Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Կենդանական աշխարհը
Արցախի կլիմայական ու բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ: Կիսաանապատային և տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Կիսաանապատներում և ժայռերում ապրում են կարիճների, մողեսների և օձերի որոշ տեսակներ։ Սողուններից կարելի է մատնանշել դաշտային իժը և գյուրզան։ Այգիներում և արտերում ապրում են դաշտամկները, ավազամկները, ճագարամկները, որոնք, արագ զարգանալով, դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ է բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապատակը, աղվեսը, վարազը, ջեյրանը, մի քանի տեսակ չղջիկներ, ոզնին, գայլը։ Թռչուններից հանդիպում են աքարներ, փոքրիկ արտույտներ, սրակտուցներ, դաշտային կաքավ, լորեր։ Գիշատիչ թռչուններից տարածված են ուրուները, գառնանգղները։ Երկնակամարում մերթընդմերթ տեսանելի է արծիվների սլացիկ թռիչքը։
Անտառաբնակ թռչուններից կարելի է մատնանշել փայտփորը, աղավնին, երաշտահավը, լորոս-ճուռակը, դեղնածաղիկը, մոշահավը, սարյակը, ծիծեռնակը, բուն, կաչաղակը, չարդը։ Անտառներում հանդիպում են նապաստակներ, աղվեսներ, ոզնիներ, կովկասյան աքիսներ, երբեմն էլ եղնիկ, արջ ու անտառային կատու։
Գետերում ապրում են լեռնային գետերին և անուշահամ բարձրադիր լճերին հատուկ ձկներ։ Մարդու անհոգի վերաբերմունքի հետևանքով ձկների որոշ տեսակներ անհետացել են։ Բոլոր լճակներում և գետերում տարածված են գորտը, լորտուն և կրիան։ Եղեգնապատ վայրերում հանդիպում է կարմիր բադը։ Աղբյուրներին, գետակներին, լճակներին հատուկ են ջրային որդերը, ճպուռները։ Կանգնած ջրավազաններում ապրում են մոծակների մի քանի տեսակներ։