Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը
Խիտ անտառի միջով հազիվ անցնում, գտնում ես «Մազմանայ» (երևի «Մարծպանայ» բառից է աղճատված) կամուրջի խելը, բայց ոչինչ չգիտես և մտածում ես, թե արդյոք ո՛ր ժամանակին կամ ո՛վ է եղել շինած։ Բարձրացնում ես կամուրջի ծայրին, քարանձավում խոնարհած խաչը և կարդում ես — «Ես Համլիկ որդի Սմբատայ յազգէ Մամիկոնեան և ամուսինն իմ Մամքուն» և այլն։
Ձաղի ձորով բարձրանում ես վերև։ Ծեր ձորեցին պատմում է յուր մեծերից լսած ավանդությունը, թե այս ձորերում մեծ կռիվներ են եղել հայոց հավատի համար, մեծ նահատակություններ են եղել, և այսպես խոսալով նա քեզ տանում է ճգնավորի մատուռը, որ մի քանի տարի է, ինչ գտնվել է մի անտառոտ բլրի ժեռուտ կատարին։ Հանկարծ ժայռերի ու մացառների մեջ մտնում ես մի գեղեցկադուռն խորան, և դռնակը բացելուն պես չղջիկները լույսից վրդովված թրթռում են կիսամութի մեջ։ Նայում ես պատին,— դարձյալ արձանագրություն։ Բայց բարեպաշտ գյուղացիք իբրև թե նորոգել, շինել են մատուռը, դրած քարերը տաշտշել են, մեկն այստեղ են դրել, մյուսն՝ այնտեղ, իրարից գցել են, մեկ երեսը դուրսն են արել, մյուսը՝ պատի մեջը։ Այսուամենայնիվ դու կարողանում ես ջոկել, որ այդ ձորում, մի կռվում մի մեծ մարդ է ընկել «յազգէ Մամիկոնեան...»։
Ահա հին գերեզմանատանը բարձրանում է մի մեծ, գեղեցկաքանդակ խաչարձան։ Այդ էլ Սարգիս Մարծպանի*) որդի Գրիգոր Մամիկոնյանի շիրիմն է. «այն մեծ բարեպաշտ իշխանի», որ ՉԼԵ թվականին թաթարների դեմ մղված կռվում «դառն մահուամբ ՝ի Քրիստոս փոխեցաւ...»։
Նրանից հյուսիս-արևմուտք կանգնած է սրա քույր և Արարատի Քուրդ իշխանի ամուսին՝ Խորիշահի քառանկյունի մահարձանը։ Ավանդությունը ասում է, երբ «անօրենները» (թաթարները) գիշերն անակնկալ վրա տվին ավանին, այդ Խորիշահը սուր առավ, վազեց եղբորն օգնության, և որտեղ որ թաղված է, այնտեղ էլ նահատակվեց։ Եվ այսպես՝ ամեն մի քար, ամեն մի նշան, ամեն մի գերեզման պատմում են, թե նրանք այստեղ էին ապրում, այստեղ էին կռվում «՚ի ներ և ՚ի դառն ժամամնակս թաթարաց»։
ԺԱ դարում նրանք այդ ձորում շինեցին իրանց տոհմական գերեզմանատունն ու աղոթարանը — Բարձրաքաշ Ս. Գրիգորի ճերմակ վանքը և ապահովեցին ընդարձակ կալվածներով ու գյուղերով, որ հիշատակվում են արձանագրությունների մեջ։
Ավանդությունն ասում է, այնքան բարձր էր վանքի կաթուղիկեն, որ գլխի խնձորը երևում էր դաշտից։ Նույնպես ըստ ավանդության, այնքան մեծ էր այստեղի միաբանությունը, որ ձմեռը վանքի մարագի տակ մի վարդապետ գտան, որ ամառը — կալի ժամանակ խեղդվել էր, և մինչև այն օրը նրա բացակայությունը չէր նկատվել։ Վանքի ճանապարհն, ըստ երևույթին, հնումն ուրիշ կողմից և սալահատակ է եղել։
Խոնարհված ու ջարդված խաչարձանների միջով մտնում ես ձորը։ Անտառում արդեն ականջիդ է հասնում Ս. Գրիգորի աղբյուրի տխուր խոխոջյունը։ Աղբյուրն անցնում ես, ճանապարհի վերևը, բրմուտի մեջ քեզ ցույց են տալիս վանքի ձիթահանքի ահագին քարերը, վրան գրած Սարգիս Մարծպանի որդոց անունները։ Մի փոքր էլ առաջ ես գնում, և կանաչ անտառում հանկարծ առաջդ հայտնվում են սպիտակ ավերակներ— Մամիկոնյանների Բարձրաքաշ նվիրական տաճարը։
Սրտատրոփ մոտենում ես, կանգնում ես արևելյան պատի առջև։ Պատի հարավային մասից մի կտոր պոկված՝ թեքվել է դեպի ձորը։ Նա վաղուց կլիներ քանդված, բայց Օվագիմ ուզբաշին քարերով ամրացրեց ներքևից, ասում է գյուղացին և նրա վրա ցույց է տալիս գեղաքանդակ երկգլխանի թևատարած արծիվը՝ ճանկերում գառը բռնած։ «Էդ Աբելա գառնա»,— բացատրում է միամիտ գյուղացին, այդ գառը նմանեցնելով հայոց ազգին, իսկ արծիվը՝ անօրեններին, որ այնքան տանջել են հայերին։ Այդ Մամիկոնյանների դրոշակի նշանն է։ Այդ միևնույն քանդակը կա և Դսեղ գյուղի եկեղեցու պատի վրա։
Ներս ես մտնում վանքը։ Վանքի գլուխը կործանված, լցված է մեջը, և դու կանգնած ես սեղանից բարձր։ Ահագին ծառերը բարձրանում են բեկորների կույտերի միջից, և ճերմակ կամարները մրցում են նրանց հետ։
Հարավային մասից մտնում ես միջին մասը, միջինից՝ երրորդը, մի շինություն, որ երևի հերթակալ միաբանի համար է հատկացրած, և պարզ տեսնում ես, որ այդ մասերը շինված են զանազան ժամանակներում, զանազան ձեռքերով։ Այս հանգամանքը հիմք ու տեղիք է տվել մի ավանդության, որ պատմվում է և Սուրամի բերդի մասին, թեև մի փոքր տարբեր։
Ափսո՛ս, որ ոչ մի կողմից հարմար տեղ չկա, և խիտ անտառն արգելում է լուսանկարչին նկարելու վանքի գեղեցիկ տեսարանները։ Դրա համար էլ այցելող լուսանկարիչները միշտ նրա արևելյան պատն են նկարում, որը և դնում ենք «Արաքսում»։
Ս. Գրիգորի արձանագրությունները կարելի է կարդալ հանգուցյալ Ջալալյան Սարգիս եպիսկոպոսի աշխատության մեջ — «Ճանապարհորդութիւն 'ի մեծն Հայաստան», մասն Ա., եր. 108, թեև այստեղ էլ բոլոր արձանագրությունները չկան և եղածներն էլ տեղ-տեղ սխալ են արտագրած։