ՄՏԱԾՄՈՒՆՔ


Անձրեւները հապաղում են, անձրեւները հապաղում են
ու ցամաք են քո հողերը, ճաք են տվել լուռ, ծարավել,
հայացքները քեզ հետեւող շրջվում արդեն ու պաղում են
լույսի նման, որ հալվել է ամպերի մեջ կամ ծրարվել։

Դու գնում ես լրիվ մենակ... Մրմռացող վերքերը քո
զարդարում ես ծաղիկների չթառամող թերթիկներով,
չնժարվող, մեծ, անսահման, քեզ մոռացած երկնի ներքո
բաց ես թողնում սիրտդ՝ որպես մի հավք անփորձ թեւիկներով։

Հավքը թռչում, հեռանում է... Ինչ իմանաս, թե ուր գնաց,
այս աշխարհում թեւ չտեսած երկինքներ կան ջինջ, երազուն,
ո՞ւմ աստղի մեջ բնավորվեց եւ ո՞ւմ հոգու լարին մնաց,
բառ չգտնող մրմունջներդ գուցե տարավ նա Աստծուն։

Կանգ չես առնում դու, գնում ես... Երեւում է հանկարծ հավքը,
դու թեւերի բաբախյունը զգում ես քո հեգ կրծքի տակ,
ու հրաշք է դառնում ասես, ու կրակ է բերում կյանքը,
ու սրտիդ տեղ ինչ-որ մեկը սարսուռներն է լցնում իր տաք։

Քայլ ես անում... Ճամփիդ վրա կանգնել բիզ-բիզ ու նայում են,
քեզ են նայում ցից քարերը՝ աչքիդ ծխին միշտ անտեղյակ...
հեռուն ձգում, կանչում է քեզ, քեզ քաշում ու հմայում է,
բույն են հյուսում հայացքիդ մեջ հազար կարոտ ու ծիծեռնակ։

Անձրեւները շատ ուշացան, աններելի հապաղում են
եւ աղերս են դարձել արդեն քո հողերը, խոհերը քո,
կարոտներդ ամպեր դարձել, մարմանդ-մարմանդ լուռ մաղում են,
չնժարվող, մեծ, անսահման, քեզ մոռացած երկնի ներքո։