Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Բագրատունյաց թագավորության շրջանում

ԱՐՑԱԽԸ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վե­րականգնմանը։ 885թ. արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունուն Մեծ Հայքի նահանգների գերագահ տիրակալ։ Արցախամուր աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության ուղեծրում։

9-10–րդ դարերին վերաբերող արաբ աղբյուրները վկայում են, որ Պարտակից Դվին տանող ճանապարհի բոլոր քաղաքները հայկական էին և պատկանում էին Աշոտ Բագրատունու թագավորությանը։ Ժամանակակից հայ մատենագիրները հավաստում են, որ Արցախի իշխանները ընդունում էին Աշոտի գերագահությունը։ Բագրատունյաց պետության կազմավորումից քիչ անց ասպարեզ են գալիս գավառային մի շարք թագավորություններ։ Հայ պատմագրության մեջ տիրում է այն կարծիքը, որ դրանց ծնունդը պայմանավորված էր կենտրոնախույս ուժերի քայքայիչ գործունեու­թյամբ։ Լիովին չժխտելով այդօրինակ ուժերի գոյության փաստը, միաժամանակ դրանց չպետք է գերագնահատել։

Հայտնի է, որ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչները, հայ ժողովրդի հակաարաբական ընդվզումների շրջանից մշտապես փորձում էին առավելագույնս օգտագործել դիվանագիտության տրված ճկուն հնարավորությունը։ Անցնելով պետության գլուխ, նրանք այս անգամ փորձեցին շահել հայ նախարարական տների համակրանքն ու ամրապնդել գավառային իշխանությունները, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ թագավորությունների հզորացման գործընթացը։ Դրանով հանդերձ Բագրատունիները չէին մոռանում կենտրոնաձիգ իշխանության պահպանման անհրաժեշտությունը, որի առհավատչյան է հանդիսանում գավառային թագավորությունների կողմից Բագրատունիների գերագահության ընդունման փաստը։

Փաստորեն Բագրատունիներին հաջողվեց ստեղծել կոնֆեդերատիվ բնույթի մի պետություն, որը տեղերին հնարավորություն ընձեռեց ստեղծել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը կարգավորող այնպիսի կառույցներ, որոնք պետք է դիմակայեին ապագա արհավիրքներին։

Նմանօրինակ կարգավիճակ ունեին նաև Արցախի իշխանապետությունները։