Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱԼՀ/Լանկ Թամուրի արշավանքները դեպի Արցախ

ԼԱՆԿ-ԹԱՄՈՒՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

Հայության արնածոր վերքերը դեռ չէին սպիացել, երբ 14-րդ դարի 80-ական թվականներին Այսրկովկաս խուժեցին ոսկե հորդայի արյու­նարբու հորդաները։ Կոտորածների ու ավերածությունների ենթարկվեցին հատկապես հյուսիս-արևելյան Հայաստանի գավառնե­րը այդ թվում Ծարն ու շրջակաները։

Այդ իրավիճակում 14-րդ դարի վերջերին հայ ժողովրդի գլխին պայթեց չարիքներից մեծագույնը. սկսվեցին Լանկ-Թամուրի մահասփյուռ արշավանքները։

Մոնղոլական Բարլաս ցեղից սերված Թարաղայի որդի Թամուրը, Լանկ(կաղ) մականունով, լինելով խիզախ զորահրամանատար ու խորամանկ քաղաքագետ, իր շուրջը համախմբելով համախոհնե­րին 1370թ. Միջին Ասիայում Սամարղանդ կենտրոնով ստեղծեց մոնղոլա-թուրքական ռազմա-ֆեոդալական պետություն։

Ստեղծելով հզոր ու մարտունակ բանակ Ոսկե Հորդայի, Ռու­սաստանի, Հնդկաստանի, Իրանի, Այսրկովկասի ու Փոքր Ասիայի երկրները դարձան Լանկ-Թամուրի հորդաների ոտքի կոխան։

1386թ. գարնանը նա գրավում է Թավրիզը, անցնելով Արաքսը, մտնում Սյունիք։ Նրա զորքերը տարբեր ուղղություններով արշավելով և կոտրելով կազմակերպված դիմադրությունը, կարճ ժամանակաընթացքում հասնում են մինչև Կարբի, Բջնի, Գառնի, Սուրմարի և Կողբ։ Այնուհետև Լանկ-Թամուրի զորքերը ներխուժում են Արցախ, գրավում Վերին Խաչենը։ Ծարի Դոփյան իշխանական տան ներ­կայացուցիչ Հասանը կնոջ՝ Խոնձայի և վեց որդիների՝ Գրիգորի, Սարգսի, Շանշիի, Ջհանշիի, Աղբուղայի և Շիրվանի, ինչպես նաև իշխան Սադունի հետ, անհավասար պայքարում նահատակվում են։ Փրկվում է միայն Հասանի Վահրամ որդին։ Ավերվում են Խաչենի բարգավաճ բնակավայրերը։ Ժողովրդին գլխատելու, հետագա ապստամբություններից խուսափելու և թիկունքի ապահովության համար թամուրյանները կոտորում էին ոչ միայն տեղական իշխանավորներին, այլ նաև գյուղական այնպիսի պաշտոնյաներին, ինչպիսիք էին տանուտերերն ու ձեռնավորները։

Այս նվաճումներից հետո Թամուրի զորքերը մտնում են Վրաստան և 1386թ. նոյեմբերի 21-ին գրավում ու կողոպտում Տփղիսը։

Ձմեռման համար Այսրկովկասում Լանկ-Թամուրը բանակատե­ղի ընտրեց հատկապաս տարվա այդ եղանակին մեղմ կլիմա ունե­ցող Մուխանք գավառը, որը կոչվում էր նաև Ղարաբաղի դաշտ։ Հարկ է նշել, որ Ղարաբաղ անունը պատմական սկզբնաղբյուրներում առաջին անգամ արձանագրվում է 14-րդ դարի վերջին «Վրացական ժամանակագրության» և պարսիկ պատմագիր Համադալլահ Ղազվինիի մոտ։

1394թ. սկսվեց Լանկ-Թամուրի երկրորդ արշավանքը դեպի Հայաստան։ Այս անգամ Լանկ-Թամուրի զորքերը Հյուսիսային Սիջագետքից անցան Արևմտյան Հայաստան, դաժանորեն հաշվեհար­դար տեսան տեղի բնակչության հետ և հասան Այրարատ։

Լանկ-Թամուրը ստիպված էր շտապ հեռանալ դեպի Աղվանք՝ հակահարված տալու Ասկե Հորդայի խան Թողթամիշին, որը ներ­խուժել էր Շիրվան։ Թողթամիշը խույս տվեց ընդհարումից և հե­ռացավ Ասկե Հորդա, իսկ Լանկ-Թամուրի զորքը ձմեռեց Մուղանի դաշտում՝ ասպատակելով շրջակա Արցախի և Ուտիքի բնակավայրերը։

1399 թվականին Լանկ-Թամուրը երրորդ անգամ հայտնվեց Այսրկովկասում։ Մտնելով Իրանի հյուսիսային նահանգները, նա անցավ Արաքսը, մտավ Մուղան, 7 ամիս շարունակ գերեց ու կողոպտեց Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները։ Շատ բնակավայրեր վերածվեցին ավերակների ու անբնակ դար­ձան։

1399–1403թթ. պատերազմական գործողությունների արդյուն­քում Լանկ-Թամուրը դարձավ ողջ Այսրկովկասի, Փոքր Ասիայի, Միջազետքի ու Սիրիայի տիրակալը։ Նրա գերագույն իշխանությունը ճանաչեց նաև Եգիպտոսի սուլթանը։

1403–1404թթ. Լանկ-Թամուրն իր բանակով ձմեռեց Ղարաբաղի դաշտային մասում, իսկ գարնանը մեծ ավարով ու գերիներով վերադարձավ Սամարղանդ։

Ժամանակակից աղբյուրները սրտաճմլիկ նկարագրություններ են պահպանել Լանկ-Թամուրի գործած ավերածությունների, բնակչության սրածության, գերեվարության, նյութական ու հոգևոր արժեքների կողոպուտի ու ոչնչացման մասին։ Պատերազմական գործողությունների պատճառով շատ վայրեր անմշակ էին մնացել, որի հետևանքով եղավ անբերրիություն և սաստիկ սով։ 1407թ. այդ ամենին գումարվեց ահավոր «մահտարժամ»-ը։ Դաժան համաճարակին զոհ գնացին հազարավոր մարդիկ։ Երկիրը մեծ մասամբ մնացել էր անտեր՝ զրկված իր տեղաբնիկ հայազուն իշխանություններից։ Արցախի դաշտային գավառները, հատկապես Մուխանքը կտրվում է հայկական միջավայրից և կորցնում իր ազգագրական ամբողջությունը։

Այդ ամենով հանդերձ Արցախի Առանշահիկ նախարարական տան շառավիղները, դիմակայելով օտար բռնավորների դժնդակ տիրապետության մղձավանջները, ավելի մանրացած, կառչեցին լեռնաստանի անմատչելի գավառներին, լիահույս սպասելով նոր բարենպաստ օրերի գալստյանը։