Ժողովրդական թվաբանություն
ԽՆԴԻՐ 1
Մարզկենտրոնում, նախորդ տարիների համեմատությամբ, արագ աճում է խոզաբուծությունը՝ 1991թ., 1985թ. համեմատությամբ, խոզերի եւ խոզապահների թիվը աճել է համապատասխանաբար 50 անգամ։ Քանի՞ տարի է հարկավոր, որ քաղաքի ամբողջ տարածքի (այդ թիվը իմանալ քաղհորհրդի գործկոմում) մեկ երկրորդ մասը գրավեն խոզերն ու խոզապահները։
ԽՆԴԻՐ 2
Ի՞նչ արժե 1 կգ բրինձը, երբ այն անցնում է Երեւան-Աղդամ-Ստեփանակերտ (այստեղ նկատի առնել նաեւ երկաթուղային կայարանից մինչեւ համապատասխան մարզային բազա ընկած ուղին) - Մարտակերտ ճանապարհը։ Եվ ինչ արժե նույն բրնձի նույն կիլոգրամը, երբ այն վերջին կետն է (Մարտակերտ) հասնում առանց Ստեփանակերտ մտնելու։
ԽՆԴԻՐ 3
Ստեփանակերտի եւ նրա աղբանոցի միջեւ ընկած տարածությունը մոտ 2 կմ է։ Աղբանոցի 14 մեքենաներից յուրաքանչյուրը օրական մեկ ուղերթ է կատարում։ Յուրաքանչյուր կմ-ի վրա ծախսվում է 5 լ բենզին (սա ենթադրությամբ՝ քանի որ կա նաեւ վարորդական գործոն)։ Օրական քանի լ բենզին է հարկավոր յուրաքանչյուր ավտոմեքենային, որ քաղաքում քայլելիս ստեփանակերտցուն չթվա, թե ինքն արդեն... քաղաքից մոտ 2 կմ դուրս է գտնվում, այսինքն՝ այնտեղ, ուր աղբանոցն է։ Հիշեցման կարգով ասենք, որ բենզինը Աղդամով անցնելիս ենթարկվում է նաեւ «եղբայրական» գործոնի։
ԽՆԴԻՐ 4
Մարգար Դանիելյանը 85 տարեկան խաղողագործ է Ա. գյուղում, որը հանկարծ շրջապատվում է խորհրդային մի քանի տանկերով, զորագնդերով, ժամանակակից ծովային, ցամաքային բանակներով... Պաշտպանական ինչ զենք է հարկավոր Մարգար քեռուն, որ նրան չկոչեն «բոյեվիկ» եւ նա միաժամանակ «պասպորտնի ռեժիմի» տակ չընկնի...
ԽՆԴԻՐ 5
Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկան արտադրում է նաեւ աթոռներ, որոնք սովորաբար ունենում են չորս ոտք։ Այդ թիկնաթոռները, ինչպես պարզվում է օգտագործելիս, ունեն ծալվելու, բացվելու, ցրվելու, նորից հավաքվելու հատկանիշներ։ Նման քանի՞ թիկնաթոռ է հարկավոր, որպեսզի քաղաքացի Ա-ն, ներդնելով վերակառուցման ամբողջ էներգիան, կարողանա հավաքել մեկ դիրեկտորական գահաթոռ։
ԽՆԴԻՐ 6
Քաղաքացի Օ-ն բնակվում է ենթադրենք հինգհարկանի շենքի 6-րդ հարկում։ Շենքի համար բաց թողնվող ջրի 95 տոկոսը վերցնում է նույն շենքի առաջին հարկի նախահարկում տեղադրված կոոպերատիվը։ 1 ժամում քանի լիտր ջուր պետք է բաց թողնվի այդ շենքին, որ ջրի գոնե մնացած 5 տոկոսը հասնի հինգհարկանիի 6-րդ հարկին (այնտեղ շուկայական հարաբերությունների մեջ ծաղկավաճառ Օ-ն ծաղիկներ է աճեցնում)։