Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Վանի թագավորության շրջանում

Արցախը որպես հայ ժողովրդի կազմավորման գործընթացի օջախ Արցախը Վանի թագավորության շրջանում

Վահրամ Բալայան

Արցախը Երվանդունիների և Արտաշեսյանների գահակալության տարիներին
ԱՐՑԱԽԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայկական լեռնաշխարհում ժողովրդակազմավորման գործընթացի ավարտից հետո, Ք.ա. 3-1-ին հազարամյակներում հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում իր ու­րույն տեղն ու դերն ուներ Ուրարտուն՝ Վանի կամ Արարատի թագավորությունը։ Նախապես դա փոքր պետություն էր՝ փռված Վանա լճի ափամերձ շրջաններում։ Այնուհետև այն հզորանում է, հակահարված տալիս Ասորեստանին, և զենքի ուժով խաղաղեցնելով հայկական մյուս իշխանություններին, տարածում իր իշխանությու­նը գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհի վրա։ Մենուա արքայի օրոք (810-786թթ.) սկսվում է Վանի թագավորության հզորության ժամանակաշրջանը։

Նախկինում կարծիքներ կային, որ հյուսիսում Մենուան հասել էր մինչև Արաքսի հովիտը։ 1989թ. օգոստոսի 11-ին երկրաբան Վալերի Իգումնովը Սյունիքի լեռնոտ հատվածներում հայտնաբերել է մի արձանագրություն։ Այն վկայում է, որ Ք.ա. 810-805թթ. միջև ընկած ժամանակահատվածում Մենուան մտել է Սյունիք։

Հայոց Արևելից գավառների նվաճման հաջորդ փուլը կապված է Վանի թագավորության ամենահզոր արքայի՝ Արգիշտի Ա-ի (786-764թթ.) անվան հետ։ Արգիշտի Ա-ի Կոտայքում գտնված ժայռափոր ար­ձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոգյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրու­թյան նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղինք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Շատ հնարավոր է, որ Սոս գյուղի շրջակայքում եղել է ուրարտական շրջանից մնացած որևէ սուսե (տաճար):

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։

Միաժամանակ ընդգծենք պատմագիտության մեջ տիրող այն կարծիքը, որ Արցախը նվաճվել է Սարդուրի Բ-ի օրոք, վիճելի է։ Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին (764–735թթ.) մաքրագործվեցին Վանի թագավորության սահմանները։ Նա վերանվանեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի։

Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ ար­ձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորաթյուններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։

Բ.Պիատրովսկին գտնում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ»:

Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները։

Սարդուրի Բ–ի կողմից Գանձադռան տարեգրության հատված­ներից մեկում Ք.ա.741թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։

Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում. «...գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ»։

Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի (946-968թթ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ. «Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդառաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր և տարեալ իջուցանէ ի տան խրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոսումս և զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի...»։

Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։

Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք.ա.735-713թթ.) իշխանու­թյան գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաննե­րում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությունը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։

Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռ­նարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սար­դուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այ­նուհետև, հպատակեցնում է «լճից այն կողմ», այսինքն՝ նրա արևելյա ն ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայ­ռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին տեղում հիշատակված է Ծամա տեղանունը։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ։

Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել։

Ստեփանակերտի ու Խոջալլուի դամբարանաբլուրներից պեղ­ված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպի­սի նյութերից մեկը՝ սարղիոնե զարղանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Աղախ-Արցախի պարզ հիշատակությունը։

Նույն Խոջալլուի դամբարանադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ.Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանդակի համաժամանակյա հուշարձանների հետ։

Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ (Ք.ա.600-590թթ.) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը վկայում է, որ Ուրարտուի հյուսիս արևելյան սահ­մանը եղել է Կուր գետը։

Փաստորեն վերոհիշյալ ժամանակաընթացքում Ուրարտուն հիմնավորապես հաստատվում է այս հեռավոր լեռնային շրջանում։