Արջը տեսավ, որ գյուղացին,
Իր անտառի մարդ դրացին,
Լծաղեղ է ծռում, շարում,
Վաճառելով ապրուստ ճարում,
Ինքն էլ ուզեց, ի՜նչ էլ լինի,
Լծաղեղներ վաճառք հանի,
Ապրի հենց նույն աշխատանքով:
Անտառը լցվեց շըխկ ու դըխկով.
Անտառի արջ՝ Մխիկ քեռու
Ձայնն է լսվում հեռվից հեռու:
Ջարդեց, բրդեց
Ընկուզենի, կեչի, թեղի
Գետին թափեց,
Բայց անտեղի,
Էդքան ծառից նա չծռեց ոչ մի աղեղ:
Փրփուր մտած Մխիկն այստեղ
Գնաց մարդու մոտ խորհրդի.
— Ա՜յ հարևան, ադամորդի՜,
Պատճառն ի՜նչ է, ինձ հաղորդի,
Ծառ կտրելս տեսնում ես՝ կա,
Աղեղ ծռելս իսկի չկա:
— Պատճառն այն է, ա՜յ, ասեմ քեզ,
Քավոր Մխիկ, որ դու չունես
Համբերություն ասած բանը, —
Պատասխանեց հարևանը: