Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Բնական հարստությունները

ԲՆԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խորհրդային տարիներին երկրամասի բարձիթող պայմաններում Արցախը երկրաբանական հետախուզական առումով համարյա թե չի ուսումնասիրվել։

Մետաղային հանքային հանածոներից Արցախում հնուց հայտնի են բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, իսլանդական շպաթի հանքավայրեր։ Արցախի տարածքը հարուստ է ոչ մետաղային հանքատեսակներով։

Մասնավորապես հարուստ է քարի տարբեր տեսակների հանքավայրերով։ Եթե դարեր շարունակ քարաշատ Հայոց աշխարհը մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար երբեմն ավելորդ դժվարություններ էր ստեղծում, ապա այսօր՝ գիտության և տեխնիկայի հարաճուն վերելքի պայմաններում, քարը ազգային հարստության անհուն-անսպառ աղբյուր է։ Այն ոչ միայն տաճար ու խոյակ է, այլ նաև վերամշակված ձևով մանրաթել, զարդ ու կենցաղային իր է։

Մարմարի հանքավայրեր կան Ասկերանի շրջանի Հարավ, Քարագլուխ, Խրամորթ, Մարտունու շրջանի Նորշեն և Ճարտար գյու­ղերի, Շուշի քաղաքի, Հադրութի մոտակայքում։ Հայտնի են տարբեր գույների գրանիտների հանքավայրերը Մարտունու շրջանի Ննգի, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղերի մերձակայքում։

Արցախը հարուստ է սև և սպիտակ բազալտի պաշարներով։ Արցախի քարհանքերից հիշատակության արժանի են Մարտակերտի շրջանի Վանք, Մարտունու շրջանի Գիշի գյուղերի վարդագույն և Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մուգ կաթնագույն տուֆի հանքերը։ Մարտունու և Մարտակերտի շրջաններում կան կրաքարի անսպառ պաշարներ։

Արցախում հայտնաբերվել են հանքային ջրերի պաշարներ։ Հնուց ի վեր հայտնի է Քարվաճառի շրջանի ջերմաջուրը կամ «բաղինք արքունականը»՝ Թարթառի ձախ ափին։ Այն վաղ միջնադարից եղել է Հայոց Արևելից կողմանց թագավորների և բանակի ամառային հանգստավայրը։