Ահազանգ. մարդկության N1 թշնամին

(Առողջապահական թեմաներով)

Մարդկությունը անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերն անցել է երկար ու ձիգ, հաճախ էլ՝ անասելի դիք ճանապարհ։ Եվ միայն վերջերս մեզ հաջողվեց անել մի համաշխարհային նշանակության գյուտ, որի օգուտները դեռ կհաշվեն դարերի ընթացքում։ Ղարաբաղցիներս առանձնահատուկ շատ կողմեր ունենք, անշուշտ՝ հպարտություն առաջացնող, ասենք, աշխարհի երկարակեցության չեմպիոն ենք։ Ասենք՝ թթի օղի ենք հայտնագործել։ Ասենք՝ ամենաշատ թշնամիները մենք ունենք։ Ասենք՝ դեռ ոչ մի թշնամու առաջ չենք չոքել (տա Աստված, երբեք էլ չչոքենք)։ Բայց կա մի բան եւս, որտեղ վերջերս սկսել ենք առաջադիմել։

Պարզվում է (հայտնագործությունը կատարվել է վերջերս), որ մարդու N1 թշնամին գիրքն է։ Ասեմ՝ ինչո՞ւ։ Նախ՝ եթե փող ունենաս (այսինքն՝ դրամ, դոլար կամ ռուսական ռուբլի, մանաթը այլեւս չի անցնում)՝ փոխանակ գիրք առնես, դրանով կգնես կտրոնների ալյուրը լրիվությամբ, մի ձուկ կառնես, երեխադ սոված չի մնա։ Երկրորդ՝ նույնիսկ եթե մի տեղից «ճնգրթած» դրամով գիրք առար, կարդացիր՝ աչքերիդ եղած լույսն էլ կկորչի, կկուրանաս (այս ուղղությամբ բժշկությունը զբաղվում է, առկա են առաջին լուրջ հաջողությունները ուղեղում գրքի առաջացրած էրոզիայի վերաբերյալ)։ Երրորդ՝ ամենավտանգավորը, շատ կարդաս՝ գլխիդ մեջ քամիներ կծնվեն ու ինքդ քեզ չես հավանի, կկորչես համատարած խավարի մեջ։ Չորրորդ՝ ուղեղիդ մեջ, եթե գրքից հեռու մնաս, միշտ տեղ կլինի ռացիոնալիզատորական առաջարկությունների, որոնք կհարստացնեն եւ քեզ, եւ շրջապատիդ։ Հինգերորդ՝ տունդ գրքերից ազատ կլինի, երեխաներդ կմեծանան առողջ, կյանքի ճիշտ դաստիարակություն կստանան։ Ասված խոսք է՝ ինչ ուղեղիդ մեջ է, այն էլ ձեռքումդ է։ Ուղեղիդ մեջ կուզես գաղափար լինի՞, ճիշտն ասա, թե՞... գրամ։ Իհարկե բացատրություններն ավելորդ են։

Ի դեպ, գիրք ստեղծողների մասին իմաստուն ժողովուրդը միշտ ասում է՝ որքան գրողը մեծ, այնքան՝ տարօրինակությունը շատ։ Տարօրինակությունը, ի վերջո, այլ բառով նշանակում է հոգեկան խախտում։ Ասում ենք ու անտարբեր անցնում։ Բայց անտարբերությունը չարիք է։ Ժամանակն է, որպեսզի գրողներին, որպես վարակի հիմնական աղբյուրների, լրիվ հեռացնել առողջ հասարակությունից, նրանց համար հարմարավետ մեկուսարաններ կառուցել քաղաքի մոտակայքում, փշալարերով առանձնացնել։

Երեւի ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչպես է հայտնաբերվել վարակի բացիլը։ Վերջերս գրողներից մեկը (անունը չենք ուզում նշել՝ խնայելով ձեր նյարդերը) իր հաստափոր գիրքը, որը մեծ մրցանակ էր շահել, էժան կամ համարյա ձրի (հատը՝ 20 լումա) վաճառել է Ստեփանակերտի քաղաքային շուկայի պանրավաճառներին ու ձվերը փաթաթել են վարակի աղբյուր հանդիսացող այդ գրքից պոկած թղթերով եւ ի՞նչ եք կարծում, անգամ ձվի կճեպի վրայով բացիլը թափանցել է ձվի դեղնուցի մեջ, որը եւս իսկույն սպիտակել է, էլ ո՞ւր մնաց պանիրը, որը շատ զգայունակ է շրջապատի նկատմամբ։ Առաջին պացիենտներն արդեն մեկուսացված են, ախտորոշումները՝ կատարված, բուժման առաջին քայլերն են արվում մեր դարի մեծ չարիքի դեմ պայքարի ինտենսիվ միջոցներ գտնելու համար։

Անհրաժեշտ է ոչնչացնել մարդու N1 թշնամուն՝ գիրքը։ Այն համաճարակ է։ Վարակի աղբյուրը՝ գիրքը վառելու ժամանակ չմոռանաք հագնել անթափանցիկ, հատուկ ձեռնոցներ, ասենք նաեւ, որ, չոր լինելու պատճառով, գրքերը դյուրավառ են։ Խորհուրդ է տրվում գրողներից հեռու մնալ (բացիլը փոխանցվում է նաեւ բարեւով, կարող են նրանք իրենց մեջ դեռեւս կրել գաղափարի վնասակար բացիլներ, դա վտանգավոր է դառնում հատկապես ինտիմ կապերի ժամանակ, թող աղջիկներն ու կանայք զգուշանան, մանավանդ՝ լիրիկներից), իսկ եթե, Աստված չանի, արդեն վարակվել եք... Ոչինչ, շատ մի տխրեք, ախտահանման միջոցները մեր օրերում շատ են։ Ձեզ ժամանակին ստիպեցեք փողոց դուրս գալ՝ դեռ լույսը չբացված, մաքուր օդում, հենց ձեր շքամուտքի մոտ մի սեղանիկ դնել ու սկսել զբաղվել... առեւտրաբիզնեսով։ Սկզբում դժվար կլինի, իսկ հետո...

Հետո, ինչպես ասել ու ասում են, կսկսեք ծիծաղել ձեր տխուր անցյալի վրա, ու ապագա սերունդները, ձեզանից մեծ ժառանգություն (դրամ) ստանալով, փառք կտան ձեզ ու ձեր մեծադիր նկարը կպահեն իրենց սնարին։ Դուք կլինեք ժողովրդական հերոս, առնվազն՝ մարդկության թշնամու դեմ մղվող պայքարի պսակավոր ազատամարտիկ։