Երբ դեմ առ դեմ հանդիպում ենք Չարենցին

ԵՐԲ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՉԱՐԵՆՑԻՆ...

-«Հարցարան՝ Վարդան Հակոբյանի» երկխոսության մեջ մեջբերում են կատարել Ունգարետտիից. «Ես դժվարությամբ ու մեն-մենակ կրում եմ հոգիս»։ Այդ «հոգին» գրեթե նույնացրել ես խառնվածքի հետ։ Լինո՞ւմ են պահեր, երբ անհաշտություն է լինում քո եւ քո հոգու միջեւ։ Ի՞նչ ես զգում, երբ, ասենք, անում ես /կամ ստիպված ես լինում անել/ մի բան, որի հետ... համաձայն չի լինում հոգիդ։

-Ավելի ճիշտ կլիներ հարցնեիր. «Լինո՞ւմ են պահեր, երբ հաշտություն է լինում քո եւ քո հոգու միջեւ»։ Միշտ հակասության մեջ եմ, այդ հակասությունն էլ ինձ ավելի է մոտեցնում... ինձ։

-Քո ստեղծագորությունը, գրական-հասարակական գործունեությունը բարձր են գնահատվել մեր ժամանակի այնպիսի դեմքերի կողմից, ինչպիսիք են Վազգեն Առաջինը, Շիրազը, Խանզադյանը, Մաթեւոսյանը, Դավոյանը, Դ. Հովհաննեսը եւ ուրիշներ։ Իսկ ահա քո «Մենարան» գրքի առաջաբանում արդի հայ գրականության մեծերից մեկը՝ Սերգեյ Սարինյանը գրել է. «Իր հայտնությամբ նա ընդլայնեց մեր պոեզիայի աշխարհայացքը՝ թե իբրեւ ձեւույթ եւ թե որպես հոգեզգայական խոհերգություն՝ հայրենի եզերքի ռոմանտիկական էկզոտիկայի նոստալգիան համահնչելով գոյի եւ անգոյի համամարդկային հղումներին»։

Վերջերս հրատարակված «Քսաներորդ դարի հայ քնարերգության զարգացման միտումները» աշխատությունդ, որը դարձավ եւ դոկտորականի թեզ, Սիլվա Կապուտիկյանի կողմից որակվեց որպես «մեծ ներդրում մեր գրականագիտության մեջ»։ Ի դեպ, շնորհավորում ենք բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ։

-Շնորհակալություն։

- Շարունակեմ միտքս։ Այս ամենին գումարենք նաեւ, որ «Գրիգոր Նարեկացի» համալսարան ես ստեղծել։ Այնքան շատ «հակադիր բեւեռներ» ունեցող այժմյա կյանքում ինչպե՞ս ես կարողանում գլուխ հանել բազմազբաղությունից եւ արդյունք ապահովել։ Ինչպե՞ս ես հասցնում այդքանը... Ու՝ ենթահարց, մյուս բոլորը... չե՞ն խանգարում բանաստեղծությանը։ Չե՞ն խլում քեզ նրանից։

-Մեծագույն երանություն է ինձ համար մեծերի հետ հաղորդակցվելը, շփվելը, առնչությունների մեջ լինելը, միաժամանակ՝ տեսնելը, թե նրանք ինչպես են տեսնում։ Առանց դրան իմ կյանքը եւ ճանապարհը չեմ պատկերացնում։ Բազմազբաղության մասին ասեմ՝ ժամանակ չի ունենում նա, ով ոչինչ չի անում։ Ավելացնեմ՝ գիտությունը, բանաստեղծությունը եւ մյուս երեւույթները /որքան «հակադիր բեւեռներ» լինեն՝ այնքան ավելի լավ/ միայն նպաստում են բանաստեղծությանը եթե քար էլ տաշեմ, էլի նպաստ է բերում։ Բացի դա, հիշենք, որ հայ մտածողի ու գեղագետի, մանավանդ՝ գրողի համար, բազմազբաղությունը ազգային հատկանիշ է Մաշտոցից, Հովհ. Մագիստրոսից, Շնորհալուց, մինչեւ մեր օրերը, մինչեւ Սեւակ ու Էդոյան։ Սեւակի բանաձեւն է՝ գրողը գործ ունի ամեն բանի հետ։ Ինձ ոչինչ եւ ոչ ոք չի կարող խլել բանաստեղծությունից։

-Քո կարծիքով՝ դյուրի՞ն է, թե՞ դժվար Արցախում... գրող լինելը։

-Ինչու՝ Արցախում։ Եթե գրողը գրող է, ամենուրեք նրա համար դժվար է։ Չարենցը որտեղ էլ գտնվի, նրա կանգնած տեղը դառնում է աշխարհի ամենատաք կետը, քանի որ, ինչպես Հակոբ Կարապենցն է ասել Բակունցի առիթով, «ամբոխը միշտ էլ թշնամի է եղել արվեստագետին»։ Սա, իհարկե, ուղղակի իմաստով չի ասված։ Ինչ վերաբերում է Արցախի գրողին, ինչպես դու ես հարցնում, ապա նրա մասին մեր ժամանակի մեծագույն գեղարվեստագետներից մեկն ասել է. «Ղարաբաղի բանաստեղծը եռակի բանաստեղծ է, շատ ավելին, քան բանաստեղծը»։ Կարծում եմ, սպառիչ դիտարկում է։

-Ես մի առիթով գրել եմ գրական խոտանի մասին, որը, գրեթե որպես կանոն, ծնվում է «գրականության ուղեկիցներ» կոչվող «կատեգորիայից»... Ով փող ունի, գիրք է տպագրում։ Բանավոր մի զրույցում, երբ այս խնդիրն արծարծեցի մեր պոետներից մեկի հետ՝ հանգիստ ժպտալով ասաց. ուղեկիցներ միշտ էլ եղել են, ժամանակին կմաղվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մեծ հաշվով վերցրած՝ գուցե եւ այդպես է, բայց... Չե՞ս գտնում, որ մինչ «տիղմը կիջնի հատակը», մի ամբողջ սերնդի մոտ թյուր պատկերացում ու վատ ճաշակ կձեւավորվի գրականության հանդեպ։ Հենց սա է սրություն տալիս հիմնահարցին...

Այստեղ էլ ենթահարց. ժամանակին, արդյո՞ք, մեծ «ուռայով» չբացվեցին... գրողների միության անդամության դռները ոմանց առջեւ։

-Նախ՝ «գրականության ուղեկիցները» չէ, որ խոտան են ստեղծում, առանց նրանց չկա գրականության պատմություն։ Ինչ վերաբերում է «ով փող ունի՝ գիրք է տպում» ձեւակերպմանը, ապա կասեմ, որ ձեր նշած այդ փողվորներից ոչ մեկը ԳՄ անդամ չէ /դժբախտաբար թե բարեբախտաբար/։ Բայց ես ուզում եմ ընդգծել մի ճշմարտություն. երբ Շեքսպիրը «Համլետ» էր ստեղծում, ԳՄ անդամ չէր, ոչ էլ «ապահովված» էր նրա ժամանակը խոտան ստեղծողներից։ Սա ուրիշ հարց է։ Եվ հետո՝ «գազոն, թե անտառ» հարցադրումը վաղուց է սպառել իրեն, քանի որ գրականությունը, հիրավի, անտառ է, որտեղ մեկը մյուսին հաշվի առնող ծառեր չկան, մեծ կամ փոքր, ամեն մեկն իր «հաշիվն» ունի՝ Աստծուց նախատեսված։ Այստեղից էլ՝ հարցիդ պատասխանը։ Բայց կա նաեւ ենթահարց, որը ենթադրում է ենթապատասխան. ես ու դու քո նշած «ոմանց» մե՞ջ ենք, թե` դուրս... Տարիներ շարունակ մեզ չէին ընդունում ԳՄ շարքերը։

-Հասարակական կարգի փոխվելը միանշանակ հասարակական կազմակերպությունների օգտին չէր՝ գոնե ֆինանսական առումով, համաձա՞յն ես։ Գոյություն ունեցող իրավիճակից այն ժամանակ օգտվում էր եւ գրողների միությունը։ Այսօր նրա գոյությունը վտանգի տակ է... Ինչի՞ հետ ես կապում փրկության հույսը։

-Հույսը կապում եմ... հույսի հետ, որի զավակներն ենք բոլորս։ Մենք դպրության ազգ ենք։ Մեր ամեն հարցում դպրությունից, բազմակի մեծացնում է մեր մեջ դպրության հանդեպ կարոտը, արժեքավորում այն ավելի։ Եվ ինչքան հեռացած ենք լինում մենք մեզանից, այնքան ավելի կարոտով ենք վազում մենք դեպի մեզ, ինչպես ասում են։ Վերադարձն այնքա՜ն գեղեցիկ է լինում։ Թումանյանն ասել է, որ ազգը ազգ է դառնում գրականությամբ, գրականությամբ է կուլտուրական ժողովուրդների շարքը կարգվում... Գրականությամբ, մշակույթով է պայմանավորվում ազգի լինելությունը։ Հայ ընտանիքը պիտի գրքի ու դասագրքի անկյուն ունենա, որ երկիրն էլ ունենա գրող ու գրականություն։ Մենք մեր կառուցած կամ կառուցվելիք տան որեւէ մաս, էն գլխից, նախատեսո՞ւմ ենք գրքի համար։ Սա է խնդիրը՞։ Սա է հույսը։ Ավելի կոնկրետ։ Արցախում պետությունը միջոցներ հատկացրել է ու կհատկացնի գրականության զարգացման համար։ Ինչ վերաբերում է գրողների միությանը, ապա այն հասարակական կազմակերպություն է, ուրեմն եւ պետության կողմից չի ֆինանսավորվում, բնականաբար։ Խոսքի ազատությունը ավելի գնահատելի եւ մեծ արժեք է։

-Քեզ երբեմն չի՞ այցելում այն «մեղավոր միտքը, թե... ո՞ւմ համար ես գրում»։ Գիրքը չի հասնում ընթերցողին՝ ընդհանրապես եւ իսկական ընթերցողին՝ մասնավորապես։ Վերջինս փող չունի գրքի համար. հացի եւ այլ «առավել հրատապ» խնդիրներ կան... Իսկ ով ունի փող, նա էլ թքած ունի անգամ դասական ստեղծագործության վրա։ Մի առիթով, հիշո՞ւմ ես, Զորին ինչքան դիպուկ ասաց՝ ռեստորանում մի նստել-վերկենալու վրա այնքան փող են ծախսում, որ կհերիքեր 2-3 գիրք հրատարակելուն, բայց մշակույթին չեն օգնում։ Դու դեռ հույս ունե՞ս, թե գեղեցիկը կփրկի աշխարհը... Գեղեցիկը լավ բանաստեղծությունն է, երգը, նկարը, պարը, որ հիմա անտերունչ վիճակում են։ Մեկենասների թիվը նվազ է, եղածներն էլ, չնչին բացառությամբ, թափով, ինչու չէ՝ նաեւ որակով Տրետյակով ու Մանթաշյան չեն... Կա նաեւ խնդրի մեկ այլ կողմ։ Մեր վարչապետը մի առիթով վկայակոչել է Նժդեհի խոսքը. ողորմածություն տալիս են ոչ թե խղճահարությունից, այլ զզվանքից... Դաժան խոսք է։ Ճիշտն ասած, ինքս չեմ հիշում՝ Նժդեհը ստույգ հենց այդպե՞ս է արտահայտվել, հնարավոր է՝ այլ համատեքստով լինի ասած, բայց բոլոր պարագաներում մի ճշմարտություն կա` այո. այն, որ հովանավորյալի դերում հայտնվելու մեջ վիրավորական ինչ-որ բան կա։ Գուցե սեփական անզորության գիտակցումն է... Ախր հազվադեպ չի լինում, երբ առնողը որոշակի ներքին արժանիքներով, ընդհանուր էությամբ ավելի հարուստ է լինում՝ քան տվողը...

-Ծաղիկը ծնվում է բուրելու համար, ուրեմն՝ պիտի բուրի, աղբյուրը բխում է հնչելու համար, ուրեմն՝ պիտի հնչի... Գրում ենք, որովհետեւ գրելու համար ենք ծնվել... Կանխամտածվածությունը ծննդի հարցում, անմարդկային է, հակաաստվածային... Եթե գիրք եմ տպագրում, ամբողջ տպաքանակը, համարյա, նվիրում եմ իմացածս ընթերցողներին, որոնց հետ կուզենայի հաղորդակցվել։

Նժդեհի մասին կասեմ, որ նա մեր ժամանակների հայ եզակի մարգարեներից է։ Ընդունելով նրա միտքը, ուզում եմ զարգացնել այսպես. Աստված ողորմած է բոլորի հանդեպ։ Ողորմություն վերցնելը ողորմելի լինել չէ, քանի որ շատ հաճախ ողորմելին լինում է ոչ վերցնողը։ Ողորմելին նա է, ով ունեւոր է ու ողորմածություն չի տալիս կարիքավորին, նա է, ով ողորմությամբ չի կարեւորում իր ունեցածը՝ ազգի համար։ Իսկ ինչ վերաբերում է գրականությանը, ապա նա միշտ էլ ավելին է տալիս, քան ստացածն է... Հոգեւորը նժարի վրա չի դրվում։ Հոգեւորը ազգային մեծության արժանիքն է։ Վտանգավորը ողորմածությանը սովորելն է։ Օրինակ, ես կուզենայի, որ Արցախում, ինչպես ամեն հասուն երիտասարդ իր պարտքն է կատարում հայրենիքի առաջ, այնպես էլ ամեն մի աշխատունակ արցախցի, պարտադիր ձեւով լծվեր աշխատանքի, քանզի հայրենիքի հանդեպ պարտքը բանակով չի ավարտվում, այն շարունակվում է ամբողջ կյանքում։ Այդ ժամանակ, կարծում եմ, բոլոր հարցերն իրենց տեղով կգնան ու կլուծվեն։ Թե չէ, սովորել ենք, ամեն առիթով եւ ամեն ինչից Լենին պապիկ սարքել, հետո էլ նեղանալ «Լենին պապիկից», թե ինչու չի համապատասխանում մեր սարքածին։ Բարեգործությունն էլ ազգային արժեք է։ Այո, ես հավատացել եւ հավատում եմ միշտ, որ կփրկի եւ ինձ ու քեզ, եւ ազգը, եւ աշխարհը։

-Իմ մոտ այն տպավորությունը կա, թե գրողները միմյանց հանդիպում են հիմնականում միայն գրական-պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Բավարա՞ր է արդյոք, շփման նման մակարդակը։ Մինչեւ հերթական գրքի լույս ընծայվելը գաղափար չենք ունենում, թե ինչով է շնչում մեր գրող ընկերը...Կապիտալի երկրներում միություններ՝ որպես այդպիսին, մեր պատկերացրածով, չկան, բայց եղել են ու կան գրական մասնավոր սալոններ /չեմ ուզում սրահ ասել/ եւ ըստ հետաքրքրության ակումբներ, որոնք ինքնանպատակ բաներ չեն. դա այն է, որ ծնում՝ եւ կոչվում է... գրական միջավայր, գրական շրջապատ։

Եվ էլի մի ժամանակ կար /եւ մենք ունեինք/ «գրական ուրբաթ» հասկացությունը... Հայաստանի հեռուստատեսությունը, այդ թե այլ անվանման տակ՝ կարեւոր չէ, բայց գրական հաղորդումներ է տալիս, գրողները հանդես են գալիս իրենց նոր ստեղծած, դեռ անտիպ գործերով։ Մեր հեռուստատեսության արածն, ըստ իս, շատ քիչ է, ըստ երեւույթին՝ ընդհանուր եթերաժամանակի սղության պատճառով։ Չե՞ս գտնում, որ սույն իրավիճակն էլ է նպաստում, որ գնալով ոտքին տեղ ունի խոտանը։ Ռաբիս երգը եւ մի կողմից պարզունակ, մյուս կողմից՝ ինքն իր ձեւում խեղդվող բանաստեղծությունը բթացնում են սերնդի՝ մշակութային արժեքներում կողմնորոշվելու ունակությունն ու ճաշակը... ի՞նչ անել։

-Գրողներ կան, որոնց համար իրար չհանդիպելն էլ բավարարվածության մի ձեւ է։ Դա՝ իր հերթին։ Մեր գրողներից շատերը միության մշտական հաճախորդներ են՝ հարցեր, խնդիրներ, պրոբլեմներ քիչ չկան։ Գրողների միությունը մշտապես աշխատում է սկսնակ եւ երիտասարդ գրողների հետ։ Բայց ի վերջո, գրողների միության խնդիրն այլ է, այն սալոն չէ, ոչ էլ ակումբ։ Նրա խնդիրը գրական ազատ ընթացքի ապահովումն է, գրողի շահերի պաշտպանությունը՝ հանուն ազգային մշակույթի ու ազգի։ Գրողի հանդիպումը, ում հետ էլ լինի, գիրքն է։ Քանի դեռ չի ծնվել գրական գործը, պետք չէ «ուլտրաձայներով» նրան տեսնել, սեռը կամ ժանրը որոշել... Ինչ վերաբերում է գրական ուրբաթներին, դրանցից «լենինյան ուրբաթների» հոտ է փչում։ Գրողների միությունը չէ, որ գրող է ծնում, այլ ժողովուրդը, թե չէ Լեւ Տոլստոյը ոչ կծնվեր, ոչ էլ աշխարհում մենակ կլիներ... Ճաշակի մասին այս կասեմ՝ լավ է, որ պայքարը սուր է դրվում, սրվում է, ուրեմն՝ մոտենում է մեր հաղթանակը, լավի հաղթանակը։ Իսկ մամուլն ու հեռուստատեսությունը, փառք Աստծո, վերջերս ակտիվանում են գեղարվեստի հարցում։ Ողջունելի է։

-Հույս կա՞, որ երբեւէ կանոնավոր շնչառության մակարդակով հարություն կառնեն «Եղիցի լույս»-ը, «Արցախ» հանդեսը...

-Անպայման։ Դրանց հիմնադիրը ես եմ, եւ սիրտս մղկտում է ամեն մեկի համար։ Միջոցների հարց է։ Երբ սփյուռքահայ մշակութային գործիչ, բանաստեղծ Հրանտ Մարգարյանը Արցախում էր, որոշեցինք ԼՂՀ գրողների տարեգիրք հրատարակել եւ այդ գործում ներգրավվեց եւ Համազգայինի հայ կրթության եւ մշակութային միության վարչության արեւելյան շրջանի /Նյու-Յորք/ վարչությունը, այս գործը ակտիվացավ ԼՂՀ ներկայացուցիչ /Վաշինգտոնում/ Թեւան Պողոսյանի ջանքերի շնորհիվ։ Աջակցության լավագույն օրինակ ցույց տվեց եւ մոսկվաբնակ բարեգործ Մ. Բաղդասարովը։ Ասել է թե՝ ժողովուրդն է գրողին սիրո տուրք մատուցում եւ, եթե կուզեք, շատ վատ է, երբ գրողն է միայն հոգում նման հարցերի մասին, ինչ է՝ գրականություն է գրողներիս համար։ Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, գնում է դեպի իր հոգեւոր գանձերի ակունքը, որտեղից եւ գալիս է։ Սա է ապագայի ճամփան։

- Գուցե մեղք եմ վերցնում հոգուս, բայց այն տպավորությունն ունեմ, թե գրողները մի տեսակ հասարակական-քաղաքական ընդհանուր խնդիրներից մի կողմ քաշվածի վիճակում են... Ժխտելու բան չէ՝ եթե վերհիշելու լինենք մեր կեցվածքը շարժման բուռն տարիներին եւ պատերազմի ժամանակ։ Վերջին շրջանում մեզնից ո՞ր մեկն է հանդես եկել հրատապ, սուր հարցերով։ Խոսքը գրական խնդիրների մասին չէ...

-Մեզնից ո՞ր մեկը... Եվ դա ասում է Նվարդ Ավագյա՞նը, որի ամբողջ գործունեությունը հարցերի արծարծում է։ Ինչ է նշանակում՝ հասարակական-քաղաքական։ Արցախի գրողը, դժբախտաբար, նախ հասարակական-քաղաքական գործիչ է, ապա՝ գրող։ Նա եւ զինվոր է, խմբագրի առաջին տեղակալ է, եւ լեզվի ու գրականության ամբիոնի վարիչ է, եւ դասախոս է, եւ գյուղապետ է, եւ դպրոցի տնօրեն է, եւ... Ամբողջ օրը, հաճախ եւ գիշերները, նա լծված է հասարակական աշխատանքներում։ Եվ դա, համաձայն եմ քեզ հետ, ընդգծված երեւաց ամենաճակատագրական ժամին՝ շարժման բուռն տարիներին ու պատերազմի ընթացքում։ Սա, այո, իսկական հայ գրողի կերպար է։ Եվ խոստովանեմ՝ ես, որպես մի հայ ընթերցող եւ մտավորական, որպես՝ ԼՂՀ ԳՄ վարչության նախագահ, դրա համար էլ շատ եմ սիրում մեր գրողներին, անխտիր՝ բոլորին։ Նրանք արժանի են ամենայն լավի։

- Մի վերջին հարց. ի՞նչ ստեղծագործական պլաններ ունես։ Բանաստեղծության կերպարը քո հոգում շարունակո՞ւմ է իր ընթացքը, աճը։

-Ստեղծագործական պլանները Աստծո գործն են, եւ ես Աստծո գործերին չեմ խառնվում։ Բանաստեղծության կերպարի մասին ինչ էլ ասեմ՝ անհեթեթություն կլինի, պատասխանելու փորձը վերապահեմ /վերապահումներով/ իմ վերջերս գրած բանաստեղծություններից մեկին։

Ես այնպես եմ ուզում համբուրել ինձ կերած էգ գայլի ժանիքները։

Ուու-ու-ու...

Տեսնես ո՞ւր է իմ ձին։

Մի սովորություն եւս ունեմ. իմ հավանած բանաստեղծությունը որքան էլ հաջողված /անընդունելի է հաջողված բառը/ լինի, երկրորդ ընթերցանության ժամանակ, չեմ ընդունում։ Եթե ընդունեցի, նշանակում է վերջս է։ Ես տեսնում եմ այն, ինչ ոչ-ոք չի տեսնում։

Վերջացնեմ խոսքս. բանաստեղծն այսօր, ավելի քան երբեւէ, շատ ավելի անելիք ունի։ Այն բոլոր ախտերը, անհավասարությունները, դաժանությունները, պատերազմները, չարիքները եւ այլն, եւ այլն, որ կան աշխարհում, միայն ու միայն բանաստեղծության պակասից է։ Ապրենք եւ ստեղծագործենք այնպես, որ Նարեկացուն, Չարենցին ու Շիրազին դեմ առ դեմ երբեւէ կրկին հանդիպելու բախտին արժանանանք, իսկ եթե արժանանանք, նրանց աչքերին պարզ նայելու մեր ուժը եւ իրավունքը կորցրած չլինենք։