Աշնան առավոտի երգը

Վահան Տերյան


ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ


Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…