ՄԵԾԱԳՈՒՅՆ ԵՐԱԶՈՂԸ

Րաֆֆի... Այս նվիրական անունը ոչ միայն չի իջնում հայ ժողովրդի շուրթերից, այլեւ վաղուց ձուլվել է նրա սրտի հետ, սրտի միջով՝ երազների ու ձգտումների հետ։

Նրա անվան մեջ գործն է խոսում, գործի մեջ՝ մարտիրոսությունը։

Նա ծնվեց ժողովրդի ցավից, դարձավ սերը ժողովրդի ու միախառնվեց մեր պատմությանը։ Բայց պատմություն չդարձավ, որովհետեւ արվեստի մեջ այդպիսի մեծության երեւույթները բոլոր ժամանակների համար էլ մնում են որպես ժամանակակից, մի տեսակ շարունակական պրոցես...

Րաֆֆու անունը ճշգրիտ արտասանելու համար պետք էլ չէ անպայման դիմել «ժողովրդական», «լեգենդային», «առասպելական» մակդիրներին։ Միեւնույն է, այդ անունն արդեն իր մեջ պարունակում է ամեն ինչ։ Անուն, որ կարելի է թարգմանել այնպիսի բառերով, որ կարող է միայն մայրը, ավելի ճիշտ՝ մայր ժողովուրդն ասել իր արժանավոր զավակի մասին։ Իսկ Րաֆֆին արժանավոր զավակ է։ Նա իր Դավիթ Բեկի, իր Ստեփանոսի, իր Սամվելի, Վարդանի, ժողովրդի ծոցից ելած մյուս երեւելիների ձեռքից բռնած եկավ ու մտավ ժողովրդի առասպելների եւ ավանդույթների, նրանց կենդանի կյանքի մեջ... Մտավ ու ասաց. «Որքան քաղցր է կենացությունը ռամիկի հետ, հարազատ ժողովրդի որդու հետ, եթե դու ուզում ես ճանաչել նրան, պետք է նրա խրճիթը մտնես, նրա հետ բաժակ խփես»։ Մի պահանջ, որ տարիներ հետո ոչ միայն չկորցրեց իր թարմությունն ու հրատապությունը, այլեւ սրվեց ավելի, դարձավ առավել կենսական ու անհրաժեշտ։

Ուրեմն, Րաֆֆին իր փիլիսոփայությամբ մեկ անգամ եւս հավաստում է՝ ճշմարիտն անմահ է։

Անմահություն է Րաֆֆու անունը։

Նա եկավ ու անուն չխնդրեց ժողովրդից։ Ավելին, իր անունը նվիրեց հայրենի սար ու հանդին, հայրենի քար ու ջրին ու այդպես դարձավ... անունավոր, պատվելի, անկրկնելի...

Րաֆֆին «Սալբի», «Ոսկի աքաղաղ», «Զահրումար», «Մինը այսպես, մյուսը՝ այնպես», «Խենթը», «Ջալալադին», «Խաչագողի հիշատակարանը», «Խամսայի մելիքությունները», «Դավիթ Բեկ», «Սամվել» եւ մյուս արժեքավոր գործերում արծարծեց դարաշրջանի ամենագլխավոր ու հրատապ հարցերը, գաղափարները, հանդես եկավ ազգային-ազատագրական շարժումների ճշգրիտ պատկերմամբ, գեղագիտական իդեալների առաջադրմամբ։ Նա հարազատ մնաց ինքն իրեն. «Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ, բարձր համամարդկային իդեալներ։ Եթե ներկայի մեջ չի գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը եւ ժամանակների հնությունից դուրս է կորչում իր ցանկացած հերոսներին եւ նրանց պատկերները՝ իրենց վսեմ գործերի նկարագիրներով դնում է ներկա սերունդի առջեւ, որ նրանցից օրինակ առնեն եւ նրանց նման լինեն»։

Եվ այդ ամենը՝ դարին հատուկ ազգային-ազատագրական շարժումները հոգեբանորեն քարտեզավորող, դրանց սլաքները ուղենշող վերլուծություններով, եզրահանգումներով ժողովրդանվեր լավատեսությամբ։ Ու հենց այստեղ է, որ նրա ռոմանտիզմն էլ հանդես է գալիս ռեալիզմի հետ դաշն... Գրական անհատականություններին բնորոշ մի երեւույթ, որ տարիներ հետո (1928թ.) Մաքսիմ Գորկու կողմից պիտի բանաձեւեր այսպես. «Խոշոր արվեստագետների մոտ ռեալիզմն ու ռոմանտիզմը միշտ կարծես միաձույլ են»։

Րաֆֆին գրականություն բերեց գրական ու ժողովրդական, այդ բառերի միասնական նշանակությամբ, նոր հերոսներ։ Եվ ինքն էլ, որպես մտածող, որպես փիլիսոփա գրող, որպես հումանիստ, իր գործը կատարեց հերոսականորեն։

Նրա գործերը ոչ միայն ժողովրդական ազատատենչ շարժումների գեղարվեստական տարեգրությունն են, դա իր հերթին, այլեւ դեպի լույսը քայլող ու ձգտող ազգի թե՛ «ոգեւորող» եւ թե՛ «ղեկավարողն» են։

Ավելացնենք՝ ժողովրդական գրող լինելուց առաջ, ժողովրդական հերոս է Րաֆֆին։

Առհավատչյան՝ նրա գեղարվեստական երկերը։

Այս ամենի անունը, անշուշտ, բարձր քաղաքացիականությունն է, առանց որի` անշունչ ու նպատակավրեպ է ամեն մի արվեստ։ Իսկ հումանիստ գրողի քաղաքացիականությունն իր ակունքն առել է գրական, քաղաքական, հասարակական այն ավանդույթներից, որոնց սկզբնավորողները եղան ռուս դեմոկրատներ Բելինսկին, Չեռնիշեւսկին, Դոբրոլյուբովը, հայ իրականության մեջ՝ Աբովյանը, Նազարյանը, Նալբանդյանը... Եվ պատահական չէ, որ իր առաջին գրական երկը՝ «Սալբին», Րաֆֆին նվիրել է Միք. Նալբանդյանի անմահ հիշատակին։

Ահա դեմքեր, որոնց ճառագած լույսի շողերով քաշվում-ցրվում էր հին, իր դարն ապրած աշխարհի համատարած խավարը։ Դարաշրջան, ուր հալածական էին ազնվությունն ու արդարությունը, ուր վարուժանյան դիպուկ բնութագրությամբ՝ «ոսկի էին ցանում ու անբարոյականություն հնձում տիրողները»։

Եվ հասկանալի է, որ ժամանակի ամենաառաջադիմական հանդեսներից մեկը՝ «Հյուսիսափայլը», պետք է դառնար Րաֆֆու երազած ամսագիրը, որը եւ նրա աշխարհայացքի ձեւավորման գործում զգալի դեր կատարեց, ինչպես ասում են, իր ուղղության մեջ ներառնելով դեռեւս բավականին երիտասարդ Րաֆֆուն։ Այդ հանդեսի մասին Րաֆֆին գրել է. «Երկար ժամանակ փափագում էի տեսնելու մի այդպիսի օրագրի հրատարակություն, որի մեջ ճշմարտությամբ պատկերանային հայոց ազգի վերքը եւ նոցա բժշկության համար գործադրելի հնարները։ Տա աստված ընդ երկար տեւել «Հյուսիսափայլին», հօգուտ մեր հայրենիքի»։

Ուրեմն, Րաֆֆու համար էն գլխից ճշգրտված էր նրա քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը։

«Հյուսիսափայլն» էլ հանդիսացավ այն ամսագիրը, որը տպագրեց ապագա մեծ գրողի «Ախթամարա վանքը»։ Ակնարկն ավարտվում է մի հրաշակերտ բանաստեղծությամբ, որին վիճակված էր լինելու ժամանակի հայրենասիրական ոգով գրված ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը («Ձայն տուր, ով ծովակ»).

Ձայն տուր, ով ծովակ, ինչու՞ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցեք, զեփյուռք, այլիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերի հետ։

Րաֆֆին մեծ լուսավորիչների արժանի լծորդը հանդիսացավ նաեւ լեզվի հարցերում՝ առաջնորդվելով նալբանդյանական հանրահայտ իմաստնությամբ. «Ազգությունը ունի իր հոգին, եւ այդ հոգին է լեզուն. առանց լեզվի չկա ազգ, սուտ բան է, առասպել, առակ»... Րաֆֆու բառերը հենց իր նկարագրած առավոտների շողերի պես մաքուր ու զրնգուն են, տարողունակ ու բազմաշերտ, արշալույսների նման ծալծալ, ազնվաշեշտ։

Րաֆֆին, ժողովրդի հետ համատեղ քայլերով հանդերձ, միաժամանակ բավականին առաջ էր անցել նրանից։ Սա արվեստագետի սրբազան պարտքն է։ Նեկրասովյան սկզբունքը՝ դու բանաստեղծ կարող ես չլինել, բայց քաղաքացի լինել՝ պարտավոր ես, որ յուրովի էր արտահայտվել Շահազիզի մոտ՝ նախ քաղաքացի եւ ապա՝ պոետ, ինքնատիպ ձեւով է արտացոլվել մեծ վիպասանի ամբողջ գործունեության մեջ։

Այստեղ էլ հենց առաջին պլան են մղվում Րաֆֆու դասերը, քաղաքացիականության դասերը, որոնցից էլ սկսվում է ամեն ինչ։ Վիպասանը չի կարող ազգային-ազատագրական շարժումների մասնակիցը չլինել՝ իր ինքնատիպ արվեստով։ Այդ արվեստի ամենամեծ դասը պայքարի կոչն էր, զինված պայքարի անհրաժեշտությունը, որի հեռակետում էլ տիրող կարգերի խորտակման անխուսափելիությունն էր։ Առաջադրվող այս գործնական գաղափարներն ի մի են գալիս րաֆֆիական կենսափիլիսոփայության մեջ՝ միասնություն։ Ահա այն հասկացությունը, որից սկսվում եւ որին վերադառնում է սթափ հայրենասիրությունը։ Ընդգծենք, որ ամենամեծ առանձնահատկությունը, որով Րաֆֆու արվեստը բարձրանում է ժամանակի ֆոնի վրա, դա նրա գործերի մեջ առկա հայրենասիրության սթափությունն է։ Դրանում համոզվելու համար, մեկ անգամ եւս հիշենք Ստեփանոսի նամակի տողերը՝ ուղղված Դավիթ Բեկին. «Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին։ Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դավիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջանքները, բոլոր ցավերը։ Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ։ Հանգամանքները ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել եւ այդ պիտի կատարես դու»։

Րաֆֆին պայքարի զենքն ուղղում է ոչ միայն օտար բռնակալների ու տիրապետողների, այլեւ, միաժամանակ, ազգի ներքին հարստահարիչների, ժողովրդի արյունը ծծողների դեմ։ Եվ այստեղ է, որ նրա ազատասիրական կոչը համամարդկային հնչողություն է ձեռք բերում։ Սա գրողի աշխարհայացքի ու քաղաքացիական դավանանքի, որոշիչ նշանակության, ամենալուսավոր կետերից է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բռնակալն ամենուրեք մի անուն ունի, որովհետեւ ամենուրեք մի նպատակ ունեն շահագործողները։ Աշխարհայացքային այս ելակետով էլ Րաֆֆու արվեստը առնչվում է մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի դավանանքին։

Գրողի գլուխգործոցներից մեկի՝ «Դավիթ Բեկի» գլխավոր հերոսի կերպարն ամբողջականացնող հիմնական գծերից մեկը նրա անանձնական երջանկության, ինչպես ասում են, խորունկ զգացողությունն է, ժողովրդական շահը ամեն ինչից վեր դասելու կարողությունը, որը Րաֆֆու գրչի տակ ներկայացվում է վեհության խիստ վարակիչ նկարագրությամբ, հուզիչ ապրումներով, անխառն անմիջականությամբ։ Դավթի հոգու վեհությունը գլխավոր հերոսի կերպարանքով, նրա մահից հետո էլ շարունակում է, անմահության պսակը գլխին՝ ապրել ու պայքարել։ Հաղթանակը միշտ նրա հետ է։ Վերջում մարդկային հզոր հատկանիշը՝ հայրենասիրությունը, հանդես է գալիս որպես գործող անձ, որպես հերոս, որպես չմեռնող իդեալի մարմնացում։ Սա Րաֆֆու գեղարվեստի նորարության մեկ ուրիշ եւ գլխավոր կողմերից է։

Հայ պատմավիպասանության անթառամ պսակն է «Սամվելը»։ Իր ստեղծագործություններում մշտապես սոցիալ-դասակարգային ու սոցիալ-քաղաքական խնդիրներ առաջադրող եւ դրանց ճշգրիտ պատասխանը գտնող Րաֆֆին այս վեպում եւս հոգեհարազատ է իր սկզբունքին ու դավանանքին։ Նա այստեղ էլ հոգեխույզի մանրակրկիտությամբ է բացում հերոսների ներքին աշխարհը։ Եվ եթե «Սամվելը» իր մեջ կարողանում է խեղդել հոր եւ ապա մոր հանդեպ տածած այն զգացումները, որոնք բնականոն են ամենքի համար, ապա դա անում է հենց հանուն այդ զգացումների։ Աֆորիզմի ուժ առած Սամվելի խոսքն, ահավասիկ. «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաեւ ուրացող մորը»։ Սամվելի համար դա կյանքից էլ գլխավոր հարց է, որովհետեւ չդավաճանող հայրն ու չուրացող մայրը վաղուց արդեն հայրենիքի ու հարազատ ժողովրդի հավաքական կերպարի մեջ են միաձուլված։

Հոգեբանական պատճառաբանվածության առումով էլ այս ստեղծագործությունը մեր պատմավիպասանության մեծագույն արժեքներից է հանդիսանում։ Դրանով պիտի նաեւ բացատրել այն աննախադեպ ժողովրդայնությունը, որ վայելում է Րաֆֆու ստեղծագործությունը։

Րաֆֆուն հասարակայնության սիրված վիպասան համարող Ստ. Շահումյանը իրավացիորեն նկատել է. «Մեր կարծիքով նա, ով ուզում է, որ հայ ժողովուրդը գրականություն ունենա, նա պիտի ամենից առաջ կռիվ հայտարարի այն պայմանների, քաղաքական այն կարգերի դեմ, որոնք ստեղծում են ժողովրդի, այդ հասարակական օրգանիզմի ազատ, բնական զարգացումը, նա պիտի աշխատի այնպիսի պայմաններ ստեղծել, որ ժողովրդի միջից դուրս եկող մարդիկ Րաֆիններն ու Շիրվանզադեները, անհատներ չլինեն, այլ խմբեր, մասսաներ»։

Րաֆֆին եղավ մայր ժողովրդի ազնվագույն («ճշմարիտ տաղանդը երբեք չի կաշառվում») դատապաշտպանը։ Նրա ստեղծագործության ժողովրդայնությունը պայմանավորող բազմաթիվ գործոններից մեկն էլ հենց դա է։ Եվ, փոքր-ինչ վերափոխելով վիպասանի խոսքը՝ Վարդանն ինքը ժողովուրդն է, առանց վերապահումների կարող ենք ասել հենց իր՝ գրողի մասին՝ Րաֆֆին ինքը ժողովուրդն է։

Խոսելով Րաֆֆուն համաժողովրդական մեծ հռչակ բերած «Ջալալեդդին» գրքի մասին, րաֆֆիագետ Ս. Սարինյանը նշել է, որ «Ջալալեդդինի» ներքին պաթոսը կրքոտ քննադատական է։ Հայ ժողովրդի ազատության միակ ուղին համարելով զինված պայքարը` Րաֆֆին մի անգամ եւս անողոքաբար քննադատում է քրիստոենական համբերության ուսմունքը՝ որպես ստրկական հոգու արտահայտություն։

Րաֆֆու յուրաքանչյուր ստեղծագործության աշխարհ գալը ընթերցողների կողմից ընդունվել է բուռն սիրով, նրա գրքերով ազատասիրական շարժումների նոր ալիքներ էին բարձրանում։ Ամեն մի գրական գործ ասպարեզ է մտնում որպես պայքարի աննկուն մարտիկ, որպես առաջադիմական ձգտումների գաղափարախոս, որպես ազատության կռվի դրոշակակիր։

Այդպես հավերժական կյանք առան գրողի «Կայծերը», «Խենթը», «Խաչագողի հիշատակարանը», «Խամսայի մելիքությունները», «Հարեմը», «Ղարիբ մշեցին», «Դավիթ Բեկը», «Սամվելը», բոլոր գործերը։ Րաֆֆին իր ստեղծագործությունները կյանքից էր առնում։ Նրա մոտ ոչինչ հնարովի չէր։ Շրջագայություններ էր կատարում, եւ ստացած տպավորությունները վառ, կենդանի, ստույգ դառնում էին գեղարվեստական գործեր։ Իր այդ դավանանքին հավատարիմ մնաց նա ստեղծագործական ամբողջ կյանքում։ Նա շրջագայություն է կատարել նաեւ մեր հինավուրց լեռնաշխարհում եւ ստացած տպավորությունները շարադրել մի շարք նշանավոր գործերում։ Արցախական աշխարհի մարդիկ ջերմագին սիրով են ընդունել իրենց մեծ գրողին։ Ահա թե այդ մասին ինչ է գրում Րաֆֆին.

«Մեկը բերանացի ավանդույթներ էր հաղորդում, մյուսը բերում էր մի որեւէ ձեռագիր, որ պատմական նշանակություն ուներ»։

Րաֆֆու ամբողջ ստեղծագործությունը մայր երակով կապված է ժողովրդական բանահյուսության անսպառ ակունքներին։ Սա եւս նրա արվեստի բարձր ժողովրդայնության գլխավոր նախապայմաններից է։

Բանաստեղծությունը ռումբ է եւ դրոշ՝ ասել է Վլ. Մայակովսկին։ Հիրավի, Րաֆֆու ամեն մի ստեղծագործությունն էլ ռումբի նման եղավ ու դրոշի, Րաֆֆին դարձավ իր դարի զավակն ու հոգեզավակը, ինչպես ասում են։ Նա, ով իր ժողովրդի արժանի զավակն է, զավակն է բոլոր ժողովուրդների։ Նա, ով իր ժողովրդի զավակը լինել չի կարող, երբեք ու երբեք չի կարող լինել նաեւ մյուս ժողովուրդների զավակը՝ ինչ էր որ անի։

Սա կյանքի օրենք է։

Դրա համար է, որ Րաֆֆին «քանի հեռանում, այնքան սիրելի է դառնում» (Շիրվանզադե)։

Ժողովուրդը քայլում է մեծ գրողի երազած լույսի ճանապարհով։ Եվ գալիքից նրան դիմավորողների մեջ է հանճարեղ գեղագետ Րաֆֆին, հայ մեծագույն երազողը եւ մարդկության ազնվարյուն զավակներից մեկը, որը, ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի բառերով, հիրավի, եղավ հայր վիպասան, դարձավ անմահ հոգի։