Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԿՀԱՆ/Արցախը որպես «Սիսական» շահրի մի հատված

ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ «ՍԻՍԱԿԱՆ» ՇԱՀՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾ

Հայոց կենտրոնաձիգ պետության բացակայության պայմաններում պարսկական արքունիքը մշտապես ձգտում էր իրար դեմ լարել հայ նախարարական տներին և, խառնակ իրավիճակից օգտվելով, եր­կարաձգել իր գերիշխանությունը Հայաստանում։ 571թ. Սյունիքի իշխան Վահանը առանձնանալով մարզպանական Հայաստանից և իբրև առանձին շահր(վարչական միավոր–Վ.Բ.), անմիջականորեն ենթարկվեց Ատրպատականի մայրաքաղաք Գանձակում նստող Քուստի-ի-Կապկոհի փոխարքային։ Պարսից արքա Խոսրով Ա Անուշիրվանը մեծ գոհունակությամբ ընդունեց Վահան Սյունու այդ քայլը և Սյունիքին միացվեց սահմանակից Արցախ նահանգը, որի Հաբանդ գավառը(հետագայում Վարանդա), դարձավ Վահանի կենտրոնատեղին և, ինչպես ցույց է տալիս Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցը», այնուհետև Հաբանդ գավառը կոչվեց «Սիսական-ոստան», իսկ Սյունիքի և Արցախի միացյալ շահրը-իշխանությունը սասանյան պետությունում հայտնի էր «Սիսական» անու­նով։ Առաջ անցնելով ասենք, որ Սեբեոսի Պատմության մեջ Թեոդորոս Ռշտունու և Մուավիայի միջև բանակցությունների մասին խոսելիս Հայաստանը (Հայքը) և Սյունիքն (Սյունիք ասելով հասկացվում է նաև Արցախը-Վ․Բ.) առանձին են հիշատակվում։ Արաբ­ների արշավանքների մասին խոսելիս նույնպես պատմիչը նշում է, որ արաբները կողոպտեցին Հայոց երկիրը, Աղվանքը և Սյունիքը։ Պատահական չէր, որ հին հայկական աղբյուրներում Արցախը երբեմն հիշատակվում է «Փոքր Սյունիք», կամ «Սյունյաց երկրորդն» անուններով։ Հայաստանի մնացյալ մասերից «Սիսական-ոստան»-ի անջատված վիճակը տևեց գրեթե 83 տարի(571-654թթ.)։ Սասանյան արքունիքում բարձր էր «Սիսական»-ի քաղաքական կշիռը։ Վարչական այդ նոր միավորի իշխանի գերագույն հսկողության տակ էին գտնվում Ճորա պահակը և Դարբանդի ամրությունները։ Նրա զորամասերը՝ «սիսականցիները», մեծ համարում ու­նեին սասանյան արքունիքում։

Արաբական արշավանքների հետևանքով Առաջավոր Ասիայում քաղաքական ուժերի նոր վերախմբավորումների պայմաններում Համազասպ Մամիկոնյանի գլխավորությամբ մի կարճ ժամանակահատված(654-661թթ.) միավորվեցին Հայաստանի պարսկահ­պատակ և բյուզանդահպատակ հատվածները։ Սեբեոս պատմիչը գրում է, որ Սասանյան Իրանի կործանումից հետո Սյունիքն ու Արցախը նորից միացան միացյալ Հայաստանին։ Փաստորեն VII դարի երկրորդ կեսում Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք ու Կորճայք նահանգների լեռնային մասերը։