Շրշում է օրը,
այնպես է շրշում,
Որ իր ձայնի մեջ
Ամառվա այրող շոգը երեւա:
Երգում է ճամփան,
այնպես է երգում,
Որ իր ձայնի մեջ
Ես տեսնեմ քայլքը փոշոտ ոտքերի
Եվ նոր ափերի կարոտը տեսնեմ:
Լուռ է արմատը,
այնպես է լռում,
Որ լռության մեջ
Ես տեսնեմ ծաղիկ հագած երգենի
Եվ ծլարձակում տեսնեմ լույսերի:
Ամեն ինչ՝ այսպես:
Իսկ երբ սերս է բացվում, բուրվառում,
Իմ դեմ ասես մի կտավ է փռում,
Կտավի վրա՝ մոր շնչով վառված
Չմարող կրակ,
Մայրաբույր արեւ...
Եվ այնպես, այնպես,
Որ կտավի մեջ
Օջախս տաք-տաք ծուխն է արեւում...