Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿԿ/1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմը։ Շուշու պաշտպանությունը

Արցախի միջնադարյան մշակույթը (4-18-րդ դարեր) 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմը։ Շուշու պաշտպանությունը

Վահրամ Բալայան

Ցարիզմի գաղութային քադաքականությունը
1826-1828ԹԹ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ՇՈՒ­ՇՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գյուլիստանի հաշտության պայ­մանագրից հետո Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասում տարածքային կորուստների հետ։ Անգլիայի դրդմամբ Պարսկաս­տանը փորձում էր ետ ստանալ կորցրածը, իսկ Ռուսաստանն էլ, ոչ միայն նպատակ չուներ հողային զիջումներ կատարել, այլև գրավել Հայաստանը և ավելի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում։

1826թ. հուլիսի 16-ին Աբաս-Միրզան, առանց պատերազմ հայ­տարարելու, 60 հազարանոց բանակով ներխուժում է Ղարաբաղ։

Պարսիկների հարձակման ժամանակ Ղարաբաղում գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ գնդապետ Ա.Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտովորապես 1000 հոգուց բաղկացած զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին։ Չնայած հայ ուղեկ­ցողների հորդորներին՝ հասնել Ղարաբաղ աննկատելի կածաննե­րով, փոխգնդապետ Նազիմկան, հրանոթները նույնպես տանելու մտադրությամբ, գնաց հիմնական վտանգավոր ճանապարհով։

Հագարու գետի մոտ, թաթար խռովարարները՝ Հաջի Աղալար Բեկի գլխավորությամբ, պարսկական միացյալ ուժերի հետ միասին շրջապատում են ռուսական ջոկատը, մի մասին կոտորում, մնացածներին գերում։

Ռեուտի զորամասն առանց հապաղելու ամրանում է Շուշիի անմատչելի բերդում։ Պարսկական բանակը, Ավետարանոցը գրավելուց հետո, հուլիսի 26-ին պաշարեց Շուշիի բերդը։ Աբաս Միրզան հաջորդ օրը առաջարկում է Ռեուտին՝ բերդը հանձնել, խոստանալով թույլ տալ կայազորին անարգել գնալու Թիֆլիս։ Պարսից բանագնացին պատասխանում են, որ առանց գլխավոր հրամանա­տար Երմոլովի կարգադրության Շուշին հանձնել չեն կարող։ Շուշիի 1700 հոգուց բաղկացած կայազորը և 1500 հայ աշխարհազո­րայինները վճռականորեն որոշեցին պաշտպանել բերդը ու շրջակա 22 հայկական գյուղերից այստեղ ապաստանած հայ բնակչությանը։

Թիկունքը ապահովելու նպատակով գնդապետ Ռեուտի կար­գադրությամբ բերդից հեռացվեց պարսկամետ թուրք երիտասար­դությունը։ Միաժամանակ, Շուշիի պաշտպաններին ոգևորելու նպատակով, Ռեուտը հայ կամավորներից մեկին անց է կացնում պարսպի մյուս կողմը և նորից վերադարձնելով բերդ, բոլորի ներկայությամբ ընթերցում է սուրհանդակի բերած իր իսկ կողմից կազմած նամակը, որը իբրև Թիֆլիսից ուղարկել է գեներալ Երմոլովը։

Մերժում ստանալով, պարսիկները անգլիական մաստնագետների օգնությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում։ Կրելով ծանր կորուստներ Աբաս-Միրզան իր ուժերը խնայելու և Թիֆլիսը գրավելու նպատակով կրկին բանակ­ցությունների մեջ է մտնում Ռեուտի հետ և 10 օրով զինադադար կնքում, մինչև որ Երմոլովից կարգադրություն ստացվեր՝ Շուշին հանձ­նելու մասին։

Սակայն դրան հակառակ, Ռեուտը Երմոլովից ստանում է հետևյալ հրամանը. «Պաշտպանեցեք մինչև վերջին մարդը, գլխով պատասխանելու եք բերդի հանձնման համար։ Պաշպանելով Շու­շին այն ձեզ պատիվ կբերի։ Պահանջում եմ բոլոր միջոցները գործադրել պաշտպանության համար։ Թաթարներից հավաքեք հացի պաշարները, թող դավաճանները սովամահ դառնան։ Մեծահոգաբար վերաբերվեք հայերի նկատմամբ։ Հայերին զինեք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն։ Սպասեցեք մեզ»439։ Իր հերթին գնդապետ Ռեուտը գեներալ Երմոլովին ներկայացրած զեկուցագ­րում գրել է. «Բերդը պաշտպանող հայերի վերաբերյալ պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց ծառայությունը արժանի է ուշադ­րության, որովհետև նրանք բոլորը գործում էին գերազանց քաջու­թյամբ, դիմացան բազմաթիվ գրոհների, ետ մղեցին թշնամուն խոշոր կորուստներով, արհամարհում էին պարենի պակասը և բնավ չէին մտածում բերդը հանձնելու մասին, թեև վրա է հասել կատարյալ սովը»440։

Ղարաբաղի հայերն իրենց քաջարի նախնիների ավանդներին հավատարիմ հերոսաբար պաշտպանում էին հայրենի հողը։ Շուշիի հայերը ոչ միայն կռվում էին ճակատի առաջին գծում, այլ միաժամանակ սննդամթերք հայթայթում, վառոդ պատրաստում, նորոգում բերդի փլված պատերը, կանայք և երեխաները փամփուշտ, հաց և ջուր էին մատակարարում զինվորներին, խնամում վիրավորներին։

Շուշեցի Խաթունի անունը այդ օրերին բոլորը գիտեին Ղարաբաղում։ Արհեստավոր Պողոսը օրական պատրաստում էր 20-30 ֆունտ վառոդ։ Հայ մեծահարուստներ Հախումյանները, Մելիք Շահնազարյանները, Զոհրաբ-աղա Թառումյանը իրենց ողջ ունեցվածքը ի սպասդրեցին հաղթանակի հասնելու համար։ Հասարակ մարդիկ գիշերները իրենց ուսերի վրա հացահատիկի պարկե­րը կածաններով իջեցնում էին Շոշ գյուղի ջրաղացները, ալյուր աղում և վերադառնում։ Աբաս Միրզան մի քանի անգամ փորձեց վերցնել իր համար ատելի այդ ջրաղացները, բայց նրա բոլոր փորձերը փշրվեցին, զարնվելով հայերի հերոսական դիմադրությանը, որոնց առաջնորդում էին Սաֆար և Ռոստոմ Թարխանյան եղբայր­ները։ Շուշիի պաշտպաններից աչքի ընկան նաև սուրհանդակ Հ. Ալթունյանը, կապիտան Մադաթովը և ուրիշներ։

Վ. Պոտտոն վկայում է, որ առանց հայերի օգնության Շուշու կայազորը երբեք չէր կարող դիմանալ պաշարմանը։ Հետագայում հայ կամավորներից շատերը արժանացան պարգևների և արտո­նությունների։ Ռոստոմ Թարխանյանը ստացավ ռուսական բանակի պրապորչշիկի զինվորական կոչում և ցմահ թոշակ, իսկ Սաֆար Թարխանյանի մահվանից հետո նրա ընտանիքի անդամներին պե­տական գանձարանից նշանակեցին նպաստներ։

Անհաջող գրոհներից հետո, Աբաս Միրզան փորձում է պառակ­տում առաջացնել բերդում գտնվող հայերի և ռուսների միջև։ Նա հավաքել է տալիս մի քանի հարյուր հայ ընտանիք և Գանձասարի Սարգիս արքեպիսկոպոսի հետ ուղարկում է Շուշու բերդի պարիսպ­ների տակ, որպեսզի հայերին համոզեն հանձնել բերդը, այլապես իրենց կկոտորեն։ Բերդի հայ պաշտպանները պատասխանում են. «Մենք ռուսներին չենք դավաճանի... ավելի լավ է մի քանի հարյուր մարդ ոչնչանա, քան ամբողջ ժողովուրդը ընկնի ղզլբաշների ծանր լծի տակ»։

Ռուսական հրամանատարությունը օգտվելով Շուշիի պարիսպ­ների տակ պարսկական զորքերի կրած խայտառակ պարտությու­նից, ի մի բերելով իրենց ուժերը, անցնելով հակագրոհի ռազմական նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը։

1826թ. սեպտեմբերի 3-ին հայ նշանավոր գեներալ, ծննդով Ավետարանոց գյուղից, Վալերիան (Ռոստոմ) Մադաթովի հրամանատարությամբ ռուսական 2 հազարանոց ջոկատը ջախջախեց 10 հազարանոց պարսկական բանակին և սրընթաց գրոհով ազատագրեց Գանձակը։ Այս հաղթանակի համար Մադաթովը ստանում է գեներալ-լեյտենանտի աստիճան և ադամանդներով զարդարված սուր՝ «քաջության համար» մակագրությամբ։ 1826 թ. սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուսները նոր փայլուն հաղթանակ տարան։

Կորցնելով մարտական հիմնական ուժերը, հակառակորդն այլևս անկարող եղավ լուրջ դիմադրության։ Մադաթովը շարժվեց դեպի Ղարաբաղ։ Աբաս-Միրզան խուճապահար ստիպված էր սեպ­տեմբերի 17-ին անցնել Արաքսի մյուս ափը։

Շուշիի հերոսական պաշտպա նությունը, որը տևեց 48 օր, կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա։ Իրեն գամելով հակառակորդի գլխավոր ուժերը, հնարավորություն ստեղծվեց ժամանակ շահել, կենտրոնացնել Կովկասյան կորպուսի ցրված ուժերը, լրացուցիչ օգնական ուժեր ստանալ Ռուսաստանից և ջախջախիչ հարված հասցնել Այսրկովկաս ներխուժած պարսկական բանակներին։

Ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ ուս-ուսի տված ռազմաճակատի տարբեր հատվածներում նոր հաջողություններ են ունենում, մոտեցնելով բաղձալի հաղթանակի օրը։

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա, Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Դրանով ավարտվում է ռուս-պարսկական պատերազմը։ Արաքս գետը երկու երկրների միջև ճանաչվեց պետական սահման։ Արևելյան Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։