Անվերնագիր (Ապրում էր մի աղքատ ասպետ)

Անվերնագիր (Ապրում էր մի աղքատ ասպետ)

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Պուշկինից)


Ապրում էր մի աղքատ ասպետ
Եվ լռակյաց, և բարի,
Տեսքով՝ գունատ ու խստադեմ,
Ոգով՝ խիզախ ու արի։

5 Տեսել էր նա տեսիլ մի վառ,
Մտքի համար անքննին,
Եվ տեսիլն այդ հավիտյան — հա՛ր
Դրոշմվել էր իր սրտին։

Այդ օրվանից հոգով անխոնջ
10 Նա կանանց չէր նայում էլ,
Նա մինչև մահ ո՛չ մի կնոջ
Չկամեցավ խոսք ասել։

Պարանոցին, շալի տեղ, մի
Չոր վարդարան նա կապեց,
15 Եվ պողպատե քողը դեմքի
Ոչ—ոքի դեմ չբացեց։

Սիրտը լցրած սիրով անեղծ
Եվ ցնորքով այն անահ՝
A. M. D. իր արնով գրեց
20 Իր վահանի վրա նա։

Եվ հեռավոր Պաղեստինում,
Պալադիններն ուր ուրիշ
Իրենց տիկնանց էին դիմում
Դեպի կռիվ թռչելիս —

25 Lumen coelum, Sancta Rosa,
Բացագանչում էր նա խենթ,
Եվ որոտի նման կոչն այս
Սփռում էր մահ ու աղետ:

Դառնալով իր ամրոցն հեռու
30 Փակ մենակյաց նա դառավ,
Մի՛շտ անբարբառ և մի՛շտ տխուր,
Իբրև մի խենթ, նա մեռավ։

1933. V 18