Անկրկնելի, «անուղղելի» Եսենինը

ԱՆԿՐԿՆԵԼԻ, «ԱՆՈՒՂՂԵԼԻ» ԵՍԵՆԻՆԸ

Քայլում եմ սպիտակ կեչիների արձակած լույսերի միջով, շնչում ռուսական անծայրածիր տափաստանների բույրը, ապրում գետեզերքներին «մի ոտքի վրա» գլխիկոր կանգնած ուռենիների մտորումները ու չես ուզում հավատալ, որ դա թվացում է, պատկերացում, դու պարզապես ճանապարհորդություն ես կարդում ռուս մեծ սիրերգակ Սերգեյ Եսենինի երգերի կախարդական աշխարհում։ Լուսավոր ու պայծառ, մեծ ու անսպառ տաղանդ։ Ահա այստեղ է, որ իսկական տաղանդը բնորոշելու համար ասվող բառերը, որոնց առաքելությունը նույն նպատակամետությունն ունի, ոչ միայն իրարից գույն չեն խլում, այլեւ լրացնում են իրար։ Եվ այնպես են լրացնում, ինչպես Եսենինն իր ձայնով լրացրեց հայրենի պոեզիայի նրբահյուս մեղեդիների աշխարհը։ Նրա մեղեդին շոյում է սիրտդ, էությունդ՝ քո սրտի միջով սահուն չանցնելու, այլ ինչ-որ մի կարեւոր ու անհրաժեշտ բան ասելու, քո էությունը քո առաջ բացելու, աշխարհի «այո»-ն ու «ոչ»-ը պարզելու համար։

Եսենինն աշխարհի այն եզակի բանաստեղծներից է, որոնց երգերը վայրի ծաղիկների բույրով են փայլում, որոնց ամեն մի խոհը հոգու ամենանուրբ, ամենամաքուր ու ամենաազնիվ զգացումների շողքն է հանդիսանում։ Զգացմունքների անբռնազբոսիկ, անմիջական երգավորումն էլ եղավ լուսե այն կամուրջը, որով Սերգեյ Եսենինի ամբողջ ստեղծագործությունը կապվեց ընթերցողների սրտի հետ, դարձավ նրանց հոգու թարգմանը։ Եվ միայն այդպիսի բանաստեղծը կարող է ոչ միայն անցած տարիների, այլեւ գալիք տարիների հետ նորանալ, եւ միայն այդպիսի բանաստեղծների երգերը կարող են նրա մահից մի քանի տասնամյակ հետո էլ փայլել այնքան պարզ ու նորովի, որքան նրա երգած եզերքների գարունը՝ ամեն մայիսի... Սերգեյ Եսենինի պոեզիան ռուս ազգային բանաստեղծության անընդգրկելի գեղեցկությունների հոգեւոր հպարտության պայծառ ցոլացումն է եւ այդքանով էլ այն համամարդկային է, սիրելի բոլոր ժողովուրդներին։ Այսօր նա թարգմանվում է աշխարհի շատ ու շատ լեզուներով։ «Դարերն ամեն ինչ կհարթեն մի օր»,- գրում է բանաստեղծը եւ իրեն հատուկ անմիջականությամբ դեռեւս «Վրաստանի բանաստեղծներին» գործի մեջ խոստովանում.

Ձեր հյուսիսային
Կաթնեղբայրն եմ ես...
Պոետները նույն
Արնից են սերում.
Ասիացի եմ
Ես ինքս էլ նույնպես
Իմ արարքներում
Ու իմ խոհերում։

Նրա այս խոստովանության մեջ պատկերված է մի հարուստ կյանքի կենսափիլիսոփայություն, պարզ ու անպաճույճ մի իմաստություն, որ բանաստեղծի ականջին շշնջացել են հակասություններով, անակնկալներով, երբեմն էլ ծայրահեղություններով հղի նրա ժամանակի վայրկյաններն ու պահերը, նրա մանկության ընկերները՝ ռուսական ստեպների լռությունն ու աշխույժ աղմուկը, երգելուց չհոգնող գետակների կանչերը, սպիտակ կեչիները։ Եվ միանգամայն պատահական չէ, որ բանաստեղծի համար կեչիները վառվող մոմեր են... Կեչիների ճերմակ լույսը քնարերգուի մոտ դարձել է խորհրդանիշ։ Ահա թե ինչու առանց այդ լույսի հնարավոր չէ եւ բանաստեղծի համար տեսնել հայրենի տունը, ճաշակել մանկության վայրերի ծաղկուն յասամանների բույրը։

Եսենինի բանաստեղծական աշխարհայացքի ձեւավորման եւ գեղագիտական, հիրավի, բարձր ճաշակի կազմավորման գործում էական դեր է կատարել նրա մանկության այնքան հարուստ բնաշխարհը։

Ծննդավայրի՝ Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղի ուսումնարանն ավարտելուց հետո, նա Սպաս Կլեպիկովսկու ուսուցչական դպրոցում է սովորում։ Եվ գրաճանաչության առաջին իսկ տարիներից էլ Եսենինը սկսում է ստեղծագործել։ Դեռեւս ինը տարեկան էր, երբ թղթին է հանձնում անդրանիկ երգերը, որոնցից շատերը երդվելու պես արտասանվում էին այն աստղոտ երեկոներին, երբ նա գյուղական ընկերների հետ հարմոնի նվագներով ներկոտում էր պատանի օրերի երազանքները։

1912 թվականին, երբ լրացել էր ապագա մեծ քնարերգուի 17 տարին, նա Մոսկվա է մեկնում՝ երգերի մի տետրի ուղեկցությամբ։ Հայրը, իհարկե, շատ էր ուզում, որ զավակը առեւտրական գործերով զբաղվի, բայց որդու տարերքն ուրիշ էր։ Նրա կրծքի տակ խայտում էր անլռելի երգը։ Եվ ահա Եսենինը գործի է անցնում տեղի տպագրություններից մեկի սրբագրատանը։ Նա միաժամանակ մասնակցում է Սուրիկովսկու գրական-երաժշտական խմբակի աշխատանքներին, ինչպես վկայում են աղբյուրները, այցելում Շանյանսկու ժողովրդական համալսարանի պարապմունքներին։ Սակայն ուր էլ լիներ, ինչ միջավայրում էլ անցկացներ օրը, բոլոր նյարդերով, սրտի բոլոր թելերով կապված էր հայրենի եզերքներին, բանաստեղծությանը։ Շատ ժամանակ չանցած, «Միրոկ» հանդեսում «Արիստոն» ստորագրությամբ տպագրվում է Եսենինի «Կեչի» բանաստեղծությունը, լույս աշխարհ է գալիս նրա առաջնեկը՝ ի լուր աշխարհին հայտնելու մեծ երգչի ծննդի մասին։

«Տասնութ տարեկան էի, երբ գրական ամսագրում տպագրվելու համար բանաստեղծությունների մի շարք ուղարկեցի Պետերբուրգ։ Շուտով ամսագրի խմբագրությունից նամակ ստացա, որով ինձ Պետերբուրգ էին հրավիրում... Այնտեղ ինձ ընդունեցին ջերմորեն։ Առաջինը, որին ես տեսա, Բլոկն էր, երկրորդը՝ Գորոդեցկին։ Երբ ես նայեցի Բլոկին, դեմքիցս սկսվեց քրտինք թափվել։ Առաջին անգամ էի տեսնում կենդանի բանաստեղծին»։

Որքան խենթ ու չարաճճի էր նա մանկության տարիներին, նույնքան էլ իմաստուն եղավ հասուն պատանության ու երիտասարդության տարիներին։ Միայն թե երկար ժամանակ բանաստեղծը ապրում էր հոգեկան երկվություն։ Հին կյանքի շատ ու շատ էական կողմերի հետ նրա հոգին չէր հաշտվում, իսկ նորը, ինչպես ասում են, ընդունվում էր դժվարությամբ։ Բնականորեն նա ամբողջ էությամբ թեքված էր դեպի ազնիվը, գեղեցիկը, մարդկայինը։ Եվ չէր կարող հարազատ չմնալ ինքն իրեն։

Վրա են հասնում Հոկտեմբերյան հեղափոխության տարիները։ «Հեղափոխությունը ես դիմավորեցի ռազմաճակատում, ուր ուղարկվել էի ցարին բանաստեղծություն չձոնելու համար»,- հետագայում ինքնակենսագրություններից մեկում գրում է Եսենինը։

Առանց դավանանքի` չկա բանաստեղծություն եւ արվեստ ընդհանրապես։ Անշուշտ, այս համոզմունքն ուներ բանաստեղծը։ Եվ նա միշտ իր ժողովրդի խոհերի, ձգտումների ու երազների հետ էր, իր ժողովրդին նա առաջնորդում էր դեպի լույսը, հավատացած լինելով, որ դա է ամեն մի իսկական արվեստագետի ամենամեծ առաքելությունը։

«Աննա Անեգինա» պոեմում Եսենինը սյուժետային մի գծի վրա, հարազատ մնալով ինքն իրեն, կերտում է հարուստ ու հյութեղ կերպարներ։ Այդ գործը համաշխարհային գրականության մեջ իր ուրույն տեղն ունի։ Պոեմը գրվել է Բաթումում։ Հեղինակն ինքը այդ գործը համարել է իր կերտած ամենաշքեղ կոթողը, «ամենալավը այն բոլորից», ինչ գրել է։ Բանաստեղծը, հարազատ մնալով իր դավանանքին, սիրո մի հուզիչ պատմության ֆոնի վրա ցույց է տվել քաղաքացիական պատերազմի տարիների դառնակսկիծ ցավերն ու ողբերգությունը, հանդես գալով որպես իսկական ռեալիստ գրող։ Սյուժեի բացման ու պատմության հյուսման համար օգտագործել է կառապանի հետ ունեցած զրույցը, որը երկի համար բանալու դեր է կատարում։ Արծարծած գաղափարների թարմության առումով հետաքրքիր է «Ռուսիա» փոքր-ինչ երկարաշունչ բանաստեղծությունը, որտեղ հայրենի տան սիրո գովերգումով, գեղարվեստական հարուստ միջոց-պատկերներով Եսենինը կարողանում է կատարել խորը ընդհանրացումներ։ «Իմ քնարերգությունն ապրում է մի մեծ սիրով՝ սիրով հայրենիքի։ Գործունեությանս մեջ ամենագլխավորը հայրենիքիս գովերգումն է»,- հավաստում է բանաստեղծը։ Իսկ նրա՝ դեռեւս 1917թ. գրված բանաստեղծության մեջ, ասվում է.

Թե կանչեին. «Թող դու Ռուսիան,
Քոնն է դրախտն առհավետ»,
Ես կասեի. «Պետք չէ դրախտ,
Ինձ հայրենիքս տվեք»։

Այո, միանգամայն իրավացի է երգիչը, երբ կրծքաբաց՝ հանուն հայրենիքի, ելնում է դառնությունների դեմ. «Լինել բանաստեղծ՝ միեւնույն է, թե չխախտել այն, ինչ ճիշտ է եւ արդար, իր նրբին մաշկը սպիապատել, հույզերի արյամբ շոյել սիրտն օտար։ Նա է բանաստեղծ, որ լայնն է երգում ու դրանով իսկ ճանաչում լայնը»։ Ապա լրացնում է. «Աշխարհում պետք է խոսքերը երգի, երգել յուրովի, նույնպես որպես գորտ»։ Սա արդեն իսկական պոեզիային միշտ ուղեկցող սկզբունք է, որի դրոշակակիրներից մեկը եղավ Սերգեյ Եսենինը։ Նա ինչ թեմայի էլ ձեռք է մեկնել, երգել է յուրովի, իր խոսքերով ասած՝ «դեղին առագաստ եղավ դեպի երկիրն այն, ուր մենք լողում ենք»։

Համաշխարհային պոեզիայի ուշագրավ երկերից են Եսենինի «Նամակ մորս», «Պատասխան», «Կովկասում», «Նամակ կնոջս», «Ծննդավայր», «Հեւացող Ռուսաստանը», շատ ու շատ գործեր։ Եսենինյան պոեզիայի առաջին բնորոշ կողմերից մեկը հանդիսանում է նրա պատկերավորությունը։

Կարծես չոքել է մեր տան դիմացի մենավոր թխկին
Եվ տաքանում է մայրամուտի ալ խարույկի հրից...

Կամ՝

Ճահիճն ամպերին իր խունկն է ծխում,
Եվ մշահոտ է երկնքից գալիս։

Երեւույթները, բանաստեղծականորեն ընկալելով, Եսենինը դրանք խորապես իմաստավորում է։ Ահա թե ինչու նրա ամեն մի տող իր ասելիքն ունի, իր կառուցվածքային գեղեցկությունը, մտքի աշխուժությունն ու էմոցիան։ Եվ, որ կարեւոր է, բանաստեղծի երգերում երեւում են նրա մոտեցումը, նրա ժխտումն ու հաստատումը։ Պատկերների միջոցով Եսենինը ճանապարհ է գտնում դեպի ճշմարտության խորքը, գործի դնելով իր բանականությունը, հասնում է բնության ամենանուրբ գաղտնիքների բացահայտմանը։ Եվ այդ բացահայտումը կատարվում է վեհի, գեղեցիկի, քնքշության ու մարդկայինի տեսանկյունով։ Նա ոչ թե բնությունն է բացահայտում իրենով, այլ իրեն՝ մարդուն է բացահայտում բնության միջոցով։ Այս է նրա այնքան անվերապահորեն պատկերներին դիմելու գաղտնիքը։ Ահա նրա «Երգ շան մասին» բանաստեղծությունը։ Տերը շան ձագերը նետում է լճակի մեջ, «երկար ժամանակ դեռ չէր հանդարտվում լճակի ջուրը՝ հանցանքի տեղում»։ «Երգ շան մասին» գործը հնարավոր չէ ընթերցել առանց հուզմունքի։

Այստեղ արդեն ընթերցողին վարակում է գթասրտությունը, սերը բնության արարածների հանդեպ։ Եվ այդ սիրո արտահայտությունը, թերեւս, այդպիսի խորությամբ առաջինը Եսենինի երգերում երեւաց։ Այդ մասին է պատմում բանաստեղծների ու գրականագետների կողմից բազմիցս վկայակոչված հետեւյալ զրույցը, որ կայացել է Մաքսիմ Գորկու եւ Եսենինի միջեւ.

«Ես խնդրեցի նրան կարդալ շան մասին, որից խլել, գետն էին գցել նրա յոթ ձագերին։

-Եթե դուք չեք հոգնել...

-Ես բանաստեղծություններից չեմ հոգնում,- ասաց նա եւ անվստահ հարցրեց.

-Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս շան մասին բանաստեղծությունը։

Ես ասացի նրան, որ իմ կարծիքով նա ռուս գրականության մեջ առաջինն է, որ այդքան հմտորեն եւ այդպիսի անկեղծ սիրով է գրում կենդանիների մասին...»։

Բնական ու օրինաչափ է այն մեծ ընդունելությունը, որին արժանացավ Եսենինը ժողովրդի կողմից։ Չէ որ այդ ամենը խոսում է նրա պոեզիայի զտարյունության, անմիջականության մասին, որի կողքով անտարբեր չանցավ եւ պրոլետարական գրողը։ «Սերգեյ Եսենինը ոչ այնքան մարդ է, նշել է նա,- որքան մի օրգան, որ բնությունը ստեղծել է բացառապես պոեզիայի համար, արտահայտելու դաշտերի անսպառ տխրությունը, սերը աշխարհի յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ եւ գթասրտությունը, որին ամեն ինչից առավել է արժանի մարդը»։ Սերգեյ Եսենինը, սակայն, ամենից առաջ համարվում է սիրո երգիչ, մաքուր, երբեմն երազային։

Ուստի ես կյանքում չեմ խնայել ինձ
Ոչ նրա համար, ոչ քեզ, ոչ սրա։
Անուրախ կյանքի երաշխիքն է, ինչ-
Պոետի սիրտը խելառ ու շռայլ։

Բանաստեղծն իրեն չխնայեց լավի ու գեղեցիկի համար, տրվեց ժամանակին ու պոեզիային` ռուսական ազգային կոլորիտով ու քնքուշ նրբերանգներով հավերժական կյանք պարգեւելով երգերին։ Իսկ այդ երգերի մեջ գերիշխողը հուզականությունն է, տրամադրականությունն ու ներքին, կամ ինչպես ընդունված է ասել, երգի մեջ ներառվող շարժունությունը։ Մեկ բառով՝ դրամատիզմը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել եսենինյան ողջ պոեզիան։ Ահավասիկ.

Այնտեղ էլ աշնան օրեր են հիմա...
Լորին ու թխկին թեւերը բացել,
Ճյուղերն են պարզել ձեռքերի նման,
Փնտրում են նրանց, ում չեն մոռացել։

Եվ նման բանաստեղծին հատուկ է նաեւ ներքին խռովքը։ «Տաղտկալի է քեզ հետ, Սերգեյ Եսենին, երկնքին նայել»,- ինքն իրեն է դիմում նա։ Բայց, իհարկե, Եսենինն այն բանաստեղծն է, որ կարող էր մեր լավագույն լիրիկներից մեկի պես ասել՝ ես արարված եմ սիրանյութից։ Պոետի բանաստեղծությունների ներքին դրամատիզմը գնալով ավելի խորացավ։ Բանաստեղծի հոգին հավերժական բռնկումների մեջ էր եւ նրա հուրը չէր կարող հանգել։ Երգերը նրա սրտից հոսում էին կեչիների կրծքից ծորացող խեժի քաղցրությամբ ու հանգով։ Եսենինը մարդու մեջ սիրում ու տեսնում է անհասանելի, մեծ սերը, ամբողջ կյանքում այդ «սիրո սրբապատկերի առջեւ» իր երգերը դարձնում կեչիների պես վառվող մոմեր, որոնց լույսը մեր մեջ արարում է կյանքի ու բնության ամենավսեմ գեղեցկությունները։ Համաշխարհային քնարերգության գլուխգործոցներից է Եսենինի «Պարսկական մոտիվներ» շարքը, թեմատիկ առումով՝ հեռավոր արձագանքը Պուշկինի «Նմանություն Ղուրանին» շարքին։ Եվ, իրավացիորեն, գրականության մեջ նշվում է, որ Եսենինի «Բաթումյան ձմեռը» ռուս պոեզիայի պատմության մեջ մտավ այնպես, ինչպես Պուշկինի «Բոլդինյան աշունը»։ «Պարսկական մոտիվներ»-ի ամենաաչքի ընկնող երգը «Շահանեն» է։ Սա ոչ թե բանաստեղծություն է, այլ անմիջականության ու տրամադրության աշխույժ միահյուսվածք, հուզականության ու չմարող լիցքերի ներքին բռնկում։

Շահանե, օ, դու իմ Շահանե,
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ու պատրաստ եմ ես քեզ պատմելու
Արտերից ու լուսնից մեր անեղծ,
Շահանե, օ, դու իմ Շահանե։

Չբացված դռների ետեւում միշտ էլ ապրում են խորհուդրներն ու խորհրդավորությունները, որոնք բանաստեղծի մեջ արթուն են պահում միշտ ամենապարզ ու մաքուր զգացմունքները, որոնց քողի տակ ավելի պերճախոս են դառնում «Փերի-անրջանքի» աչքերը, Խորասանի դռների մոտ բուրող վարդերի քաղցրությունը։ Իսկ անրջայինը հուշ է հանդիսանում ծաղիկների պես բուսնող երգերի համար։

Դեհ, ցտեսություն, փերի-անրջանք։
Ինչ փույթ, թե դուռդ չբացվեց, իմ քույր։
Դու տվեցիր ինձ գեղեցիկ տանջանք,
Որ ես քեզ երգեմ իմ հայրենիքում։
Դեհ, ցտեսություն, փերի-անրջանք։

Եսենինագետներին երկար ժամանակ հետաքրքրում էր այն հարցը, թե վերջապես ով է եղել բանաստեղծի չքնաղ երգաշարի հերոսուհին։ Եվ վաղուց արդեն պարզ է, որ Շահանեն նույն ինքը Շահանդուխտ Տերտերյանն է, որ այդ տարիներին հասարակական գործերով գտնվում էր Բաթումում։

Շահանեի հանդեպ ունեցած մեծ սիրուց ծնվում են ուշագրավ մի շարք բանաստեղծություններ, որոնք թարմ բույրեր բերին ոչ միայն Եսենինի պոեզիային, այլեւ ողջ խորհրդային գրականությանը։

Սիրածիս զույգ կարապ ձեռքերը
Լողում են մազերիս ոսկու մեջ։
Բոլորը աշխարհում երգել են
Ու կրկնել սիրո երգը անվերջ։

Հիրավի, բոլորն են սեր երգել, բայց ուրիշ է Եսենինի երգած սերը։ Այն յասամանի պես ջինջ ու ցողաթաթախ է, այն հստակ է, ինչպես «Դաշտերում վազող վարդերի» մեղեդին։ Ինչպես նշեցինք, նա կարողանում է բնության միջոցով բացահայտել իր հոգին։ Ահա. «Լսո՞ւմ ես, վարդը խոնարհվում է ցած, այդ քնքուշ երգը իր սրտում պահած։ Թող հանդարտ փչի ծովային քամին, վարդին է կանչում սոխակն այս ժամին»։

Կովկասը եւ նրա ժողովուրդները հոգեհարազատ են ռուս բանաստեղծին, քանզի «հնուց ի վեր Պառնասը ռուսական «անծանոթ ափեր է ձգվել» եւ ամենից շատ նրան քաշել է Կովկասը՝ իր առեղծվածային մշուշներով»։ Այստեղ ներշնչումի երանելի պահեր են ապրել Պուշկինը, Լերմոնտովը... Այս վայրերի հետ ամենաջերմ հուշերով է կապված Եսենինը։

Եսենինի կյանքում զգալի դեր է խաղացել եւ այն ճանապարհորդությունը, որ նա 1922-23թթ. կատարել է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ճանապարհորդությունը կատարվեց, իհարկե, հայտնի պարուհի Այսեդորա Դունկանի հետ, որի հետ բանաստեղծն ամուսնացել էր։

Սերգեյ Եսենինը, ինչպես տեսնում եք, ժամանակի երեւույթների ու դեպքերի մոտով անտարբեր չէր կարող անցնել։ Նրա ժամանակակիցներից մեկը նկատել է. «Եսենինը շատ նուրբ հոգու տեր մարդ էր, չափազանց աշխույժ եւ շատ հեշտությամբ էր արձագանքում ժամանակաշրջանի ամեն մի երեւույթի»։ Եվ ահա այդպիսի նուրբ հոգու տեր բանաստեղծը, որ ինքնաբացահայտման համար դիմել է պոեմների, վիպակների, բալլադների, հեքիաթի ու այլ գրական ժանրերի, 1925 թվականին «եղերական վախճան ունեցավ»։ Իսկ այդ եղերականը զգացվում էր դեռեւս նրա «Սեւ մարդը» գործում։ Իր իսկ արյամբ է նա գրել իր վերջին բանաստեղծությունը.

Մնաս բարով, իմ բարեկամ, մնաս բարով,
Թանկագինս, իմ սրտի մեջ ես դու մնում,
Կանխատեսված այս բաժանումը շատ շուտով
Մեր առջեւում նոր հանդիպում է խոստանում։
Մնաս բարով, իմ բարեկամ, անխոս, անձեռք,
Դու մի թախծիր, վիշտ մի բարձիր քո հոնքերին,
Այս աշխարհում մեռնելն, այո, նոր չէ երբեք,
Բայց ապրելն էր, անշուշտ, նոր չէ բոլորովին։

Հիմա գրում են նաեւ այն մասին, որ Եսենինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են նրան. շատ հավանական է եւ իրականությանը մոտ այս դիտարկումը. չէ՞ որ մեծ բանաստեղծն այդպես էլ չկարողացավ հաշտվել ժամանակի անարդարությունների հետ, մնաց միշտ անկրկնելի եւ «անուղղելի»։

Բանաստեղծները, սակայն, չեն մեռնում, նրանք, ինչպես ժողովուրդն է ասում, դառնում են լույս, ապրում են այնքան, որքան նրանց պոեզիան։ Իսկ Եսենինը, ինչպես գրում է մեր ժամանակի խոշոր բանաստեղծներից մեկը՝ Յունիստաս Մարցինկյավիչուսը, պոեզիայի հրաշքն է։ Եվ ինչպես ամեն մի հրաշքի, նրա մասին եւս դժվար է խոսել։ Հրաշքը պետք է վերապրել։ Եվ պետք է նրան հավատալ։ Եսենինյան պոեզիայի հրաշքը ոչ միայն համոզում է, այլ նաեւ մշտապես հուզում։

Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Գեւորգ Էմինի, Հրաչյա Թամրազյանի թարգմանությամբ այսօր բանաստեղծի երգերը հնչում են նաեւ հայերեն։ Դեռեւս 1925թ. էր նա իր մի ծանոթուհուն գրած նամակում նշում. «Շուտով Հայաստանում կտպագրվի մի ամբողջ գիրք իմ երկերից»։

Եսենինի հավերժ երիտասարդ, խորը քաղաքացիականությամբ շնչող, թարմ ու անթոշնելի երգերը քայլում են դարերի հետ, բոլոր ժամանակներին համընթաց, բոցավառված սպիտակ կեչիների ճերմակ լույսով, եսենինյան կրքոտությամբ, եսենինյան սիրո անմիջականությամբ եւ ջերմությամբ, եւ միանգամայն իրավացի է Նիկոլայ Տիխոնովը. «Գալիքի մարդը այնպես է կարդալու Եսենինին, ինչպես նրան ընթերցում են այսօր... Նրա բանաստեղծությունները հնանալ չեն կարող։ Նրանց միջով հոսում է հավերժ անմահ պոեզիայի հավերժ երիտասարդ արյունը»։

Հիրավի, անմահ են այն երգերը, որ արյունով են գրվում։ Սերգեյ Եսենինի ոչ միայն վերջին, այլեւ բոլոր բանաստեղծությունները գրված են արյունով, սրտի արյունով։ Դրա համար է, որ գրողը միշտ անմահ է իր իսկ՝ Եսենինի պայծառ անվան պես...