Անպայման պիտի դու վերադառնաս՝
Ինչպես կորսված տեսողությունը,
Ցուրտ խոսք, ցուրտ ժպիտ պիտի մոռանաս,
Բույրի պես լցվես իմ տեղ ու տունը։
Թե խոսես, սեր իմ, քո շշուկներից
Բողբոջեմ պիտի, բացվեմ, կանաչեմ,
Թեւերս պիտի տարածվեն նորից,
Սերդ՝ երկնքվի, որ բարձր թռչեմ։
Ներհյուսվես պիտի դու իմ օրերում,
Իմ ցավի միջից ընձյուղվես սիրով
Եվ որպես աստղ՝ սրտիս կարմիրում,
Ասեղնոտես իմ կյանքը լույսերով։
Առանց քեզ՝ ինձ հետ լեզու չեմ գտնում,
Արդար էլ լինեմ՝ մեղքով եմ բարձված,
Առանց քեզ ես ինձ էլ չեմ հավատում-
Անպայման պիտի դու վերադառնաս...