրկնել, մոռանալով, որ դա, ի վերջո, իրենց համար, ինչպես Արցախում են ասում, դառնում է փեշակ: Այդ ամենին ես միշտ նայում են բարձրից։ Եվ որպես գրող ու լրագրող, գտնում եմ, որ ոչ ոք, ով էլ նա լինի, չպիտի մամուլը դարձնի անձնական հաշիվներ մաքրելու միջոց։ Յուրաքանչյուր մարդ այնտեղ է, որտեղ իրականում կա, այլ ոչ թե այնտեղ, ուր ինչ-որ մեկն ուզում է նրան տեսնել կամ ցույց տալ։ Առավել եւս՝ գրողն իր արածով ու թողածով, իր գրածով է երեւում, ոչ թե իր մասին գրվածով։ Ի վերջո, յուրաքանչյուր բառ հեղինակային նկարագիր է ու կենսագրություն։ Ասվածին կուզենայի, ավագի իրավունքով, հավելել միայն մեկ նախադասություն՝ գրիչ վերցնողը պիտի հարգանք ունենա գրչի հանդեպ։
-Պարոն Հակոբյան, Արցախը վաղնջական ժամանակներից ի վեր աշխարհին տվել է գրականության եւ մշակույթի երեւելի շատ դեմքեր՝ Դավթակ Քերթող, Կիրակոս Գանձակեցի, Գոշ, Մուրացան, Ղազարոս Աղայան, Լեո, Ստեփան Աղաջանյան, Արսեն Տերտերյան, Աշոտ Հովհաննիսյան, Վաղարշ Վաղարշյան, Ավետիք Բահաթրյան, Բագրատ Ուլուբաբյան, Սեւակ Արզումանյան... Հնարավոր չէ բոլորին թվարկել։ Այսօր ովքեր են շարունակում նրանց ու մեր ժողովրդի մյուս մեծերի ավանդույթները։
-Պիտի ասել, որ խորհրդային տարիներին, երբ ազգային պետականությունից կտրված էր Արցախը եւ գտնվում էր ազերական բռնատիրության ներքո, երբ հինավուրց հայկական այդ եզերքում չէր գործում անգամ եկեղեցին, հայոց պետականության դերը կամովին ստանձնել էր ազգային գրականությունը, ինչպես ասում են։ Ասել է թե՝ գրողի ուսերին դրվել է ավելի մեծ բեռ, քան կարելի էր ենթադրել։ Հետեւապես, դրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ արցախյան գրական ընտանիքի ղեկավարները (սկսած նրա հիմնադիր Գրիգոր Ներսիսյանից մինչեւ Բոգդան Ջանյան ու Բագրատ Ուլուբաբյան), հիմնականում, հայտնվել են կամ աքսորներում, կամ՝ բանտերում։ Վաթսունական թվականներին, արցախյան շարժման զարթոնքի նոր շրջանում, գործի գլուխ էր կանգնած Արցախի գրական կազմակերպությունը՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ։ Ութսունականներին Արցախում ապրող հայ գրողը դարձյալ իր դիրքում է, դարձյալ Արցախի գրողների միությունն է շարժման ընթացք տվողը, «Կռունկ» կոմիտեի կորիզը ամբողջացնում են գրչի մարդիկ, 88-ի պատմական նստաշրջանի անցկացման առաքելությունը, նախաձեռնող խմբի կողմից, ինձ էր վստահված։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հայոց ոսկեդարից մինչեւ մեր օրերը ժողովրդի գրիչները մնում են ավանդներին հավատարիմ։ Հայ գրողը, ի ծնե եւ գրիչ է, եւ... թուր։ Լավ է ասել իմ ավագ գրչեղբայր Հր. Բեգլարյանը՝ Որտեղ Ավարայր, ես այնտեղ թուր եմ։ Մեր գրական ընթացքն, անշուշտ, ունի որոշակի վերելք։ Սա, իհարկե, ուրախալի է։ Գրողների միությունն առաջին էր Արցախում, որ, դեռեւս կոմունիստական կարգերի օրոք, դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ Կազմակերպությունն այժմ ունի գրական երկու պարբերական, հրատարակչություն։ Այստեղ կա շնորհալի գրողների մի ստվար ջոկատ։ Ընթացիկ տարվանից գործում է հրատարակչական հատուկ խորհուրդ՝ տպագրվելիք գրքերի գործընթացը կազմակերպելու համար։ Արցախում ապրող գրողը մասնակցում է համահայկական գրական գործընթացներին՝ մեկ միասնական դաշտի մեջ։ Սա մեր նվաճումներից է։ Սակայն, խոստովանենք, գրականությունն այնպիսի մի ոլորտ է, ուր արվածով ավելի է ընդգծվում չարվածը։ Եվ դա բնական է։
-Այսպիսի մի հարց՝ մեր օրերի հայ գրողի եւ, մանավանդ, Արցախում ապրող գրողի, քաղաքացիական պարտքը ո՞րն է։
-Լինել ժողովրդի եւ ճշմարտության դատաշապտպանը։ Գրողի մեծագույն առաքելությունն ինքնակիզումն է։ Տարածքը չի կայանում, մինչեւ որ գրողն այնտեղ չի ողջակիզում իրեն։ Չարենցի օրինակը շատ բան է ասում, Չարենցի (իրենով իսկ) վառած հուրը հավերժի լույս ունի։ Ժամանակներն արագ փոխվում են, պահանջների էությունը գրեթե նույնն է մնում։ Իսկ գրականության մեջ ավանդապահ կարող է լինել միայն նորարարը։ Օրվա ուսերին է ոչ միայն ներկայի, այլ նաեւ անցյալի, առավել եւս՝ ապագայի հոգսը։ Մենք սովորել ենք ազգովին հաղթահարել անհաղթահարելին։ Լույսի հատակին մթան մրուր է մնում միշտ։ Կերտել ոչ միայն գրականություն, այլեւ երկիր ու հայրենիք։ Հնարավորից ավելին անելը մեզ համար արդեն ազգային նկարագիր է։
-Գրողի եւ պետության հարաբերությունը ինչպե՞ս եք դիտում։
-Լինել գրող, նշանակում է՝ լինել ընդդիմություն։ Եվ սա ընդհանուր առաջընթացի պարտադիր պայմաններից է։ Սակայն, այստեղ կա մի նրբություն, որը հաճախ է շահարկվում։ Կեղծ նոտան, շինծու պահվածքը միշտ էլ սպանիչ է այս հարաբերության մեջ։ Լինի առանձին վերցրած մեկ անհատ, թե պետություն, ներքին ընդդիմության բացակայությունը մահ է։ Առողջ ընդդիմության մասին է խոսքը, այսինքն՝ այն ընդդիմության, որի գերխնդիրը պետականության ամրապնդումն է, երկրին ու ժողովրդին զորակցելը. ես միշտ դեմ եմ ցուցադրական, արդեն մոդայիկ դարձած ու դրսից ծափահարելի ընդդիմությանը։ Գրողը տեսանող է։ Օրինակ, ինձ համար, հիմա գլխավոր հոգսերից մեկը, Արցախի գյուղերի վերականգման խնդիրն է։ Այս ուղղությամբ, իհարկե, սխալ կլիներ ասել, թե գործ չի արվել։ Արվել է, ինքս այդ մասին բազմիցս նշել եմ, բայց այսօր, արդյունքը չի գոհացնում։ Մեր գյուղերը մենք կորցնում ենք օրը ցերեկով՝ մի անբացատրելի ինքնագոհությամբ։ Մինչդեռ գյուղը, դա միայն գյուղ չէ, այլեւ դիրք, այն էլ՝ առաջին դիրք։ Այսինքն՝ հարցը ռազմավարական բնույթ է ստանում։ Ես խաղաղության, մեր գոյության եւ վաղվա հաղթանակի ու զարգացման դինամիկան կապում եմ նաեւ այս պրոբլեմի լուծման հետ։ Խիստ կարեւորում եմ հասարակության եւ իշխանությունների ազնիվ հարաբերությունը։ Կան պրոբլեմներ, որոնց լուծման գործում դիլետանտական մոտեցումների առկայությունը դարձել է խիստ նկատելի, առանձին դեպքերում՝ նահանջի աղբյուր։ Կադրային հարցի դրվածքը գոհացուցիչ չէ մի շարք ոլորտներում։ Չլուծված խնդիրները շատ են։ Իհարկե, նշենք, որ ԼՂՀ չճանաչված լինելն ու տեւական շրջափակումը եւս խիստ բացասական են անդրադառնում ընդհանուր գործին։ Գրողը պարտավոր է այս ամենի մասին խոսել բարձրաձայն, սրտացավությամբ։ Թերությունը չտեսնելուն տալ, նշանակում է դավաճանել ազգին, պետությանը, սեփական խղճին ու գրչին, անցյալին ու ապագային։ Չկա ավելի մեծ բռնատիրություն, քան մարդու ներքին անազատությունը։
-Դուք արցախյան շարժման ակտիվ գործիչներից եք, հանրահայտ «Կռունկ» կոմիտեի նախագահի տեղակալը։ Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ հարթության վրա եք այժմ դիտում արցախյան խնդիրը, այդ համապատկերում՝ Հայաստան-Արցախ համագործակցությունը։
-Արցախի խնդիրը մեր ժողովրդի գոյության պայմանն է ՝առանց չափազանցման։ Տանուլ տալ այստեղ, նշանակում է՝ տանուլ տալ ամեն տեղ։ Բնական է, մեր բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում մայր Հայաստանի կենարար շնչառությունն է։ Մեզ համար, սակայն, երբ սթափ չենք գնահատում իրադրությունը, ավելի վտանգավոր է դառնում մեր իսկ հաղթանակը, ոչնչով չարդարացվող ինքնահանգստացումը, չպիտի մոռանանք, որ թշնամու հետ բաց կռվում մենք միշտ հաղթում ենք, խաղաղության մեջ, ավելի ճիշտ՝ «փակ կռվում», տանուլ տալիս։ Թույլ չլինելն այսօր շատ է քիչ մեզ համար, դա մեզ հիմա ձեռնտու չէ, մեզ անհրաժեշտ է հզոր լինել, մեր միակ կամուրջը մեր ձեռքն է, մենք, ցավոք, ազգովին պառակտիչ մի աղետի մեջ ենք հայտնվել, ուր Արարատն անգամ բավականին ցածր է մեր տապանի փրկության համար, հետեւապես՝ պիտի դիմենք ազգային միաբանությանը, որից բարձր գագաթ, գոնե, մեզ համար, չկա։
-Մեր վերջին եւ ավանդական հարցը. այն վերաբերում է գրող եւ գիտնական Վարդան Հակոբյանին, որի ստեղծագործական առաջին քայլերը նկատել, խրախուսել եւ նրան գրական անուն է տվել Շիրազը։ Հետագա տարիներին Ձեր պոեզիան բարձր գնահատեցին Վազգեն Առաջինը, Խանզադյանը, Սարինյանը, Հովհ. Գրիգորյանը... Ինչ նոր գործերի վրա եք այժմ աշխատում, ինչպես եք ստեղծագործում Ձեր բազմազբաղվածության մեջ, մանավանդ՝ ստեղծել եք նաեւ Նարեկացու անունը կրող համալսարան, որն արդեն պետական կարգավիճակ ունի։
-Օրերս տպագրության եմ հանձնել բանաստեղծությունների նոր գիրք՝ «Քարի շնչառությունը», այն, փաստորեն, «Թեւերի հեռուն» ժողավածուի երկրորդ հատորն է։ Շուտով ավարտին կհասցնեմ հոդվածների իմ նոր ժողովածուն։ Բազմազբաղվածությունը, կարելի է ասել, կարոտ է ծնում դեպի հիմնականը՝ բանաստեղծությունը։ Եվ դա լավ է։ Հղացումներ շատ ունեմ։ Իմ բոլոր ձեռնարկումներում ինձ առաջնորդում է պոեզիան, որը ձգտում է ազատագրվել բառից։ Աստծուն եւ իմ ժողովրդի ապագային հավատում եմ անվերապահորեն։ Իսկ Նարեկացին փարոս է։
2004թ.