Մեսրոպ Մաշտոցն հինգերորդ դարում
դպրոց է բացել Արցախի Ամարաս վանքում։
Ասել է «Այբ», նայել քարին,
աչքի լույսով
ճառագայթուն,
քանդակվել է քարին մի «Այբ»,
Ասել է «Բեն», նայել քարին,
ոգու լույսով
ճառագայթուն
քանդակվել է քարին մի «Բեն»...
Այդպես՝ հայոց այբուբենը
աստվածադուռ։
Ու մեր գրով վանքը օծվել,
դարձել է սուրբ գրերի տուն։
Ասում են թե՝ մինչ հիմա էլ,
երբ այդ հովտով անց ես կենում,
ունկ դիր խորին լռությանը,
խորհրդավոր
մի շշուկ ես հանկարծ լսում,
դա Մաշտոցի ձայն է անմահ՝
Ա՜յբ... Բե՜ն... Գի՜մ... Դա՜...
հնչում է միշտ Ամարասում.
Այդ ձայնով է արթուն լույսը
Արցախա տան,
այդ ձայնով է ծուխն Արցախա
ոլորվում վեր,
ձուլվում ծխին հավերժության։
Իսկ Ամարաս հովտով կանաչ
դարերն ի վեր,
զույգ թեւերը հավքի նման
պարզել թեթեւ ու վազում է մի երեխա,
նրա դալա՜ր, բաց թեւերին
Ամարասն է պահվում, ահա՛։