Պահը արճիճի ներսում ծանրացավ. -
Ստվերամութը սահում է մի կերպ,
Ժպիտը ծաղկի շուրթին չի հասել,
Մեկ էլ երբ եմ ես գալու, ո՞վ գիտե.
Դու քո արյան մեջ սպանում ես վարդեր։
Ծիլը փշրվեց ժայռի երեսին. -
Գետերի վրա նստել է գույժը,
Գնդակը սիրտ է փնտրում լուսաշատ,
Ես չեմ մեռնելու՝ որ քեզ չթողնեմ.
Աստղի ցոլանքում հառնում է տունը։
Թեւերի վրա՝ կորսված երկինք, -
Երազն իրենից հանում է իրեն,
Ցողվեց, բայց չընկավ ջրիկը հողի,
Ես ժողովում եմ մասունքներդ սուրբ.
Եվ անվան խորքում եռեփ է գինին։
Զարթնել է կանչը վերադարձի մեջ. -
Եկել եմ՝ միայն գնալու համար,
Վերակերտվում է տիեզերքը հին,
Ես քեզ տանում եմ իմ դեմքի վրա.
Հույսը քայլի մեջ գտնում է ուղին։