Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿԿ/Ցարիզմի գաղութային քադաքականությունը
Արևելյան Հայաստանը, այդ թվում Արցախը անցնելով Ռուսաստանին հայ ժողովուրդը չստացավ ցանկալի ազատությունը։ Պարսակական լուծը փոխարինվեց ռուսականով։ Ցարական կառավարությունը դիմում է նոր միջոցների՝ ռուսական տիրապետությունը Այսրկովկասում ամրապնդելու համար։
Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների շուկա, «այն կապելով Ռուսաստանի հետ քաղաքացիական և քաղաքական կապերով իբրև մեկ մարմին և ստիպել տեղի բնակիչներին խոսել, մտածել և զգալ ռուսաբար», ինչպես գրում էին Պասկևիչը, սենատորներ Մեչնիկովն ու Կուտաիսովը։ Ֆինանսների նախարար գրաֆ Կանկրինը, վերոհիշյալ գաղափարը ավելի հստակեցնելով, 1827թ. Նիկոլայ Առաջինին ներկայացրած զեկուցագրում ասում էր. »Անդրկովկասյան գավառները որոշակիորեն կարող են համարվել մեր գաղութը, որն իր հարավային կլիմայի արտադրանքներով պետությանը մեծ օգուտ պետք է բերի։ Անդրկովկասը Ռուսաստանի գաղութ կոչելը առաջին անգամ բացահայտ կերպով ցույց է տալիս տեղական իշխանության բոլոր ձևերը։ Դա հենց այն կետն է, որից պետք է նայել նրա վրա և ուղղություն տալ գործողությունների ամբողջ սիստեմին։
Աստիճանաբար երկրի կառավարման մեջ զգալի փոփոխություններ էին մտցվում։ Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասի բոլոր երկրամասերում միանման վարչակարգ ստեղծել և ընդհանուր օրենքներով այն կառավարել։ Միաժամանակ ազգամիջյան հակասություններն օգտագործելու նպատակով ցարիզմը ձգտում էր ստեղծել խառը բնակչություն ունեցող վարչական միավորներ։ Այդ նպատակով 1840թ. օրենք է ընդունվում, ըստ որի Այսրկովկասում ստեղծվում են վրացա-իմերեթական նահանգը՝ Թիֆլիս, և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոններով։ Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնում էին Արևելյան Հայաստանի՝ Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրոպոլի, Ախալցխայի գավառները, իսկ Կասպիական մարզի գավառներն էին հայկական մյուս տարածքները, այդ թվում նաև Ղարաբաղը։
Փաստորեն ցարիզմը, անտեսելով երկրամասի ազգային առանձնահատկությունները, անցնում էր գաղութային անսքող քաղաքականության։
Այսքանով էլ չբավարարվելով, 1846թ. դեկտեմբերի 14-ին կառավարությունը կրկին Այսրկովկասը վարչական բաժանման է ենթարկում։ Այս անգամ ստեղծվում են չորս նահանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի։ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները մտնում են Թիֆլիսի, իսկ Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ Շամախու նահանգի մեջ։ Այս դեպքում ևս անտեսվում էին երկրամասի ազգային առանձնահատկությունները, նորից բաժան-բաժան արվում հայկական գավառները։
1867թ. դեկտեմբերի 9-ի ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Այսրկովկասը բաժանվեց 5 նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը մտցվեց Երևանի, իսկ մյուս մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների կազմի մեջ։ Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ։ 1868թ. Ելիզավետպոլի նահանգական կենտրոն ճանաչվեց Գանձակը, որը իր բնակչության թվով ու քաղաքին հատուկ մյուս բնորոշ գծերով շատ էր զիջում Շուշիին։
Այս կարգով գավառական կենտրոններ հռչակվեցին Թարթառը՝ Ջիվանշիրի համար, որի մեջ ներառվեցին Գյուլիստանի, Ջրաբերդի նախկին մելիքությունները ամբողջապես և Խաչենի մի մասը, Ջեբրայիլը՝ համանուն գավառի համար, որի կազմում էր Դիզակի տարածքի մի մասը և Շուշին, որի մեջ ներառվեց ամբողջ Վարանդան, Խաչենի և Դիզակի զգալի մասը։
Վարչատարածքային այս բաժանումները անփոփոխ մնացին մինչև 1917թ.։ Հարկ է նշել, որ 1916թ նորից վիճաբանությունների առարկա դարձավ Անդրկովկասի նոր սահմանագծման հարցը։
Հայերը կազմեցին մի նախագիծ, որով Այսրկովկասի հայկական և միաժամանակ հայաբնակ շրջանները կազմելու էին կամ մեկ նահանգ, կամ էլ բաժանվելու էին 4 փոքր նահանգների՝ Երևանի, Լեռնային Գանձակի կամ Ղարաբաղի, Ալեքսանդրապոլի և Կարսի։ Այդ նախագծով Այսրկովկասի արևելյան մասը բաժանվում էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Հայկական մասի մեջ մտնելու էին բացի Երևանի նահանգից, Գանձակի նահանգի Ղազախ, Գանձակ, Ջիվանշիր, Շուշի գավառների լեռնային հայաբնակ մասերը և ամբողջ Զանգեզուրը։ Գանձակ քաղաքը բաժանվելու էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Թիֆլիսի նահանգից Ախալքալաքը, Լոռին և Ծալկայի հայկական մասը միացվելու էին Ալեքսանդրոպոլի նահանգին։ Թեպետև այս նախագիծը ռուսական կառավարությունը ընդունեց, սակայն կյանքում չիրականացվեց։
Ցարական կառավարությունը Անդրկովկասում իր դիրքերը ամրապնդելու նպատակով տեղացի իշխողներին զրկում է պետական պաշտոններ վարելու իրավունքից, դրանք վերապահելով ռուս չինովնիկներին։ 1840թ. ապրիլի 10-ին ցարը վավերացրեց մի օրենք, ըստ որի տեղական »բարձր դասը«՝ աղաներն ու բեկերը դուրս էին մղվում վարչական գործունեության ասպարեզից, իբրև ցարիզմի քաղաքական նոր խնդիրներին բոլորովին անհամապատասխան և ավելորդ մի տարր։
Դեռ ավելին, ցարական իշխանությունը հայ մելիքներին զրկելով սեփական տիրույթներից և իրավունքներից, ճարպկորեն օգտագործեց այդ դասի ժառանգած ձգտումը դեպի ռազմավարչական գործողությունը և, հովանավորելով նրա փառասիրությունը, սերունդ առ սերունդ նրանց ներքաշեց իր զորքերի շարքերը, բայց զգալիորեն ավելի քիչ՝ կառավարության մեջ։ Ազնվականական ռազմական ուսումնարանների և կադետային կորպուսի դռները լայնորեն բացված էին մելիքական ընտանիքների երեխանների առջև, որոնք հաճախ այնտեղ էին ընկնում ամենապատանի տարիքում, այնուհետև ծառայելով հասնում էին բանակի ամենաբարձր աստիճանների, մեծ մասամբ մնալով անդրկովկասյան զորքերում, ուր նրանց գերադասում էր ուղարկել ցարական քաղաքականությունը։
Նման պայմաններում թաթար խաներն ու բեկերը տարբեր զարդուղի ճանապարհներով՝ կաշառքներով և շողոքորթությամբ, սիրաշահելով ռուս աստիճանավորներին, տեր են դառնում հայկական գյուղերին ու մելիքների նախկին տիրույթներին։ Հայ գյուղացիությունը անխնա շահագործվում էր թաթար աղաների և ռուս չինովնիկների կողմից:
Դրա մասին է վկայում Դիզակի Բանազուր գյուղի բնակիչների 1849թ. բազմիցս գրած բողոք-խնդրագրերը՝ ուղղված Կովկասի փոխարքային և Ներսես կաթողիկոսին։ «Ղարաբաղի գնդապետ (պոլկովնիկ) Ջաֆար Կուլի խանը, որի իշխանության ներքո ենք գտնվում որպես ռահաթներ,− գրում են Բանազուրի գյուղացիները,− տանջում է մեզ եւ պատճառում անպատմելի նեղություններ, պատիժներով եւ տուգանքներով, մինչեւ անգամ ամենայն կենցաղավարությունից այժմ էլ զրկված, մատնվել ենք սովի, ... մեր քահանա Տեր Մինասի փիլոնը գցել տվեց շան վրա եւ ստիպեց ժողովրդին երկրպագելով գնալ նրա հետեւից, հայտարարելով՝ թե այդ լինի ձեզ սուրբ եւ քահանա, որի պատճառով հիշյալ քահանան «նեղսրտեց» եւ մահացավ։ Քանի մարդ մեզանից ծեծից մահացել է։
Նեղվելով, մեր գյուղի բնակիչները ցրվեցին այլեւայլ տեղեր, ջանալով ազատվել նրա գերությունից․․․։ Հուսալքված բնակչությունը անգամ երանի են տալիս Իբրահիմ խանի ժամանակներին»։
Հայոց երկրում վարչական նոր կարգեր հաստատելուց հետո ցարական կառավարությունը այս անգամ ձեռնամուխ է լինում եկեղեցու իրավունքների և պարտականությունների ճշգրտմանը, նպատակ հետապնդելով մի կողմից զրկելու հայ հոգևորականությանը պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ հոգևոր իշխանության հեղինակությունն օգտագործելու իր ազդեցությունը հայ ժողովրդի վրա տարածելու համար։
1836թ. մարտի 11-ին ընդունվում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու գործերի կառավարման կանոնադրությունը (Պոլոժենիե)։ Նոր օրենքի համաձայն կայսրության տիրապետության տակ գտնվող հայկական եկեղեցին բաժանվում էր 6 թեմերի. Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, Աստրախանի, Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի և Շիրվանի։
Դրանով վերացվում է Գանձասարի կաթողիկոսությունը ու նրա տեղը ստեղծվում միտրոպոլիտություն։ 1837 թ. հուլիսի 1-ին կայսերական հրամանով Բաղղասար Հասան-Ջավալյանցը նշանակվեց Դարաբաղյան թեմի առաջնորդ և միաժամանակ թեմի կոնսիստորիայի նախագահ։
Նրա եռանդուն գործունեության շնորհիվ Շուշիում զարգացում ապրեց կրթական և մշակութային կյանքը։ Վերանորոգվեց Ամարասի վանքը։ Բաղդասար միտրոպոլիտի համառ պայքարի շնորհիվ Գանձասարի Խաթրավանքին, Սուրբ Հակոբա վանքին, Հուրեկին, Ամարասին վերադարձվել էին նրանց բռնագրավված կալվածքներն ու մյուս սեփականությունները։ Միայն զանազան ցեղերին և հատկապես քոլանեցի քրդերի կողմից բռնազավթաց հողերի քանակը կազմում էր 196438 դեսյատին, որը վերադարձվեց Դադիվանքին։
Բաղդասար միտրոպոլիտը միաժամանակ ցարական իշխանությունների առաջ պաշտպանում էր թուրք բեկերի կողմից ոտնահարվող իր հայրենակիցների տարրական իրավունքները։ Ցարիզմի հակահայկական քաղաքականությունը դժգոհություն էր առաջացնում հասարակության տարբեր խավերի շրջանում։
Այս հանգամանքը ցարական կառավարությանը էլ ավելի մոտեցրին տեղական իշխող դասակարգին։
Միաժամանակ Այսրկովկասում նոր վարչակարգն ամրապնդելու համար ցարական կառավարությունը ձգտում էր տեղացի հողատերերից ստեղծել սոցիալական հենարան։ Դրանց են ուղղված 1840-1850թթ. հրատարակված մի շարք օրենքներ ու կարգադրություններ։
1846թ. դեկտեմբերի 6-ի օրենքով ցարական կառավարությունը Այսրկովկասի խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչեց որպես հողի ժառանգական սեփականատերեր։ Այդ նույն օրենքով նրանց վերադարձվեցին անցյալում խլված հողերը։ Կալվածատերերին, որպես հողի լիակատար սեփականատերերի, իրավունք տրվեց ժառանգելու, ընծայելու և վաճառելու հողը, բայց միայն՝ «բարձր դասի» մարդկանց։ Նրանց տրվեցին նաև որոշ վարչական իրավունքներ։
Ցարիզմը իր հեռագնա նպատակների իրականացման համար Այսրկովկասում ձգտում է ստեղծել նաև ազգային հենարան։ Դեռևս 19-րդ դ. սկզբներից առավել բերրի տարածքները բնակեցվում էին Ռուսաստանի տարբեր նահանգներից բերված գաղթականներով։
Հայերի համար պատուհաս էր դարձել ռուսների վերաբնակեցումը նոր գրաված տարածքներում։ Սկզբնական շրջանում փորձ էր կատարվում ստեղծել զինվորական բնակավայրեր, որը այնքան էլ արդյունավետ չէր։ Այնուհետև պետական խորհուրդը որոշեց ռուս աղանդավորներին՝ դուխոբորներին, իկոնոբորներին, մոլականներին բնակեցնել Ղարաբաղում։ Սակայն Ղարաբաղում ազատ հողատարածություններ չկային, ուստի ռուս աղանդավորներին հողով հնարավոր էր ապահովել միայն ի հաշիվ տեղական գյուղաբնակչության հողաբաժինների։
Ռուս գաղթականներին շահագրգռելու նպատակով կառավարությունը 26 տարով նրանց ազատում է հարկերից455։
Դիզակի, Վարանդայի և Ջրաբերդի սակավահող մի շարք գյուղերի հողատարածությունների հաշվին հիմնվեցին Նիկոլաևկա, Կարյագինո, Սկոբոլևկա, Լևոնարխ ռուսաբնակ գյուղերը։