Մի օր Մելիք Շահնազարը կանչում է Պըլը-Պուղուն եւ հարցնում.

-Պուղի աշխարհի ամենալավ շենը ո՞րն է։

Պուղին նայում է Մելիքի դեմքին եւ հասկանում, որ հարցը տրվել է միայն փառասիրական մղումով, ակնկալիքով, թե Պուղին քաղցր մի պատասխանով կշոյի Մելիքի լսողությունը՝ տալով Մելիքի ծնած շենի անունը։ Բայց Պուղին մնում է Պուղի։

-Մելիքն ապրած կենա,- ասում է առակախոսը,- աշխարհի ամենալավ շենն ամեն մարդու համար էն է, ուր ինքը ծնվել է։

-Պուղի, ավելի կոնկրետ չես կարո՞ղ ասել,- խորամանկ ժպտում է Մելիքը։

-Կասեմ, ինչո՞ւ չեմ ասի,- կարճ կապում է Պուղին,- ամենալավ շենը աշխարհիս երեսին Շոշն է։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ ես ծնվել եմ այնտեղ։

-Իսկ եթե ես էլ ծնվեի Շոշո՞ւմ։

-Այդ դեպքում,- «կողքին չի ընկնում» Պուղին,- նախ քո ծնվելը կլիներ պատահական, երկրորդ՝ մեր շենը կկոչվեր ոչ թե Շոշ, այլ Մըննաշոշ («Մըննաշոշ» Արցախի բարբառով նշանակում է՝ մատի թարախակալած վերք)։