ԱՐԱՆ


Գրիչ առավ
Եվ առավ թուղթ,
Նստեց Արան
Տատիկի մոտ.
-Սովորել եմ,
Տատի, մի տես,
Անունս վարժ
Գրում եմ ես...

-Ի՜նչ ես ասում,
Փորձիր, հապա,-
ՈՒրախացավ
Տատը անչափ։

Արան թղթին
Գրեց «Արա»,
Բայց չիմացավ,
Թե ոնց արավ,

Որ թանաքի
Մի սեւ կաթիլ
Ընկավ ուղիղ
Անվան վրա...

Փոքրիկ Արան
Ջնջիչն առավ,
Բայց տատն այստեղ
Բռնեց իսկույն
Ձեռքը նրա.
-Լավ է,- ասաց,-
Քո անունը
Կարող ես դու
Արդեն գրել...

Հիմա, բալաս,
Դու սովորիր
Անվան հետ միշտ
Զգույշ լինել։
Թե կեղտոտես
Թեկուզ մի քիչ՝
Էլ չի օգնի
Ոչ մի ջնջիչ...