ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ


Ես իմ լռության դուռը բացում եմ ու ներս եմ մտնում...
Հետո ծառերը ողջ աշխարհով մեկ որոնում են ինձ,
Հետո սարերը ողջ երկնքով մեկ որոնում են ինձ,
Հետո բառերը ողջ երգերով մեկ որոնում են ինձ
Ու որոնման մեջ ես մոտենում եմ իմ իսկ պատկերին։

Ես իմ երազի դուռը բացում եմ ու ներս եմ մտնում...
Հետո քարերը փնտրում են պատեր, որ վեր բարձրանան,
Հետո գետերը փնտրում են հուներ, որ վեր բարձրանան,
Հետո խաչերը փնտրում են վանքեր, որ վեր բարձրանան
Ու մաքառման մեջ ես մոտենում եմ իմ իսկ պատկերին։

Ես իմ հավատի դուռը բացում եմ ու ներս եմ մտնում...
Հետո բացվում են հին-հին բերդերը, մի-մի ջահ վառում,
Հետո բացվում են հին իմաստները, մի-մի ջահ վառում,
Հետո բացվում են հաղթությունները, մի-մի ջահ վառում
Ու ջահերի մեջ ես մոտենում եմ ցավիս պատկերին։