Ամանորյա բիզնես
Վարոսը ճանապարհին հինգ ռուբլանոց գտավ։ Մարդիկ էին գնում-գալիս։ Նվերներով, հոգսերով, ուրախ, տխուր։ Հինգանոցը ձեռքին մի պահ կանգնեց Վարոսը. գուցե մոտեցող լինի, տերը գուցե քայլողներից մեկն է։ եվ հանկարծ անցորդներից մեկը նրան է դիմում.
-Նո՞ր է, թե հին...
Փողերը նոր էին փոխվել։ Բայց Վարոսը մինչ այդ ուշադրություն չէր դարձրել նորին ու հնին։ Նայեց։
-Ոնց որ նոր է...
-Ախպեր ջան,- թախանձեց անցորդը,- ինձ նոր հնգանոցը պետք է, կտա՞ս ինձ... Ուզում եմ մեր քաղաքի առաջին նոր հնգանոցը իմ կոոպերատիվում երեւա։ Նոր տարվա առաջին օրն է։ Դա ինձ համար Աստված է ուղարկել։ Ու անմիջապես Վարոսի ափն է խոթում մի հին հնգանոց ու մի մաշված երեքանոց.
-Սա էլ՝ իմ շնորհակալությունը...
Շնորհակալությունը երեքանոցն էր մաշված, հնգանոցը հնգանոցի փոխարեն էր։ Եղածից շվարած Վարոսը չգիտեր՝ ինչ աներ։ Ուրիշի փողը ոնց դներ գրպանում։ Ոտքն էլ ցավում էր։ Մայթին, մի քարի վրա, նստեց ու միտք էր անում՝ փողը ափի մեջ։
-Կարելի՞ է տասնոցն այս մանրեք,- տեսնելով մանր փողը, դիմեց երեւի շուկա վռազող անցորդը։
-Ներեցեք, բայց ես ընդամենը...
-Ոչինչ, ոչինչ..., - ու տասնոցը թողնելով, ութ ռուբլին վերցնում, շուկա է վազում անծանոթը,- ես իմ առաջին թիքան միշտ պիտի կորցնեմ, որ հետո բազմապատիկը վերցնեմ։ Իմ սովորությունն է։ Լավ է, թող օրս այսպես սկսվի։
Ու գնում է։
Վարոսը մի բան էր մտածում.
-Աստված որ ուզում է մարդուն փողատեր դարձնի՝ որտեղից էլ լինի, դարձնում է... Սա հենց իմ հալալ - զուլալ փողն է։ Կտանեմ, կինս կուրախանա։ Ու չի ծախսի, սա իր վրա փող բերող փող է, կպահի։ Որպես իմ կողմից ամանորի նվեր։
Հենց որ տուն է հասնում, բերանը չբացած, կնոջից լսում է.
-Էսքան ժամանակ որտե՞ղ էիր թրեւ գալիս, երազներս սրտումս անկատար ես թողնում միշտ։
-Էսօր ինչ երազ կիսատ մնաց...
-Ասում էի՝ գաս, միասին գնանք իմ հերանց տուն... Ամանոր է։
-Էլի...
Այս «էլին» էլ պատճառ դառավ երկար ու բարակ «էլի» -ների։ Վարոսը փողի մասին մոռացած, պառկեց մահճակալին ու քնեց։ Բայց թե ոնց էր պառկել, ձեռքը ոնց էր գրպանը տարել ու հանել, տասնոցը ընկել էր մահճակալի մոտ։ Կինը տեսել էր, ձեռքն էր առել ու կանգնել քնած մարդու գլխավերեւում՝ մեծ դատ սկսողի կեցվածքով.
-Արա, արա...
Քնած Վարոսն էր «արան», որ ուշք չէր դարձնում կնոջ մենամարտի կանչող ձայնին։ Խռմփացնում էր անհանգիստ, անորոշ ձայներ էր հանում կոկորդից, մեկ ինքն էր խեղդվում կարծես, կարծես մեկ ուրիշին էր խեղդում... Կինը տեսնելով, որ ձայնը չի հասնում, փորձում էր ձեռքով արթնացնել.
-Վարոս, արա...
-Հըմ, ինչ է եղել,- երազի կռվի միջից իրական կռվի մեջ է ընկնում միանգամից Վարոսը։
-Մի ասա՝ տեսնեմ էս ինչ փող է գրպանումդ, որ ինձանից թաքուն ես պահում...
-Թաքո՞ւն... ինչ թաքուն, այ կին, - ու Վարոսը փորձում է կատակով փափկացնել կնոջը,- բիզնես եմ անելու... Ուզում եմ նոր տարուն հարուստ ապրել։
-Էլ թաքունը պոզեր է ունենո՞ւմ... Հիմա էլ սկսել ես աշխատավարձդ թաքցնել, հա՞... Իմ հաշվին ես բիզնես անում, հա՞... Սա որտեղի՞ց է։
-Էդ տասնոցն ես ասո՞ւմ... Գտել եմ... Ես էլ կարծեցի...
-Ի՞նչ կարծեցիր... Ուրիշ թաքստոցներ էլ ունե՞ս... Մի հանիր, տեսնեմ գրպանումդ ինչքան փող կա։
-Արի դու հանիր...
-Ճնշումս, խնդրում եմ, մի բարձրացրու, առանց այն էլ սիրտ չունեմ...
-Ահա... Տես..., - դատարկ գրպանները պրտուտուսելով բղավում է կիսաքուն Վարոսը...
Գրպանները ջարդված պոզերի պես կախ էին ընկել։
-Բա սա որտեղի՞ց է, եթե թաքցրել չես..., - իրենն է պնդում կինը՝ թաքունություն բացահայտելու անզուսպ միտումով,- ուրեմն՝ հիմա էլ փողերդ ես թաքցնում ինձանից։ Հետո՞...
-Ասացի՝ գտել եմ...
-Դե որ գտել ես՝ ես գնացի իմ հերանց տուն, կգնաս կին էլ կգտնես քեզ համար...
Վարոսը նորից է նստում մահճակալի մեջ՝ խեղճ ու խեղճ.
-Ինձանից ինչ ես ուզում։ Ամանոր է։
-Առավոտյան աղաչում էի՝ փող տուր, գնամ մերոնց համար մի բան առնեմ, գյուղ գնանք, հինգ օր է՝ երեսները չեմ տեսել... Գոնե ամանորը միասին անցկացնենք։ Չտվիր։ Տանն էլ կոպեկ չկար, իսկ հիմա... Պարզվում է, որ ինձանից թաքցրած փողեր էլ ունես։
-Ես իմը ասացի...
-Ես գնացի..., - տասնոցը մարդու դեմքին շպրտելով, կինը դուրս է գնում։
-Վարոսը մի քանի անգամ շուռ ու մուռ է գալիս, որ, իբրեւ, անտարբեր կնոջ խոսքերին, քնի, չի կարողանում։ Պատուհանը բացում է, վիզը ձգում պատուհանով դեպի երկինք ու, դուրս շպրտելով տասնոցը, մրմնջում.
-Աստված, ես դեռ ուրիշի քրտինք կյանքում չեմ մարսել, թե կերել էլ եմ, քթովս եկել է նորից... Առ, սա քո տասնոցը, կնոջս վերադարձրու... Ինձնից բիզնեսմեն չի լինի։ Կինը վերադարձվեց, թե չվերադարձվեց, դա չիմացանք։ Բայց որ տասնոցը քամու բերնին գնաց դեպի երկինք, դա պարզ տեսանելի է բոլոր կողմերից։